Երևանի նոր ջերմաէլեկտրակայանը կարտադրի ռեակտիվ էներգիա, որը չեն կարող ապահովել այլընտրանքային էներգիայի կայանները. նախարար


20-03-2017 12:47:13

Շահագործման հանձնելուց հետո շուրջ 200 բարձր վարձատրվող աշխատատեղ նախատեսող Երևանի նոր էլեկտրակայանի կառուցման համար կներդրվի 250 մլն ԱՄՆ դոլար։ Այն կկառուցվի «Երևան» ՋԷԿ-ին հարող տարածքում, կգործարկվի 25 ամսվա ընթացքում:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն այսօր մասնակցեցին Երևանի նոր ջերմաէլեկտրակայանի հիմնարկեքի արարողությանը: 

«Ծրագրի իրագործումը հնարավորություն կտա թե ապահովել Հայաստանի էներգետիկ անվտանգությունը, որակապես նոր աստիճանի բարձրացնել էլեկտրաէներգիայի և գազի ոլորտում տարածաշրջանային համագործակցությունը»,- նշեց նախարար Վաչե Գաբրիելյանը՝ հավելելով, որ 2019 թ. կավարտվեն Հայաստան-Իրան 400 ԿՎտ երկշղթյա երրորդ և Հայաստան-Վրաստան 400 ԿՎտ նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի շինարարական աշխատանքները:

Դրանով իսկ, ըստ նախարարի, Հայաստանից էլեկտրաէներգիայի արտահանման ներուժը կկազմի մինչև 1550 ՄՎտ:

«Նոր էներգաբլոկի կառուցումը նախատեսվում է իրականացնել մասնավոր ներդրողի կողմից: Ֆինանսավորումը ամբողջովին իրականացվում է օտարերկրյա ներդրումների հաշվին, առանց պետական պարտքի կամ երաշխիքների: Պետության միակ պարտավորությունը որոշակի քանակով էլեկտրաէներգիայի գնումն է, այն էլ այնպիսի գներով, որը հնարավորություն է տալիս էական բարելավումներ ակնկալել սակագնային սանդղակում»,- նշեց փոխվարչապետը:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն  ընդգծեց, որ Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցումը բացառիկ կարևորություն է ստանում այն իմաստով, որ արտադրելու է ռեակտիվ էներգիա, որը չեն կարող ապահովել այլընտրանքային էներգիայի կայանները:

«Զարգացնելով այլընտրանքային էներգետիկան՝մենք զարգացնում ենք մեր էներգետիկ համակարգում սեփական ռեսուրսները, ներուժի օգտագործումը, բայց այլընտրանքային էներգիայի աճին զուգահեռ երկրում աճում է ռեակտիվ էներգիայի դեֆիցիտը: Այդ դեֆիցիտը չենք կարող ծածկել այլընտրանքային ռեսուրսներով աշխատող կայաններով և այստեղ է, որ բացառիկ կարևորություն է ստանում ավանդական ռեսուրսներով աշխատող այս կայանը,- նշեց Աշոտ Մանուկյանը:

Նշենք, որ Renko ընկերության կողմից համակցված շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայանը նախագծվել է ամենաժամանակակից և որակյալ սարքավորումների ու գիտական փորձի ներդրմամբ և կլինի 250 ՄՎտ հզորությամբ:

Եթե Հրազդանի ՋԷԿ-ի հին էներգաբլոկների օգտակար գործողության գործակիցը կազմում էր 33%, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի դեպքում այդ ցուցանիշը կազմում է 44%, Երևանի ՋԷԿ-ի համակցված շոգեգազային ցիկլով գործող էներգաբլոկի դեպքում՝ 49%, ապա հիմնադրվող նոր բլոկի ՕԳԳ-ն կհասնի 53%-ի բնագծին:

Այսինքն՝ նոր կառուցվող բլոկի արտադրանքի ինքնարժեքը համադրելի է արևայինի և նույնիսկ փոքր ՀԷԿ-երի սակագներին:

 


332





Գլխավոր լուրեր