Չեմ կարծում, թե հանրաքվեով որոշվել է Թուրքիայի հետագա ուղեգիծը


18-04-2017 14:00:42

Հարց. Սահմանադրական ռեֆորմը Թուրքիայում արժանացել է մեծամասնության հավանությանը։ Ի՞նչ կարելի է սպասել առաջիկայում, ինչպե՞ս դա կանդրադառնա Էրդողանի վարած քաղաքականության վրա։

Պատասխան. Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնած սահմանադրական հանրաքվեն, որի էությունն այն էր, որ Թուրքիայի քաղաքացիները տային իրենց համաձայնությունը երկրի խորհրդարանական կառավարումից նախագահականի անցմանը, կայացել է։ Նշենք, որ Թուրքիայում խորհրդարանական կառավարում սահմանվել էր դեռևս ХХ դարասկզբին, Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքի օրոք, որը համարվում է աշխարհիկ պետության հիմնադիրը Օսմանյան կայսրության փլատակների վրա։ Ձայների նախնական հաշվարկով (86% մասնակցության պարագայում) քաղաքացիների 51,18%-ը կողմ է եղել նախագահի առաջարկած ռեֆորմին, 48,82%-ը դեմ է քվեարկել։ Ընդ որում՝ Թուրքիայի ապագայի մասին Էրդողանի հայացքները չեն կիսում երկրի հիմնականում խոշոր քաղաքների (Անկարա, Ստամբուլ, Իզմիր, Անթալիա և այլն) բնակիչները։

Չնայած աննշան տարբերությանը, որը մոտ է այսպես կոչված վիճակագրական վրիպմանը, նախագահի կողմնակիցների հաղթանակը, անկասկած, կամրագրվի իրավաբանորեն՝ օրենքով նախատեսված ամեն տեսակ վիճարկումների և բողոքարկումների ժամկետի ավարտից հետո։ Իզուր չէ, որ Էրդողանն արդեն հասցրել է շնորհավորել զինակիցներին «ի բարօրություն Թուրքիայի Հանրապետության» ձեռք բերված հաջողության համար։ Ստեղծվել է, սակայն, երկակի իրավիճակ, երբ, մի կողմից, նախագահն ստանում է անսահման իշխանություն, բայց և միաժամանակ բնակչության կեսը դեմ է նման դրվածքին։ Այսօրինակ դեպքերի համար կիրառելի է «հասարակությունը պառակտվել է երկու հավասար մասի» հասկացությունը, ինչը հանգիստ կյանք չի երաշխավորում։

Եթե դրան հավելենք նաև այն հանգամանքը, որ սահմանադրական հանրաքվեի դեմ հանդես է գալիս հասարակության ավելի առաջադեմ, կրթյալ և ազդեցիկ մասը, որի ձեռքում են հիմնականում կենտրոնացած ռեսուրսներն ու կապիտալը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունները (առաջին հերթին՝ քրդերը), ապա Էրդողանի վիճակը դժվար թե նախանձելի անվանվի։ Ահա այսպիսի հաղթանակ՝ ոչ միանշանակ շահաբաժիններով։ Պատահական չէ, որ նախագահի հաղթանակն ուղեկցվում է հիասթափության նոտաներով անգամ նրա կողմնակիցների ճամբարում։ «Կողմ» ձայների 60 և ավելի տոկոս ստանալու ակնկալիքները չարդարացան, ինչն էապես մթագնում է հաջողությունը։ Շատ փորձագետներ կարծում են, որ հասարակության կեսին զայրացնող գործոն է դարձել կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցության դաշինքը Դևլեթ Բահչելիի «Ազգայնական շարժում» կուսակցության հետ։ Շատերին զգուշանալու առիթ է տվել այն, որ փափուկ իսլամիզմի և ազգայնականության սինթեզի հետևում երևում են նեոօսմանականության վատ թաքնված ուրվագծերը։ Այս մասին էր անընդհատ ահազանգում Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը, որին հաջողվեց համախմբել պետության աշխարհիկ հիմքերին հավատարիմ ընտրազանգվածին։

