Բլրի վրա՝ ինչպես պատերազմում...


20-06-2017 11:33:06

Հարց. ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ռուսաստանի Դաշնության հանդեպ նոր պատժամիջոցներ մտցնելու օրինագծին։ Այնուհետև խոսքը պատկանելու է Կոնգրեսին և անմիջականորեն Սպիտակ տանը։ Ինչի՞ են փորձում հասնել խորհրդարանականները, և ինչպե՞ս կանդրադառնա օրենքի ընդունումը երկկողմանի հարաբերությունների և առհասարակ Ռուսաստան-Արևմուտք փոխհարաբերությունների հետ կապված իրավիճակի վրա։

Պատասխան. ԱՄՆ սենատորների և մի շարք կոնգրեսականների ներկայիս նախաձեռնության առանձնահատկությունը, թերևս, նույնիսկ ավելի կարևոր է, քան դրա բովանդակությունն ինքը։ Դա պայմանավորված է նրանով, որ ԽՍՀՄ-ի, իսկ հետո նաև Ռուսաստանի Դաշնության հանդեպ օրենսդրական մակարդակով սահմանափակիչ միջոցներ մտցնելու առայժմ երկու օրինակ ունենք։ Դա առաջին հերթին այսպես կոչված Ջեքսոն-Վենիկի լրացումն է ԱՄՆ առևտրի մասին օրենքում՝ ընդունված 1974թ. կոնգրեսականներ Հենրի Ջեքսոնի և Չարլզ Վենիկի առաջարկով։ Լրացմամբ արգելվում էր տրամադրել առավել բարենպաստ ռեժիմ առևտրում, պետական վարկեր և վարկային երաշխիքներ այն երկրներին, որոնք խախտում կամ լրջորեն սահմանափակում են իրենց քաղաքացիների արտագաղթի, ինչպես նաև մարդու այլ իրավունքները։ Լրացմամբ նախատեսվում էր նաև խտրական սակագների և տուրքերի կիրառում այն ապրանքների նկատմամբ, որոնք ներկրվում էին ԱՄՆ ոչ շուկայական տնտեսություն ունեցող երկրներից։ Հիշենք, որ խոսքը գլխավորապես Խորհրդային Միությունից Իսրայել հրեաների արտագաղթի խոչընդոտների մասին էր, հետևաբար՝ գործը գլուխ էր եկել ոչ առանց այդ երկրի պետական կառույցների և հրեական սփյուռքի հզոր լոբբինգի։ Հետագայում՝ 1987թ. հետո (ԽՍՀՄ արտագաղթն ազատականացնելուց հետո), լրացումը կորցրեց իր նախնական նշանակությունը։ Ինչի հետ կապված, սկսած 1989թ., ԱՄՆ-ում ամեն տարի մորատորիում էր դրվում ԽՍՀՄ-ի, իսկ հետո նաև ԱՊՀ երկրների հանդեպ լրացման գործողության վրա։ 1994թ. նախագահ Բիլ Քլինթոնից Ռուսաստանն ստացավ առևտրում բարենպաստ ռեժիմի ավտոմատ երկարացման երաշխիքներ, ինչի հետ կապված վերացավ լրացման գործողության վրա ամեն տարի մորատորիում դնելու անհրաժեշտությունը։ Սակայն, և դա բավական բնորոշ է, լրացումը պաշտոնապես չչեղարկվեց։ Այսպիսով, Ջեքսոն-Վենիկի լրացումը ձևականորեն գոյություն ունեցավ մինչև 2012թ., ուղիղ 38 տարի։ Եվ այն էլ 2012թ. նոյեմբերի 16-ին ԱՄՆ Կոնգրեսի Ստորին պալատը հավանություն տվեց մի օրինագծի, որը նախատեսում էր Ջեքսոն-Վենիկի լրացման չեղարկում միայն դրանում «Մագնիտսկու ցուցակով» պատժամիջոցներ կիրառելու մասին դրույթ մտցնելով։

