Գրիգորի Գրիգորյան. Առողջապահական համակարգին պետք են սրտացավ մենեջերներ


20-03-2017 13:13:09

 

Օրերս «Արմենիա» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Գրիգորի Գրիգորյանը հանդիպեց ոլորտի ներկայացուցիչների հետ, որի ընթացքում հիմնական քննարկումը ծավալվեց առողջապահական համակարգի օպտիմալ կազմակերպման շուրջ: Նա իր խոսքում մասնավորապես նշեց. «Առողջապահական ոլորտը մեզանում բավականին զգայուն է. հակասական է բժշկի և բժշկության նկատմամբ հասարակության վերաբերմունքը: Պետք է վեր հանել Հայաստանի առողջապահության ոլորտում գերակա ճյուղերը ու ջերմոցային պայմաններ ապահովել դրանց կայացման համար: Սա մեծածավալ աշխատանք է, որը մեկ կամ մի քանի անհատի ուժերից վեր է: Ես տևական ժամանակ առաջարկում եմ ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել առողջապահության կազմակերպմանը:

Դրա համար նախ պետք է ձևավորել ոլորտի աշխատանքները կազմակերպող մենեջերի ինստիտուտ, որը կկարողանա կառավարման ճիշտ և օպտիմալ քաղաքականություն վարել: Լավ բժիշկների պակաս մենք իսկապես չունենք, բայց լավ բժիշկը դեռ չի ենթադրում լավ կազմակերպիչ և պետք էլ չէ: Բժիշկը պետք է զբաղվի միմիայն իր գործով` զուգահեռ զարգացնելով և կատարելագործելով մասնագիտական հմտությունները: Այլապես, լավ բժիշկը հաճախ ստիպված է լինում զբաղվել վատ կառավարմամբ, որից, բնականաբար, տուժում է նրա աշխատանքի որակն ու արդյունքը»: Գրիգորյանը նկատեց նաև, որ բժշկությունը շատ սպեցիֆիկ ոլորտ է, որը կազմակերպելու համար քիչ է միայն տեսականորեն գրագետ ու բանիմաց մենեջերներ պատրաստելը: «Մենք գործ ունենք մարդու կյանքի և առողջության հետ, ուստի մենեջերը պետք է քաջ գիտակցի սա և սրտացավ վերաբերմունք ցուցաբերի ինչպես ոլորտն առողջացնելուն միտված խնդիրներին, այնպես էլ մարդուն և նրա առողջացմանը», - ասաց նա:







Գլխավոր լուրեր