«Հայ-սլովակյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը բխում է մեր պետությունների շահերից». Էդուարդ Շարմազանով


30-06-2017 14:56:30

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը եւ Վարդան Բոստանջյանը, հունիսի 30-ին հանդիպել է Սլովակիայի Հանրապետության Ազգային խորհրդի նախագահի տեղակալ Բելա Բուգարի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը:

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամներն անդրադարձել են հայ-սլովակյան միջխորհրդարանական համագործակցությանը` թե հանձնաժողովների, թե պատգամավորական բարեկամական խմբերի ձեւաչափում: Այս համատեքստում կողմերն ընդգծել են խորհրդարանականների միջեւ պարբերական շփումների եւ փոխայցերի ակտիվացման անհրաժեշտությունը:

«Հայ-սլովակյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը բխում է մեր պետությունների շահերից»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Կարեւորվել է միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը: Զրուցակիցներն ընդգծել են, որ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության համար առկա են լայն հնարավորություններ, որոնք կյանքի կկոչվեն համատեղ ջանքերի արդյունքում:

ՀՀ ԱԺ փոխնախագահը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին եւ ընդգծել, որ եւ՛ Հայաստանը, եւ՛ Արցախը խնդրի կարգավորումը տեսնում են բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը նշել է, որ Թուրքիայի իշխանությունները, արհամարհելով առաջադեմ մարդկության՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերը, ոչ միայն չեն ճանաչում եւ դատապարտում այն, այլեւ պետականորեն իրականացնում են ժխտողական քաղաքականություն: Այս համատեքստում պարոն Շարմազանովը կարեւորել է համատեղ պայքարը թուրքական ժխտողականության դեմ:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին: Պարոն Շարմազանովը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է եվրոպական ժողովրդավարական արժեքներին եւ շարունակում է ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը:

Հայաստանի Հանրապետության եւ Սլովակիայի Հանրապետության խորհրդարանների միջեւ կապերի ամրապնդման եւ զարգացման գործում մեծ ներդրման համար ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ պատվո մեդալ է հանձնել Բելա Բուգարին:

 


59850





Գլխավոր լուրեր