Երկակի ստանդարտնե՞ր


19-04-2017 15:57:17

Հարց․ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երկօրյա աշխատանքային այց է կատարել Աբխազիա՝ տեղի իշխանությունների հետ քննարկելու երկկողմ հարաբերությունները և Աբխազիայի միջազգային դիրքերի ամրապնդումը: Կարող է արդյո՞ք այդ այցը, նպաստել նաև Լեռնային Ղարաբաղի միջազգային դիրքի ամրապնդմանը և միջազգային ճանաչմանը:

Պատասխան. Պաշտոնական Թբիլիսիի արձագանքը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Սուխում այցելությանը, ըստ էության, ավելի քան կանխատեսելի է։ Նախապես հայտարարվել էր, որ ապրիլի 18-ին և 19-ին Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով լինելու է Աբխազիայում, որտեղ մասնակցելու է ՌԴ դեսպանության շենքի նոր համալիրի բացման հանդիսավոր արարողությանը, ինչպես նաև Աբխազիայի ղեկավարության հետ քննարկելու է համագործակցության հեռանկարներն անվտանգության ոլորտում։ Մասնավորապես, քննարկվելու է «դիմակայությունը միջազգային ասպարեզում վրացական դիվանագիտության առճակատման քայլերին և Վրաստանի ռազմականացմանը՝ ՆԱՏՕ-ի հետ նրա փոխգործակցության համատեքստում»։ Ոչ ոք պատրանքներ չուներ էլ այն հաշվով, թե ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի այցը Թբիլիսիում խանդավառությամբ կընդունեն։ Վրաստանը չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը և առաջվա պես դրանք իր տարածքի մաս է համարում։ Այլ տեսակետի է Ռուսաստանը։ ՌԴ ԱԳՆ-ում հիշեցրել են. «Ընդունելով Աբխազիայի անկախությունը 2008թ.՝ Ռուսաստանը հանդես եկավ որպես անկախ պետություն նրա գոյության և աբխազ ժողովրդի խաղաղ ապագայի երաշխավորի դերում։ Մեր միջպետական հարաբերություններն առաջանցիկ տեմպերով զարգանում են դաշնակցության և ռազմավարական գործընկերության հիման վրա»։

Սա Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի արած արտահայտությունների պատասխանն է, ով Լավրովի այցը Սուխում անվանել է «սադրիչ քայլ» և հիշեցրել, որ «միջազգային հանրությունը միանշանակ պաշտպանում է Վրաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»։ Իր հերթին, Վրաստանի կառավարության՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ասել է, որ ռուսաստանյան դիվանագիտության ղեկավարի այցը «պետական ինքնիշխանության կոպիտ ոտնահարում է»։ Մոտավորապես նույն ոգով է հանդես եկել նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ նշելով, որ Ռուսաստանի գործողությունները տարածաշրջանում մտահոգիչ են, իսկ օտարերկրյա դիվանագետների ցանկացած այցելություն և Վրաստանի տարածքում ցանկացած ներկայացուցչության գործունեություն հնարավոր են միայն վրացական իշխանությունների համաձայնությամբ։

Վրաստանի նախագահը հավելել է, որ Թբիլիսին «Ռուսաստանին կառուցողական երկխոսության կոչ է անում և ցանկացած հարց դիվանագիտական հարթությունում դիտարկելու պատրաստակամություն է հայտնում»։ Վրաստանի ԱԳՆ հայտարարությունում միջազգային իրավունքին հղումների պակաս չի զգացվում՝ դրանք հարգելու կոչերով հանդերձ, բայց, իհարկե, բառ անգամ չկա, թե այդ որ միջազգային նորմերի հիման վրա էր երկրի այն ժամանակվա նախագահը հրամայել հրետանային զարկերով ոչնչացնել Ցխինվալի (Հարավային Օսիա) բնակիչներին։ Պատճառահետևանքային կապերի մասին, հասկանալի է, նույնպես ոչ ոք չի հիշում, հավանաբար՝ այն հաշվարկով, որ անցած գրեթե 10 տարիների հեռվից և ներկա քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում շատ ավելի նախընտրելի է այս ամենն այնպես մատուցել, թե, իբր, Ռուսաստանը ներխուժել է Վրաստանի տարածք և զավթել նրա տարածքի մի մասը։

Սաակաշվիլու՝ հարավօսական հարցը օսերի ոչնչացմամբ կամ վտարմամբ փակելու ծրագրի (ինչը խիստ նման է «ցեղասպանություն» սահմանմանը), ինչպես նաև այն մասին, որ վրաց-աբխազական պատերազմներ որոշակի պարբերականությամբ բռնկվում էին 18-րդ դարի կեսերից ի վեր, բնական է, այնքան էլ հարմար չէ հիշել։ Ավելի հեշտ է ամեն բան բարդել «մեծ» հարևանի ուսերին, որին այսպես կոչված միջազգային հանրությունն արդեն այնքան մեղքեր է վերագրել, որ Կովկասի բոլոր խնդիրները նրան չվերագրելն, ինչպես երևում է, ինքնըստինքյան մեղք կհամարվեր։ Շատ երկրների, այդ թվում և Վրաստանի համար «Ռուսաստանից նեղացածի» դերում հանդես գալը շահավետ է համարվում, գոնե Աբխազիայի և Հարավային Օսիայի խնդրի հանդեպ միջազգային հանրության հետաքրքրությունը վերադարձնելու տեսակետից։

