«Բնական» ընտրություն


30-06-2017 22:16:23

Հարց․ Հունիսի 29-ից ուժի մեջ կմտնի մահմեդական վեց երկրներից Միացյալ Նահանգներ մուտք գործելու արգելքը: Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի և Եմենի քաղաքացիների մուտքը ԱՄՆ ժամանակավորապես կասեցվում է: Գերագույն դատարանի որոշման մասին նախագահ Թրամփը հայտարարեց, որ դա «հստակ հաղթանակ է ազգային անվտանգության համար»: Միացյալ Նահանգներ մուտք գործելու այս արգելքը, արդյո՞ք խտրականություն չէ մահմեդականների նկատմամբ, ԱՄՆ սահմանադրության խախտում, չի հակասում արդյո՞ք այս օրենքը ԱՄՆ դեմոկրատիայի սփռման քաղաքականությանը, որը ԱՄՆ-ն դրոշակ է դարձրել իր համար ամբողջ աշխարում հրապարակելով իրեն դեմոկրատիայի և մարդու իրավունքների պաշտպան: Ի՞նչ պատասխան կարելի է սպասել արգելքի տակ ընկած երկրների կողմից, և ոչ միայն:

Պատասխան. Մի քանի պետությունների, որոնք մտնում են «բարձր ռիսկի» երկրների ցանկի մեջ, քաղաքացիների մուտքը ԱՄՆ ժամանակավորապես արգելելու հրամանագիրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր դեռևս հունվարի 27-ին, երբ հենց նոր էր տեղ զբաղեցրել Սպիտակ տան Օվալաձև կաբինետում։ Արգելքը տարածվում է գերազանցապես մուսուլմանական բնակչություն ունեցող երկրների քաղաքացիների վրա։ Այն ժամանակ պետությունների ցանկը պաշտոնապես չէր հայտարարվում, բայց, ինչպես ենթադրվում էր, պատժամիջոցները վերաբերելու էին Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիներին։ Ընդ որում՝ ԱՄՆ վարչակազմը, այնուամենայնիվ, երկիր մտնել թույլ է տվել այսպես կոչված «գրին-քարթ» ունեցող բոլոր լեգալ մշտական ռեզիդենտներին։ Համապատասխան ճշտումներ մտցվեցին նախագահի՝ միգրացիան սահմանափակող հրամանագրի կատարման հրահանգներում։ Բացի այդ, Նյու Յորքի դաշնային դատարանն արգելեց կառավարությանը երկրից արտաքսել գործող վիզաներ ունեցող անձանց, որոնք ԱՄՆ էին եկել նախագահ Թրամփի կողմից մուտքի արգելքը մտցնելուց հետո։ Որոշումը կայացվել է ի պատասխան Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության դիմումի։

Հրամանագիրը, պետք է նշել, միանշանակորեն չընդունվեց ոչ միայն այն երկրներում, որոնց առնչվել էր նրա գործողությունը։ Արաբական պետությունների լիգայում (ԱՊԼ) մտահոգություն են հայտնել ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի՝ մուսուլմանների մուտքը ԱՄՆ սահմանափակող դիրքորոշման վերաբերյալ։ Հրամանագրի քննադատությամբ հանդես եկան նաև եվրոպացի հեղինակավոր քաղաքական գործիչները։ Մասնավորապես, Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր անհամաձայնությունն է հայտնել Թրամփի որոշմանը։ Բացի այդ, ԱՄՆ-ում հրամանագրի ընդունումից հետո զանգվածային բողոքի գործողություններ սկսվեցին։ Արդեն փետրվարի 3-ին Սիեթլի դաշնային դատարանը ժամանակավորապես արգելք դրեց նախագահի՝ իմիգրացիոն ռեժիմը խստացնող հրամանագրի իրագործման վրա։ Թրամփը ծիծաղելի համարեց Սիեթլի դատարանի կարգադրությունը։ «Այդ այսպես կոչված դատավորի որոշումը, որն ըստ էության չեղարկել է իրավակարգը մեր երկրում, ծիծաղելի է և կչեղարկվի»,- գրել է Սպիտակ տան տերը Twitter-ի իր աքաունթում։ Տառացիորեն հաջորդ օրը՝ փետրվարի 4-ին, ԱՄՆ Արդարադատության նախարարությունը բողոքարկեց Սիեթլի դատարանի որոշումը, որը դադարեցրել էր Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրի գործողությունը։

