Վահան Մարտիրոսյանին է ներկայացվել տրանսպորտային համակարգի զարգացման տեսլականը


20-03-2017 18:54:14

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը մարտի 20-ին այցելել է «Օպտիմ» ընկերության Հայաստանի գրասենյակ, տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:

Ընկերության տնօրեն Արթուր Ղուլյանը, նախարարին ներկայացնելով վերջին ձեռքբերումները, նոր ծրագրերն ու նախագծերը, նշել է, որ բացի այդ, պլանավորում են Երևանում հիմնել գիտահետազոտական կենտրոն, որտեղ ստեղծված լուծումներն առաջարկվելու են տարածաշրջանում գործող ընկերություններին:

Այցի ընթացքում նախարարին ներկայացվել են նաև ընկերության մշակած տրանսպորտային համակարգի զարգացման տեսլականը, մասնավորապես, ավտոբուսային և միկրոավտոբուսային տրանսպորտի կառավարման բնագավառում։

Դիտարկելով Հայաստանի տրանսպորտային համակարգում այն կիրառելու հնարավորությունը՝ նախարարն առաջարկել է ներկայացված ծրագրի շուրջ առաջիկայում քննարկումներ կազմակերպել և կոնկրետ խնդիրների վերլուծությունից հետո որոշել հետագա համագործակցության հնարավորությունները։

«Օպտիմ» ընկերությունը հիմնվել է 2000 թվականին ԱՄՆ Ֆլորիդա նահանգում և մասնագիտացած է տրանսպորտային արդյունաբերության համար որոշումների ավտոմատացման և օպտիմալացման լուծումներ ստեղծելու գործում: Հայաստանում ընկերությունն իր գործունեությունը սկսել է դեռ 2007 թվականից: Այժմ ընկերության երևանյան գրասենյակն ունի 65 աշխատակից։ Առաջիկա մեկ տարում նախատեսվում է 100 աշխատող ունենալ։ Ընկերության թիմը համալրելու նպատակով կանցկացվեն կրթական ծրագրեր։

«Օպտիմ»-ը լոգիստիկ ընկերությունների համար մշակում է խելամիտ լուծումներ` կրճատելու դրանց գործառնական ծախսերը, ավելացնելու շահութաբերությունն ու բարելավելու ծառայությունների որակը։


427





Գլխավոր լուրեր