«Умом Россию не понять…»-ը կոչ չէ խելապակասներին


10-07-2017 17:42:31

Հարց․ Մեկ շաբաթ առաջ Մոսկվայի իրավաբանական ակադեմիայի միջանցքում հայտնվել է Իոսիֆ Ստալինին նվիրված մի հուշատախտակ, որի վրա գրված է՝ «1924 թվականին այս դահլիճում ելույթ է ունեցել Իոսիֆ Ստալինը»։ Հուշատախտակի տեղադրումը թերևս աննկատ կմնար լրատվամիջոցների համար, եթե այդ մասին չբարձրաձայներ հայտնի փաստաբան Գենրի Ռեզնիկը։ Վերջինս հայտարարել է, թե հրաժարվում է դասավանդել ակադեմիայում և կասեցնելու է համագործակցությունն այդ հաստատության հետ: «Իմ դասախոսներից շատերն անցել են Գուլագով, ակադեմիայի ղեկավարությունն ինձ խաբել է, ասելով, թե հուշատախտակը հայտնվել է դեռ 60-ականներին կայացված որոշմամբ։ Այդ ժամանակ ամենուրեք հեռացնում էին Ստալինի հետ կապված ամեն ինչ՝ Խրուշչովի կարգադրությամբ»,- գրել է փաստաբանը։

Նրա օրինակին են հետևել Տնտեսության բարձրագույն դպրոցի իրավաբան-դասախոսներն ու կասեցրել համագործակցությունը նշված ակադեմիայի հետ։ Այդ մասին ակադեմիայի ռեկտոր Վիկտոր Բլաժևին հասցեագրած բաց նամակում գրել է Տնտեսության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Իլյա Շաբլինսկին։ Նամակում նա, մասնավորապես, նշել է, թե ամբիոնի աշխատակցիները մտադիր չեն գնահատական տալ կատարվածին, սակայն նրանցից ոչ մեկն այլևս ակադեմիայում հանդես չի գա դասախոսությամբ։ «Տեղադրել են մի մարդու հուշատախտակ, ով երկրում ոչնչացրել է իրավունքն ու միլիոնավոր մարդկանց»,- նաև գրել է Շաբլինսկին իր նամակում։ Վերջին տարիներին Ռուսաստանում նկատելիորեն աճել է Ստալինի հանդեպ դրական վերաբերմունք ունեցողների թիվը: Մի շարք գործոնների շարքում, դրան նպաստում է նաև դաշնային հեռուստաընկերությունների եթերում Ստալինի և նրա պաշտոնավարման տարիների մասին բազմաթիվ գեղարվեստական և վավերագրական ֆիլմերի ցուցադրումը: Դրանցում բռնապետի կերպարն դրական երանգներով ներկայացնելը:

Հասարակության որոշակի շրջաններում, սակայն, խոսում են, որ սա հատուկ կառավարական ծրագիր է, որի հեղինակը անձամբ Վլադիմիր Պուտինն է, և այս կերպ նա փորձում է բարձրացնել սեփական վարկանիշը: Կարելի՞ է արդյոք համաձայնվել նրանց հետ, և եթե այո, ապա ի՞նչ կերպ պետք է այս երևույթը նպաստի Պուտինի վարկանիշի բարելավմանը: Ոչ վաղ անցյալում, այդ նույն մարդիկ խոսում էին, որ Պուտինը արդեն իրեն վստահ չի զգում, և պատրաստվում է վերջնականապես հեռանալ քաղաքականությունից, ապա այդ դեպքում հեռացող քաղաքական գործիչը ինչու՞ պետք է այդքան մտահոգվի իր վարկանիշի համար, արժանահավա՞տ է արդյոք այն տեսակետը, որ այս ամենը արվում է «գոտիները ձգելու» քաղաքականությունը ռուսաստանաբնակների համար ավելի ընդհունելի դարձնելու նպատակով, ցույց տալով, որ ավելի վատ տարիներ են եղել, իսկ հիմա այդքան լավ բան կա, և պետք չէ դժգոհել իշխանություններից: Իսկ գուցե՞ դա բացատրվում է նրանով, որ ռուսները ավանդաբար սիրում են ուժեղ ձեռք, երկաթյա ղեկավար՝ լինի դա ցար, իմպերատոր, Կենտկոմի գլխավոր քատուղար, թե նախագահ, երևի շատերն են հիշում, թե ինչպես էր ռուս քաղաքական գործիչ Վ. Ժիրինովսկին, ասուլիսներից մեկի ժամանակ առաջարկում Վլադիմիր Պուտինին Ռուսաստանը դարձնել կայսրություն, իսկ Պուտինն էլ լինի կայսր, բացատրելով դա նրանով, որ Ռուսաստանը միապետների ժամանակ է հզորանում, իսկ հիմա Ռուսաստանը պայքարի մեջ է Արևմուտքի հետ ու շատերն անթաքույց հպարտություն են ապրում՝ իրենց ղեկավարի դիմադրողականությամբ, ու մի քիչ չափն անցել են ու անցել անգամ խորհրդային ժամանակների դիկտարորի գովքին՝ հասարակության ռազմահայրենասիրական ոգին բարձրացնելու նպատակով:

 

Պատասխան․ Փաստաբան Հենրի Ռեզնիկի, նրա որոշ գործընկերների, այդ թվում և Մոսկվայի Իրավաբանական ակադեմիայի պրոֆեսոր Իլյա Շաբլինսկու արձագանքն, ըստ իս, հետապնդում է իրենց անձերի հանդեպ հասարակության ուշադրությունը գրավելու նպատակ և որևէ կերպ կապված չէ կոնկրետ երևույթին այսպես կոչված սկզբունքային մոտեցումների հետ։ Չէ՞ որ, ըստ էության, հուշատախտակի առկայությունը (կամ բացակայությունը), թե ինչ-որ դահլիճում գրեթե 100 տարի առաջ հանդես է եկել Իոսիֆ Ստալինը, չի չեղարկում փաստը, որ դա տեղի է ունեցել։ Ուստի, չափից ավելի սկզբունքային պարոնայք սկզբից ևեթ չպետք է աշխատանքային համաձայնագիր կնքեին ակադեմիայի հետ, եթե իրենց անձնական հակակրանքը Ստալինի անձի հանդեպ հանգեցնում է ախորժակի կորստին: Դե, իսկ սեփական դեկլարատիվ սկզբունքներին լիակատար համապատասխանության համար ցանկալի է առհասարակ տեղափոխվել Մոսկվայից, քանի որ մայրաքաղաքում քիչ չեն տեղերը, որտեղով Ստալինն անցել է կամ որոնք այցելել է։ Անձամբ ես հուշատախտակն ընկալում եմ որպես լոկ պատմական փաստի արձանագրում, ոչ ավելին։ Դա հո մի ինչ-որ իմաստային բեռնվածություն չի կրում, որն արդարացնում կամ էլ ջախջախում է պրոլետարիատի առաջնորդներից մեկի գործունեությունը։ Կարելի էր բանակռվի մեջ մտնել, եթե, ասենք, հուշատախտակի վրայի մակագրությունն արտահայտեր հիացմունք այն փաստի առիթով, որ Ստալինը ելույթ է ունեցել ակադեմիայի դահլիճում, կամ էլ Ստալինի անվան նկատմամբ մակագրությունում կիրառված լինեին «մեծ», «առաքինի» և նման կարգի այլ բնորոշումներ։ Բայց նման ոչինչ չկա, չէ՞, զուտ փաստի չոր արձանագրում։ Հիմա ի՞նչ՝ շենքը քանդե՞ն։ Այդ դեպքում Մոսկվայի կեսը ստիպված են լինելու քանդել՝ «ստալինյան բարձраhаркериц» և Կրեմլից սկսած մինչև բոլոր այն շենքերն ու շինությունները, որոնցում երբևէ տեղակայված են եղել զանազան հեղափոխական կոմիտեներ, կուսակցական օղակներ և "ահավոր" այլ կազմակերպություններ։ Այս տրամաբանությամբ ինձ նույնպես հեշտությամբ կարելի է դասել մոլի ստալինականների շարքում, քանի որ վերջերս եղել եմ ատամնաբուժարանում, որը գտնվում է մի տանը, որտեղ տեղակայված է եղել ՀամԿ(բ)Կ Մարյինա Ռոշչա շրջանի հեղկոմի շտաբը։