Դեկտեմբերին օրենքը, որը համատեղում էր «Մագնիտսկու օրենքը» և թույլտվություն նախագահին՝ չեղարկելու լրացումը Ռուսաստանի հանդեպ, ընդունվեց Սենատի կողմից, և արդեն 2012թ. դեկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրեց այն։ «Սերգեյ Մագնիտսկու մասին օրենքը», այլ կերպ՝ «Մագնիտսկու ակտը», նախատեսում է վիզաներ չտալ, ինչպես նաև ֆինանսական պատժամիջոցներ կիրառել ռուսաստանցի պաշտոնյաների դեմ, որոնք, ինչպես կարծում է Վաշինգտոնը, հանցակից են քննչական մեկուսարանում Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան մեջ և մարդու իրավունքների այլ խախտումներ են թույլ տվել։ Հատկանշական է, որ «...մարդու իրավունքների այլ խախտումներ» ձևակերպումը ներառված է և՛ Ջեքսոն-Վենիկի լրացման, և՛ Մագնիտսկու ակտի մեջ, ինչը ենթադրում է այդ օրենքները մեկնաբանել և կիրառել բավական լայն սպեկտրով, քան երկու օրենքներում կոնկրետ նշվածներն են, ինչը մտածել է տալիս, որ կարևոր են իրենք՝ պատժամիջոցները, այլ ոչ թե նույնիսկ դրանք մտցնելու ֆորմալ առիթը։ Նշված օրենսդրական ակտերից բացի, մնացյալ բոլոր սահմանափակիչ միջոցները Ռուսաստանի հանդեպ մտցվել են նախագահ Օբամայի կողմից՝ առանց օրենսդիրների ֆորմալ մասնակցության։ Եվ ահա, առաջին անգամ ամերիկյան խորհրդարանականները գնացին Ռուսաստանի հանդեպ մինչ այդ մտցված բոլոր պատժամիջոցները մեկ օրինագծում միավորելու ճանապարհով՝ դրանում հավելելով մի քանի նոր ուղղություններ։ Իսկ նման ոչ ստանդարտ մոտեցման իմաստն այն է (և դա նույնիսկ չի թաքցվում), որպեսզի ԱՄՆ նախագահին զրկեն առանց Կոնգրեսի հետ համաձայնեցման այդ պատժամիջոցները լրիվ կամ մասամբ չեղարկելու հնարավորությունից։ Չնայած միանգամայն ակնհայտ փաստին, որ ԱՄՆ-ը առնվազն ութ տասնյակ տարի ԽՍՀՄ, իսկ հետո նաև Ռուսաստանի զսպման նպատակաուղղված քաղաքականություն է վարում՝ հանձին նրա տեսնելով աշխարհաքաղաքական մրցակցի և խոչընդոտի այնպիսի աշխարհակարգի հաստատման գործում, որտեղ ԱՄՆ-ը բացարձակ գերիշխանություն պետք է ունենա, սույն պարագայում աչքի է զարնում նաև Նահանգներում ծավալված ներքաղաքական պայքարը, որն ավելի կոշտ և անզիջում ձևեր է ընդունում։ Նեոլիբերալ իսթեբլիշմենթը ոչ մի կերպ չի ցանկանում համակերպվել այն իրողության հետ, որ շարքային ամերիկացիների կարծիքն ինչ-որ բան նշանակում է և որ ոչ համակարգային թեկնածուին հաջողվել է հաղթել ընդդիմախոսին, որին պաշտպանում էին ԱՄՆ և Եվրոպայի գրեթե բոլոր էլիտաները։