ԱՄՆ Գերագույն դատարանը Դոնալդ Թրամփին թույլ տվեց մասնակիորեն գործողության մեջ մտցնել գերազանցապես մուսուլմանական բնակչություն ունեցող վեց երկրների (Իրան, Եմեն, Լիբիա, Սիրիա, Սոմալի, Սուդան) քաղաքացիների և անխտիր բոլոր փախստականների մուտքն ԱՄՆ արգելող հրամանագիրը։ Համաձայն վճռի, ինչպես տեղեկացնում է Reuters-ը, մուտքի սահմանափակումները քաղաքացիների այս կամ այն խմբի համար չեն առնչվում ամերիկացիների իրավունքների հետ, դրա համար էլ կարող են մտցվել նախագահի կողմից։ Բացառություն կդառնան «արգելված» երկրների այն բնակիչները, ովքեր ինչ-ինչ հարաբերություններ ունեն ԱՄՆ քաղաքացիների հետ. նրանց հանդեպ արգելքը դատարանն անվավեր է ճանաչում։ Դատարանի հավանությունը ժամանակավոր է, գործն ամբողջությամբ կքննվի հոկտեմբերին, բայց մինչ այդ հրամանագիրը գործելու է։ Այսպիսով, սահմանափակումները պաշտոնապես ուժի մեջ են մտել։ Թերևս, գլխավոր հարցերից մեկն այն է, թե ինչ չափանիշներով է իրականացվել ԱՄՆ նախագահի հրամանագրի գործողության ներքո հայտնված երկրների ընտրությունը։ Հատկապես այդ վեց պետություններից բխող ահաբեկչության սպառնալի՞քը. հավանաբար այո։ Բայց հանուն արդարության հարկավոր է փաստել, որ այդ չափանիշին բնավ չի համապատասխանում Իրանը, իսկ ահա կան մի շարք այլ պետություններ, որոնցից ահաբեկչության սպառնալիքը բխում է ոչ միայն պարզապես տեսականորեն, այլ նաև բավական շռայլորեն ֆինանսավորվում է։ Հավանաբար, միակ փաստարկը հօգուտ Իրանն «իզգոյ-պետությունների» ցանկում ներառելու՝ նրան վերագրվող սերտ կապերն են «Հըզբոլլահ» կազմակերպության հետ։

Բայց և այնպես, չպետք է մոռանալ, որ «Հըզբոլլահը», այնուամենայնիվ, լիբանանյան կազմակերպություն է, իսկ այդ երկիրը ցուցակում ներառված չէ։ Բացի այդ, Իրանը մի քանի տասնամյակ ոչ մի անգամ չի բռնվել ահաբեկչության հանդեպ հակվածության մեջ։ Իրանի Իսլամական Հանրապետության գործողություններն ի աջակցություն սահմանակից պետությունների և առհասարակ տարածաշրջանի շիաների՝ ավելի շուտ պետական քաղաքականություն է (պաշտոնական և հրապարակային), և դա ոչ մի ընդհանուր բան չունի «ահաբեկչություն» հասկացության հետ։ Ուստի, նշված չափանիշին կարելի է վերաբերվել լոկ վերապահումներով։ Մյուս չափանիշը, որը տեսականորեն կարող է ընկնել այն երկրների ցանկի կազմման հիմքում, որոնց հանդեպ կիրառվել են Թրամփի հրամանագրի կետերը, դեմոկրատիայի ցածր մակարդակն է։ Սա հաստատ Արևմուտքի, մասնավորապես՝ ամերիկացիների սիրած թեման է, որով, պարզվում է, թույլատրելի է բացատրել և արդարացնել ցանկացած գործողություն այդ պետությունների դեմ։ Միտումնավոր ուշադրությունս չեմ սևեռում այդ պետությունների առաջնորդների վրա, որոնք, որպես կանոն, անվանվում են դիկտատորներ և մարդակերներ, քանի որ ամերիկացիների «հակադիկտատորական» գործողությունները միշտ ծավալվում են հենց պետությունների և ժողովուրդների դեմ, անխուսափելիորեն ուղեկցվում են պետական կարգի հիմքերի խարխլմամբ և բազմաթիվ զոհերով խաղաղ բնակչության շրջանում։ Հակառակ օրինակներ, ցավոք, առայժմ չկան։ Սակայն այս փաստարկին լուրջ վերաբերվելու հարկ չկա, քանի որ Մերձավոր Արևելքում և միապետություններով հագեցած Աֆրիկյան մայրցամաքում (մանավանդ նրա հյուսիսային և կենտրոնական մասերում)՝ իրենց ավանդապաշտական կենսակերպով, արևմտյան նմուշի դեմոկրատիա пнтрելը գուցե զվարճալի, բայց բավական անհույս զբաղմունք է։

