Եվրոպական արժեքներ. միշտ բորսայական փոխարժեքով


15-06-2017 00:51:42

Հարց․ Եվրամիության գործադիր մարմինն իրավական գործընթաց կսկսի միության անդամ երեք պետությունների՝ Չեխիայի, Հունգարիայի և Լեհաստանի դեմ, որոնք հրաժարվում են ներգաղթյալներ ընդունել Բրյուսելի հաստատած քվոտաներով, հաղորդում է Reuters գործակալությունը: Երկու տարի առաջ Բրյուսելում ընդունված որոշմամբ նախատեսվում էր մինչև այս տարվա սեպտեմբեր Իտալիայից ու Հունաստանից շուրջ 160 հազար ներգաղթյալ տեղափոխել Եվրամիության կենտրոնական և արևելյան անդամ երկրներ: Վերջնաժամկետին ամիսներ են մնացել, սակայն մինչ օրս 160 հազարից միայն 20 հազարն են տեղափոխվել: Հունգարիան, Սլովակիան և Լեհաստանը ծրագրի հենց մեկնարկին էին ընդդիմացել, անցած շաբաթ նրանց միացավ Չեխիան: Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները չեն բացառում, որ առանցքային նշանակություն ունեցող այս որոշմանը չենթարկվելու համար կարող են պատժամիջոցներ սահմանել անդամ պետությունների նկատմամբ՝ տուգանքների կամ ֆինանսական աջակցությունից զրկելու տեսքով։

Լոնդոնում և Մանչեսթրում իրականացված արյունալի ահաբեկչություններից հետո չեխական կառավարությունը հայտարարեց, թե դադարեցնում է ներգաղթյալների ընդունման ծրագիրը՝ անվտանգության նկատառումներով։ Կարելի՞ է համարել, որ սա անվտանգության նկատառումներից ելնելով է արվում, թե՞ ուղղակի այս երկրները չեն ցանկանում ավելնորդ բեռ վերցնել իրենց տնտեսության վրա, սպասելի՞ է արդյոք պատժամիջոցների կիրառումը Եվրամիության կողմից անդամ պետությունների հանդեպ, թե՞ սա ուղղակի սպառնալիքներ են, եթե կիրառվեն պատժամիջոցներ, ի՞նչ արձագանք կարելի է սպասել այդ երկրների կողմից, և ի վերջո մինչև ու՞ր կարող է հասնել Եվրամիության այլ երկրներ ժողովրդավարության արտահանման այս ձախողված քաղաքականությունը, որին կարծես ընդիմանում են արդեն անդամ երկրները, իրենց վրա զգալով դրա բացասական հետևանքները՝ գաղթականների (և ոչ միայն) տեսքով, և որտե՞ղ է անվերադարձի կետը:

Պատասխան. «Մի՛ սպանիր, մի գողացիր, ուրիշի ունեցածին աչք մի տնկիր»,- քարոզում էին կաթոլիկ քահանաները չլուսավորվածներին, որոնց հետևից խաչակիրների բանակներն արշավում էին դեպի Մերձավոր Արևելք, եվրոպական աշխարհամասի արևելյան հատվածը բնակեցնող ժողովուրդների ու ցեղերի վրա։ Եղել է նման բան։ «Երանելի են հեզերը, քանզի նրանք են ժառանգելու երկիրը»,- պնդում էին Հարավային Ամերիկայի հողերով կոնկիստադորների հետևից ընթացող քահանաները՝ հաստատ հասկանալով, որ այս կյանքում, այստեղ ու հիմա բնիկների հողերն այլևս նրանց չեն պատկանելու։ «Երանելի են խաղաղարարները, քանզի նրանք են կոչվելու Աստծո որդիներ»,- գովերգում էին նրանք Կորտեսի ռազմիկներին, որոնք եվրոպական մայրցամաքից ճշմարիտ արժեքներ էին բերում լավ հայտնի միջոցներով։ «Լուսավորության դարաշրջանը» տառապագին երկար էր շարունակվում, և անընդհատ «երանելիների» բանակն ավելանում էր, իսկ «հեզերին» քշում էին ճամբարներ, քանզի այլ հողեր նրանք պետք է ժառանգեին։ «Ոսկին կատարելություն է։

