Հոնքերը՝ խոժոռ, այտերը փքած՝ բարեկամություն է անում սուլթանը խորթ մորաքրոջ հետ


21-07-2017 16:59:52

Հարց. Թուրք-գերմանական հարաբերություններում նոր սկանդալ է հասունանում։ Օրերս հայտնի է դարձել, որ Թուրքիան նաև արգելել է գերմանացի պատգամավորների այցելությունը Քոնիայի ռազմակայան, որը գտնվում է Անկարայից մոտ 250 կմ հարավ, որտեղ տեղակայված են մի քանի տասնյակ գերմանացի զինվորներ, որոնք ՆԱՏՕ համատեղ զորակազմում պայքարում են «Իսլամական պետության» դեմ։ Ավելի վաղ Անկարան արգելել էր Բունդեսթագի ներկայացուցիչներին այցելել Ինջիրլիք. ամիսներ տևած բանակցություններից հետո Բեռլինը, վերջապես, որոշեց դուրս բերել իր զինծառայողներին այդ ռազմակայանից։ Հիմա գերմանացի պատգամավորները կոչ են անում նաև որոշում ընդունել Քոնիայի համար։ Փաստորեն, ստացվում է, որ Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների ճգնաժամը դադարում է լինել երկու երկրների ներքին հարաբերությունների հարց և դառնում է միջազգային հարթակի խնդիր։

Որքա՞ն կարող է խորանալ այդ հարաբերությունների ճգնաժամը և ինչի՞ կարող է հանգեցնել։ Ի՞նչ արձագանք կարելի է սպասել ՆԱՏՕ մյուս անդամ երկրներից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից։ Կմիջամտե՞ն արդյոք նրանք այդ խնդրի լուծմանը։ Եթե Ինջիրլիքում իրավիճակն այլ էր, ապա այս պարագայում Քոնիայում տեղակայված է ՆԱՏՕ ռազմական զորակազմը։ Որքանո՞վ են այս զարգացումները պայմանավորված Սաուդյան Արաբիայի կենտրոնով «իսլամական ՆԱՏՕ» ստեղծելու ԱՄՆ նախաձեռնությամբ, թե՞ դա ընդամենը համընկնում է։ Ստացվում է, որ պաշտոնական Անկարան խոչընդոտում է ահաբեկչության դեմ պայքարող գերմանացի զինծառայողների աշխատանքին։ Այդ դեպքում ինչպե՞ս անվանել Թուրքիայի նման պահվածքը, եթե ոչ՝ օժանդակություն ահաբեկչությանը։ Ինչպե՞ս կարող է Թուրքիայի և Գերմանիայի միջև լարվածությունն ազդել տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի վրա։

Պատասխան. Գերմանիան և Թուրքիան վերջին տարիներին միմյանց հանդեպ բազմաթիվ պահանջներ են կուտակել։ Թերևս, հիմնական և գլխավոր գրգռիչը Գերմանիայում ապրող էթնիկ թուրքերի մոտ չորս միլիոնаноц սփյուռքն է, ավելի ճիշտ՝ ոչ թե գերմանական հողում թուրքերի բնակվելու փաստը, այլ այն, որ շատ միգրանտներ չեն ցանկանում ինտեգրվել գերմանական հասարակությունում։ Բեռլինում ոչ անհիմն համոզվածություն կա, որ դրա մեղքի մի մասն ընկած է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա շրջապատի վրա, որոնք քանիցս կոչ են արել եվրոպական թուրքերին, և գերմանականին՝ մասնավորապես, պահպանել մայրենի լեզուն, հավատն ու ավանդույթները։ Իսկ Անկարայում գերմանական իշխանությունների միայն այս դժգոհության մեջ տեսնում են թուրքական փոքրամասնության իրավունքների ոտնահարում, լրիվ ուծացման և ազգային ինքնության կորստի անթաքույց ձգտում։ Բացի այդ, թուրքական իշխանությունները դժգոհ են նրանից, որ պաշտոնական Բեռլինը ոչ մի կերպ չի օժանդակում Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը։

