Պյոտր Ալեքսեևիչի «վաշինգտոնյան ճեղքումը»


26-06-2017 18:46:10

Հարց․Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի համոզմամբ՝ Վաշինգտոն իր աշխատանքային այցի գլխավոր արդյունքը Սպիտակ տանըստացած հավաստիացումն էր առ այն, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները չեն մեղմացվի, քանի դեռ չի փոխվել Ղրիմի ևԱրևելյան Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարեց Միացյալ Նահանգներինախագահ Դոնալդ Թրամփի և փոխնախագահ Մայք Փենսի հետ հանդիպումներից հետո` Սպիտակ տան դիմաց հրավիրված ասուլիսում:Պորոշենկոյի պնդմամբ՝ այսօր Վաշինգտոնում խոսում են բացառապես Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների խստացմանմասին:

«Այսօր Միացյալ Նահանգները գրեթե ամեն օր հավելյալ պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի հանդեպ: Նման մոտեցմանպայմաններում կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ը Ուկրաինայի վստահելի և հաստատակամ ռազմավարական գործընկերն է», - ասացՈւկրաինայի նախագահը: Արդյո՞ք Ուկրաինան այդքան կարևոր գործընկեր է ԱՄՆ-ի համար, և Միացյալ Նահանգները պատրաստ ենլարված հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, ի շահ ՈՒկրաինայի, թե՞ հնարավոր է մի գեղեցիկ օր, «արջն» ու «արծիվը»ընկերանան իսկ ՈՒկրաինան էլ մնա «բլիթի անցքով»: Ի՞նչ տարբերակ ունի ՈՒկրաինան դեպքերի այդ տեսակ զարգացման դեպքում, և ի՞նչկարող է ձեռնարկել, քանզի դեպքերի նման զարգացումը ամենևին էլ անհնարին չեն, ինչը մենք տեսնում ենք Սիրիայում, որտեղ ԱՄՆ-ը փորձում է վերականգնել Ռուսաստանի հետ կապը, և ինչի՞ է պատրաստ գնալու Ռուսաստանը, երբ գերտերությունները իրենցհովանավորչական ձեռքը վերցնեն ՈՒկրաինայի վրաից:

Պատասխան․ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ինչպես պարզվեց, անցել է... տարբեր կերպ։ Խոսքը նույն իրադարձության վերաբերյալ տարբեր, երբեմն՝ տրամագծորեն հակադիր գնահատականների մասին է, որն այդ կերպ անվանում են, թերևս, միայն ինքը՝ Պյոտր Ալեքսեևիչն ու նրա քարոզչական թիմը։ Ողջ աշխարհում, այդ թվում և Նահանգներում, և անգամ Ուկրաինայում գերիշխում է այն կարծիքը, թե Պորոշենկոյի այցը Վաշինգտոն դարձել է նսեմացում անձամբ իր և խայտառակություն՝ առհասարակ Ուկրաինայի համար։ Դժվար է չհամաձայնել նման գնահատականի հետ, եթե քիչ թե շատ տեղյակ ես հարցի նախապատմությանն ու ծանոթ ընթացակարգի տարրական պահանջներին միջպետական շփման հարցում։ Պյոտր Պորոշենկոն, որը Դոնալդ Թրամփից իրեն նսեմացնող մերժում էր ստացել՝ իրեն ժամանակ հատկացնել դեռևս Նյու Յորքում, նախընտրական քարոզարշավի ժամանակ, արդեն այս տարվա հունվարին (ԱՄՆ նոր նախագահի՝ պաշտոնն ստանձնելուց գրեթե անմիջապես հետո) ուկրաինական հանրությանն ամեն կերպ մատուցում էր այն թեզը, թե Թրամփն իր առաջին պաշտոնական հանդիպումներից մեկը, անկասկած, անցկացնելու է Ուկրաինայի նախագահի՝ Վաշինգտոնի համար կարևորագույն գործընկերոջ հետ։

