Քուրդիստանը պետք է միայն քրդերին, մնացած բոլորին հակացուցված


13-06-2017 18:14:06

Հարց: Իրաքյան Քուրդիստանի պաշտոնական ներկայացուցիչները հունիսի 7-ին հայտարարել էին սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մտադրության մասին: Այդ հայտարարությանը միանգամից իրենց բացասական արձագանքն են տվել Իրաքի հարևան երկրներ Թուրքիան և Իրանը, պաշտոնական Բաղդադը նույնպես կտրականապես դեմ է Քուրդիստանի անկախության հանրաքվեին: Քուրդիստանի բարձրաստիճան պաշտոնյան այսօր հավաստիացրել է, որ սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու որոշումն անշրջելի է: Իրաքի արտաքին և ֆինանսների նախկին նախարար Հուշիյար Զեբարին, ով հիմա Քուրդիստանի ռեգիոնալ կառավարության ղեկավար Մասուդ Բարզանիի ավագ խորհրդականն է, «Ռոյթերզ»-ին հեռախոսով ասել է. «Մենք անցել ենք Ռուբիկոնը, հետքայլ չկա»: Կկայանա՞ արդյոք սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեն, եթե ոչ, ի՞նչ խոչնդոտներ կարող են ստեղծվել: Արժանահավա՞տ է արդյոք այն տեսակետը, որ Թուրքիան և Իրանը քննադատում են Իրաքի քրդերի անկախացումը, մտավախություններ ունենալով, որ անջատողական այս տրամադրությունները կարող են տարածվել նաև սեփական երկրում ապրող քրդերի շրջանում, Եթե այո, ապա սպասելի՞ է արդյոք նման խիստ արձագանք Սիրիայի, ինչու՞ ոչ, նաև Հայաստանի կողմից: Այնուամենայնիվ, ու՞մ է ձեռնատու նորանկախ Քուրդիստանի ստեղծումը, և ի՞նչ ներքին առավել ևս արտաքին քաղաքականումթյուն է այն վարելու, արդյո՞ք սա գերտերությունների շահերին ծառայող նախագիծ է, միթե՞ տարածաշրջանում հնարավոր անկայունության ռիսկը, կամ առավել հավանական զինված կոնֆլիկտը ձեռնատու է կողմերից մեկին: Ստեղծված իրավիճակում, ի՞նչ դիրքորոշում պետք ունենա Հայաստանը: 

Պատասխան. Քրդական հարցը այսօր չէ, որ ծագել է, ոչ էլ երեկ, այդ պատճառով էլ նրա նախապատմությունը կարևոր դեր է խաղում խնդրի մասշտաբը և նրա լուծման հնարավոր ուղիները հասկանալու համար։ Քրդերը հոծ բնակվում են հիմնականում Քուրդիստանի պատմական մասում, ասիական մայրցամաքի հարավ-արևմուտքում, որը զբաղեցնում է հարավարևելյան Թուրքիայի, հյուսիսարևմտյան Իրանի, հյուսիսային Իրաքի և հյուսիսային Սիրիայի սահմանակից տարածքները։ Քրդերի մի զգալի մասն էլ ապրում է այսպես կոչված սփյուռքում՝ հիմնականում Մերձավոր Արևելքի այլ երկրներում, Արևմտյան Եվրոպայում և հետխորհրդային տարածքում։ Հարկ է նշել, որ քրդերն աշխարհի ամենախոշոր էթնոսներից մեկն են (մինչև 30 մլն), որոնք զրկված են պետականությունից։ Քրդերի քիչ թե շատ հոծ բնակության ընդհանուր մակերեսը լուրջ տարածք է զբաղեցնում՝ կազմելով մոտավորապես 450 հազ. քառ. կմ։ Դրա ավելի քան 200 հազ. քառ. կմ-ն մտնում է արդի Թուրքիայի տարածքի մեջ (Հյուսիսային և Արևմտյան Քուրդիստան), ավելի քան 160 հազ. քառ. կմ-ն՝ Իրանի (Արևելյան Քուրդիստան), մինչև 75 հազ. քառ. կմ-ն՝ Իրաքի (Հարավային Քուրդիստան) և 15 հազ. քառ. կմ-ն՝ Սիրիայի (Հարավարևմտյան Քուրդիստան) կազմի մեջ։ Միևնույն ժամանակ, քրդերն անհավասարաչափ են սփռված կեցության երկրներում։ Նրանք ամենից շատ Թուրքիայում են (մոտ 47%)։

