Հայաստանը մասնակցել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի ընտրություններին


29-11-2017 00:05:13

Նոյեմբերի 24-ին եւ 25-ին Զագրեբում կայացել է Եվրոպական օլիմպիական կոմիտեի 46-րդ գլխավոր համաժողովը: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ներկայացրին ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը եւ մասնագետ Աննա Մելքոնյանը:

Օրակարգի գլխավոր թեման ընտրություններն էր: ԵՕԿ նախագահ ընտրվեց ժամանակավոր պաշտոնակատար սլովենացի Յանես Կոսիյանչիչը, որը նախագահի միակ թեկնածուն էր եւ բաց քվեարկությամբ անցավ միաձայն: Երկու թեկնածուներից փոխնախագահ ընտրվեց դանիացի Նիլս Նիգաարդը, իսկ գլխավոր քարտուղար, իտալացի Ռաֆայելե Պագնոցին պահպանեց պաշտոնը:

Փոփոխություններ են կատարվել ԵՕԿ գործադիր մարմնում: Քվեարկության առաջին օրը Յուրի Յուրեւը (Ռուսաստան) եւ Պետեր Մեննելը (Ավստրիա) հավասար ձայներ հավաքեցին: Հաջորդ օրը քվեարկության երկրորդ փուլում մեկ ձայնով հաղթեց Պետեր Մեննելը: Համաժողովում հաշվետվություններ են ներկայացվել ԵՕԿ-ի կատարած աշխատանքների վերաբերյալ:

Համաժողովը հաստատեց ԵՕԿ 2018 թվականի բյուջեն, լսել Փհենչհան-2018-ի, Տոկիո 2020-ի, Պեկին-2022-ի ընթացիկ աշխատանքների վերաբերյալ զեկուցումներ: Հատկանշական 24 բնութագրող բառով ներկայացվեց 2024 թ. ամառային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Փարիզը: Ելույթ ունեցավ 2019 թ. Մինսկում կայանալիք Եվրոպական ամառային երկրորդ խաղերի ներկայացուցիչը: Զեկույցներ ներկայացվեցին նաեւ 2019 թ. Եվրոպական ձմեռային (Բոսնիա եւ Հերցեգովինա, Սարաեւո եւ Արլ. Սարաեւո) եւ ամառային (Ադրբեջան, Բաքու) օլիմպիական փառատոնների մասին:

Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի առաջարկով, 2019 թվականին ԱՄՆ-ի Սան Դիեգո քաղաքում անցկացվելու են առաջին համաշխարհային լողափնյա խաղերը: Զեկուցում ներկայացվեց նաեւ այդ մասին:

Համաժողովի ընթացքում հինգ երիտասարդ մարզիկներ պարգեւատրվեցին Պյոտր Նուրովսկու անվան 7-րդ մրցանակով (դրամական պարգեւ):

Համաժողովին ներկա էին նաեւ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը եւ Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի նախագահ շեյխ Ահմադ Ալ-Ֆահադ Ալ-Սաբահը:


3382





Գլխավոր լուրեր