Ի՞նչ կարող է հետևել սահմանադրական բարեփոխման հանրաքվեում տարած «հաղթանակին»։ Հարկ է ընդգծել, որ հանրաքվեից հետո երկիրը մտնելու է նոր, ոչ պակաս կարևոր շրջափուլ, և դա ընտրականն է։ Փոփոխությունները Սահմանադրությունում պետք է լիարժեք ուժի մեջ մտնեն 2019թ. նախատեսված խորհրդարանական և նախագահական ընտրություններից հետո։ Կկարողանա՞ արդյոք պառակտված հասարակությունում թուլացած, բայց ֆորմալ հաղթանակ տարած Էրդողանը պահել վերահսկողությունն այդ գործընթացների հանդեպ. սա է գլխավոր ինտրիգը։ Թուրքիայի նախագահի ձեռքին մինչև հանրաքվեն էլ բավական իշխանություն կար, երբեմն՝ ի խախտումն գործող Սահմանադրության, որպեսզի միանձնյա կարևոր որոշումներ ընդուներ երկրի արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ։

Բայց դա չէր խանգարում, որպեսզի նրա վարկն ընկներ հասարակության աչքում։ Հանրաքվեի արդյունքներից արտաքին և ներքին հարթություններում գոյություն ունեցող խնդիրները չեն վերացել, գուցե նույնիսկ խորացել են հասարակության ակնբախ բևեռացման ֆոնին։ Փոխհարաբերություններն ԱՄՆ-ի, Եվրամիության, Ռուսաստանի հետ, որոնք, մեղմ ասած, լարված են թուրք առաջնորդի փոփոխական քաղաքականության պատճառով, գուցե էլ ավելի բարդանան, և դա իր հերթին կազդի սիրիական կարգավորման հարցում Թուրքիայի խուսանավելու հնարավորության վրա։ Ավելի քան հրատապ է քրդերի խնդիրը, որոնց անջատողական տրամադրություններն արտաքին պարագծով դյուրինությամբ կարող են պայթյուն առաջացնել հենց Թուրքիայում, ակտուալ է հանրապետության վրա ահաբեկչական հաճախակի գրոհների խնդիրը, որոնք խաрхлум են երկրի զբոսաշրջային արդյունաբերության հիմքերը և այլն։

Այս ամենը կա և դեռ երկար է լինելու՝ անկախ Թուրքիայի Հանրապետության նախագահի լիազորությունների կառուցվածքից։ Ըստ էության, գալիք ընտրություններին Էրդողանը պատրաստվելու է արդեն հիմա, և հնարավոր ուղղություններից մեկը կարող է դառնալ բռնաճնշումների ուժեղացումը երկրի ներսում։ Հազիվ թե Ռեջեփ Թայիփ Էրդողանը դիտարկի այն տարբերակը, թե ընտրություններում Թուրքիայի ամենակարող նախագահ (շատերը նրան անգամ նոր սուլթան են անվանում) կարող է դառնալ մեկ ուրիշը։ Ուստի, հանրաքվեում ամրագրված համամասնությունը (մոտավորապես հավասարություն) անթույլատրելի ռիսկ է նրա համար։ Թե ինչպես է Թուրքիայի նախագահը կարողանում «լուծել» ընդդիմախոսների հարցերը՝ մենք բոլորս տեսանք, հատկապես անցած տարվա ամռանը չկայացած հեղաշրջումից հետո։

Հավանաբար, նման հեռանկարն էլ հենց մտահոգում է եվրոպացիներին առաջին հերթին։ Իհարկե, սկզբնական շրջանում։ Հասկանալի է՝ Եվրոպային ամենից շատ հուզում է ուժեղ իսլամիստական Թուրքիայի կայացումն իր քթի տակ։ Իսկ նման զարգացում թույլ չտալը, սովորաբար, սկսվում է Թուրքիայի ներսում աշխարհիկ ընդդիմությանն աջակցելուց։ Մոտավորապես այս ոգով են հանրաքվեի արդյունքների վերաբերյալ հանդես եկել և՛ ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, և՛ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները; Ինքնին հատկանշական է նաև շրջապատող աշխարհի արձագանքը. հաջող հանրաքվեի կապակցությամբ Թուրքիային շնորհավորել են առայժմ միայն Ադրբեջանը, Պակիստանը, մեկ էլ Իրանը, բայց լոկ ԱԳՆ մակարդակով։

