Գերադասելի է պաշտոնապես համագործակցել, քան արդարանալ ոչ պաշտոնական կապերի համար


28-06-2017 22:01:15

Հարց․ The Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կցանկանար Համբուրգում հուլիսի 7-ից 8-ը կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներում ոչ թե հպանցիկ, այլ լիարժեք հանդիպում անցկացնել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Բայց Սպիտակ տան թիմի ոչ բոլոր անդամներն են ողջունում այդ գաղափարը: Մինչդեռ, ըստ Associated Press-ի, ինքը Թրամփը և նրա օգնականներից մի քանիսը, այնուամենայնիվ, պնդում են, որ նախընտրելի է Պուտինի հետ Համբուրգում անցկացնել միջազգային ընդունված ընթացակարգով առանձնազրույց, որին կհաջորդի նաև մամլո ասուլիս: Միևնույն ժամանակ՝ Ռուսաստանում, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Մայքլ ՄըքՖոլը ենթադրում է, որ տեսանելի ապագայում իր գործընկերը՝ Ամերիկայում Ռուսաստանի դեսպան Սիրգեյ Կիսլյակը կազատի պաշտոնը: Ամերիկացի վերլուծաբանների կարծիքով, դա տեղի կունենա Համբուրգում հուլիսի 7-8-ը գումարվելիք Մեծ քսանյակի գագաթնաժողովից հետո, որի շրջանակում կարող են հանդիպել նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը: Կիսլյակը հայտնվել է ամերիկացի օրենսդիրների, քննիչների և լրագրողների ուշադրության կենտրոնում, քանի որ նրա անվան հետ են կապում Ամերիկայում անցյալ տարվա նախագահական ընտրություններին նախորդող շրջանում հանրապետական թեկնածու Թրամփի թիմակիցների և ռուսների բոլոր կասկածելի հանդիպումները:

Իսկ ինչ վերաբերվում է սպասվելիք G20-ի գագաթնաժողովին, Գերմանիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մաթիաս Շեֆերը ճեպազրույցում ասել է, թե Անկարայից ստացված տեղեկատվության համաձայն, ակնկալում են, որ Վաշինգտոնի միջադեպին մասնակցած թիկնապահները Էրդողանին չեն ուղեկցելու Համբուրգ կատարելիք այցի ընթացքում: Կկայանա՞ արդյոք Թրամփ-Պուտին հանդիպումը, թե հնարավո՞ր է քաղաքական իրավիճակից ելնելով այն տեղի չունենա, քանի որխ երկու կողմերն էլ դեռ չեն հաստատել այդ հանդիպման կայանալու փաստը, իսկ համագումարը սարերի ետևում չէ, եթե հանդիպումը կայանա, ի՞նչ կարելի է ակնկալել այդ հանդիպումից, կգա՞ն արդյոք կողմերը դրական համաձայնության, քանի որ ԱՄՆ-ն պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի հանդեպ, չի հակասում արդյո՞ք այդ փաստը այն տեսակետին, որ Ռուսաստանի օգնությամբ է Թրամփը դարձել նախագահ, այդ դեպքում ինչու՞ է նոր պատժամիջոցներ սահմանում օգնական երկրի հանդեպ: G20-ի Համբուրգում անցկացվելու փաստը, արդյո՞ք ևս մի հնարավորություն չէ պաշտոնական Բեռլինի համար խայթելու Թուրքիային, և արդյո՞ք դրա հետ չի կապված Գերմանիայի այդ տեսակ զգուշավորությունը Էրդողանի թիկնապահներից, կարո՞ղ ենք ենթադրել, որ սրանով Գերմանիան վրեժխնդիր է լինում Թուրքիայից Ինջիրլիքի ռազմաբազայի համար, փորձելով ցույց տալ, որ անկախ ամեն ինչից ինքն է պայմաններ թելադրող երկիր, դեպքերի հնարավոր լարվելու պայմաններում, կարո՞ղ է իրավիճակը այնքան թեժանալ, որ պաշտոնական Անկարան հրաժարվի Գերմանիա մեկնելուց, թե՞ սա դեմ է Թուրքական լպրծուն քաղաքականությանը:

Պատասխան․ G20 գագաթաժողովը, որն արդեն 10 օր անց Համբուրգում է հավաքելու աշխարհի խոշորագույն տնտեսությունների և որոշ իմաստով՝ համաշխարհային քաղաքականության օրակարգը սահմանող քսանյակը ներկայացնող երկրների ղեկավարներին, միանգամայն արժանավորապես իրեն է սևեռում համաշխարհային հանրության ուշադրությունը։ Աշխարհում տարաբնույթ և տարբեր սրության բավականաչափ խնդիրներ են կուտակվել, որոնց վերաբերյալ անհրաժեշտ է ինչ-որ ընդհանուր մոտեցումներ մշակել, դրանց քայլ առ քայլ լուծմանն ուղղված շարժման վեկտոր առաջադրել։ Տեղային չլուծված հարցերը, որոնց թվում են, անշուշտ, և՛ պայքարն ահաբեկչության դեմ Մերձավոր Արևելքում, և՛ քաղաքական կարգավորումը Սիրիայում, և՛ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը՝ դրանից բխող համապատասխան սպառնալիքով, և՛ քաղաքացիական պատերազմն Ուկրաինայի հարավ-արևելքում, և՛ առևտրատնտեսական «պատերազմները» խոշոր խաղացողների, այդ թվում ԱՄՆ-ի և Եվրամիության միջև, և էլի շատ հարցեր՝ իրենց ողջ կարևորությամբ հանդերձ, այնուամենայնիվ, իրենց գոյությամբ իսկ մատնանշում են, թերևս, արդիականության գլխավոր մարտահրավերը՝ օբյեկտիվորեն նկատվող տարաձայնությունները գերտերությունների փոխհարաբերություններում և ընդհանուր աշխարհակարգում գոյացած վակուումի վտանգավորությունը։ Տարեցտարի ավելացող տեղային խնդիրների թվաքանակը ցայտուն վկայությունն է այն բանի, որ դրանք ծնում է հենց ձգձգվող անցումային շրջանը, և որ առանց գլոբալ կոնսենսուսի հասնելու տեղային խնդիրները ոչ այնքան լուծվում են, որքան հանգչում կամ սառեցվում են՝ առանց դրանց երկարատևության առանձնակի երաշխիքների։ Որոշ աստիճանով ԱՄՆ-Ռուսաստան, ԱՄՆ-Չինաստան, ԱՄՆ-Եվրամիություն, Ռուսաստան-Եվրամիություն փոխհարաբերությունների կարգավորում է հենց սպասում համաշխարհային հանրությունը, եթե քսանյակի գալիք գագաթաժողովում ամբողջովին էլ չէ, ապա հույս ունի, որ գոնե կդրվեն հետագայում առաջ շարժվելու հիմքերը։

Հասկանալի է՝ գլխավոր ակնկալիքներից և համատեղության կարգով՝ ինտրիգներից մեկը ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների հնարավոր առաջին անմիջական շփումն է։ Այդ մասին շատ է խոսվում վերջին ժամանակներս, արվում են տարբեր կանխատեսումներ ակնկալվող հանդիպման ձևի և բովանդակության վերաբերյալ, կարծիքներ են հայտնվում՝ ծայրահեղ հոռետեսականից մինչև գրեթե երաշխավորված բեկումնային պոզիտիվ։ Հարկ է նշել, որ հանդիպմանը, որը դեռևս նշանակված էլ չէ և, հետևաբար, դրա մասին հայտարարված չէ, երկու կողմերն, այնուամենայնիվ, պատրաստվում են ամենայն պատասխանատվությամբ։ Իմ կարծիքով, այն չի կարող չկայանալ մի քանի պատճառներով։ Առաջին. միևնույն ժամանակ միևնույն տեղում գտնվելով՝ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը, այս կամ այն կերպ, «ստիպված» են լինելու շփվել, հարցը միայն այդ շփման ձևաչափն է։ Մտաբերենք, որ նման համաժողովներում Ռուսաստանի նախագահը, այնուամենայնիվ, շփվել է նաև ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի հետ, թեև հաճախ դրա մասին ոչ ոք նախապես չի ազդարարել, իսկ շատերը կարծում էին, թե լարված հարաբերությունների պատճառով նրանք քննարկելու բան չեն ունեցել։ Սակայն երկու առաջնորդն էլ անձնական օրինակով ցույց են տվել, որ համաշխարհային քաղաքականության հարցերում միշտ քննարկելու բան կա, եթե անգամ այն պակաս հեռանկարային է թվում արդյունքների հասնելու տեսանկյունից։ Նման հանդիպումներից մեկի ժամանակ, դիցուք, ձեռք բերվեց պայմանավորվածություն Իրանի միջուկային գործարքի, մեկ ուրիշում՝ Սիրիայից քիմիական զենքը ռուսաստանյան երաշխիքների ներքո դուրս բերելու մասին (ընդ որում՝ դիվանագետների աշխատանքի դերը որևէ կերպ չի նսեմանում)։