Իսկ եթե մի կողմ թողնենք որոշ սկզբունքային ընկերների անիմաստ մարմնաշարժումները, որոնք չեն ցանկանում դասավանդել մի դահլիճում, որտեղ մի քանի րոպե գտնվել է Ստալինը, բայց հաճույքով ամեն առիթов այցելում են Կրեմլ, ապա Ստալինի, առհասարակ նախորդ դարաշրջանի հանդեպ վերաբերմունքն ընդհանրապես լրջագույն հարց է, որը վերջին ժամանակներս հիրավի քննարկվում է հասարակությունում։ Բանը, սակայն բնավ այն չէ, որ ներկա կառավարողներին Ստալինի կերպարը հարկավոր է սեփական հեղինակությունը բարձրացնելու համար կամ էլ իրենց քաղաքական դիվիդենդներն ավելացնելու նկատառումներից ելնելով։ Ոչ մի կապ չեմ տեսնում։ Հարցն այլ է. երբ արևմտյան քարոզչությունն արդեն ավելի քան քսան տարի փորձում է սևացնել այն ամենը, ինչը խորհրդային ժամանակներում եղել է Ռուսաստանում, դեմոնացնել Ռուսաստանը՝ այն ներկայացնելով որպես ստալինյան դարաշրջանի ամեն բացասականի ժառանգորդ, իսկ վերջին մի քանի տարիներին նաև հավասարության նշան դնել ստալինականության և ֆաշիզմի միջև. սա ինքնին մղում է սեփական պատմությունը վերիմաստավորելու անհրաժեշտության, ինչը թույլ կտա ձերբազատվել մեղքի և թերարժեքության պարտադրող բարդույթներից։ Ռուսաստանի ժողովուրդը, նրա կողքին՝ նաև նախկին ԽՍՀՄ և սոցիալիստական ճամբարի մյուս ժողովուրդներն առաջին հերթին իրավունք ունեն օբյեկտիվ և անաչառ վերլուծելու սեփական պատմությունը, դատապարտելու ողջ բացասականը, բայց և միաժամանակ սևով չպատելու ողջ պատմությունը, որովհետև դա համապատասխանում է օրվա կոնյունկտուրայի շահերին։

Ահա թե ինչ դիսկուրս է իրականում ընթանում հասարակությունում։ Հաստատ ո՛չ ինչ-որ բան թաքցնելու մեծ ցանկությունից, այլ օբյեկտիվ մոտեցման նպատակով նախագահը վերջերս ցուցում տվեց գաղտնազերծել 1930-1987թթ. շրջանի արխիվները։ Նիկիտա Խրուշչովի հանցագործությունները և նրա կողմից ստալինյան ժամանակաշրջանի ավելի քան կանխակալ մեկնաբանությունը վերհանելու ձգտումը բնավ չի նշանակում արդարացնել ստալինականությունն իր բոլոր դրսևորումներով։ Իոսիֆ Ստալինը և նրա մերձավոր զինակիցներն արել են այն, ինչ արել են, այլ ոչ թե այն, ինչը պետք էր ցույց տալ սկզբում Խրուշչովին, իսկ հետո նաև արևմտյան քարոզչությանը։ Եվ հաստատ բնավ տեղին չէ ստալինականությունը ֆաշիզմին հավասարեցնելը։ Հասկացությունների նենգափոխմամբ ստալինականությունը մինչև ֆաշիզմ ձգել-հասցնելը պատմաբանների և քաղաքագետների վեճը չէ՝ դրա ակադեմիական նշանակությամբ, դա միանգամայն գործնական շահեր հետապնդող նպատակաուղղված քաղաքականություն է, որը կոչված է մեկուսացման և զսպման։ Այո, ֆաշիզմն ավտորիտար է, բայց բոլոր ավտորիտարիզմները չէ, այդ թվում և ստալինյանը, որ ֆաշիզմ է։ Ֆաշիզմի (նացիզմի) ամենահամապարփակ և ստույգ սահմանումը հետևյալն է. «Ֆաշիզմը գաղափարախոսություն է և գործելակերպ, որը հաստատում է որոշակի ազգի կամ ռասայի գերազանցությունը և բացառիկությունը և ուղղված է ազգային անհանդուրժողության հրահրմանը, այլ ժողովուրդների հանդեպ խտրականության հիմնավորմանը, դեմոկրատիայի ժխտմանը, առաջնորդի պաշտամունքի հաստատմանը, բռնության և տեռորի կիրառմանը քաղաքական հակառակորդներին և ցանկացած այլախոհություն ճնշելու համար, պատերազմի արդարացմանը՝ որպես միջպետական խնդիրների լուծման միջոցի»։ Ինչպես տեսնում ենք, որոշակի նմանությունների առկայությամբ հանդերձ, այնուամենայնիվ, սկզբունքային տարբերություն կա ստալինականության և ֆաշիզմի նշյալ սահմանման միջև։