Անցնում էին շաբաթներ և ամիսներ, իսկ հրավերքն այդպես էլ չէր ստացվում, ինչն իրավիճակը տրագիկոմիկականի էր վերածում։ Հասկանալի է՝ դա ոչ մի կերպ չէր բավարարում Ուկրաինայի նախագահին, ուստի ընդունվեց «կամային» որոշում՝ ոչինչ հաշվի չառնելով, չսպասելով դիվանագիտական խողովակներով հանդիպումը համաձայնեցնելուն՝ գործի դնել լոբբինգի մեխանիզմները և պարզապես թռչել Վաշինգտոն՝ այն հույսով, որ իրեն գոնե ինչ-որ ուշադրություն կհատկացվի՝ դրանով իսկ չեղարկելով ստեղծված իրավիճակի ողբերգական երանգները։ Այս տեսակետից այցը, իհարկե, հաջողվեց. ողբերգական բաղադրիչը չեղարկվեց, այլ հարց է, որ մնաց կոմիկականը։ Թեև, ըստ իս, ողբերգությունը լոկ խորացավ, ինչի մասին՝ ստորև։ Հետաքրքիր է, որ ուկրաինական դիվանագիտությունը երկար ժամանակ իր համար մի ինչ-որ մրցակցություն էր հորինել ռուսաստանցի գործընկերների հետ. ում ավելի շուտ կընդունի Թրամփը՝ Պորոշենկոյի՞ն, թե՞ Պուտինին։ Սա ինչ-որ տեղ վերածվեց ուկրաինական ազգային զվարճանքի, այդ մասին մշտապես գրում էին զանգվածային լրատվամիջոցները, վիճում ուկրաինացի փորձագետներն ու քաղաքագետները։ Բայց վիճում էին իրենք իրենց հետ, քանի որ ռուսական կողմն անգամ տեսականորեն չէր դիտարկում ու չի դիտարկում այն իրավիճակը, երբ մի քանի տարվա լարված հարաբերություններից հետո ԱՄՆ նախագահն ընդունում է Ռուսաստանի պաշտոնակցին։ Պարզապես այն պատճառով, որ դրա համար Ռուսաստանի նախագահը պետք է առնվազն հայտնվի Վաշինգտոնում, ինչը որևէ կերպ չի մտնում նրա ծրագրերի մեջ։

Բոլորին սկզբից ևեթ հասկանալի էր, որ այն ձևաչափը, երբ նրանցից որևէ մեկը կընդունի գործընկերոջը, անհնար է, և որ պետությունների երկու ղեկավարների հանդիպումը իրական է միայն չեզոք տարածքում, լիակատար պարիտետի պայմաններում։ Ավելին, ռուսական կողմը (համենայնդեպս՝ փորձագիտական մակարդակով) անընդհատ պնդում էր, որ հանդիպումը հանուն հանդիպման իմաստազուրկ բան է, և քանի դեռ մշակված չէ համաձայնեցված լուրջ օրակարգ և գտնված չեն շփման կետեր գոնե ամենակարևոր հարցերի վերաբերյալ, ոչ մի օգուտ նախագահների երկխոսությունից չարժե սպասել։ Դատելով ըստ ամենայնի՝ նման տեսակետի է նաև ամերիկյան կողմը, որը նույնպես չի շտապում հայտարարել բարձրամակարդակ հանդիպման մասին։ Ինչ-որ աշխատանքային պահերով նախագահները շփվում են հեռախոսով, կարծիքների փոխանակում մշտապես տեղի է ունենում երկու երկրների արտաքին գերատեսչությունների, այդ թվում և նրանց ղեկավարների միջև։ Անգամ տեսականորեն Թրամփի և Պուտինի հնարավոր հանդիպումը Համբուրգում, G20 գագաթաժողովի շրջանակներում, որը տեղի է ունենալու հուլիսի 7-8-ին, առայժմ կողմերից և ոչ մեկը չի հաստատել։ Անշուշտ, ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների առաջին շփմանը զգալիորեն խոչընդոտում է նաև ներքաղաքական իրավիճակը հենց Նահանգներում, նախագահի դեմ սանձազերծված կոմպրոմատների պատերազմը, որը, ավելի մեծ ճշգրտության համար, հարկ է անվանել վարկաբեկող հորինվածքների պատերազմ։ Խորհրդարանականների անվերջ հարձակումները Թրամփի վրա, իբր, Ռուսաստանի հետ ունեցած կապերի համար, ոչնչով չհաստատված մեղադրանքները, հասկանալի է, կապում են նախագահի ձեռքերը և ստիպում գործել ավելի շրջահայացորեն, մշտապես կոնյունկտուրային հետևելով։ Իմ կարծիքով, Դոնալդ Թրամփի միակ մոտիվը՝ արդյունքում իր ժամանակից մի քանի րոպե հատկացնել Պյոտր Պորոշենկոյին, ցանկությունն էր ցուցադրելու ներքին հակառակորդներին, որ ինքը կանխակալ վերաբերմունք չունի, և նա սկզբում լսել է ուկրաինական կողմի փաստարկները։ Հիմա՝ ըստ էության։ Ուկրաինական կողմի հայտարարած պետական այցը ԱՄՆ, ինչպես պարզվեց, ոչ այլ ինչ է, եթե ոչ հանդիպում նախագահ Թրամփի հետ drop-in ձևաչափով, ինչը նշանակում է արձանագրային հանդիպում համատեղ լուսանկարվելու համար։ Այդ հանդիպման մասին Սպիտակ տունը ոչ մի տեղեկություն չի տարածել, ոչ ամենօրյա իրադարձություններում, ոչ նախագահի հանդիպումների ժամանակացույցում։ Այդ նույն արարողակարգի տեսակետից նման ձևաչափը գործում է, որպես կանոն, կարգով ցածր հյուրերի, ասենք՝ վարչապետերի համար, որոնք պետության ղեկավարներ չեն հանդիսանում։

