Ռիչարդ Կլայդերմանը հույս ունի հաջորդ այցին ընծա մատուցել հայ հանդիսատեսին


17-03-2017 15:37:39

Ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար, կոմպոզիտոր Ռիչարդ Կլայդերմանը երջանիկ է, որ կրկին Երևանում է: Սա նրա երկրորդն այցն է Հայաստան: Առաջին անգամ 2015-ին է ելույթ ունեցել հայ հանդիսատեսի  համար: Ջերմ ընդունելությունից ու Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հրաշալի համերգից հետո ցանկությունը մեծ է եղել  երկրորդ անգամ գալ ու նորից հայկական բեմում  ելույթ ունենալ: Այդ հնարավորությունը նրան ընձեռվել է. մարտի 18-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ելույթ կունենա  Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ:

Լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ նոր ստեղծագործություններ են հնչելու երեկոյի ընթացքում, ծրագիրը տարբերվելու է նախորդից: Հույս հայտնեց, որ համերգը դուր կգա բոլորին:

Ռիչարդ Կլայդերմանի խոսքով, համերգի ծրագրում հայկական ստեղծագործություններ չեն ընդգրկվել. «Ցավում եմ, այս անգամ դեռ չեմ հասցրել: Հույս ունեմ, որ հաջորդ անգամ երբ գամ, կկարողանամ հայկական ստեղծագործություններից որոշ կտորներ դաշնամուրի համար իմպրովիզ անել: Կարծում եմ՝ հաջորդ անգամ կկարողանամ ընծա մատուցել ձեր երկրին ու հայկական կտորներ նվագել»:

Պատասխանելով հարցին, թե երևանյան նախորդ համերգի ժամանակ դուք գրեթե յուրաքանչյուր ստեղծագործության կատարումից հետո նոտաները բաժանում էիք հանդիսատեսին, դա ձեր ավանդո՞ւյթ է, թե՞ հոգու պոռթկում, երաժիշտը պատասխանեց. «Երբ ես սկսեցի այդ ավանդույթը, իրոք, ոգեշնչման աղբյուր էր, բայց Երևանի համերգի ժամանակ չէ առաջին անգամ տեղի ունեցել: Իսկ հիմա դարձել է սովորություն:

Հարցին, ինչո՞վ է պայմանավորված, որ դուք թեքվել եք դեպի կոմերցիայի կողմը, դաշնակահարը պատասխանեց. «Ես սկսել եմ դասական երաժշտությամբ, դասական երաժշտության ուսում եմ առել: Ժամանակի ընթացքում նվագել եմ պարի տարբեր խմբերի համար, գնացել դեպի պոպուլյար երաժշտություն: Բայց այդ անցումը շատ բնական է եղել: Միգուցե ես չէի տեսնում, որ կարող եմ դասական դաշնակահարի կարիերա ունենալ ու գնացի դեպի այն երաժշտությունը, որն ինձ դուր էր գալիս: Կարծում եմ, որ ճիշտ եմ արել, այդ քայլի շնորհիվ է, որ կարողացել եմ աշխարհում պտտվել»:

Լրագրողի հարցին ի պատասխան,  թե ո՞րն է ձեր երջանկության գաղտնիքը, Ռ.Կլայդերմանն ասաց. «Իմ երջանկությունը սերն է, որ տածում եմ առ երաժշտություն, առ դաշնամուր, այդ երաժշտությունն ու դաշնամուրն է, որ ինձ թույլ է տվել արդեն 38 տարի զբաղվել այդ գործով»:
 
Ասուլիսի ավարտին Ռիչարդ Կլայդերմանը նվագեց: Նախքան այդ հարց հնչեց՝ հաճա՞խ է լինում, որ ասուլիսի ժամանակ նվագում եք լրագրողների համար, Ռիչարդ Կլայդերմանն ասաց. «Ոչ, երբեք, երբեք դա չեմ անում»:


2834





Գլխավոր լուրեր