Ավելին, թուրքական քաղաքական էլիտայում քչերն են կասկածում, որ հենց Գերմանիան է իրենց երկրին ԵՄ անդամություն տրամադրելու գլխավոր հակառակորդը։ 1987 թվականից եվրոպական համերաշխ ընտանիք ձգտող Թուրքիան սկսել է հասկանալ, որ ո՛չ մոտ ապագայում, ո՛չ հետագայում եվրոպացիները չեն ցանկանում նրան տեսնել որպես Եվրամիության լիիրավ անդամ։ Այդ պահից էլ նկատելի ճեղք առաջացավ Բեռլինի և Անկարայի փոխհարաբերություններում։ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը և նրա շրջապատը, որոնք սկզբում պաշտպանում էին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության գաղափարը, ժամանակի ընթացքում դադարեցին անգամ թաքցնել, որ սկսել են այդ մտահղացմանն ավելի սառը վերաբերվել։ Տրամադրությունների փոփոխությունն ըստ էության տեղավորվում է գերմանացիների կողմից Եվրամիության բովանդակության վերանայման ալգորիթմում, որոնք կարծում են, որ այն պետք է զուտ տնտեսական միությունից վերափոխել քաղաքականի՝ դրանով իսկ ամրապնդելով եվրոպական երկրների փոխկապվածությունը, ինչն անհրաժեշտ ամրություն կհաղորդի այդ կապերին։

Միևնույն ժամանակ, ինչպես կարծում են եվրոպացիները, Էրդողանն իր երկրում ձևավորել է բավական ավտորիտար ռեժիմ, որին այնքան էլ չի մտահոգում քաղաքացիական ազատությունների և մարդու իրավունքների պաշտպանությունը։ Արդյունքում՝ շատերը Մերկելի շրջապատում բաց տեքստով սկսեցին խոսել այն մասին, որ Թուրքիան առհասարակ եվրոպական երկիր չէ և նրա հետ բանավեճը ԵՄ-ին անդամակցության մասին հարկավոր է փակել։ Հասկանալի է՝ այդ մասին սկսեցին խոսել ոչ միայն գերմանացի, այլ նաև այլ եվրոպացի քաղաքական գործիչներ, բայց հաշվի առնելով Գերմանիայի իրական кшире եվրոպական ընկերակցությունում՝ միշտ ավելի մեծ նշանակություն է տրվում հենց գերմանացի քաղաքական գործիչների դիրքորոշմանը։ Շատ փորձագետներ և լրագրողներ համակարծիք են, որ, ի թիվս այլ բաների, նաև սկզբից ևեթ լավ չդասավորվեցին Գերմանիայի և Թուրքիայի առաջնորդների անձնական հարաբերությունները։

Դրանք պարզապես լարված են, հավանաբար, այն պատճառով, որ Էրդողանը չափից ավելի խարիզմատիկ է Մերկելի ֆոնին, իսկ տիկին կանցլերին դուր չեն գալիս իրենից ավելի վառ առաջնորդները։ Իր վոտչինայում (Եվրամիությունում) հաստատ այդպիսիք չկային մինչև Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Էմանուել Մակրոնի հայտնվելը, և վերջինը դեռ պետք է ի ցույց դնի իր մրցակցային առավելությունները գերմանական քաղաքականության երկաթյա լեդիի հանդեպ։ Ինքնահավան Էրդողանը, որն իր մեջ մեկտեղում է վճռականությունն ու հաշվենկատությունը, անհամբերությունն ու միաժամանակ սպասել կարողանալը, իհարկե, խիստ տարբերվում է եվրոպացի գործընկերների ֆոնին, որոնց հետ ԳԴՀ կանցլերը հաջողությամբ հարաբերություններ է զարգացնում «ավագը հավասարների մեջ» բանաձևով։ Անզեն աչքով անգամ նկատելի է, որ ամենայն հավանականությամբ այդ նույն պատճառով Անկելա Մերկելը որոշակի անհարմարավետություն է զգում նաև Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների հետ շփվելիս։ Իսկ ահա ՉԺՀ նախագահ Սի Ձինփինի հետ նրա համար շատ ավելի հեշտ է, քանի որ վերջինը չինական փիլիսոփայության քայլող մարմնացումն է՝ միշտ հանգիստ, ժպտերես, բարեհաճ, առանց մեծամտության տեսանելի նշանների և որևէ պահանջկոտության։ Իհարկե, այդ ամենի հետևում թաքնված են չինական վիթխարի հավակնությունները, և միայն պարզամիտները կարող են հավատալ նրա արտաքին պարզությանը։