Իրանում քրդերը մոտ 32% են, Իրաքում՝ 16, Սիրիայում՝ 4%, նախկին ԽՍՀՄ երկրներում՝ 1%։ Ակնհայտ է, որ Քուրդիստան պետությունը, որի ստեղծմանն են ձգտում քրդերը, չի կարող առաջանալ մի ինչ-որ աբստրակտ, ոչ մեկին չպատկանող տարածքում դա, անշուշտ, կարող է տեղի ունենալ բացառապես ի հաշիվ այն տարածքների, որոնք մտնում են նշյալ չորս պետությունների կազմի մեջ։ Ակնհայտ է նաև, որ նրանք բոլորն էլ կտրականապես դեմ են իրադարձությունների նման զարգացմանը և ամեն կերպ խոչընդոտելու են դրան, ինչն էլ արել են մի դեպքում՝ տասնամյակների, մյուս դեպքում՝ հարյուրամյակների ընթացքում։ Չնայած տարածված կարծիքին, թե այն հանգամանքի պատճառով, որ քրդական լեզուները և բարբառներն ունեն իրենց քերականական առանձնահատկությունները (երբեմն՝ խիստ զգալի) և լեզվական տարբերությունները քրդական էթնիկ միջավայրում լրջագույն խոչընդոտ են ջանքերի միատեղման ճանապարհին, իրականում դրանք այնքան էլ մեծ չեն՝ փոխըմբռնումը բացառելու համար, մանավանդ բանավոր շփման պարագայում։ Քրդերն իրենք դրանց մեծ նշանակություն չեն տալիս՝ կտրականապես ժխտելով դրանց սահմանազատիչ դերը մեկ էթնոսի շրջանակներում։ Ըստ էության, քրդերին միմյանցից խիստ չի զատում նաև իսլամի տարբեր հոսանքներին պատկանելությունը։ Քրդերը մեծ մասամբ սուննիադավան են, բայց ոչ միայն Իրանում, այլ նաև Թուրքիայի տարածքում էլ ապրում են շիա քրդեր, որոնց առանձին խմբերի սուննի միջավայրում անվանում են նաև ալևիներ։ Սույն պարագայում хндриц առանձնացնում եմ քրդերի էթնոդավանական հատուկ խմբի՝ եզիդներին (մոտ 200 հազ. մարդ), որոնք դավանում են սինկրետիկ բնույթի հատուկ պաշտամունք։