Ըստ տարբեր աղբյուրների՝ 6-25 րոպե տևած հանդիպումը, որի ժամանակ միանգամայն ակնհայտ պատճառներով անհնար էր ինչ-որ լուրջ բանի մասին խոսել և, առավել ևս՝ հասնել պայմանավորվածությունների, Պյոտր Պորոշենկոն հասցրեց բնութագրել որպես ֆանտաստիկ։ Իբր, Ուկրաինայի նախագահը հասել է այն ամենին, ինչ ցանկացել է, իսկ ցանկացել է առաջին հերթին լսել հավաստիացումներ, որ Վաշինգտոնը չի հանի Ռուսաստանի պատժամիջոցները, քանի դեռ հակամարտությունն Ուկրաինայի հարավ-արևելքում չի կարգավորվի։ Նման օրակարգ, այն է՝ երբ պետության արտաքին քաղաքական օրակարգում առանցքային կետ է համարվում հարևան պետության հանդեպ պատժամիջոցները երկարացնելուն հասնելը, պետք է ասել, ուկրաինական քաղաքական մտքի նոու-հաու է։ Տպավորություն է ստեղծվում, թե Ուկրաինայի խորհրդանիշը՝ եռաժանին, խորհրդանշում է հենց ուկրաինական պետության երեք կարևորագույն ակնկալիքները. ա) ընդունեք մեզ, բ) փող ու զենք տվեք, գ) պատժեք Ռուսաստանին։ Ինչ-որ մեկը լսե՞լ է որևէ այլ բան ուկրաինական օրակարգում։ Ըստ էության, Ռուսաստանի վրա պատժամիջոցներով ճնշումների գործադրումը շարունակելու ԱՄՆ մտադրությունների մասին Պորոշենկոն, իհարկե, լսել է։ Բայց դա իր արժանիքը համարելը, ուկրաինական դիվանագիտության հաղթանակ համարելը պատմության և աշխարհաքաղաքական գործընթացները հասկանալու տարրական իմացության բացակայության նշան է։ Ռուսաստանի (ԽՍՀՄ) զսպման ամերիկյան դոկտրինը գրվել է այն ժամանակ, երբ Պորոշենկոն խորհրդային դպրոց էր գնում, իսկ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում Թրամփին հարկավոր են ուժեղ բանակցային դիրքեր և որքան հնարավոր է շատ հաղթաթղթեր Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից առաջ։ Չէ՞ որ ակնհայտ է. գործարքը գերտերությունների միջև հնարավոր է միայն փոխադարձ զիջումների հիման վրա, իսկ դրանց շարքում երկու կողմերը պատրաստ են զիջել բացառապես այն հարցերում, որոնք չեն շոշափում իրենց երկրների կենսականորեն կարևոր շահերը։ Մնացածը սակարկության հարց է։ Եվ ահա, արժե՞ արդյոք, որ պետության ղեկավարը հպարտանա նրանով, որ իր քառասուն միլիոնանոց երկիրն ընդամենը սակարկության առարկա է։ Հավանաբար, միայն այն դեպքում, եթե հպարտանալու այլ բան չկա։ Թրամփի հետ Պորոշենկոյի հանդիպումը խայտառակ են անվանում իրենք՝ ուկրաինական քաղաքական գործիչները և լրատվամիջոցները, որոնք քիչ թե շատ պահպանել են անկախ գործունեության ատրիբուտները, և արդարացիորեն դա համարում են ուկրաինացի ժողովրդի նվաստացում։ ԱՄՆ նախագահի հետ Պյոտր Պորոշենկոյի հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի միայն կադրերն ինչ ասես արժեն։ Ի դեպ, ներկայացվել է Ուկրաինայի նախագահի ցուցադրած ֆարսի պրոտոկոլային անվանումը։ Պետությունների ղեկավարների հանդիպումից հետո, որպես կանոն, պետք է հաջորդի համատեղ հայտարարություն մամուլի համար, բայց, հասկանալով, թե հատկապես ինչ է ասելու իր ուկրաինացի պաշտոնակիցը, Թրամփը չի ցանկացել մասնակցել դրան և անգամ կողքին չի կանգնել։ Դե, իսկ Սպիտակ տան աշխատակազմն անգամ հարկ չի համարել Պյոտր Պորոշենկոյին տրամադրել դահլիճ մամուլի ասուլիսն անցկացնելու համար, չի հրավիրել ամերիկացի լրագրողների։ Արդյունքում՝ Պորոշենկոյի շփումը մամուլի հետ (ընդամենը 5-6 միկրոֆոն սեղանին) տեղի է ունեցել զբոսաշրջային գոտում, պարսպից՝ «զաբոռից» այն կողմ, բայց որ գլխավորն է՝ Սպիտակ տան ֆոնին։