Եթե սկզբում կարող էր թվալ, թե ընտրությունների արդյունքներին համաձայնել չցանկանալը հետապնդում է ինչ-որ կերպ Հիլարի Քլինթոնի պարտությունն արդարացնելու և ողջ քաղաքական, ուժային ու լրագրողական հանրույթի դեմքը պահպանելու նպատակ՝ անհաջողությունը վերագրելով ամերիկյան ընտրություններին դրսից միջամտությանը, ապա ժամանակի ընթացքում ավելի շատ հայտանշաններ ի հայտ եկան, որ, ինչպես ասում են, մահու-կենաց պայքար է ընթանում։ Նեոկոնների մաքսիմում ծրագիրը գործը իմփիչմենթի հասցնելն է և կառավարման սանձերը փոխնախագահ Մայքլ (Մայք) Փենսին հանձնելը։ Իսկ եթե դրա համար բավականաչափ հիմքեր չգտնվեն, ապա թուլացնել գործող նախագահի դիրքերն այն աստիճան, որպեսզի նա զրկվի երկրի համար քիչ թե շատ նշանակալի որոշումներ ընդունելու հնարավորությունից, և սահմանափակել նրա այդօրինակ «կաղ» կառավարումը մեկ ժամկետով։ Այստեղ պարզապես երկու՝ ոչ միշտ պարտադիր վեկտոր է գոյացել՝ Ռուսաստանի զսպման ավանդական քաղաքականության կողքին լրիվ ծավալով օգտագործել նաև նրան վերագրվող մեղքերը ներքաղաքական գոտեմարտում։ Այն, թե ինչպես են Սենատում և Կոնգրեսում անցնում ամերիկյան ընտրություններին Կրեմլի միջամտության այսպես կոչված գործի մասին լսումները, վաղուց արդեն բոլոր առողջ դատող մարդկանց բավականաչափ առիթներ է տվել կասկածելու նման մեղադրանքների փաստարկվածությանը։ Մասնավորապես, ՀԴԲ նախկին ղեկավար Ջեյմս Քոմիին ուղղված գրեթե բոլոր հարցերը «ըստ Ձեր զգացողությունների», «արդյո՞ք կարծում եք, որ» շարքից են։ Իսկ նման լուրջ ձևաչափին ավելի հարիր «իսկ կա՞ն արդյոք ապացույցներ», «բացահայտվե՞լ են արդյոք հաստատված փաստեր» հարցեր առհասարակ չեն տրվում։ Թեև լսումների ժամանակ հարցաքննվող Քոմին ինքն է պնդում, որ ապացուցված փաստեր չունի, թե Դոնալդ Թրամփը ոչ մի ճնշում իր վրա չի գործադրել, որ չեն բացահայտվել ռուսական կողմի հետ նրա շփումների փաստեր, դա ոչ ոքի չի տպավորում, ու պարզապես այն պատճառով, որ դա՛ չեն ուզում նրանից լսել արժանապատիվ սենատորները, նրանց օրակարգը ժխտման վրա չի կազմված։ Աղմուկը հարկավոր է որպես հարմար ֆոն հետագա գործնական քայլերի իրագործման համար, դե, ահա, խորհրդարանականներն էլ ձեռնամուխ են եղել գծված պլանի իրականացմանը, որի օղակներից մեկն էլ Մոսկվայի հետ Թրամփի ու նրա վարչակազմի բանակցություններն առավելագույնս դժվարացնելն է, պայմանավորվածություններ ձեռք բերելու հնարավորությունը չեղարկելը։

Սենատի կողմից «Եվրոպայում և Եվրասիայում ռուսաստանյան ազդեցությանը դիմակայելու մասին օրենքը» հավանության արժանացնելը, որն ընդլայնում է հակառուսական պատժամիջոցները Վլադիմիր Պուտինի հետ Դոնալդ Թրամփի հայտարարված հանդիպման հենց նախօրեին՝ Համբուրգում G20-ի գագաթաժողովի շրջանակներում, դրա ավելի քան ցայտուն դրսևորումն է։ Դեմոկրատների նախաձեռնած օրինագիծը հանրապետական սենատորների համար ընդունելի դարձավ նաև խորամանկ մտահղացման շնորհիվ, որն ըստ էության փոխզիջում հարկադրեց նախագահի կուսակիցներին։ Բանն այն է, որ իմանալով, մեղմ ասած, Իրանի հանդեպ հանրապետականների բացասական վերաբերմունքը, որի հետ դեմոկրատ նախագահը «Միջուկային գործարք» է կնքել, դեմոկրատները վերցրին ու պարզապես սահմանափակիչ միջոցներ մտցրին Իրանի հանդեպ այդ նույն օրինագծում, որը կոչված է ընդլայնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ։ Ամեն հանճարեղ բան պարզ է, և թքած, որ նման մոտեցումն այնքան էլ խելամիտ չէ և չի կիրառվում, հավանաբար, միջնադարյան սովորությամբ. նպատակն արդարացնում է միջոցները։ Եթե խստությունների մասին խոսելու լինենք ըստ էության, ապա գլխավորը, թերևս, այն է, որ Թրամփին ուզում են պարտադրել ընդլայնել պատժամիջոցներն օտարերկրացիների հանդեպ, որոնք «զգալի» ներդրումներ են անում Ռուսաստանի նավթարդյունահանման մեջ՝ պայմանով, որ նման պատժամիջոցները չվնասեն ամերիկյան ազգային շահերին։ Մասնավորապես, և դա ուղղակի գրանցված է, Վաշինգտոնը պետք է դեմ հանդես գա «Հյուսիսային հոսք-2» նախագծի իրագործմանը։ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությանը կարգադրվում է ավելի ակտիվ լինել Եվրոպայից էներգետիկ շուկաների «դիվերսիֆիկացում և ազատականացում» պահանջելու հարցում։ Միևնույն ժամանակ, գերակայությունը տրվում է ամերիկյան հումքի արտահանմանը։ Այսպիսով, սենատորները փորձում են խափանել ռուս-գերմանական 11 միլիարդանոց «Հյուսիսային հոսք-2» նախագիծը՝ սպառնալով պատժամիջոցներ մտցնել նաև գերմանական ու եվրոպական այլ ընկերությունների հանդեպ, որոնք համագործակցում են ՌԴ-ի հետ էներգետիկ սեկտորում։ Սա ինքնին լավ մտածված հնարք է։

