Կառավարողները գործում են կանոններով, առաջնորդը գործում է ճիշտ (Ուորեն Բենիս)


20-06-2017 17:07:55

Հարց: «Ուղիղ գծի» միջոցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ռուսաստանցիների ավանդական հանդիպմանն արձագանքել են ռուս մեկնաբաններն ու փորձագետները: Վերջիններս նկատում են. Պուտինն այդպես էլ հստակ պատասխան չտվեց՝ մտադի՞ր է մասնակցել հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրություններին, թե՞ ոչ: Մասնավորապես, փորձագետներն ուշադրություն են հրավիրում ոչ միայն ՌԴ նախագահի պատասխանների, այլև ռուսաստանցիների տված հարցերի վրա: Քիչ չեն եղել, այսպես կոչված, «անհարմար» հարցերը: Օրինակ՝ էկրանի վրա հայտնված հարցին՝ երկար տարիներ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո չե՞ք պատրաստվում հեռանալ, կամ՝ դիտարկմանը, թե ամբողջ Ռուսաստանն արդեն հոգնել է Պուտինից, վերջինս չի պատասխանել: Նման հարցեր ու գնահատականներ պարբերաբար հայտնվում էին էկրանին, սակայն մնում էին անարձագանք: Քաղաքագետները գրում են՝ այդ հարցերն իսկապես շատ էին, և դրանք տարբերվում էին «ուղիղ գծի» դահլիճի մթնոլորտում տրվող հարցերից: Ռուսաստանում շատ քաղաքագետներ այն կարծիքին են, որ «ուղիղ գիծը» վկայում է, որ Պուտինը, որպես ազգային առաջնորդ, արդեն գոյություն չունի անգամ համակարգային էլիտայի համար։ Սպասելի՞ է արդյոք Պուտինի հեռացումը ակտիվ քաղաքականությունից, թե՞ հնարավոր է, որ ականատես լինենք այսպես կոչված «քաղաքական փոխատեղման», ինչին մենք մի անգամ արդեն ականատես ենք եղել Պուտին-Մեդվեդև-Պուտին փոփոխությունների ժամանակ, Պուտինի ենթադրյալ հեռացումից հետո, ո՞վ է նախագահի առավել հավանական թեկնածու, հնարավո՞ր եք համարում արդյոք ֆունդամենտալ իշխանափոխությունը Ռուսաստանում, հնարավո՞ր է արդյոք իշխանության գան ոչ Պուտինահպատակ ուժեր, և ի՞նչ արժե սպասել ապագայում:

Պատասխան. Հարցադրումը բավական կանխակալ է, որն իրականում ներառում է մի քանի հարցեր, բայց բոլորն էլ մեկ՝ վատ թաքցված ուղղվածության։ Հավանաբար, արժե սկսել նրանից, որ նման ձևաչափով և նման կանոնավորությամբ աշխարհի պետությունների ղեկավարներից և ոչ մեկը ժողովրդի հետ ուղիղ գիծ չի անցկացնում։ Միջոցառման կազմակերպման մասին կարելի է մտածել ինչ ասես, «վեր հանել» նախապես պատրաստված հարցերը, անդրկուլիսյան ռեժիսուրան և այլն, կամ էլ երկրի (երբեմն անգամ ոչ սեփական) բնակիչների հետ նախագահի ուղիղ շփմանը վերագրել տարբեր ենթատեքստեր և համատեքստեր, դա կապել արտաքին քաղաքական իրադարձությունների և երկրի ներքաղաքական իրավիճակի հետ. այս ամենը նորմալ է։ Ամեն մեկն իրավունք ունի մտածել և անել իրեն դուր եկող եզրահանգումներ։ Բայց հարկ է նկատել, որ ձևաչափը ոչ մի բանի հետ չես համեմատի, և համաշխարհային առաջնորդներից ոչ մեկը դեռևս հարկ չի համարել սեփական օրինակով ցույց տալ՝ իսկ ինչպե՞ս է ճիշտ, ինչպե՞ս ավելի լավ կլինի անել դա։ Ուստի, արժե, այնուամենայնիվ, արտահայտվել առանց խրատաբանության և լոկ որոշ ուղեղներում գոյություն ունեցող դավերի ու խարդավանքների մերկացումների։ Եվ ցանկալին իրական մատուցելը նույնպես այնքան էլ համոզիչ չի թվում։ Փորձագետներին (որոնց մտահանգումներով է կառուցվում մնացած ամբողջ, այսպես կոչված, դիսկուրսը) հղում կատարելիս ցանկալի է տալ եթե ոչ անունները, ապա գոնե նշել շրջանակները կամ պարբերականները, որոնք նրանք ներկայացնում են։ Այդ ժամանակ հաստատ ի ցույց կդրվեն նրանց այդօրինակ ընկալման իսկական մոտիվները, ակնհայտ կդառնա ոչ միայն կանխակալությունը, այլև դրա բոլոր երանգներն ու կիսաերանգները։ Կարող եմ գրեթե անսխալ փաստել, որ խոսքն այսպես կոչված լիբերալ շրջանակների մասին է, որոնք իրականում ընդհանուր ոչինչ չունեն ճշմարիտ լիբերալիզմի հետ։