Ոսկին ստեղծում է գանձեր, և նա, ով տիրում է նրան, կարող է անել ինչ ցանկանա, և կարող է անգամ մարդկային հոգիները դրախտ մտցնել»,- եվրոպական արժեքների իմաստը ձևակերպել է Քրիստափոր Կոլումբոսն Իսպանիայի թագավորին և թագուհուն հասցեագրած իր նամակում, կարելի է ասել՝ դարերի համար։ Կաթոլիկ Եվրոպան, սակայն, չէր կարող իրեն թույլ տալ չափից ավելի վայրագություններ, իրենից տարբեր մարդկանց համատարած ոչնչացումներ, կաթոլիկությունը կաշկանդում էր դուրս թռչել ձգտող ներքին սատանաներին, և Հռոմի հոգևոր ղեկավարության առջև էլ հաշվետու լինելու անհրաժեշտությունն էր բեռ դառնում։ Հանճարեղ ելքը գտնվեց. ի հայտ եկավ բողոքականությունը, որը մարտնչում էր Աստվածաշնչի ինքնուրույն մեկնաբանման և Քրիստոսին Իր Եկեղեցուց դուրս երկրպագելու, Ուսմունքը սեփական հայեցողությամբ մեկնելու համար։ Քիչ արյուն չհոսեց քրիստոնյա եվրոպացիների մղած մարտերում, որոնք զենքը ձեռքին մրցակցում էին սեփական կրոնական հոսանքի գերակայության համար, մինչև որ բողոքականները չգտան իրենց ինքնադրսևորման տեղը Նոր Աշխարհում։ Այլապես շատ ավելի վատ կլիներ։ Ըստ էության, ավելի վատ էլ եղավ, բայց հիմա արդեն օվկիանոսի այն կողմում։ Պետք է ասել՝ լիովին կայացան. կախեցին ու խեղդեցին հնդկացիներին, սրախողխող արեցին, ողջ-ողջ այրեցին, խորովեցին դանդաղ կրակի վրա, չխնայեցին ծերերին, կանանց ու երեխաներին։ Մի խոսքով՝ եվրոպական արժեքները ներդրեցին երանելի հեզերի մեջ այժմ արդեն ամբողջ մայրցամաքում։

Սակայն անհնար էր անվերջ կրոնի դրոշը թափահարել և քողարկվել նրա տակ՝ ոսկու կուտակման հավերժական խնդրի լուծման ճանապարհին։ Հարկավոր էին արտահանվելու ենթակա նոր գաղափարներ, այնուամենայնիվ, Վերածննդի դարաշրջանին փոխարինելու եկավ Նոր ժամանակների դարաշրջանը։ Ի հայտ եկան ռասիզմի և նացիզմի մասին առաջին աշխատությունները, որոնք բարձրացվեցին փիլիսոփայական սուբստանցիայի աստիճանի։ Հենց սուբստանցիայի՝ որպես դասական ռացիոնալության փիլիսոփայական կատեգորիա, քանի որ սուբստանցիան չի կարող և չպետք է ունենա իր հանդեպ կողմնակի գործող ուժ, նրան վերագրում են ազատություն (որպես հնարավորություն)՝ իրեն սահմանելու լոկ իր սեփական հիմնավորումների միջոցով։ Նացիզմի կամ ֆաշիզմի գաղափարախոսությունը փարոս դարձավ բոլոր այն եվրոպացիների համար, որոնք այս կամ այն պատճառով չէին մասնակցել գաղութացման գործընթացին և այդ կերպ Կոլումբոսի «պատվիրանների» իրագործմանը։ Եթե մեր օրերի ոճով արտահայտվենք՝ արժեքների ներմուծման-արտահանման նրանց հաշվեկշռում մեծ թեքում առաջացավ դեպի ներմուծման կողմը, բայց ոչ համարժեք ոսկուն, այլ՝ վաղանցիկ արժեքների սանդղակից։ Հարկ էր շտկել իրավիճակը... Ամեն բան, ինչպես սովորաբար, ավարտվեց մեծ արյունահեղությամբ։ Մինչև իսկ երկու անգամ՝ քսաներորդ դարի առաջին կեսին։ Գրեթե միաժամանակ Եվրոպայի ընդերքում սաղմնավորվեց կոմունիստական գաղափարախոսությունը, որը որպես նախագիծ իրագործվեց նրա արևելյան մասում։ Որևէ համեմատություն չունենալով ֆաշիզմի հետ, բայց և այնպես՝ կրկին արյունալի իրողություն։ Արդյո՞ք դա սկզբից ևեթ էր դրվել հիմքում կամ ինչ-որ պահի ինչ-որ բան այնպես չընթացավ՝ այժմ արդեն հետաքրքիր է միայն պատմաբաններին և քաղաքական գործիչներին, որոնք պարտավոր են դասեր քաղել անցյալից։