«Սև» ցուցակների կազմման տրամաբանությանն օբյեկտիվորեն վերաբերվելու ցանկության դեպքում ակնհայտ է դառնում, որ անջրպետն անցկացվում է բացառապես «յուրայիններ-օտարներ» չափանիշով։ Որպեսզի ասածս մերկապարանոց չհնչի, հակիրճ անդրադառնանք ցուցակում ներառված երկրներին։

Իրան. այստեղ ամեն բան կարծես թե հասկանալի է։ Թրամփը ոչ միայն սկզբից ևեթ չէր թաքցնում իր բացասական վերաբերմունքը ԻԻՀ-ի նկատմամբ, այլև Սաուդյան Արաբիա կատարած այցի ընթացքում ուղղակի կոչ արեց հակաիրանյան կոալիցիա ստեղծել գերազանցապես արաբական երկրներից՝ հեռուն գնացող հետևանքներով։ Պատճառները. իր ընդերքում առկա բոլոր հարստություններով հանդերձ՝ Իրանի քաղաքական վերնախավը բացարձակապես ենթակա չէ Վաշինգտոնին, վարում է ինքնուրույն արտաքին և ներքին քաղաքականություն, չի ճկվում կեսդարյա վաղեմության պատժամիջոցների ներքո, միևնույն ժամանակ զարգանում է և էլ ավելի մեծ ազդեցություն ձեռք բերում տարածաշրջանում։ Վաշինգտոնի տեսակետից՝ սա անկարգություն է։ Առհասարակ, ցանկացած կարգուկանոն, որը չի հաստատվում և չի վերահսկվում Նահանգների կողմից, անկարգություն է որ կա։

Եմեն. դեռևս 2004թ. երկրի հյուսիսը բնակեցնող շիա ապստամբները դեմ արտահայտվեցին եմենյան իշխանությունների և ամերիկացիների համատեղ ծրագրին՝ վերականգնել թեոկրատական միապետությունը (իմամաթ), որը Հյուսիսային Եմենում գոյություն ուներ մինչև 1962թ. ռազմական հեղաշրջումը։ Չանդրադառնալով շիաների և Եմենի ու Սաուդյան Արաբիայի կառավարական բանակների միջև դաժան մարտերի հնգամյակին (հասկանալի է՝ ոչ առանց սաուդցիների հովանավորյալ «Ալ Քաիդայի» մասնակցության)՝ փաստենք այն, ինչ ունենք այսօր. հուսիթները շարունակում են հաջողությամբ դիմակայել սաուդյան կոալիցիային, վարում են դաժան մարտեր ոչ միայն երկրի տարածքում, այլև պարբերաբար հրթիռակոծման են ենթարկում հենց Սաուդյան Արաբիայի տարածքը։ Այս արյունահեղ պատերազմի վերջը չի երևում, դրա համար էլ նավթով հարուստ տարածքները մնում են Իրանի աջակցությունը վայելող հուսիթների հսկողության ներքո։ Ամերիկացիների, ինչպես նաև նրանց դաշնակիցների (հանձին Էր Ռիադի) տեսանկյունից՝ կարգի լիակատար բացակայություն է։