Պատմական տեղեկանքների համաձայն՝ քրդերի ազգածագման օջախը գտնվում է Հյուսիսային Միջագետքում, պատմական և ժամանակակից Քուրդիստանի հենց կենտրոնում։ Այդ գործընթացն սկսվել է մոտավորապես մ.թ.ա. IV հազարամյակում և տևել է ոչ պակաս, քան երեք հազարամյակ, բայց նրանց անմիջական նախնիները՝ իրանալեզու ցեղերը, պատմական ասպարեզում հայտնվել են մ.թ.ա. I հազարամյակի կեսերին։ Ըստ էության, հենց այդ ժամանակ էլ սկսվել է քրդական ազգության էթնիկ համախմբման գործընթացը, որը, որքան էլ չի համապատասխանում պատմության սովորական ընթացքին, երբեք չի կարողացել համախմբվել ազգային պետականության ձևավորման մակարդակի։ Չափից ավելի բարդ և հակասական տարածքում են հայտնվել քրդերն Աստծո կամքով. Մերձավոր Արևելքում իր կենտրոնական աշխարհառազմավարական դիրքի շնորհիվ այդ տարածքը դարձել է անվերջ պատերազմների, քոչվորների թալանչիական ասպատակությունների անփոփոխ թատերաբեմ։ Քրդերը, բնականաբար, միշտ պայքարել են, հակադարձել բոլոր ասպատակություններին, քանիցս փորձել ձևավորել սեփական պետականություն առանձնապես ազդեցիկ ցեղերի հիման վրա, բայց քրդական ոչ մի դինաստիա երկարակյաց չեղավ և չկարողացավ իրեն ենթակա տարածքը վերածել քրդական պետականության ազգային օջախի։ Քրդերի հույսերը, կարելի է ասել, խորտակեց Օսմանյան կայսրությունը՝ XVI դարասկզբին զավթելով ողջ արաբական Արևելքը (իսկ այնուհետև նաև Արևմուտքը)։ Օսմանցիների և Իրանի միջև էլ, որտեղ Սեֆյանների շիական արքայատոհմը միավորել էր ողջ երկիրը, կիսեցին Քուրդիստանի տարածքը, որի մոտավորապես 2/3-ը բաժին ընկավ 1514-ին պարսիկներին ջախջախիչ պարտության մատնած թուրքերին։ Այսպիսով, տեղի ունեցավ Քուրդիստանի տարածքի առաջին բաժանումը թուրք-իրանական սահմանագծով, որն այդ ժամանակվանից ի վեր այնքան էլ չի փոփոխվել, չնայած Օսմանյան կայսրությունը և Իրանը վերջին չորս հարյուրամյակների ընթացքում անվերջ մարտնչել են միմյանց հետ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս տարածքի (որը բոլոր ուղղություններով էքսպանսիայի ուղիներ էր բացում) հանդեպ լիակատար գերիշխանության համար։ Տարածքն ինքն էլ բնական ամրոց էր լեռնային ռելիեֆի և ռազմաշունչ բնակչության շնորհիվ։

Որևէ արդյունք, ինչպես ասում են, ձեռք չբերվեց, իսկ ահա քրդերի ազգային զարգացմանը վիթխարի, եթե չասենք՝ անշրջելի վնաս հասցրին։ Քրդերի՝ XVIII դարավերջին - XIX դարասկզբին հաճախակիացած ապստամբությունները քիչ է ասել, թե որևէ արդյունքի չհանգեցրին, այլև Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցավ Քուրդիստանի երկրորդ խոշոր բաժանումը։ Անտանտի տերությունները վերաձևեցին Օսմանյան կայսրության (որը մտնում էր պարտված Քառյակ միության մեջ) ասիական տիրույթները, այդ թվում և նրան պատկանող Քուրդիստանի հատվածները։ Նրա հարավային մասը (Մոսուլի վիլայեթը) ընդգրկվեց Իրաքի կազմի մեջ, որի հանդեպ մանդատն ստացավ Անգլիան, հարավարևմտյանը (թուրք-սիրիական սահմանագծով) մտավ Սիրիայի կազմի մեջ՝ Ֆրանսիայի մանդատի ներքո։ Այսպիսով, Քուրդիստանի մասնատումը կրկնապատկվեց, ինչը զգալիորեն բարդացրեց քրդերի ինքնորոշման պայքարը և նրանց տարածքների աշխարհաքաղաքական դրությունը դարձրեց ավելի խոցելի։ Անհաջողություն կրելով նաև անցած դարի 20-30-ական թթ. ապստամբությունների ժամանակ՝ քրդերը, թերևս, միակ ճիշտ եզրահանգումն արեցին. «հարել» այդ պահին ուժի աշխարհաքաղաքական կենտրոններին՝ ԽՍՀՄ-ին և ԱՄՆ-ին։ Ներքին ինքնակազմակերպման առումով վերակողմնորոշումը գերտերությունների հանդեպ շատ բան տվեց քրդերին, բայց հիմնական հարցն այդպես էլ չլուծվեց։ Այնուհետև թե՛ ԽՍՀՄ-ը քրդերի «ժամանակը չուներ», թե՛ երկիրն առհասարակ «վերացավ»։

