Նարե Գևորգյանի հուզիչ երգի և եղբոր մասին


19-04-2017 20:54:34

Երգչուհի Նարե Գեւորգյանի համար անակնկալ են եղել «Մոր երգը զինվորին» ստեղծագործությունը ներկայացնելուց հետո եղած դրական արձագանքները: Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս Գոռ Կիրակոսյանին նվիրված կատարման տեսանյութը «Arena Live» հաղորդման թողարկումից հետո մեծ տարածում գտավ համացանցում, եւ Նարեին ուղղված գովեստի խոսքեր հնչեցին: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ շատ ուրախ է, որ երգը լավ է ընդունվել մարդկանց կողմից:

«Սպասում էի, որ կսիրվի, բայց որ այսչափ հաստատ չէի սպասում, մանավանդ, որ երգը կոնկրետ Գոռի մասին էր, եւ դրանում շոշափվում էր Գոռի անունը: Մտածում էի, որ քանի դեռ մյուս հերոսների անունները չկան, այդքան տարածում չի գտնի: Շատ ուրախ եմ, որ մարդիկ երգն ասոցացրեցին նաեւ մյուս հերոսների հետ, երգի հիման վրա տեսանյութեր էին պատրաստվել, որոնցում կային նաեւ մնացած հերոսները»,- ասաց նա:

Նարե Գեւորգյանն ու Գոռ Կիրակոսյանը նույն մարզից են՝ Արմավիրից: Երգչուհին նրան անձամբ չի ճանաչել: Ընտանիքի հետ ծանոթացել է, երբ առաջարկել են նրա ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված հուշ երեկոյի ընթացքում երգ կատարել: Այդ երեկոյին «Մոր երգը զինվորին» ստեղծագործությունը չի կատարել, սակայն «Arena Live»-ի ընթացքում այն երգելու ցանկություն է հայտնել:

«Ե՛ւ հեղինակներից (խմբ. խոսքերը՝ Անդրանիկ Գեւորգյան, երաժշտությունը՝ Հեղինե Ղուկասյան), ե՛ւ Գոռի ընտանիքից թույլտվություն եմ վերցրել, որ կատարեմ երգը»,- ասաց նա:

Երգելիս Նարե Գեւորգյանը չէր կարողացել զսպել արցունքները: Նա ամբողջ երգի ընթացքում արտասվել է, սակայն կարողացել է մինչեւ վերջ պատշաճ կերպով ներկայացնել այն: Նշում է, որ մինչեւ բեմ դուրս գալն իմացել է, որ հուզվելու է, եւ երգն այնպես են գրել, որ ընթացքում ժամանակ ունենա իրեն հավաքելու:

«Ինձ համար պարտավորեցնող էր այդ երգը կատարելը, իրավունք չունեի վատ կատարելու կամ կանգ առնելու: Երգի մեջ մենք ամեն քառատողից հետո երաժշտական հատվածներ էինք մտցրել, որոնց ընթացքում ես կկարողանայի հանգստանալ: Այսինքն՝ ինձ ճանաչելով, գիտակցում էի, որ հաստատ հուզվելու եմ, որովհետեւ նույնիսկ փորձերի ժամանակ օպերատորները չգիտեին՝ ինչպես կադր հավաքեն»,- պարզաբանեց նա:

Նարե Գեւորգյանի ընտանիքի անդամներն ապրիլյան քառօրյա պատերազմի դժվարություններն անձամբ իրենց մաշկի վրա են զգացել: Նրա եղբայրն այդ օրերին բանակում է եղել եւ մասնակցել է պատերազմին: Այժմ նա արդեն ողջ-առողջ ընտանիքի կողքին է. վերադարձել է հերոսի մեդալով:

«Եղբայրս ապրիլյան պատերազմից մեդալով է վերադարձել: Ճիշտ է՝ մինչեւ հիմա չի ասում, թե ինչու է մեդալ ստացել: Նույնիսկ զորամաս ենք զանգել, որպեսզի պարզենք, բայց մեզ չասացին: Պատասխանեցին, որ եթե չի ասում, ուրեմն պարտադիր չէ, որ իմանանք, կարեւորը, որ հերոս որդի ունենք, ասացին, որ երբ ժամանակը գա, ու նա պատրաստ լինի, կասի»,- ասաց նա:

Նարե Գեւորգյանը պատրաստվում է կրկին երգ կատարել զինվորների մասին: Մայիսի 9-ին նվիրված «Arena Live»-ի տոնական թողարկման ընթացքում առաջին անգամ ներկայացնելու է Տիգրան Աթայանի «Գնա, եղբա՛յր, հասիր տղաներին» ստեղծագործությունը: Այն ապրիլյան պատերազմի կապանցի կամավոր Թաթուլ Ծատրյանի մասին է, սակայն ի դեմս նրա նվիրվում է բոլոր կամավորներին:

«Նա (խմբ. նկատի ունի Թաթուլ Ծատրյանին) կամավոր է եղել, եւ ծանր վիճակում բերել են Երեւան: Ամբողջ ճանապարհին կյանքի ու մահվան կռիվ է տվել: Փառք Աստծո, հիմա ողջ է: Այդ երգը հենց այդ ժամանակ նվիրվել է նրան: Հիվանդանոցում աչքերը բացել է, եւ այդ երգն են միացրել, արտասվել է: Երգը սկզբում կատարել է հեղինակը՝ Տիգրան Աթայանը: Ես Կապանում համերգի էի, լսեցի այն, առաջարկեցի, որ կատարեմ, եւ ուրախ եմ, որ չմերժեցին»,- ասաց նա:

Երգի պրեմիերայից հետո սկսվելու են տեսահոլովակների աշխատանքները: Դրանում նկարահանվելու են նաեւ ապրիլյան պատերազմի մասնակիցներ:


879





Գլխավոր լուրեր