Ուրեմն, ինչո՞ւ չորսալ «Ռուսաստանն ագրեսոր է» մեյնսթրիմը։ Կարծում եմ՝ Թբիլիսիում կա այն ըմբռնումը, որ, չնայած Լավրովի այցի հայտարարված նպատակին (Սուխումում դիվանագիտական համալիրի բացում), սա նաև կարող է «ծածուկ» ռուսական գազն առաջիկա ապագայում գնելուց հրաժարվելու Վրաստանի հայտարարության պատասխանը լինել։ Հայտարարե՞լ է արդյոք Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Քալաձեն վրացական ղեկավարության հաստատ մտադրության մասին, թե՞ տեղեկատվական դաշտ «բադիկ» է նետվել՝ ըստ էության ուղղված ներքին լսարանին, ցույց կտա ժամանակը, բայց ակնհայտ է, որ ռուսական կողմին դա չէր կարող չանհանգստացնել։ Հազիվ թե Ռուսաստանն ուզենա վտանգել «Հյուսիս-Հարավ» (Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան) էներգետիկ միջանցքի ստեղծման նախագիծը, ուստի, Լավրովի այցն Աբխազիա կարելի է դիտարկել նաև որպես նման զարգացումը թույլ չտալու դիվանագիտական ահազանգ։

Ինչ վերաբերում է Աբխազիայի և Լեռնային Ղարաբաղի իրավիճակների միջև զուգահեռներին՝ դրանց միջազգային ճանաչումը խթանելու իմաստով, դրանք տեղին չեմ համարում։ Միանգամայն տարբեր երկու իրավիճակ՝ տարբեր նախապատմությամբ և անգամ տարբեր իրավավիճակով։ Եթե Աբխազիայի համար, անգամ չնայած այն բանին, որ նրա անկախ կարգավիճակը, Ռուսաստանից բացի, ճանաչել է ՄԱԿ անդամ ևս երեք պետություն, միակ հարթակը (որն ըստ էության վաղուց մոռացված է բոլորի կողմից), որտեղ Աբխազիան կարող է ներկայացնել իր շահերն այլ երկրների առջև, մնում են Ժնևյան բանավեճերն Անդրկովկասի վերաբերյալ (բանակցային հարթակն ստեղծվել է 2008թ.՝ Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի և նրա ֆրանսիացի պաշտոնակից Նիկոլա Սարկոզիի ձեռք բերած պայմանավորվածությունների հիման վրա), ապա ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով արդեն երկու տասնամյակ հաստատուն զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների գլխավորությամբ։

Այլ հարց է, թե որքան հաջող, բայց հարթակն, այնուամենայնիվ, գոյություն ունի։ Իսկ Աբխազիայի, ինչպես նաև Հարավային Օսիայի դեպքում նրանց անվտանգության միակ երաշխավորը Ռուսաստանն է, ընդ որում՝ դեռևս այն ժամանակներից, երբ նրան նման մադատով օժտել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդը։ Աշխարհում այլ աբխազական պետություն չկա, որը հանդես կգար իր ժողովրդի մի մասի շահերի պաշտպանի դերում, ինչպես Լեռնային Ղարաբաղի դեպքում Հայաստանի Հանրապետության հուսալի պաշտպանությունն է։ Մեկ այլ ասպեկտ. եթե Աբախզիայի և Հարավային Օսիայի համար, որպես վերջնատարբերակ, տեսականորեն դիտարկվում է Ռուսաստանին միանալը, ապա Լեռնային Ղարաբաղի համար դա անգամ չի քննարկվում, ինչի առնչությամբ վերջինի հանդեպ բնավ կիրառելի չէ «ռուսական ագրեսիայի օբյեկտ» կլիշեն։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հանդեպ Հայաստանի ագրեսիայի մասին խոսակցություններին, հասկանալի է՝ դրանք ակտիվորեն արծարծվում են, բայց ոչ ոքի չեն տպավորում և տեսանելի ապագայում որևէ հետևանք չեն խոստանում։

Կարելի է անվերջ վիճել ազգի ինքնորոշման և տարածքային ամբողջականության իրավունքների հարաբերակցության շուրջ, բանավիճել «դրանցից որին տալ գերակայությունը» թեմայով, բայց այդ ամենն ավելի շատ նման է ակադեմիական դիսկուրսի, քան թե գործնական նշանակություն ունենալուն։ Այն դարաշրջանում, որին շատ փորձագետներ տվել են «հետիրավական շրջան» անվանումը, երբ միջազգային իրավունքը տասնյակ անգամներ ոտնահարվել է լայնքով ու երկայնքով, երբ ամեն քայլափոխի խախտվում են գրված կանոնները, հարցերը լուծվում են անկախության, հեգեմոնիայի, ազդեցության, անվտանգության ու նման այլ բաների «փաստացի պաշտպանության» սկզբունքով։ Եթե կա սեփական իրավունքը պաշտպանելու հնարավորություն, նշանակում է՝ այն ընդունվում է միջազգային հանրության կողմից, իսկ եթե չկա՝ քեզ անմիջապես քո տեղը ցույց կտան։ Մեղմ ասած՝ իրավիճակն այնքան էլ խոստումնալից չէ և, միաժամանակ, բավական վտանգավոր։ Բայց այսպիսին են մեր ժամանակների իրողությունները, և պետք է ելնել սրանից։ Փիլիսոփաները պնդում են, որ կանոնների բացակայությունը նույնպես կանոն է։ Միայն թե պետք է ժամանակին դա ընկալել։

 

Աշոտ Անտինյան 

19․04․2017


2244





Գլխավոր լուրեր