ԳԴՀ կանցլերը, անկասկած, միամիտներից չէ, բայց ընկեր Սիի հետ շփվելը նրա համար, միևնույն է, շատ ավելի հաճելի է, քան կովբոյների և սուլթանների։ Բայց չենք գերագնահատի գործընկերների անձնական ընկալման նշանակությունը համաշխարհային քաղաքականությունում։ Թուրք-գերմանական հարաբերություններում էլի բազմաթիվ օբյեկտիվ գրգռիչներ կան, որոնք վերջին 2-3 տարիներին, հաստատ, ավելի են խորացրել ճեղքվածքը եթե ոչ առհասարակ երկրների, ապա քաղաքական էլիտաների միջև։ Դա և՛ Օսմանյան կայսրությունում 1915թ. իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումն է Բունդեսթագի կողմից, և՛ թուրքական ու գերմանական իշխանությունների տարբեր վերաբերմունքը սիրիական կարգավորմանն ընդհանրապես և քրդական հարցին՝ մասնավորապես, միգրացիոն քաղաքականությանը Եվրոպայում և այլն։ «Փրկագին վճարելով» և կանգնեցնելով փախստականների անվերահսկելի հոսքը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա՝ Մերկելը, միևնույն է, չի մոռացել, թե ինչպես էր Էրդողանը շանտաժի ենթարկում Եվրոպային միլիոնավոր փախստականներով՝ իր համար միլիարդավոր կոմպենսացիաներ կորզելով։ Ստիպված էր ընդառաջել, բայց նեղացածությունը, անշուշտ, մնաց։ Ի դեպ, ինչպես և այն ընկալումը, որ չի հաջողվի Էրդողանին սանձած պահել դատարկ խոստումներով, թե Թուրքիային կթողնեն մտնել Եվրամիություն։ Այստեղ ուզում եմ վերապահում անել. այդ եվրոպացիների տեսանկյունից է Թուրքիան շանտաժի ենթարկել եվրոպացիներին, ինչը համապատասխանում է իրականությանը լոկ այն դեպքում, եթե լրիվ մոռացվի կատարվածի պատճառահետևանքային կապը։ Իսկ իրականում Թուրքիան չէ, որ տակնուվրա է արել Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան, Անկարան չէ, որ տապալել է ռեժիմներն ու քաոս սերմանել հարևան երկրներում։ Եթե Թուրքիան դրանում մասնակցել էլ է, ապա միայն մասնակցել է, բայց ինքը չի մտածել ու նախաձեռնել, ինքը չի կազմակերպել փասխտականների հոսքը Թուրքիա, այնտեղից էլ՝ Եվրոպա։ Ինչ-որ պահի այդ երկիրը հասկացավ, որ.

ա) եթե եվրոպացիները խնդրում են իր մոտ կանգնեցնել փախստականներին, ապա պետք է փոխհատուցեն նրանց պահելու ծախսերը;

բ) այդ կերպ կարելի է շահավետ բիզնես կազմակերպել ինչպես երկրի, այնպես էլ թուրքական վերնախավի որոշ ընտանիքների շահերից ելնելով։

Ինչպե՞ս գնահատել այս ամենը բարոյականության տեսակետից՝ ճաշակի հարց է։ Ինձ համար մի բան միանգամայն ակնհայտ է. հենց այս հարցում է, որ բարոյականության գագաթ տանող սանդուղքին թուրքերն ու եվրոպացիները կանգնած են նույն աստիճանին։ Թուրքերը պատմության առջև առանց այդ էլ витхари բարոյական պարտք ունեն, մի քանի սերունդների կհերիքի, բայց դա չի հանում պատասխանատվությունն ամերիկացիների, անգլիացիների, ֆրանսիացիների վրայից Աֆղանստանի, Իրաքի, Լիբիայի, Սիրիայի համար։