Որևէ ազգի կամ ռասայի գերազանցության մասին Ստալինի դարաշրջանում, ազգային անհանդուրժողության հրահրման, պատերազմ սանձազերծելու ցանկության մասին անգամ խոսք լինել չի կարող։ Ստալինականությունը ֆաշիզմին հավասարեցնելու առաջնագծում հանդես եկող ամերիկացիները, գուցե, իրենց նեղություն տային փորփրելու սեփական պատմությունը, որը լի է ոչ այնքան ցիվիլ երանգներով։ Ո՞վ չի հիշում ոչնչացված և ռեզերվացիաներ քշված հնդկացիներին, բայց չէ՞ որ դա աշխարհի ամենազարգացած դեմոկրատիայի պատմության միակ խայտառակ էջը չէ։ «Իժը միշտ էլ իժ է, անկախ նրանից՝ որտեղ է ձվից դուրս եկել։ Այսպիսով, ճապոնական ծագում ունեցող ամերիկացին, որ ծնվել է ճապոնացի ծնողներից, ճապոնացի է մեծանալու, ոչ թե ամերիկացի»,- գրում էր Times թերթը 1941թ. դեկտեմբերին։ Արդյո՞ք սա նացիզմի դրսևորում չէ։ Իսկ Կալիֆորնիայում, Օրեգոն նահանգում և Վաշինգտոնում իրենց բնակատեղիներից 120 հազար ճապոնացիների համակենտրոնացման ճամբարներ քշե՞լը, որոնցից 80 հազարը ԱՄՆ քաղաքացի էր։ Այո, այդ ճամբարները տարբերվում էին նացիստների ստեղծած Աուշվիցից և մահվան մյուս ճամբարներից. մի ընտանիքի անդամները միասին էին ապրում, անապատային կամ լեռնային շրջաններում գտնվող ճամբարներում, ճապոնացիները զբաղվում էին գյուղատնտեսական աշխատանքով, ամուսնանում էին, երեխաներ ունենում, տոներ նշում, բայցևայնպես, դրանք ճամբարներ էին՝ շրջապատված փշալարերով, զինված պահապաններով, որտեղ սահմանախախտների վրա կրակում և սպանում էին։

Հետո ճապոնացիներին արդարացրին և հնարավորության դեպքում վերադարձրին իրենց տները, բայց ԳՈՒԼԱԳ-ի ճամբարներից նույնպես հետագայում մարդկանց տուն թողեցին և վերականգնեցին։ Սակայն չգիտես ինչու մշտապես արծարծվում է ԳՈՒԼԱԳ-ի թեման, իսկ մնացած՝ գրեթե համանման հանցագործություններն այլ երկրներում լռության են մատնվում։ Ակնհայտ է, որ բանը պատմական արդարությունը վերականգնելը և քսաներորդ դարի առաջին կեսի ողբերգական իրադարձություններին օբյեկտիվ գնահատական տալու ցանկությունը չէ։ Խնդիրը դրանցով մանիպուլացնելն ու ընտրովի մոտեցմամբ դրանցից առավելագույն շահ կորզելն է արդի քաղաքականությունում։ Ահա թե ինչին է ընդդիմանում ռուսական հասարակությունը, որը շատերի կողմից ընկալվում է որպես Ստալինի չարագործություններն արդարացնելու ձգտում։ Նման խնդիր չկա, մանավանդ՝ այն չի կարող դրվել ՌԴ բարձրագույն իշխանության կողմից։ Ստալինի, ասել է թե՝ ամուր ձեռքի հանդեպ այսպես կոչված «նոստալգիան», որը նկատվում է հասարակության մի մասի շրջանում, չպետք է պարզունակորեն ընկալել որպես չափից ավելի մեծ սեր Իոսիֆ Ստալինի անձի հանդեպ։ Մարդկանց հիշողության մեջ դա ժամանակ է, երբ երկրում չկային օլիգարխներ և կոռուպցիա, երբ անհնար էր չինովնիկական կամայականությունը, դա ժամանակ էր սեփական պատմությունից, որտեղ, ահարկու էջերի կողքին, եղել են և արդարության տարրեր՝ այդ դարաշրջանի մարդկանց ըմբռնմամբ։ Այս ամենը եղել է։