Լիբիա. թե ինչի վերածեցին երբեմնի բարգավաճ, բոլոր գնահատականներով զարգացած այս երկիրը՝ լավ հայտնի է։ Պետություն որպես այդպիսին գոյություն չունի։ Անցում դիկտատուրայից դեմոկրատիայի, ինչպես հասկանում եք, տեղի չի ունեցել։ Քադաֆիի վարչակազմի դեմ պայքարող ուժերը սկսեցին մրցակցել միմյանց հետ, իսկ քաղաքացիական պատերազմը շարունակվում է մինչև այժմ՝ չնայած ամերիկյան ներկայությանը և անվերջ դեմոկրատացմանը։ Երկիրը վերածվել է ահաբեկչության բուծարանի՝ արգելված Իսլամական պետության և այլոց վարժաճամբարներով։ Ներկայում այնտեղ գոյություն ունի երեք կառավարություն, բայց ռեալ իշխանություն Լիբիայի վրա դրանցից ոչ մեկը չունի։ 2014թ. ընտրված խորհրդարանին աջակցող և նրա կողմից զինված ուժերի գլխավոր հրամանատար նշանակված մարշալ Խալիֆ Հաֆթարը ոչ միայն վերահսկում է Լիբիայի հիմնական միջերկրածովյան նավահանգիստները, այլև էլ ավելի ակնհայտորեն է ջանում սերտ հարաբերություն հաստատել Ռուսաստանի հետ։ Ֆրանսիական Le Figaro-ն, ի դեպ, կարծում է, որ Մոսկվայի «ֆավորիտ» Հաֆթարը բոլոր հնարավորություններն ունի՝ վերահսկողություն սահմանելու Լիբիայի ամբողջ տարածքի վրա և ողջ իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու։ Ահավոր կանխատեսում ամերիկացիների համար, կարգի բացակայություն։

Սիրիա. այստեղ ամեն բան հասկանալի է։ Ասադը դեռ իշխանության ղեկին է, երկիրը, ամենայն հավանականությամբ, կդիմանա և չի մասնատվի, Ռուսաստանի և Իրանի ազդեցությունը գրեթե անսահման է։ Եվ ամերիկացիների ինչի՞ն է պետք նման Սիրիան։

Սոմալի. այս երկիրը որպես այդպիսին նույնպես ըստ էության գոյություն չունի։ 1991թ. Մոհամեդ Սիադ Բառեի վարչակազմի տապալումից հետո երկիրը փաստորեն փլուզվեց և վերածվեց անվերջ միջցեղային պատերազմների թատերաբեմի։ Երկրի մայրաքաղաք Մոգադիշոն 1992-ից ավերակների մեջ է։ Սոմալիի հարավում և հարավ-արևմուտքում շարունակվում է իսլամիստական «Հարաքաթ աշ-Շաբաբ» և «Հիզբ-ուլ-Իսլաամի» շարժումների մոջահեդների դիմակայությունը Սոմալիի դաշնային կառավարությանը դաշնակից Ջուբալենդի և Հարավարևմտյան Սոմալիի ինքնավար վարչակազմերի հետ։ Սոմալիի հյուսիսը հսկվում է Սոմալիլենդի Հանրապետություն չճանաչված պետության կողմից, որը հայտարարել է իր անկախությունը 1991թ.։ Միևնույն ժամանակ, Սոմալիի օրինական կառավարությունը իրապես վերահսկում է միայն երկրի մի մասը, իսկ մի քանի աֆրիկյան և անգամ եվրոպական երկրներ հասցրել են ճանաչել Սոմալիլենդի անկախությունը։ Դե, իսկ այսպես կոչված սոմալիական ծովահեններն իրենց անկրկնելի երանգն են հավելում այս ահավոր խառնաշփոթին, որը նախաձեռնել են արևմտյան խաղաղարարները՝ բնական հարստությունների և Սուեզի ջրանցք ելքի հանդեպ վերահսկողություն սահմանելու նպատակով։ Նման գործողության արգասիքը զրո է, հետևանքները՝ սարսափազդու։ Անկարգությո՛ւն է։ Միայն այս պարոններն էին պակաս Ամերիկային։