Ջանքերն ակտիվացնելու նոր տեսական հնարավորությունն ի հայտ եկավ Մերձավոր Արևելքում «արաբական գարնան» հետ, որը բնավ ոչ գարնան պես մեկը մյուսի հետևից ոչնչացրեց պետություններն ու դե-ֆակտո ջնջեց սովորական սահմանները դրանց միջև։ Բռնկվեց մեծ պատերազմ, որի ժամանակ հիանալի ռազմիկ համարվող քրդերը չէին կարող պահանջված չլինել։ Եվ ահա սկսեցին համաշխարհային ու տարածաշրջանային տերությունները խաղեր տալ նոր ալգորիթմով՝ մասնակցություն խոստումների փոխարեն։ Բավական ինքնատիպ դիրքորոշում, միանգամայն հասկանալի պատճառներով, որդեգրեց Թուրքիան՝ ջանալով բաժանել քրդերին, պառակտում մտցնել միևնույն ժողովրդի տարբեր մասերի միջև՝ դրանում տեսնելով քրդերի՝ միասնական ճակատով հանդես գալը կանխելու միակ միջոցը։ Բարեկամանալով իրաքյան քրդերի հետ՝ Անկարան տարիներ շարունակ փաստորեն դանդաղընթաց քաղաքացիական պատերազմ է վարում քրդերի հետ իր տարածքում և փորձում է ուղղակի բնաջնջել սիրիական քրդերին։ Այլ հարց է, որ նշված ուղղություններից ոչ մեկում Թուրքիայի հաջողությունները, մեղմ ասած, չեն տպավորում։Քրդական հարցը նորից սկսեց ուժգին արծարծվել այն բանից հետո, երբ Իրաքում քրդական ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանիի հետ ծանրակշիռ քրդական քաղաքական գործիչների բանակցություններից (Էրբիլ) հետո տեղեկություններ հայտնվեցին սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին։ Հարկ է նշել, որ նման հնարավորության մասին Իրաքում քրդական ինքնավարության առաջնորդ Բարզանին հայտարարում էր դեռևս 2014թ. ամռանը՝ ԻԼԻՊ արգելված ահաբեկչական կազմակերպության Իրաք ներխուժելու հետ կապված։ Մասուդ Բարզանին այն ժամանակ պաշտոնական Բաղդադին մեղադրեց ցրվածության և անվճռականության մեջ և խոստացավ, որ անկախության հանրաքվեն տեղի կունենա ԻԼԻՊ-ի դեմ (ՌԴ-ում արգելված ահաբեկչական կազմակերպություն) մարտական գործողությունների հաջող ավարտից անմիջապես հետո։

Հավանաբար, Էրբիլում (իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք) համարել էին, որ ԻԼԻՊ-ն արդեն տապալվել է և կարելի է ձեռնամուխ լինել վաղուց մտածված պլանի իրագործմանը։ Այստեղ բոլորը լրջորեն մտահոգվեցին։ Իրաքյան քրդական ինքնավարության տեղում անկախ Քուրդիստանի ստեղծման հավակնությունների մասին հանդուգն հայտարարությունը ստիպեց բոլոր խաղացողներին միացնել երևակայությունը և տենդագին հաշվարկել իրադարձությունների զարգացման հնարավոր տարբերակները։ Այստեղ մտածելու բան կա։ ԱՄՆ-ը, ինչպես հայտնի է, լուրջ ջանքեր է գործադրում իրաքյան Քուրդիստանը սիրիական քրդերի հետ մերձեցնելու համար, որոնք առանց այդ էլ միակողմանիորեն հայտարարել են իրենց ինքնավարության մասին, առայժմ՝ սիրիական պետության շրջանակներում։ Սակայն, նախ, դեռ վերջնականապես չի վերացել ՍԱՀ փլուզման սպառնալիքը, ինչպես դա կուզենային, և երկրորդ՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ սիրիական քրդերը կբավարարվեն ինքնավարությամբ, եթե իրենց եղբայրակիցներն Իրաքում հասնեն անկախության կարգավիճակի։ Իսկ հետո արդեն ի հայտ է գալիս քրդերի հարցը Թուրքիայի տարածքում, որոնց Անկարան առանց այդ էլ մշտապես մեղադրում է Սիրիայի քրդերի հետ սերտ շփումներ ունենալու մեջ։ Եվ Իրանն էլ անհանգստանալու տեղ ունի։