Ուկրաինացի սրախոսներն արդեն իրենց նախագահին մկրտել են «Պյոտր Պոդզաբորնի» անվամբ։ Փոխարենը Պյոտր Ալեքսեևիչի՝ ոչ միայն XXI դարի մեծագույն դիվանագետի, այլև ստրատեգի հռետորաբանությունը ցնցող է։ Նա հաղթանակող է, քանի որ հանդիպել է Թրամփի հետ Վլադիմիր Պուտինից առաջ, նրան ընդունել են մինչև անգամ չորս ամերիկացի նախարար և մեկ փոխնախագահ, նրան խոստացել են ամեն տեսակ աջակցություն։ Թե հատկապես ինչում՝ կոնկրետ չի ճշտվում, հավանաբար, տրամաբանությունից ելնելով, եթե կոնկրետ չի նշվում, ուրեմն՝ ամեն հարցում։ Դե, իսկ գլխավորն այն է, ինչում համոզվել է Պյոտր Պորոշենկոն և անգամ հայտարարել է այդ մասին, որ նա վստահ է, որ Թրամփի ու Ռուսաստանի միջև կապեր չկան։ Մարդը մի քանի րոպեում պարզել է ամեն բան, ինչի շուրջ արդեն մի քանի ամիս աշխատում են ԱՄՆ հետախուզական ծառայությունները, սենատորներն ու կոնգրեսականները, դատախազներն ու լրագրողները։ Իհարկե, նա մի փոքր տեսադաշտից բաց է թողել, որ հակառուսական պատժամիջոցներն անընդհատ կապվում են Մինսկյան պայմանավորվածությունների կատարման հետ (ըստ էության, անհեթեթություն է, բայց հիմա դրա մասին չենք խոսում), իսկ ամերիկացիները հանկարծ կարծիք են հայտնել, որ «Մինսկից» բացի կարող են լինել նաև այլ ձևաչափեր։ Այդ հայտարարությունում, ինչպես ասվում է, այնքան շերտեր կան, որ կարելի է մեկնաբանել ինչքան ուզես և ինչպես թելադրի պահի կոնյունկտուրան, բայց մի բան ստույգ է. ապագայում Մինսկյան համաձայնությունների «չկատարումը» կարող է և չդիտարկվել որպես պատժամիջոցների երկարացման պատճառ։ Մանավանդ այն համապատկերում, երբ Սպիտակ տունը քննադատել է Սենատի կողմից հավանության արժանացած օրինագիծը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին՝ ԱՄՆ նախագահի լիազորությունների սահմանափակման անթույլատրելիության պատրվակով, իսկ Կոնգրեսը չի քննարկել փաստաթուղթն այս փուլում, դա զուտ ներքաղաքական պայքար չի թվում։