Սուդան. այս երկիրը, նույնպես ո՛չ առանց ամերիկացիների ու նրանց արևմտյան գործընկերների օգնության, արդեն գոյություն չունի։ 2011թ. հուլիսի 9-ին Հարավային Սուդանի Հանրապետությունը հռչակեց իր անկախությունը՝ հյուսիսը թողնելով արաբներին։ Հանուն արդարության նշենք, որ այստեղ առանց ամերիկացիների էլ մշտապես շատ խնդիրներ կան հյուսիսային արաբական հատվածի և հարավային նեգրոիդ հատվածի (նիլոթյան ցեղեր) միջև։ Իսկ երբ ի հայտ եկան արդի զենքն ու աջակցության երաշխիքները, ամեն բան պտտվեց անասելի ուժով։ Սակայն երկրի բաժանումը երկու մասի չկանխեց հետագա արյունալի բախումները։ Ընդ որում՝ հաճույքով կռվում են ոչ միայն հյուսիսը հարավի դեմ (հիմա արդեն տարբեր պետություններ են), այլև ինչպես առանձին վերցրած՝ հարավում, այնպես էլ հյուսիսում չեն մարում միջցեղային հակամարտությունները։ Հյուսիսային Սուդանը ամերիկացիներին հարցեր ունի 1997թ. այն ժամանակ դեռևս միասնական Սուդանի հանդեպ մտցված պատժամիջոցների վերաբերյալ։ Հարցեր կան, ի դեպ, նաև Հարավային Սուդանի մոտ, որի վրա ամերիկյան պատժամիջոցները թեև ինքնըստինքյան չեն տարածվել, բայց այն զրկված է Պորտ-Սուդանի միջոցով ապրանքներ ներմուծելու հնարավորությունից՝ հյուսիսային հարևանի նկատմամբ սահմանափակումների պատճառով։ Սուդանցիներին արևմտյան խաղաղարարների ուժերի կողմից խաղաղության պարտադրման տարիները երկրին հանդարտություն և բարեկեցության աճ չբերեցին, ինչպես և ամերիկյան շահերի պաշտպանության երաշխիքներ։ Լոկ քաղաքացիական դիմակայությունը մեկ երկրի շրջանակներում վերածվեց միջպետական լարվածության օջախի, իսկ ընդհանուր առմամբ նույն մարդիկ շարունակում են սպանել մեկը մյուսին։ Միայն թե այս պարագայում ամերիկացիներն ավելի քիչ փաստարկներ ունեն մեղադրելու որևէ մեկին ահաբեկչության մեջ, քանի որ միջպետական դիմակայությունը «ահաբեկչություն» սահմանման տակ ոչ մի կերպ չի տեղավորվում։ Պատժամիջոցները, սակայն, չեն հանվում։ Հավանաբար, հավուր պատշաճի կարգուկանոնը դեռևս հաստատված չէ, նշանակում է՝ անկարգություն է։

Ըստ իս, պնդումը, թե ամերիկացիների միակ չափանիշը յուրայինների և օտարների սահմանազատումն է, մերկապարանոց չի թվում վերը ներկայացված երկրների կտրվածքով։ Խոսակցությունները դեմոկրատիայի, մարդու իրավունքների և այլնի մասին լոկ կոչված են ծառայելու որպես քողածածկույթ՝ թաքցնելու համար իսկական դրդապատճառները. վերահսկողություն բնական հարստությունների, նավթի, գազի հանդեպ։ Իսկ այնտեղ, որտեղ վարչակազմը ամերիկացիների դրածոն չէ, որևէ հնարավորություն չկա ի շահ իրենց օգտվելու այդ բարիքներից։ Հետևաբար, նրանց պետք է վերացնել, սեփական ձեռքերով, թե թեժացնելով իրադրությունն այդ երկրների ներսում՝ սահմանափակումներ և համատարած ճնշում մտցնելու եղանակով, այնքան էլ էական չէ։ Բոլոր միջոցներն էլ լավն են, միայն թե արդյունքը դրական լինի... ԱՄՆ-ի համար։

Աշոտ Անտինյան 

30․06․2017


12035





Գլխավոր լուրեր