Մանավանդ հիմա, երբ ամերիկյան նախագահը նախաձեռնել է այսպես կոչված համարաբական «արշավ» Թեհրանի դեմ։ Չեմ կարծում, թե Իրանի առաջնորդները խիստ մտահոգված են այս կասկածելի նախագծից՝ էլ ավելի կասկածելի հեռանկարներով, իսկ ահա այն հանգամանքը, որ երկրի ներսում քրդական խաղաթուղթը կարող է խաղարկվել իրավիճակը ապակայունացնելու համար, լրջորեն մտածել է տալիս։ Արժե՞ արդյոք ասել, որ ոչ Բաղդադում, ոչ Դամասկոսում ոչ ոք չի ցանկանում անգամ քննարկել անկախ քրդական պետության ստեղծման հարցը։ Մոսկվայում և եվրոպական մայրաքաղաքներում նույնպես անհանգստություն է նկատվում իրաքյան Քուրդիստանի առաջնորդների հայտարարության առիթով։ Այստեղ երկյուղում են հենց իրավիճակի անկանխատեսելիությունից, որը որոշակի զարգացման պարագայում կարող է էապես դժվարացնել իրավիճակն առհասարակ տարածաշրջանում։ Վաշինգտոնի պլանը, որն ի դեմս քրդերի այս փուլում դաշնակիցների է տեսնում ահաբեկչության դեմ պայքարում, ըստ էության, պարզ է, քանզի չի փայլում առանձնակի ինքնատիպությամբ. որքան մեծ է պառակտվածությունը Մերձավոր Արևելքում, այնքան ավելի ուժեղ է սեփական ազդեցությունը աջակցության կարիք ունեցող սուբյեկտների վրա։

Ուստի, կարծում եմ, այնքան էլ չեն ընդդիմանա և՛ Իրանի, և՛ անգամ Թուրքիայի փլուզմանը։ Հանձինս մասնատված արաբական աշխարհի, անկայուն և հնարավորինս մասնատված Իրանի և Թուրքիայի գլոբալ առումով կլուծվի Իսրայելի՝ տարածաշրջանում ԱՄՆ գլխավոր դաշնակցի անվտանգության հարցը։ Սաուդցիներին և նրանց դաշնակիցներին Իրանի Իսլամական Հանրապետության դեմ հանելու ձգտումը նույնպես միանգամայն տեղավորվում է այս տրամաբանության մեջ։ Իհարկե, սա երկարատև խաղ է։ Չեմ համաձայնի, թե հենց վաղը-մյուս օրը նոր, էլ ավելի կործանարար պատերազմ կբռնկվի։ Որքան էլ էմոցիոնալ մակարդակով աջակցվի քրդերի՝ ի վերջո պետականություն ձեռք բերելու ձգտմանը, պետք է հստակ հասկանալ, որ քրդերից բացի դա ոչ մեկին ոչ միայն պետք չէ, այլև ուղղակի հակացուցված է։ Ուստի, չի կարելի բացառել միջնաժամկետ հեռանկարում ամենաանհավանական դասավորությունների հնարավորությունները, որոնք դեռ բոլորովին վերջերս կարող էին նոնսենս թվալ, բայց դաժան իրականությանը դեմ-հանդիման լիովին կարող են իրականություն դառնալ։ Եվ Վաշինգտոնն էլ կարող է նորից մտափոխվել, Ռուսաստանը նույնպես դեռ չի ասել վերջին խոսքը և, ամենայն հավանականությամբ, չի ասելու մինչև այն պահը, երբ «չասելը» ավելի շահավետ չի լինի, քան «ասելը»։ Չէ՞ որ Բարզանիի նախաձեռնության և իրական Քուրդիստանի ստեղծման միջև, ինչպես ասում են, երկու մեծ տարբերություն կա։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ի՞նչ կարող է անել մեր երկիրն այս ահավոր խճճված և բարդ շախմատի տախտակին։ Թերևս, «դուրս չցցվել», հանգիստ ու շարունակաբար ամրապնդել երկրի պաշտպանունակությունն ու արագացված տեմպերով զարգացնել տնտեսությունը։ Ցանկացած, անգամ ամենաանբարենպաստ դասավորության պարագայում, նրանց հետ ավելի հեշտ կլինի, քան առանց նրանց։

Աշոտ Անտինյան 

13․06․2017


61797





Գլխավոր լուրեր