Պյոտր Պորոշենկոն, ամենայն հավանականությամբ, ուշադրություն չի դարձրել նաև այն բանին, որ իր ցուցադրած կտրուկ շրջադարձը դեպի Վաշինգտոնի կողմը այնքան էլ Գերմանիայի ու Ֆրանսիայի սրտով չէ։ Նրա ջանադիր փորձերը՝ Վաշինգտոնի միջոցով հասնելու «Հյուսիսային հոսք-2» նախագծի սառեցմանը, լրջորեն հակասում են ԳԴՀ շահերին։ Ռուս-գերմանական նախագիծը ցանկացած պարագայում կիրագործվի, դա միանգամայն ակնհայտ է, իսկ թե հետո ինչ է անելու Պյոտր Պորոշենկոն՝ առճակատման մեջ մտնելով Գերմանիայի ամենազոր կանցլերի և Ֆրանսիայի հավակնոտ նախագահի հետ՝ մեծ հարց է։ Իսկ եթե հանկարծ ամերիկացիները կորցնեն երբեմնի հետաքրքրությունը «Ուկրաինա» նախագծի հանդեպ, ինչը գոյություն ունեցող սցենարներից ամենահավանականն է, այդ ժամանակ ի՞նչ է լինելու։ Պորոշենկոն ինքը պետք է իմանա, որ ուկրաինական հարցը չի ունեցել և չունի ինքնուրույն նշանակություն և համարվում է ռուս-ամերիկյան հարաբերությունների օղակներից մեկը։

Բայց դա Ուկրաինայի միակ դժբախտությունը չէ։ Ուկրաինական հարցը միաժամանակ նաև լոկ մեկ օղակն է Ամերիկայի և Եվրոպայի հարաբերություններում։ Բանն այն է, որ «Քսանյակի» գագաթաժողովի աշխատանքին մասնակցության շրջանակներում Դոնալդ Թրամփը ծրագրում է նաև մասնակցել այսպես կոչված Միջծովի (Ադրիատիկա-Բալթիկա-Սև ծով) գագաթաժողովին՝ Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի, Սլովակիայի, Խորվաթիայի և Չեխիայի ղեկավարների մասնակցությամբ։ Սույն նախագծի նախաձեռնողները չեն թաքցնում, որ հետագայում կցանկանային այն լրացնել նաև Ադրբեջանով, Հայաստանով, Բելառուսով, Վրաստանով, Մոլդովայով և Ուկրաինայով՝ ստեղծելով մի ինչ-որ «աշխարհաքաղաքական» ուժ, որն ի զորու կլինի, մի կողմից, դիմակայել ռուսական ագրեսիային (սա պարտադիր հերթապահ արտահայտություն է), մյուս կողմից՝ «խոչնդոտել» գերտերություն լինելու իրավունքի համար ավանդաբար պայքարող Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային։ Յուզեֆ Պիլսուդսկու նախագծи, Ռեչ Պոսպոլիտայի և Հաբսբուրգների Ավստրո-Հունգարիայի նման «սինթեզը», այն էլ՝ ընդլայնված տարբերակով, եթե կայանա, ի վիճակի կլինի արմատապես փոխել աշխարհաքաղաքական դասավորությունը Եվրոպայում։ Անձամբ ես այնքան էլ չեմ հավատում, որ, թույլ տվեք ասել՝ այս անմիտ նախագիծն իրականանալի է, բայց աշխատանքներ այս ուղղությամբ տարվում են, հետևաբար չեն կարող չմտահոգել եվրոպական գրանդներին և Ռուսաստանին։ Նրանց հետևից անթաքույց երևում են առաջին հերթին Լեհաստանի՝ որպես Եվրոպայում (առնվազն նրա արևելյան մասում) ամերիկյան գաղափարների գլխավոր հեռարձակողի ականջները, ուստի հատկապես հետխորհրդային երկրները պետք է կողմնորոշվեն՝ ուզո՞ւմ են մասնակցել այս արկածախնդրությանը, որը, սովորաբար, իրականացվում է դեմոկրատիայի, եվրոպական արժեքների և այլ կարգախոսների ներքո։ Դեպի Եվրոպա ձգտողները պետք է լավ կողմնորոշվեն, թե հատկապես ինչ տեսակի Եվրոպան է նրանց հրապուրում, և որ գլխավորն է՝ հատկապես ինչ են ակնկալում։ Այնպես որ, Պորոշենկոյի «ֆանտաստիկ» այցը Վաշինգտոն վերը նշված տրագիկոմեդիայի կոմիկական մասը դարձրել է էլ ավելի ուրախ, իսկ ողբերգականությունը՝ գալիք մարտահրավերների տեսքով, որքան ասես ավելացրել է։ Այստեղ՝ տանը, միաժամանակ սկսեցին խոսել նաև իմփիչմենթի մասին, չգնահատեցին Պյոտր Պորոշենկոյի «վաշինգտոնյան ճեղքումը»։ Ուկրաինական հարցը (պետականության), ցավոք, լավ լուծում չունի։ Կա միայն վատը և շատ վատը, իսկ նման նախագահի ու նման էլիտաների պարագայում օղակն էլ ավելի է սեղմվում։

Աշոտ Անտինյան 

26․06․2017


60100





Գլխավոր լուրեր