Դրանք պարզապես կեղծ-լիբերալներ են, որոնց խոսակցություններն ազատական արժեքների մասին անհրաժեշտ են որպես ծխածածկույթ սեփական նկրտումներն իրագործելու և կապիտալի վայրի կուտակման երկրորդ փուլը ծավալելու նոր հնարավորությունների ձեռքբերման ճանապարհին։ Դրանք մեծ մասամբ կամ այս կամ այն պատճառով կերակրատաշտից հեռացվածներն են, կամ օտարերկրյա պատվերներ կատարողները, կամ էլ անտանելի ավտորիտարիզմի պատճառով անվերջ հիստերիկայի մեջ ընկնող դեմոկրատները, որոնք հաջողությամբ յուրացնում են արևմտյան դրամաշնորհները՝ մշտապես «առկայծելով» դաշնային հեռուստաալիքներում։ Կրկին ճշգրիտ կլինեմ տերմիններն օգտագործելիս. կեղծ-դեմոկրատներ։ Դրանք ամեն տեղ բավական քանակությամբ կան, այդ թվում և Ռուսաստանում։ Ոչ քիչ թվով. նկատի ունեմ ոչ թե էլեկտորալ հնարավորությունները (այստեղ է հենց, որ ամեն բան նրանց համար տխուր է), այլ փողով սնուցվող անսպառ էներգիան՝ վարելու ագրեսիվ քարոզչություն։ Դրանք այն ուժերն ու մարդիկ են, որոնք երբեք խորհրդարան չեն անցնում ընտրություններով, իսկ նախագահական աթոռի մրցավազքում ձայներ են հավաքում վիճակագրական վրիպման շրջանակներում։ Հասկանալի է՝ նրանք իրենց ոչ պոպուլյարությունը հասարակությունում փորձում են քողարկել անազնիվ ընտրությունների, անհավասար պայմանների մասին խոսակցություններով և նման կարգի այլ բարբաջանքով։ Տեսեք, թե հարցն ինչպես է առաջադրվում. ողջ երկիրը հոգնել է նախագահի կառավարումից։ Սրանով ամեն ինչ ասված է։