Տխրահռչակ եվրոպական արժեքների մասին այս ամենը, որոնք այդպես էլ ոչ ոք խելքը գլխին չի բացատրում, չի մատնանշում, որ այն փայլում է փարոսի պես, չի գերում ու չի դյութում։ Դրա փոխարեն հասկացությունների լիակատար նենգափոխում. ժողովուրդների հարուստ, կուշտ ապրելու բնական (նրանց պես ապրելու) ձգտումը մատուցվում է որպես գլխապտույտ վազք արժեքային սանդղակի հետևից, որն իրականում ընդհանուր քիչ բան ունի կենսամակարդակի բարձրացման իրական միջոցների հետ։ Խճճել և ներդնել անընդհատ փորձում են բավական կասկածելի կանխադրույթներով, ինչպես, ասենք, դեմոկրատիան է, խոսքի ազատությունը, հանդուրժողականութունը և այլն։ Ի դեպ, կասկածելի են ոչ թե իրենք՝ կանխադրույթները՝ իրենց դասական ընթերցմամբ, այլ դրանց տարավեկտոր և կոնյունկտուրային մեկնաբանությունը։ Ոչ ոք չի էլ փորձում բացատրել, թե ինչու հասարակությունում, որտեղ դեմոկրատիան բացարձակ արժեք է, հանրաքվեները հաճախ կրում են ոչ պարտադիր բնույթ։ Ընդ որում՝ ինչպես դրանց անցկացումը, այնպես էլ արդյունքները։ Չեն ուզում բացատրել, թե ինչու ազատ է համարվում այն խոսքը, որը գովաբանում է նրանց կենսակերպը, իսկ մնացած ամեն բան զրպարտություն է և քարոզչություն՝ ենթակա հալածանքների ու հետապնդումների։ Ինչո՞ւ է ազատ արտահայտվելու իրավունքն իրական կյանքում փոխարինվել երկու կեղծ-ազատություններով՝ ազատ «կողմ» արտահայտվել, կամ էլ միանգամայն ազատ ձայնը կտրել։ Միևնույն ժամանակ՝ լռել կարելի է սեփական հայեցողությամբ, միանգամայն դեմոկրատաբար. կուզես՝ լեզուդ ատամներիդ տակ պահիր, կուզես խցանիր բերանդ լաթով։

Որևէ մեկը կբացատրի՞ ի վերջո, թե ինչու իրենց իսկ քաղաքներում եվրոպացի կանանց բռնաբարող արաբի հանդեպ պետք է հանդուրժողականություն ցուցաբերել, իսկ նրա եղբայրակցի հանդեպ, ով փոխադարձ համաձայնությամբ իր իսկ անապատում «շոյում» է սեփական ավանակին, հանդուրժողության և ոչ մի նշույլ չի ցուցաբերվում։ Ինչո՞ւ նրանց քաղաքապետներին ու նախարարներին թույլ է տրվում ունենալ ոչ ավանդական կողմնորոշում, իսկ բանող ավանակին՝ ոչ։ Ինչո՞ւ առաջինին նպաստ ու ամեն տեսակ սիրալիրություններ, իսկ երկրորդին՝ ավիառումբեր։ Ինչո՞ւ պետք է նրան պոկել իր տենչանքի չորքոտանի օբյեկտից, մի՞թե որպեսզի սեփական կանանց «դեմ տան»։ Չեմ հավատում նման արժեքների ճշմարտացիությանը, հետևաբար՝ մտքերս նորից տանում են մերկանտիլ շահի, ոսկու կողմը, որի նշանակությունն այդքան դիպուկ ծամել ու սերունդների բերանն է դրել Կոլումբոսը։ Սրանով փակում եմ դատարկ խոսակցությունը զուտ միայն ազդարարվող արժեքների մասին և ըստ սցենարի անցնում ավելի երկրայիններին։ Այն արժեքներին, որոնց հետևից երիտեվրոպացիներն, ըստ էության, ձգտում էին դեպի hин Европа։ Այն է՝ եվրոպական կենսամակարդակի հետևից, հասկանալի է՝ առաջին հերթին ի հաշիվ այդ նույն բարեկեցիկ Եվրոպայի։ Ի՜նչ դյութիչ, ժամանակին անգամ հաջող նախագիծ էր. միասնական շուկաներ, ազատ տեղաշարժ, միանման բարձր վաստակ, հուսալի պաշտպանություն ամենազոր ՆԱՏՕ թևի ներքո և այլ հրապույրներ։ Սա եղել է իրականում, և այնուամենայնիվ, եթե մի կողմ թողնենք գեղեցիկ շտամպներն ու կարգախոսները, ամեն մեկը հետապնդել է սեփական նպատակներ՝ իրավիճակից ելնելով կիրառելով (կամ ձևացնելով, թե կիրառում է) խաղի միասնական կանոններ, որոնք եվրոպական երկրների առանձին խմբերի համար նորից միասնական էին յուրովի։ Բայց խոսքը դրա մասին չէ։