Ռուսաստանի և Նահանգների միջև հարաբերությունները տառացիորեն վատթարանում են ամսեամիս։ Ամերիկացիների և կոալիցիայի գծով նրանց դաշնակիցների գրոհները սիրիական կառավարական զորքերի դիրքերի վրա (վերջին օրինակը՝ ամերիկյան ռմբակոծչի կողմից խփված սիրիական ինքնաթիռն է) ստիպեցին Ռուսաստանին дадарեցնել ռուս-ամերիկյան հուշագրի գործողությունը Սիրիայի երկնքում հակամարտությունը կանխելու վերաբերյալ։ ՌԴ ՊՆ Գլխավոր շտաբը ոչ երկիմաստորեն հայտարարեց, որ այսուհետ բոլոր օբյեկտները, որոնք չարտոնված կարգով կհայտնվեն ՍԱՀ երկնքում՝ Եփրատից արևմուտք, կդառնան ռուսաստանյան և սիրիական ՀՕՊ համակարգերի խոցման թիրախ։ Դրանից հետո ամերիկացիներն արագ վերաբազավորվեցին, իսկ նրանց շատ դաշնակիցներ առհասարակ հրաժարվեցին շարունակել օդային գործողությունները Սիրիայի երկնքում։ Դրան հաջորդեց շփումների ժամանակավոր սառեցումը երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով՝ աշխատանքային խմբի շրջանակներում։ Բոլորովին վերջերս ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների մասին օրինագծին, որին, իհարկե, Սպիտակ տունն ընդդիմանում է և հասել է դրա քննարկման կանգնեցմանը Կոնգրեսում։ Մոսկվան իր հերթին հասկացրել է, որ նման օրենքի ընդունման պարագայում անպայման պատասխան կհաջորդի։ Հետո ամերիկացիներն սկսեցին խոսել Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու մասին, ինչը նույնպես տարակուսանք առաջացրեց Մոսկվայում։ Եվ ամենավերջինը տեղեկատվության արտահոսքն էր պատրաստվող սադրանкի մասին, թե, իբր, Բաշար Ասադը մտածում է նոր քիմիական գրոհ ձեռնարկել։ Նման սադրանքի հետևանքների մասին անգամ մտածելն է ահավոր։ Այսպիսով, թեժացումը քայլ առ քայլ հասնում է այնպիսի մեծությունների, որ դա լուրջ մտահոգություն է առաջացնում անգամ ոչ միայն երկու կողմերում, այլև այլ երկրների, այդ թվում՝ Եվրոպայի, շրջանում նույնպես։ Ամեն ինչից երևում է, որ նման ոչ միայն հռետորաբանությունը, այլև գործնական քայլերն այսուհետ ևս թափ են հավաքելու, եթե Մոսկվան և Վաշինգտոնն ուղղակի երկխոսությամբ չբացատրվեն իրենց այսպես կոչված կարմիր գծերի վերաբերյալ։ Իրավիճակը բավական հեռուն է գնացել, ուստի պարզապես վտանգավոր է դառնում ամեն անգամ հերթական ոչ բարեկամական քայլը լոկ բանակցային դիրքերի ամրապնդման վրա գրելը։ Ոչ ոք չի կարող երաշխավորել, թե երբ կողմերի աչքից, գուցե, կվրիպի վերջին սահմանը և նրանք կանցնեն անշրջելիության կետը։

Մոսկվան, օրինակ, քանիցս մատնանշել է նման զարգացման անթույլատրելիության մասին։ Կարծում եմ՝ Դոնալդ Թրամփն էլ է հասկանում, որ ներքաղաքական պայքարի տեսակետից հարկադրյալ մշտական լարման խաղը չի կարող անվերջ շարունակվել՝ մնալով կառավարելի քաոսի գոտում։ Նա նաև քաջ գիտակցում է, որ որքան շատ փորձի «գործ չունենալ ռուսների հետ»՝ շառից-փորձանքից հեռու, այնքան ավելի են ընդդիմախոսները նրան կապելու Մոսկվայի հետ, բայց զուտ իրենց հայեցողությամբ և համաձայն իրենց օրակարգի։ Ինչ-որ պահի հարկավոր է վերցնել նախաձեռնությունը և տոնը թելադրող դառնալ, ի ցույց դնել հրապարակային երկխոսություն և համագործակցություն Մոսկվայի հետ, ինչը Թրամփին ավելի շահավետ է, քան ոչ հանրային կապերի կասկածները։ Ըստ երևույթին, ԱՄՆ նախագահն ընդունել է իր համար շատ կարևոր այդ որոշումը, դրա համար էլ ցանկություն է հայտնել լիաֆորմատ հանդիպում անցկացնել ռուսաստանցի պաշտոնակցի հետ Համբուրգում, G20 գագաթաժողովի շրջանակներում։ Սա հենց այն է, ինչ նրան պետք է. պաշտոնական գործողություններով հետ մղել մեղադրանքները ոչ պաշտոնական կապերի մեջ։ Իսկապես, նախագահի աշխատակազմում բոլորը չէ, որ կիսում են այս տեսակետը։ Թրամփին շարունակում են խորհուրդ տալ հետաձգել հանդիպումը Պուտինի հետ, սպասել ավելի նպաստավոր ժամանակների։ Իհարկե, չի պարզաբանվում. իսկ ե՞րբ և ինչի՞ հետ կապված են գալու այդ նպաստավոր ժամանակները, ինչո՞ւ, եթե նախագահը շարունակի պաշտպանողական դիրք գրավել, ընդդիմախոսները կարող են հանկարծ էլ չցանկանալ հարձակվել։ Մոսկվան արտահայտվել է այն ոգով, թե երկու նախագահների հանդիպման ձևաչափն իր համար սկզբունքային հարց չէ, և պատրաստ է կազմակերպել ցանկացած ձևաչափի հանդիպում ցանկացած ժամանակ։