Մի ինչ-որ կախարդական ձևով յուրաքանչյուր հոգնածի չգիտես ինչու թվում է, թե իր հոգնածությունը կիսում են տասնյակ և հարյուր միլիոնավոր մարդիկ։ Իրենց լիբերալներ և դեմոկրատներ անվանող վայ-քաղաքական գործիչներն ինչ մեթոդիկայո՞վ են չափում ժողովրդի հոգնածության աստիճանը, նրա վստահությունը կամ անվստահությունն իշխանության հանդեպ։ Եվ ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության, քաղաքական այլ ուժերի և հասարակական շարժումների հանդեպ։ Կարծես թե բացի ուղղակի ընտրություններից՝ քաղաքական միտքն առայժմ որևէ այլ բան չի հորինել ընտրողների տրամադրություններն ու նախապատվությունները պարզելու համար։ Բանալ ճշմարտություն է. Իվանովից հոգնածը քվեարկում է հօգուտ Պետրովի, և հակառակը, կամ ընդհանրապես չի քվեարկում, եթե հոգնածությունը սահմանակցվում է ընկճախտի հետ։ Բայց ճշմարիտ դեմոկրատական մեխանիզմները չեն բավարարում այս պարոններին, որովհետև ընտրողը նրանց վերաբերվում է ճիշտ այնպես, ինչպես նրանք են վերաբերվում սեփական երկրի քաղաքացիներին՝ արհամարհալի՛ց։ «Իսկ չի՞ ուզում արդյոք Պուտինը հեռանալ երկար տարիներ կառավարելուց հետո» հարցադրման մեջ արդեն դրված է արհամարհանքն ընտրողի հանդեպ։ Որոշ գործիչներ թքած ունեն մարդկանց կարծիքի վրա, որոնք իրենց ձայնով որոշում են այս կամ այն ղեկավարի՝ իշխանությունում գտնվելու ժամկետը։ Նրանց դատողություններում ժողովուրդը բանից անտեղյակ է, ի զորու չէ տարբերել բարին չարից, չի հասկանում սեփական շահերը։

Ուրիշ էլ ի՞նչ կերպ բացատրել, թե ինչու է պետության ղեկավարը, որից նրանք այդպես հոգնել են, վայելում բնակչության (ոչ թե ընտրողների, այլ հենց բնակչության, քանի որ այդպիսին են հարցումների արդյունքները) ոչ պակաս, քան 70 տոկոսի վստահությունը։ Դե, ոչ մի կերպ էլ չեն բացատրի դեմոկրատիայի ճշմարիտ իմաստների հարթությունում, ուստի, իրենց թույլ են տալիս ցեխը կոխել այն ժողովրդին, որին կառավարել անհեռանկարայնորեն երազում են միշտ։ Չէ՞ որ անգամ չափից ավելի կանխակալները չեն կարող իրենց թույլ տալ պնդել, որ Վլադիմիր Պուտինը երկրի նախագահ է ընտրվել կեղծարարությունների արդյունքում։ Պուտինի հեղինակությունը ժողովրդի մեջ անգամ նրանց համար է աքսիոմ, ուստի, այդ ֆենոմենը փորձում են բացատրել «ժողովրդի ցածր որակով»։ Այստեղ քաղաքական միտքն ավարտվում է։ Նման պնդումը ենթակա չէ ոչ հերքման, ոչ պարզաբանման, ոչ դիսկուրսի։ Նման պնդումը ոչ միայն ջնջում է նրա հեղինակներին քաղաքական կյանքից, այլև գտնվում է տարրական պարկեշտության սահմանից անդին։ Խորապես համոզված եմ, որ հասարակ մարդկանց հանդեպ այսպես վերաբերվողները չեն կարող սիրել Հայրենիքը, գնահատել այն, խոնարհվել սեփական պատմության առջև, լինել աստվածավախ։ Բնավ չի տպավորում այլ ռակուրսով նրանց հայրենասիրության դոկտրինը։ Հայրենասիրությունն այլ ռակուրս չունի։ Ռակուրսների որոնումը երկիրը մանրամեծածախ վաճառողների հանգրվանն է։ Անմիջապես ասեմ, ամեն տեսակ թյուր մեկնություններից խուսափելու համար, որ նրանց թվին եմ դասում երկիրն ու ժողովրդին թալանող բոլոր մակարդակի կոռուպցիոներներին։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի ժողովրդի հետ նախագահի ուղիղ գծին. այն տասնհինգերորդն էր՝ սկսած 2001-ից։ Ամեն ոք, ինչպես վերն ասացի, կարող է ունենալ իր տեսլականը երկրի հետ նախագահի շփման այս ձևաչափի մասին, իր մեկնաբանությունը, իր եզրահանգումները։ Հավանաբար, նախագահ Պուտինն իր նկատառումներն ունի այս հաշվով, թերևս, որոնցից գլխավորն օգտակարությունն է։ Այլապես, ոչ ոք չէր ստիպի տասնհինգ անգամ անընդմեջ մասնակցել խոսակցության երկրի տարբեր ծայրերի մարդկանց հետ։ Ինքը՝ Վլադիմիր Պուտինը, կարծում է, որ ուղիղ գիծը հակադարձ կապի ձև է, որի ժամանակ ոչ միայն օգտվում է սկզբնաղբյուրից տեղեկություն ստանալու, տարբեր տարածաշրջանների խնդիրների մեջ խորանալու հնարավորությունից, այլև մարդկանց համար շանս է ստեղծվում՝ անմիջականորեն դիմելու պետության ղեկավարին կենսական հարցերի վերաբերյալ, որոնց լուծման հարցում նրանք «դեմ են առել» բյուրոկրատիայի չբեկվող պատին։ Կարծում եմ, որ սա նաև ինքնատիպ կանխարգելիչ միջոց է՝ ուղղված տարբեր մակարդակի պաշտոնյաների պատասխանատվության աստիճանի բարձրացմանը՝ ամեն մեկն իր ոլորտում մարդկանց խնդիրները լուծելիս։ Չէ՞ որ ուղիղ գիծը չի սահմանափակվում այն մի քանի տասնյակ հարցերով, որոնց նախագահը հասցնում է պատասխանել, և ոչ էլ ուղիղ եթերի երեք-չորս ժամով։ Նախագահի հասցեով ստացվող միլիոնավոր հարցեր հետագայում շաբաթներ մշակվում են և այս կամ այն կերպ գտնում իրենց լուծումները։ Իսկ դա ստիպում է բյուրոկրատներին տեղերում ավելի ուշադիր վերաբերվել մարդկանց կարիքներին։