Եվ ուժեղ ձեռքի կարոտը չպետք է պարզունակացնել մինչև ամենակարող ռեսթլերի կամ էլ կացինը ձեռքին դահճի մակարդակի։ Ուժեղ ձեռքի տենչը պայմանավորված է անպատժելիությանն ու կոռուպցիային վերջ տալու ցանկությամբ, այլ խոսքով՝ օրենքի դիկտատուրա սահմանելու ցանկությամբ։ Օրենքի դիկտատուրայի նոստալգիա, այլ ոչ թե նոստալգիա՝ ապօրինի մեթոդներով օրիանականություն հաստատելու։ Պետք է տարբերել մեկը մյուսից և չտարածել սեփական ֆանտազիաները ողջ հասարակության վրա։ Որոշ ուլտրալիբերալների վայնասունն իբր հասարակության ստալինականացման մասին ընդհանուր ոչինչ չունի իրականության հետ, պարզապես դրանց զինանոցում չկան այլ՝ ավելի իրատեսական և համոզիչ փաստարկներ։ Չէ՞ որ անհնար է վատաբանել իշխանությանը և նրան աջակցող հասարակությանը երկրի ինքնիշխանությունը պաշտպանել ջանալու և իրենց կյանքի կերպն ու կարգը ինքնուրույն որոշելու իրավունքի մեջ։ Դրա համար էլ մշտապես կեղծ օրակարգ է պարտադրվում, առաջին պլան են մղվում գոյություն չունեցող սպառնալիքներ՝ դիկտատուրա, ԳՈՒԼԱԳ և ահավոր այլ բաներ։ Մեծամասնությունն, ի դեպ, տարակուսում է հենց հակառակի առիթով. ինչո՞ւ է չափից ավելի համբերատարություն ցուցաբերվում այն մարդկանց հանդեպ, ովքեր անթաքույց թշնամական և երկրի համար վտանգավոր գաղափարախոսություն են դավանում։ Այսպիսով, ստացվում է, որ իշխանությունը Ռուսաստանում ավտորիտար է և ուլտրալիբերալ՝ երկուսը մեկում, ամեն բան կախված է նրանից, թե որ անկյունից կնայես։ Գնահատականները կարող են լինել ում ինչպես հարմար է, գլխավորն այն է, որ իշխանությունը վայելի հասարակության վստահությունը, և սա փաստ է, որքան էլ որ բարձր բղավի հակառակի մասին ագրեսիվ փոքրամասնությունը։ Ես կասեի՝ չնչին փոքրամասնությունը՝ նկատի ունենալով ոչ թե որակական, այլ քանակական բնութագիրը։