Կողմնակից եմ շատ փորձագետների կարծիքին, որ նախագծի վախճանի ահազանգ հնչեցվեց անմիջապես այն բանից հետո, երբ «գլոբալիզմ» և «լիբերալիզմ» առևտրատնտեսական հասկացություններին փոխարինելու եկավ նեոգլոբալիզմի և նեոլիբերալիզմի գաղափարախոսությունը, որն ավելի շատ հագեցած էր քաղաքական, քան թե տնտեսական իմաստով։ Իսկ երբ այդ ամենը բարձրացվեց մի ինչ-որ նոր կրոնի, պաշտամունքի աստիճանի, զուգահեռ՝ տարբեր հանգամանքների բերումով կրճատվեցին ռեսուրսները, նորեվրոպացիները առիթ ունեցան մեկ անգամ ևս մտածելու «կյանքի իմաստի» մասին, վերիմաստավորելու իրենց հայացքները։ Ավելի ճիշտ՝ վերանայելու բան չկա էլ, նրանք սկզբից էլ եկել էին մի կտոր կարկանդակի հետևից, իսկ հիմա քիչ է, թե կտորն է անընդհատ փոքրանում, դեռ մի բան էլ եվրոպական այդ գրանդներն ուզում են իրենց խնդիրների մի մասը դնել նրանց փխրուն ուսերին։ Չլսված, պարզապես աղաղակող անարդարություն։ Եկել էին բարեկեցության հետևից, բայց այստեղ անընդհատ փախստականների են խցկում։ Փախստականներին ապաստանելու հարցի շուրջ վեճերն ընթանում են բավական վաղուց, և Մեծ Բրիտանիան էլ քվեարկել է Եվրամիությունից դուրս գալու օգտին մասամբ այդ պատճառով։ Բայց բոլորին գոհացնող լուծումներ չկան ու չկան։ Անգամ չեն երևում այն ուրվագծերը, որոնք ի զորու կլինեին վերածվել փոխզիջման։ Լեհաստանը և Հունգարիան առաջին իսկ օրերից ամուր կանգնեցին փախստականների առջև սահմանները փակելու դիրքին և ցայժմ մի քայլ անգամ չեն նահանջել։ Իսկ դա օրինակ է մյուսների համար։ Ահա Չեխիան էլ հարեց ընդվզողների ճամբարին։ Բանն այնտեղ հասավ, որ Եվրահանձնաժողովը սկսեց հետաքննել իրավիճակը Եվրամիության մի քանի երկրների կողմից սահմանված քվոտաներով միգրանտներին ընդունել հրաժարվելու հետ կապված։ Ընդունվել է որոշում՝ խախտումները վերացնելու վարույթ բացել Հունգարիայի, Լեհաստանի և Չեխիայի հանդեպ ԵՄ Խորհրդի՝ փախստականներին տեղավորելու մասին որոշումը չկատարելու համար։