Հարկ է նշել, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիան բավական լարված հարաբերություններ ունի ոչ միայն Գերմանիայի, այլ նաև եվրոպական բազմաթիվ այլ երկրների, ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, տարածաշրջանի հարևանների հետ։ Սրանում կարևոր դեր է խաղացել, թերևս, երեք իրադարձություն։ Առաջինը Հյուսիսատլանտյան դաշինքի արձագանքն է Թուրքիայի և Ռուսաստանի միջև 2015թ. աշնանը ծագած պայթյունավտանգ ճգնաժամից հետո։ Այն շրջանում, երբ Թուրքիայում սպասում էին Մոսկվայի կոշտ, գուցե և ռազմական պատասխանին խփված ռմբակոծչի համար, ՆԱՏՕ-ն պարզ հասկացրեց, որ իր ծրագրերի մեջ չի մտնում պաշտպանել դաշինքի անդամին, և հարկ է, որ վերջինն ինքը պարզի իր հարցերը։ Դա հստակ ազդանշան էր առ այն, որ ՆԱՏՕ-ն հաճույքով կօգտագործի Թուրքիան իր պլաններն իրագործելիս, բայց վերջինը չպետք է անհրաժեշտության դեպքում հույսը դնի անվերապահ աջակցության վրա։ Երկրորդը Վաշինգտոնի քաղաքականությունն է իրաքյան և սիրիական քրդերի հանդեպ, որոնք ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ դաշնակիցներն են, ինչն անհնագստացնում է Անկարային իրադարձությունների հետագա զարգացման տեսակետից։ Թուրքիան երկյուղում է, որ փոխարենը քրդերին խոստացվել է առնվազն ինքնավարություն, իսկ հետո, մեկ էլ տեսար, Քուրդիստանի պետության կազմավորում։ Թուրքիայի համար այս բավական զգայուն հարցում դիրքորոշումների մերձեցում առայժմ չի ստացվում։ Իսկ դա ստիպում է Անկարային մտածել ինչ-որ հակամիջոցների մասին՝ նոր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային դասավորությունների ռակուրսով։

Եվ երրորդը Արևմուտքի արձագանքն է մեկ տարի առաջ Թուրքիայում չհաջողված ռազմական հեղաշրջմանը։ Ենթադրյալ կազմակերպչին (այդպես են կարծում Թուրքիայում)՝ Ֆեթհուլա Գյուլենին, ԱՄՆ-ը չի պատրաստվում արտահանձնել, իսկ եվրոպացիները համերաշխ դատապարտում են Էրդողանին հեղաշրջման փորձի կազմակերպման և մասնակցության մեջ կասկածվողների հանդեպ անհամաչափ կոշտության մեջ։ Ռեջեփ Էրդողանը, գուցե, կասկածներ ունи, որ որոշ երկրների հատուկ ծառայությունների ընդերքում մշակվում են պլաններ ինչպես իրեն իշխանությունից հեռացնելու, այնպես էլ Թուրքիան մասնատելու մասին։ Ձեռքերը ծալած նստելը և հուսալը, որ լավ է լինելու, իհարկե, չի մտնում նրա պլանների մեջ։ Հավանաբար, նման երկյուղների հետ են կապված նաև Էրդողանի՝ Ռուսաստանի հետ վիթխարի տնտեսական նախագծերն արագացնելու ձգտումները, որոնք խոստանում են Թուրքիային դառնալ հզոր տրանսպորտային և գազաբաշխիչ հանգույց տարածաշրջանում։ Հաշվարկն, ըստ երևույթին, այն է, որ բազմամիլիարդ ներդրումներ կատարելով թուրքական նախագծերում՝ Ռուսաստանը դրանով իսկ պարտավորություններ է ստանձնում երաշխավորել Թուրքիայի ամբողջականությունն ու խաղաղ զարգացումը։