Այստեղ չի կարելի անտեսել ևս մեկ ոչ պակաս կարևոր գործոն. երկու առաջնորդների բնավորությունը։ Նրանք կարող են ցանկացած պահի «ցանկանալ» խոսել, և ոչ ոք նրանց չի խանգարի, որքան էլ որ նրանց ցանկությունը շեղվի ընդունված կարգից։ Ասվածից ելնելով՝ կարծում եմ, հանդիպումը կկայանա, ընդ որում՝ բավական հանգամանալի։ Իհարկե, չարժե սպասել, որ երկու նախագահների մեկ-երկու ժամ զրույցի ընթացքում վիճելի բոլոր հարցերը կգտնեն իրենց լուծումը, անմիջապես կստորագրվի պայմանագրերի պատկառելի փաթեթ։ Չափազանց պարզամիտ կլիներ այդչափ լավատեսորեն տրամադրվելը։ Բայց որ հանդիպումը կանցնի դրական հունով և նրա արդյունքներով փոխհարաբերությունների վեկտորը գոնե կփոխի ուղղությունը՝ գրեթե չեմ կասկածում։ Իհարկե, երկար, դժվարին աշխատանք է սպասվում, եթե հաշվի առնենք օբյեկտիվ բոլոր հանգամանքները, որոնք առնվազն առաջիկա տարիներին ոչ մի տեղ չեն փախչի։ Բայց միանգամայն հնարավոր է մի քանի կարևոր հարցերում գտնել շփման կետեր և երկու-երեք համատեղ նախագծերի միջոցով (պայքար ահաբեկչության դեմ, սպառազինությունների չտարածում և այլն) աստիճանաբար վերականգնել երկրների միջև վստահության անհրաժեշտ մակարդակը։ Թերևս, սա է ամենաիրատեսական և հեռանկարային ճանապարհը, որին երկու տերությունների առաջնորդները, ամենայն հավանականությամբ, կհետևեն, քանի որ իրենք էլ քանիցս արտահայտվել են նման մոտեցման օգտին։ Անշուշտ, Թրամփին Համբուրգում սպասվում է եվրոպացի գործընկերների հետ «քաշքշուկների» երկրորդ ռաունդը։ Այստեղ ամեն բան չէ, որ հարթ է ստացվում, եթե չասենք, որ առայժմ ոչինչ չի էլ ստացվում։ Այնքան չի ստացվում, որ ԱՄՆ 45-րդ նախագահը չեղարկում է իր այցն անգամ ավանդական դաշնակցի երկիր՝ Մեծ Բրիտանիա, քանի դեռ այնտեղ նրան ինչպես հարկն է «չեն սիրի»։ Էլ ինչ ասենք գերմանացիների, ֆրանսիացիների, իտալացիների և մյուսների մասին, որոնց բիզնես-շահերը Թրամփը ցանկանում է ոտնահարել լրջորեն։

Կարևորագույն ակնկալիքների և սպասվող իրադարձությունների համապատկերում, անկեղծ ասած, այնքան էլ իրադարձային չի դիտվում Գերմանիայի՝ երկիր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցների մուտքի արգելքը։ Լոկ փոքրիկ կսմիթ, իհարկե, ի պատասխան այն բանի, որ թուրքական իշխանություններն արգելում են Բունդեսթագի անդամներին այցելել Ինջիրլիքի ավիաբազա։ Ոչ ավելին։ Գերմանիայի և Թուրքիայի հարաբերություններն առանց այդ էլ բավական լարված են, հետագա սրացումը չի համապատասխանում երկու կողմերի շահերին։ Կանցլեր Մերկելը մի անգամ կուլ է տվել դառը հաբ Էրդողանի կողմից, հիմա նրա հերթն է՝ զգալու պատասխան սիրալիրության ողջ հմայքը։ Կդիմանա, սարսափելի ոչինչ չկա։

Աշոտ Անտինյան 

28․06․2017



59398





Գլխավոր լուրեր