Բանն այն է, որ օրինագծի այս կետի հետևում անթաքույց երևում է ցանկությունը՝ սեփական գազային և նավթային ընկերությունների համար ստեղծել գրեթե մենաշնորհային հնարավորություններ եվրոպական շուկա էներգակիրների մատակարարման գործում։ Ամերիկյան ընկերությունների հանդեպ այս հոգատարությանն ի՞նչ կարող է հակադրել Դոնալդ Թրամփը, որի ողջ ընտրարշավն անցկացվեց «Ամերիկան՝ ամեն ինչից առաջ» կարգախոսով։ Եվրոպական գազային շուկայի յուրացումը ամերիկացիներին նաև աշխատատեղեր կավելացնի, և ծանրակշիռ շահույթներ էլ է խոստանում։ Դե, գնա ու վետո դիր այսքան հայրենասիրական օրինագծի վրա։ Թրամփին հիրավի չես նախանձի. ստորագրել մի օրինագիծ, որը զրկում է նրան արտաքին քաղաքականություն վարելու լծակներից, և միաժամանակ խիստ բարդացնում է հարաբերությունները ոչ միայն Ռուսաստանի, այլ հիմա նաև Եվրամիության գլխավոր երկրի՝ Գերմանիայի հետ, այլ խոսքով՝ նրան վերածում է ԱՄՆ Կոնգրեսի ու Սենատի պատանդի, նա, ըստ էության, չի կարող։ Պատային, տրագիկոմիկ իրավիճակ, որից բոլոր ելքերը կամ վատն են, կամ շատ վատը։ Տրագիկ, որովհետև իրեն դեմոկրատիայի նմուշ հռչակած երկրում բոլոր միջոցներով զրոյացվում են դեմոկրատական ընտրությունների փաստացի արդյունքները, իսկ կոմիկականն այն է, որ ԱՄՆ խորհրդարանականները, հանձինս որոնց Եվրոպան, և մասնավորապես ԳԴՀ կանցլերը, դաշնակից են տեսել ընդդեմ Սպիտակ տան նոր տիրոջ «խենթությունների», իր օրինագծով Անգելա Մերկելին դրել է մի դրության մեջ, որը սկզբունքորեն սասանում է Գերմանիայի հեղինակությունը Եվրոպայում և աշխարհում։ Գերմանական և ավստրիական իշխանությունների կոշտ արձագանքը բնավ զարմանալի չէ և հեռու է ինքնաբուխ լինելուց։

Մերկելն առանց այդ էլ վերջերս իր հիասթափությունն էր հայտնել անդրօվկիանոսյան դաշնակցից, իսկ հիմա քիչ է, որ ուղղակիորեն շոշափվում են գերմանական բիզնեսի շահերը Բունդեսթագի ընտրությունների նախաշեմին, դեռ մի բան էլ ոչ երկիմաստորեն մատնանշվում է, որ որոշումներն ընդունվում են Վաշինգտոնում, և ոչ ոք չի պատրաստվում հաշվի նստել եվրոպացիների կարծիքի հետ։ Հասունանում է ավելի քան լուրջ դիմակայություն, որը կարող է արմատապես ձևափոխել ատլանտիզմի և միասնական արևմտյան աշխարհի գաղափարների ընկալումը։ «Մենք չենք կարող համաձայնել եվրոպական ընկերությունների դեմ ապօրինի էքստարածքային պատժամիջոցների սպառնալիքների հետ։ Եվրոպայի էներգամատակարարումը Եվրոպայի գործն է, ոչ թե ԱՄՆ-ի»,- ասել է ԳԴՀ արտգործնախարար Զիգմար Գաբրիելը։ Եվ դա գործնականում հայտարարություն է շուտափույթ պառակտման մասին։