Կարելի է, իհարկե, ասել, և նման կարծիք շրջանառվում է, որ նախագահն ուղիղ գծերով փոխհատուցում է իշխանության ուղղահայացի ոչ միշտ արդյունավետ աշխատանքը։ Գուցե սրանում ճշմարտություն կա, և եթե այդպես է, ուրեմն՝ դրա անցկացումն ավելի քան արդարացված է։ Ռուսաստանը ինքնին բարդ երկիր է. հսկայական տարածք, ոչ այնքան նպաստավոր կլիմայական պայմաններ, ոչ հեշտ պատմություն և ժառանգություն, երկրում ապրող ժողովուրդների մենթալիտետի և հայացքների ու դավանանքների անմիասեռություն։ Սա փաստ է, որը չի կարելի հաշվի չառնել։ Բայց այս ամենին գումարվում են բազմաթիվ այլ խնդիրներ՝ կապված և՛ ԽՍՀՄ փլուզման հետևանքների, և՛ օտարերկրյա հայրենակիցների (25 մլն) խնդրի, և՛ չհայտարարված սառը պատերազմին դիմակայելու անհրաժեշտության, պետության ամբողջականության և նրա բացարձակ ինքնիշխանության դեմ ոտնձգություններին տոկալու հետ։ Պուտինը, որը եվրոպական երկրներն անվանում է ԱՄՆ վասալներ, անգամ մղձավանջային երազում չի կարող նահանջել Ռուսաստանի ինքնիշխանության ամրապնդման գաղափարից։ Էլ չեմ ասում ներքին մարտահրավերների մասին՝ կապված այն բանի հետ, որ էլիտաների մի մասը չի ցանկանում իրեն սահմանափակել առասպելական կապիտալներ «վաստակելու», տեղերում պաշտոնեական կամայականություն գործելու մեջ։ Պետության ղեկավարն այնքան հեղինակություն ունի, որպեսզի նրան չhакачарен, մանավանդ ակնհայտորեն արդարացի պահանջների հարցում, բայց ներքին լուռ դիմադրությունը հաղթահարել դեռևս չի հաջողվում։ Դա բնավ չի նշանակում, թե էլիտաների մի մասը մտադրվել է նախագահին փոխել իրենց ավելի հարմար դեմքով, փառք Աստծո, չինովնիկության մեջ այդ աստիճանի տխմարներ չկան։

