Հաագայի դատարանի դահլիճում թույն խմած գեներալը մահացել է


29-11-2017 23:27:28

Խորվաթ գեներալ Սլոբոդան Պրալյակը մահացել է այն բանից հետո, երբ թույն է խմել Հաագայի միջազգային դատարանում նախկին Հարավսլավիայի հարցով դատական նիստին դատավճռի հրապարակման ժամանակ: Այդ մասին հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով խորվաթական հեռուստատեսությանը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հաագայի միջազգային դատարանում նախկին Հարավսլավիայի հարցով դատական նիստի ժամանակ խորվաթ գեներալ Սլոբոդան Պրալյակը վերաքննիչ ատյանի վճռի ընթերցումից հետո թույն է խմել:

Նոյեմբերի 29-ին Հաագայում քննվել է Պրալյակի և ևս 5 բոսնիացի խորվաթի ներկայացրած բողոքարկումը, որով վիճարկվում էր ռազմական հանցագործությունների համար 2013թ. կայացված վճիռը: Հայտնի է, որ 4 տարի առաջ դատարանը Պրալյակին դատապարտել էր 20 տարվա ազատազրկման:

Նշվում է, որ Պրալյակը թույնն ընդունել է վճռաբեկ ատյանի կողմից վճռի վերահաստատումից հետո: Միջադեպի հետևանքով դատական նիստը դադարեցվել է:

Նրա փաստաբանի փոխանցմամբ՝ դատապարտյալը սրվակով թույնը խմել է իր ելույթի ժամանակ:


3137





Գլխավոր լուրեր