Սպիտակ տան առաջին արձագանքից ակնհայտ է, որ Թրամփի թիմը քաջ գիտակցում է սենատորների՝ օրինագծի հիմքում դրված բոլոր ականները։ Դրա համար էլ խուսափում է ուղիղ պատասխանից՝ կաջակցի՞ արդյոք Թրամփը օրինագծին, թե՞ ոչ։ Բանավեճն ըստ էության, ցանկացած պարագայում, էլ ավելի կթուլացնի հուսահատորեն պաշտպանվող նախագահի դիրքերը, ուստի, վարչակազմում ընդունել են ներկա պահին ամենաանվնաս, նշանակում է՝ միակ ճիշտ որոշումը. դիմել Կոնգրեսին՝ խնդրելով Սպիտակ տանը տրամադրել ավելի մեծ լիազորություններ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների քաղաքականություն իրացնելու հարցում՝ անհրաժեշտ համարելով նախագահին միակողմանի կարգով սահմանափակումները հանելու իրավունք տրամադրելը։ Նման բանավեճն իսկապես կարող է ձգձգել Կոնգրեսի կողմից օրինագծի ընդունումը՝ առանց նրա բովանդակային մասի վերաբերյալ դիրքորոշումը պարզաբանելու անհրաժեշտության։ Թրամփն առհասարակ փորձում է ամեն կերպ նոր օրակարգ առաջադրել՝ չպայմանավորված Ռուսաստանով ու, իբր, նրա հետ կապերով։ Այլ խոսքով՝ չի ուզում խաղալ իսթեբլիշմենթի հետ նրանց պարտադրած կանոններով։

Իսկ իսթեբլիշմենթը չի ցանկանում շեղվել դրված օրակարգից, քանի որ մնացած հարցերում Թրամփից պահանջելու բան չկա. տնտեսությունը վերելքի մեջ է, նրա վերջին գործարքները, մասնավորապես՝ սաուդցիների հետ, խոստանում են ռազմարդյունաբերական համալիրի լիակատար զբաղվածություն և ոչ վատ եկամուտներ, համաշխարհային առաջնորդների հետ աստիճանաբար ընդհանուր լեզու է գտնում և այլն։ Մարտավարական պայքարի այնպիսի փուլ է, թե ով ում կպարտադրի իր օրակարգը։ Իսթեբլիշմենթը՝ հաքերների, Թրամփը՝ Հյուսիսային Կորեայի; նրանք՝ Ռուսաստանի հետ կապերի, Թրամփը՝ իրանական սպառնալիքի; սենատորները՝ Մոսկվայի հանդեպ քաղաքականության խստացման, Թրամփը՝ Իսպանիայի գաղութատիրությունից Կուբայի ազատագրման 115-ամյակի և կուբայական հեղափոխության փաստի անտեսման մասին։ Եթե նման «իրադարձություններ» տեղի ունենային աշխարհի ցանկացած այլ կետում, ամերիկացիներն, անպայման, կնետվեին հանդարտեցնելու գրգռված պալատի «բնակիչներին», իսկ երբ ամեն բան տեղի է ունենում գժանոցի վարչությունում, ապա ներարկումները, միևնույն է, պետք է նշանակել նրանց, ովքեր հաճախորդ են գրանցված։ Միևնույն է՝ ախտորոշումը վարչակազմում են սահմանում։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի արձագանքին, Մոսկվայում հասկանալ են տվել, որ կարտահայտվեն, երբ մտադրությունները կայացած փաստի ուրվագծեր ստանան։ Եվ ոչ միայն կարծիք կհայտնեն, այլև պատասխան քայլեր կձեռնարկեն։ Չէ՞ որ ԱՄՆ նախագահը մի տեսական հնարավորություն էլ ունի. Կոնգրեսի կողմից անփոփոխ տեսքով օրինագծի ընդունման դեպքում ամեն անգամ կես տարով սառեցնել օրենքի գործողությունը։ Իսկ առայժմ, ինչպես դա տեղի է ունենում վերջին մի քանի տարիներին, Ռուսաստանը, համենայնդեպս, գլուխ հանում է իր տնտեսական խնդիրներից, իսկ աշխարհաքաղաքական ասպարեզում էլ ավելի շատ միավորներ է հավաքում։ Համենայնդեպս, սկսած անցած դարի կեսերից, հաճախ հենց աշխարհաքաղաքական գերազանցությունն է փոխակերպվել տնտեսական վերելքի։ Հարցը լոկ մեթոդների և ճշմարիտ մարդկայնության աստիճանի մեջ է։

Աշոտ Անտինյան 

19․06․2017


60556





Գլխավոր լուրեր