Ի դեպ, թուրք առաջնորդից կարելի է և տրամագծորեն հակադիր քայլեր ակնկալել։ Այդ փորձով էլ է աչքի ընկել. անհրաժեշտության դեպքում արագ ընդհանուր լեզու գտնել գրեթե բոլորի, այդ թվում և ներքին ընդդիմության ու անգամ քրդերի հետ։ Սկզբունքորեն, նման մարտավարությունն, իհարկե, ժամանակավոր է և համապատասխանում է նրա անձնական շահերին։ Ամրացնել դիրքերը, հասնել ցանկալի արդյունքի և հետո միայն ձեռնարկել սեփական պլանի իրագործումը լրիվ ծավալով։ Էրդողանի համար դժվար չի լինի հիմնավորել նման մարտավարությունը։ Փաստարկներ կարող են ծառայել պատմական էքսկուրսները՝ ցույց տալու համար, որ ցայժմ ռազմական բոլոր հեղաշրջումները դրված են եղել նախորդ Սահմանադրության հիմքում, իսկ իրականացվել են բացառապես օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների «մատուցմամբ», որոնք այդ կերպ Թուրքիային թելադրել են իրենց տեսլականը երկրի ապագայի մասին։

Էրդողանի հռչակած ինքնուրույն, ինքնիշխան քաղաքականությունն այն կարգախոսն է, որն ախորժելի է քաղաքացիների ականջին։ Ընդ որում՝ բնավ պարտադիր չէ, որ նա հրապարակավ հրաժարվի եվրոպական կողմնորոշումից, բավական կլինեն զգուշություն ցուցաբերելու և չշտապելու կոչերը։ Այլ հարց է, որ ոչ ոք Թուրքիային շտապ Եվրոպա չի էլ հրավիրում, բայց այստեղ բանը նախաձեռնությունը վերցնելն է։ Եվ աշխարհիկ սկզբունքներից հրաժարվելու մասին նույնպես այս փուլում բնավ պարտադիր չէ բարձրաձայնել, իմաստ չկա։ Սողացող իսլամացումը նույնպես շատ հարմար է իрական նպատակներին հասնելու համար։ Անձամբ ես այն տպավորությունն եմ ստացել, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար սկզբունքային է միայն մի բան. դառնալ Թուրքիայի այնպիսի կառավարիչ, որն ի զորու կլինի պատմականորեն մթագնել Աթաթյուրքի փառքը, դառնալ ազգի՝ բոլորի կողմից երկրպագվող և անվերապահ հեղինակություն վայելող նոր հայրը։ Մնացած ամեն ինչ, ըստ իս, գերագույն նպատակին հասնելու միջոցներն են։

Եթե հանգամանքներն այնպես դասավորվեն, որ ավելի շատ լինեն որպես մեծ դեմոկրատ ու բարեփոխիչ, Թուրքիան Եվրոպա տարած գործիչ հիշվելու շանսերը, ապա Էրդողանը կգնա այդ ճանապարհով։ Իսկ եթե զգա, որ պատմության մեջ կարելի է մնալ միայն Օսմանյան կայսրության ժամանակների մեծ սուլթանի կերպարով՝ աչքն անգամ չի թարթի և կընտրի այդ ճանապարհը։ Ուստի, չեմ կարծում, թե հանրաքվեն որոշել է Թուրքիայի հետագա ուղեգիծը։ Այն դեռ շատ անգամներ արմատական փոփոխությունների և մարտավարական ճշգրտումների կենթարկվի, սրանով էլ պետք է առաջնորդվել՝ Ակարայի հետ միայն մարտավարական համագործակցության, բայց ոչ երբեք ռազմավարական գործընկերության մեջ գտնվելով։

 

Աշոտ Անտինյան

18․04․2017


2186





Գլխավոր լուրեր