Բոլորը քաջ գիտակցում են, որ նախագահի հանդեպ ժողովրդական վստահության ներկա մակարդակի պայմաններում որևէ բանի հույս ունենալ չեն կարող։ Իսկ ահա կամաց-կամաց, առանց դուրս ցցվելու՝ ավելի յուղոտ պատառ ձեռք գցել, գրպանները լցնել՝ ինչո՞ւ չէ, խնդրեմ։ Ցավոք, սա նույնպես փաստ է։ Եթե ուշադրություն դարձնենք վերջին ուղիղ գծի թեմատիկային, ապա ակնհայտ է, որ ի տարբերություն վերջին մի քանի նման միջոցառումների, այս անգամ ողջ երկխոսությունը նվիրված էր երկրի ներքին խնդիրներին, որոնք վերաբերում էին կենսապահովման տարբեր ոլորտների՝ աշխատավարձ, թոշակներ, առողջապահություն, բնակպայմաններ, ճանապարհներ և այլն։ Կարելի է ենթադրել, որ նախագահի աշխատակազմն անհրաժեշտ եզրակացություններ է արել նախորդ ուղիղ գծերի քննադատությունից հետո, թե նրանք, իբր, ավելի շատ անդրադարձել են արտաքին քաղաքական խնդիրների պարագծին, և քիչ ուշադրություն է նվիրվել երկրի ներքին կյանքին։ Գուցե։ Բայց կարելի է և այլ ենթադրություններ էլ անել։ Մասնավորապես, ասենք՝ նախագահը պատրաստում է հանրային կարծիք երկրում սպասվող կադրային և համակարգային փոփոխությունների վերաբերյալ, քանի որ գործերն ամենուրեք չէ, որ բավարար են։ Կարելի է ենթադրել նաև, որ Վլադիմիր Պուտինը հող է նախապատրաստում իրեն սատարող ժողովրդին ուղիղ դիմելու համար՝ նոր կանոններն ուշադրության առնել չցանկացող էլիտաներին հասցվելիք ջախջախիչ հարվածից առաջ։ Ցավոք, բոլորը չէ, որ ցանկանում են ընդունել նոր մարտահրավերների լրջությունը, երբ արդի աշխարհաքաղաքական բեկման պայմաններում երկիրն առկա բոլոր ռեսուրսների առավելագույն համախմբման և աննախադեպ տնտեսական թռիչքի կարիք ունի։

Այո, Վլադիմիր Պուտինը շրջանցեց նոր ժամկետում քվեարկվելու մտադրությունների մասին հարցը, բայց պայծառատես լինել պետք չէ՝ հասկանալու համար, որ Պուտինը նրանցից չէ, ով նահանջում է և գործը կարող է անավարտ թողնել կես ճանապարհին։ Կադրային սպայի համար, ով երկրի իսկական առաջնորդն է դարձել, մարդ, ով միաժամանակ նաև պատվախնդիր է և անմնացորդ նվիրված Հայրենիքին, նման տարբերակ պարզապես գոյություն չունի։ Դե, իսկ կեղծ-լիբերալ թևի ներկայացուցչի՝ իշխանության գալու մասին բոլոր երազողներին պարզապես կհիասթափեցնեմ. Վլադիմիր Պուտինից հետո (համոզված եմ, ևս մեկ ժամկետից հետո) Ռուսաստանում իշխանության են գալու էլ ավելի կոշտ հայացքների տեր քաղաքական գործիչներ։ Սա, ի դեպ, սպասում է նաև Եվրոպային։ Ավանդական, ազգայնական կողմնորոշում ունեցող պահպանողականությունն ամենուրեք գերակայում է արմատից պոկված՝ այսպես կոչված նեոկոնսերվատիզմի հանդեպ։

Աշոտ Անտինյան 

20․06․2017



60435





Գլխավոր լուրեր