Վերը թվարկվածի համապատկերում մնացած պակաս նշանակալի իրադարձությունները, ինչպիսին է Էրդողանին և նրա նախարարներին եվրոպական քաղաքներում համերկրացիների առջև ելույթ ունենալն արգելելը, Թրամփի նախաձեռնությունը՝ համախմբելու արաբական աշխարհը սաուդցիների շուրջը՝ տարածաշրջանում իրեն ենթակա ռազմական բռունցք ստեղծելու նպատակով և այլն, միասնական շղթա են կազմում, որը հեռացնում է Թուրքիային արևմտյան գործընկերներից։ Հավանաբար, Թուրքիան չի շտապի ՆԱՏՕ-ից դուրս գալ, բայց արդեն հիմա կառուցում է իր պաշտպանական դոկտրինը՝ շրջանցելով ՆԱՏՕ-ն։ Տարածաշրջանային այս բարդ թնջուկում Անկարային բնավ պետք չէ չափից ավելի ակտիվություն ցուցաբերել Հարավային Կովկասում։ Ակնհայտ է, որ դա դուր չի գա ոչ Ռուսաստանին, ոչ Իրանին, որոնք ներկա պահին Թուրքիայի բնական դաշնակիցներ են երևում։ Ինչևէ, ակտիվացման փորձը կչեզոքացվի, ուստի իմաստ չկա վտանգել հարաբերությունները Մոսկվայի և Թեհրանի հետ։ Ասվածից բնավ չի հետևում, թե Վաշինգտոնի հետ ընդհանուր լեզու գտնելու պարագայում Էրդողանը հերթական անգամ արմատապես չի ճշգրտի իր քաղաքականությունը։

Հարցը միայն այն է, թե պետք է արդյոք դա Ամերիկային, և երկրորդ՝ ողջ կատարվածից հետո արժե՞ արդյոք անվերապահորեն վստահել Սպիտակ տան խոստումներին։ Մանավանդ հենց Նահանգներում ներքաղաքական ճգնաժամի ֆոնին, երբ նախագահը շատ հարցերում զրկված է իր խոստումներն այս կամ այն հարցում իրականացնելու հնարավորությունից։ Էրդողանը մեծ մասամբ ինքն է իրեն սակրավորի վիճակի մեջ դրել, որը ստիպված է գործել առանց սխալվելու իրավունքի։ Դրանք բավական շատ են թույլ տրվել, և յուրաքանչյուր հաջորդ սխալը կարող է ճակատագրական դառնալ։ Հենց այս պատճառով էլ Էրդողանը մինչև վերջ չի բացի բոլոր խաղաթղթերը և հստակ չի նշի վարվելիք քաղաքականության վեկտորը։ Եվ տնտեսական շահերը նույնպես ոչ ոք չի չեղարկել, ուստի այդ նույն Գերմանիայի՝ Թուրքիայի առևտրատնտեսական գլխավոր գործընկերներից մեկի հետ, բոլոր տարաձայնություններով հանդերձ, միևնույն է՝ պետք է երկխոսություն վարել։ Ճիշտ նույն մոտիվներն են նաև ԳԴՀ-ի պարագայում, դրա համար էլ Էրդողանի հերթական արարքը՝ կապված Բունդեսթագի պատգամավորներին Թուրքիայի տարածքում գտնվող ՆԱՏՕ ավիաբազաներ այցելելու արգելքի հետ, Բեռլինը կուլ կտա՝ խեղդելով սեփական գոռոզությունը։ Կանցլեր Մերկելի վիճակն ավելի հեշտ չէ, քան նախագահ Էրդողանինը։ Նա նույնպես այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ Վաշինգտոնի հետ, հետն էլ պետք է մտահոգվի Եվրամիության ճակատագրով, խելքի բերի երիտեվրոպացիներին, զսպի ֆրանսիացի երիտասարդ առաջնորդի հավակնությունները, կոտրի անգլիացիների համառությունը Brexit-ի համար կոմպենսացիայի վճարման սակարկությունում, հավասարակշռություն գտնի Ռուսաստանի հանդեպ կոշտ քաղաքականության և գերմանական խոշոր բիզնեսի շահերի միջև և այլն։ Ի լրումն՝ շուտով նաև խորհրդարանական ընտրություններն են։

Աշոտ Անտինյան 

21․07․2017


28522





Գլխավոր լուրեր