Դատելով այդ երկրների ղեկավարների արձագանքից՝ Եվրահանձնաժողովի «ահեղ» հայտարարությունը նրանց ոչ միայն բնավ չի վախեցրել, այլև առիթ է տվել մեկ անգամ ևս խոսել իրենց երկրների՝ որոշումներ ընդունելու ինքնիշխան իրավունքների մասին, մասնավորապես՝ միգրանտների հարցով։ Ընդհուպ մինչև այնտեղ, որ Բրյուսելի ճնշումը խափանում է քաղաքացիների վստահությունը ԵՄ արդար կարգի մասին։ Այլ կերպ չի ստացվում, չէ՞ որ արդարությունը բավական սուբյեկտիվ մատերիա է, որը սերտորեն կապվում է կոնկրետ շահերի հետ։ Եթե Բեռլինում կարծում են, թե արևելյան գործընկերների դիրքորոշումը ազնիվ չէ (ամեն ինչից օգտվում են, բայց մի քանի հազար միգրանտ ընդունել չեն ուզում), ապա վերջինները տարակուսում են. սկզբում կերակրեցին, հիմա էլ բարձում են։ Մի տեսակ մարդավարի չէ։ Այս միանգամայն մերկանտիլ, սովորական դիսկուրսում որտե՞ղ կհրամայեք փնտրել գովական արժեսանդղակը։ Ոչ մի տեղ։ Պրագմատիկ արևմտաեվրոպացիները և նրանց ոչ պակաս պրագմատիկ արևելյան հարևանները առասպելների հետևից չեն ընկնում, առասպելները արտահանման ապրանք են, հո իրենք չե՞ն կուլ տալու խայծը։ Այս վեճը արագ և արդյունավետ լուծում չունի։ Արարողակարգի համաձայն՝ հարցի քննարկումը երկար կտևի, իսկ հետո, ամենայն հավանականությամբ, գործի կդրվի երկարատև ու ձանձրալի դատական քաշքշուկը։ Մինչ այդ ինչ-որ պատժամիջոցները սակավ հավանական են, ի վերջո՝ կանգ կառնեն «կոմպենսացիա հրաժարման դիմաց» բանաձևի վրա։ Լուծում չկա նաև այն պատճառով, որ բավական խնդիրներ են կուտակվել, և դրանցից յուրաքանչյուրի քննարկումն առանց դեմարշի չի անցնում։ Թերևս, հենց ամենամոլի ֆանատիկոսներից բացի՝ բոլորին է հասկանալի, որ Եվրամիությունն իր ներկայիս տեսքով դատապարտված է։ Սա քաջ գիտակցում են նաև ԵՄ առաջատար քաղաքական գործիչները, որոնք տենդագին Միությունը վերափոխելու օպտիմալ ուղիներ են որոնում։ Սա են պնդում նաև այդ նույն արևելյան եվրոպացիները։

Նրանց ավելի մեծ ինքնուրույնություն է պետք՝ գործող բոլոր արտոնությունների պահպանմամբ, իսկ ահա հին Եվրոպայի առաջնորդներին նման իրավիճակը չի գոհացնում։ Նրանք այլ մոտեցում ունեն. ավելի մեծ ինքնիշխանություն եք ուզում՝ խնդրեմ, բայց այսուհետ արդեն ոչ ի հաշիվ Գերմանիայի ու Ֆրանսիայի։ Տարբեր արագություններով Եվրոպայի գաղափարը, որը փայփայում է մասնավորապես ԳԴՀ կանցլերը, ամենայն հավանականությամբ, կընկնի ԵՄ բարեփոխման հիմքում։ Թե ինչպես կանցնի այն, արդյունքում ինչի կհանգեն՝ առայժմ դժվար է ասել, քանի որ ներկա անհանգիստ աշխարհում ուրիշ, հաճախ ավելի լուրջ խնդիրներ էլ կան, որոնք ցանկացած պահի կարող են մտցնել իրենց՝ ոչ միշտ հաճելի ճշգրտումները։ Դեռ յուրաքանչյուր երկիր պետք է կարողանա դիմանալ ահաբեկչության և սրընթաց փոփոխվող ժողովրդագրական հավասարակշռության սպառնալիքին, չկորցնի ինքնությունը՝ որպես առհասարակ եվրոպական քաղաքակրթության պահպանման գրավական։ Ինչպես սիրում է այս առիթով ասել ռուս հայտնի գիտնականներից մեկը՝ համաշխարհային համբավ ունեցող փորձագետը, եթե չկարողանան, ապա մենք նրանց պակասը խիստ կզգանք։

Աշոտ Անտինյան 

14․06․2017



61185





Գլխավոր լուրեր