Որոշել են վերադարձնե՞լ «Ռեինկարնացիա» խմբի համերգի տոմսերը


06-03-2017 13:49:03

Համացանցում շարունակվում է քննարկվել «Ռեինկարնացիա» խմբի «Փոխենք աշխարհը» երգի տեսահոլովակը, որը նախատեսված է ՀՀԿ-ի քարոզչության համար։ Տեսահոլովակում նվագում է վարչապետ Կարեն Կարապետյանը։ Երբ ֆեյսբուքում սկսեցին մեղադրել խմբին ՀՀԿ-ի համար աշխատելու մեջ, նրանք իրենց էջում «դատարկագլուխներին» կոչ արեցին քարոզչական հոլովակը չքաղաքականացնել։ Հետո գրառումը ջնջվեց էջից: Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, դուք էլի կարևոր գործերը թողած` ընկել եք երկրորդական բաների հետևից: Հիշեցնեմ, որ երգչի գործը երգելն է, հաղորդավարինը` վարելը, դերասանինը` խաղալը։ Եթե որևէ կազմակերպություն կամ քաղաքական ուժ որոշել է իր քարոզարշավն անցկացնել բարձր մակարդակով, ճիշտ ու գրագետ ներկայացնել իրեն` հրավիրելով ճիշտ խոսնակների, լավ երգիչների ու ունի դրա համար միջոցներ, միայն ողջունելի է, որ օգտագործում է այդ հնարավորությունը: Երգից հետո ո՛չ ՀՀԿ֊ի քաղաքական ծրագիրն է փոխվում, ո՛չ էլ «Ռեինկարնացիայի» երգացանկը, ասեմ ավելին` ո՛չ էլ «Ռեինկարնացիան» է դառնում ՀՀԿ-ական: Այլ բան է, եթե «Ռեինկարնացիան» դներ թեկնածություն, կարելի էր քննադատել, բայց Ռոլի գործը երգելն է, մարդը երգել է, լավ էլ երգել է, ուրիշ բա՞ն է արել: Որևէ կերպ խախտե՞լ է ձեր սահմանադրական իրավունքը:Իսկ արդյոք դուք ունե՞ք սահմանադրական իրավունք` որևէ մեկին վիրավորելու կամ մեղադրելու. իհարկե չունեք: Մեր երկրում ամեն ոք իրավունք ունի որոշում կայացնելու, աշխատելու, եթե կա դրա հնարավորությունը : Տեղեկացնեմ, որ երգիչը, հաղորդավարն ու դերասանը ևս մարդ են ու ունեն ձեզ հետ հավասար իրավունքներ: Էլի՞ շեղվեցիք բուն թեմայից: Հավանո՞ւմ եք` ժպտացեք, անցեք առաջ, չե՞ք հավանում` անջատեք ու անցեք առաջ»:

Ի դեպ մարտի 8-ին նախատեսված է «Ռեինկարնացիա» խմբի համերգը և հնարավոր է հանդիսատեսից շատերը չցանկանան մասնակցել համերգին։ Ֆեյսբուքում արդեն իսկ ֆլեշմոբ է սկսվել․ քաղաքացիները որոշել են վերադարձնել գնված տոմսերն ու բոյկոտել համերգը։


3443





Գլխավոր լուրեր