Պնդմանը, թե ռուսները (ռուսաստանցիները) նախընտրում են կառավարչի ամուր ձեռքը, կպատասխանեի հետևյալ կերպ, ինչն, իմ կարծիքով, ավելի ճիշտ է արտացոլում իրավիճակը. ռուսները սիրում են երկաթյա կամք ունեցող կառավարչի, քանի որ ամուր ձեռքը գործիքներից ընդամենը մեկն է՝ ոչ ինքնաբավ ու ոչ համապարփակ։ Իսկ երաշխիքն այն բանի, որ երկիրը կկարողանա պաշտպանել իր շահերը և դիմակայել ամեն տեսակ մարտահրավերներին՝ սա էլ հենց երկաթյա կամքն է։ Չէ՞ որ իսկական անհեթեթություն է՝ ռուսներին վերագրել գլխներին ավելի ուժեղ բռունցք ստանալու ցանկություն։ Անհրաժեշտության դեպքում տալ՝ այո՛, բայց ո՛չ ստանալ։ Չեն ստեղծվում և չեն գոյատևում այն կայսրությունները՝ մարդկանցով հանդերձ, որոնք հաճույքով գլխներին բռունցք են ստանում։ Չպետք է շփոթել համբերատարությունը և, գուցե, գերակայությունների ինքնատիպ դասավորությունը անօգնականության և մազոխիզմի հետ։ Այս ապաշնորհ հնարքներով արևմտյան քարոզչամեքենան փորձում է իբր ժողովրդին գրգռել պայքարի սեփական իրավունքների համար՝ ոչ մի կերպ չցանկանալով հասկանալ էությունը. ռուս մարդուն դրսից խելք սովորեցնելու ամեն փորձ նրա մեջ զգացումներ է առաջացնում, որոնք արևմտյան լիբերալներին հաստատ դուր չեն գալու։ Ռուսաստանցիները ստալինյան շրջանը համարում են պակաս խայտառակ լիբերալ 90-ականների համեմատ ոչ այն պատճառով, որ չեն ընդունում ստալինականության դարաշրջանի հանցագործությունները, այլ որովհետև էլ ավելի մեծ հանցագործություն են համարում ազգային շահերին դավաճանելն ու երկիրը փլուզելու փորձերը։

Սա փաստ է, և սրա հետ պետք է հաշվի նստել՝ դուր գալիս է դա որևէ մեկին, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է կայսերական նկրտումներին, այդ թվում և Վլադիմիր Ժիրինովսկու արտահայտություններին միապետության վերականգնման նպատակահարմարության մասին, չարժե դա տառացիորեն ընկալել։ Որքան հասկանում եմ, Վլադիմիր Վոլֆովիչի պասաժն ուղղված է ոչ թե բատյուշկա-ցարին, այլ ավելի շուտ հասցեագրված է բոյարներին։ Ցարական դինաստիայի օրոք բոյարները արմատներ էին նետում հայրենի հողում, սերնդեսերունդ զբաղեցնում կարևոր պաշտոններ, իրենց կյանքը և հետնորդների ճակատագիրը կապում բացառապես Հայրենիքի հետ։ Իսկ ներկայիս Ռուսաստանում, որն ապրել և ցայժմ չի հաղթահարել իննսունականների հետևանքները, երբ էլիտաների մեծամասնությունն իր Հայրենիքը դիտարկում էր որպես վաստակելու վայր, իսկ Արևմուտքը՝ որպես հուսալի հանգրվան, էլիտաների որոշակի մասի հետ կապված մեծ խնդիր կա, որը ժամանակակից լեզվով կոչվում է կոռուպցիա, կապիտալի արտահոսք, պրոտեկցիոնիզմ և այլն։ Միապետության մասին իր ալեգորիայում, ինչպես ես եմ հասկացել, Ժիրինովսկու մեսիջն ուղղված է էլիտաների հետ կապված խնդրի լուծմանը, այլ ոչ թե տառացիորեն ցարական գահի հաստատմանը։ Հույս ունեմ, որ այդպես է։ Իսկ եթե սխալ եմ հասկանում, ևս մեկ առիթ կլինի հուսախաբվելու Վլադիմիր Վոլֆովիչի հարցում։ Վախենալու բան չկա, երկուսս էլ մի կերպ կդիմանանք։ Բանաստեղծի «умом Россию не понять…» (Ռուսաստանը գլխով չես հասկանա) բառերն այն մասին չեն, թե ամեն մի խելապակաս կարող է հասկանալ Ռուսաստանը, այլ այն մասին, որ Ռուսաստանին հասկանալ կարելի է՝ նրան ներսից ճանաչելով միայն, ուսումնասիրելով նրա ուրույն պատմությունն ու մշակույթը, այլ ոչ թե հենվելով կոսմոպոլիտ գիտելիքի և կանոնների վրա։

Աշոտ Անտինյան 

10․07․2017


24661





Գլխավոր լուրեր