Սառչող հարաբերությունների երկխոսությունը


13-04-2017 16:13:14

Հարց․ Ռուսաստան այցելած ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Մոսկվային ուլտիմատում ներկայացրեց: Մոսկվան պետք է ընտրի ԱՄՆ-ի և Բաշշար Ասադի միջև: Ի՞նչ կարելի է ակնկալել Թիլերսոնի այցից, և ի՞նչ ընտրություն կանի Ռուսաստանը: 

Պատասխան. Նախ՝ ուզում եմ տարակուսանք հայտնել այն առիթով, թե ինչ սրբազան նշանակություն էր տրվում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի այցելությանը Մոսկվա. երկխոսության մեկնարկի կամ այն շարունակելու սովորական ընթացակարգը բարձրացվում էր մի ինչ-որ աներևակայելի, արտաքո կարգի երևույթի աստիճանի։ Այնինչ, միանգամայն ակնհայտ է, որ Մոսկվայի և վաշինգտոնյան նոր վարչակազմի միջև շփումները վաղ թե ուշ պետք է սկսվեին. սկզբում արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով, հետո՝ ավելի բարձր։ Կարծում եմ, պաշտոնական շփումն անհամեմատ ավելի վաղ տեղի կունենար, եթե Դոնալդ Թրամփն ու նրա թիմը ստիպված չլինեին արհեստականորեն հետաձգել ժամկետները՝ ցուցադրաբար շփումից խուսափելով, Կրեմլի հետ կապերը հերքելու նպատակով։ Հասկանալի է, որ ըստ էության դա չի բխում երկու տերությունների շահերից, սակայն Սպիտակ տան նոր տերը նաև չէր կարող հաշվի չառնել ներքին կոնյունկտուրան։

Այլ բան է, որ պետքարտուղարի այցին նախորդել են մի շարք տագնապալի իրադարձություններ, որոնք, անկասկած, էապես բարձրացրել են առաջին լուրջ շփման նշանակությունը։ Ըստ էության, այդ իրադարձություններն էլ հենց ստեղծել են որոշակի մթնոլորտ, որը հանգեցրել է տարբեր, այդ թվում և ամենաֆանտաստիկ մեկնությունների։ Հավանաբար, դժվար է այդ իրադարձությունները շարքային, առօրեական համարել, դրա համար էլ դրանց տրվող արձագանքը բացատրելի է։ Բայց ոչ բոլորը։ Ահա կարճ թվարկումն այն ամենի, ինչը նախորդել էր Թիլերսոնի Մոսկվա այցելությանը։ ԱՄՆ-ը ապրիլի 7-ին Միջերկրական ծովի ջրավազանից թևավոր հրթիռներով ռմբակոծեց սիրիական ռազմական ավիաբազան՝ իր անսպասելի քայլը բացատրելով իբրև պատասխան Իդլիբ նահանգում խաղաղ բնակիչների դեմ իբր Բաշար Ասադի կողմից քիմիական զենքի կիրառման։ Ապացույցներ չեն ներկայացվել, եզրակացություններ անելուց առաջ միջադեպը համատեղ քննելու հորդորները ՄԱԿ ԱԽ-ում մերժվել են, փոխարենը ստացվել է Սիրիայի նախագահի տարածաշրջանային հակառակորդների և որոշ եվրոպական առաջնորդների, ինչպես նաև ԱՄՆ օդիոզ սենատորների և կոնգրեսականների հավանությունը, Թրամփը հանդես է եկել որպես ուժեղ ու վճռական տերության ուժեղ ու վճռական առաջնորդ։

Այս իդիլիայի մեջ, սակայն, անհարմարություն մտցրին Ռուսաստանի և Իրանի կոշտ արձագանքը, Չինաստանի քաղաքավար դատապարտումը և բուն Ամերիկայում հնչող ձայները նախագահի իմպուլսիվ քաղաքականության անթույլատրելիության մասին։ Ավիաբազային հասցված հարվածը գնահատվել է որպես ագրեսիա ընդդեմ ինքնիշխան երկրի, որի համար թույլտվություն չէր տվել ոչ ՄԱԿ-ը, ոչ էլ ԱՄՆ Կոնգրեսը։ Հետո հաջորդեց Մեծ Բրիտանիայի ատրգործնախարար Բորիս Ջոնսոնի Մոսկվա այցելության չեղարկումը, և նրա՝ իբր կոշտ ու սկզբունքային քաղաքական գործիչ ձևանալը չտպավորեց անգամ անգլիացիներին։ Նրան անվանեցին «վաշինգտոնյան պուդել», իսկ քիչ անց հայտնի դարձավ, որ վարչապետ Մեյն այնքան էլ համամիտ չէ իր արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի ռազմաշունչ հռետորաբանությանը և Բորիսին Մոսկվա գնալ «չի թողել» ոչ թե աշխարհաքաղաքական ընդդիմախոսին ինչ-որ բան ցույց տալու նպատակով, այլ այն երկյուղներից ելնելով, թե Ջոնսոնն այնտեղ կարող է «համը հանել»։

Մոսկվան իր հերթին հասկանալ տվեց, որ առանձնապես չի այրվում ստորադասների հետ խոսելու ցանկությամբ, եթե մի երկու օր հետո հնարավորություն է ստեղծվելու խոսել նրանց բոսերի հետ։ Նորին Գերազանցության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի վերջին փորձը՝ նախարարների մակարդակով G7-ի խորհրդաժողովում առաջ տանել Մոսկվայի դեմ պատժամիջոցները խստացնելու գաղափարը, նույնպես շռնդալից կերպով ձախողվեց։ Հատկանշական է, որ եվրոպացիների մեջ, պատժամիջոցների ավանդական հակառակորդ Իտալիայի հետ միասին, Ջոնսոնի առաջարկը կտրուկ մերժեց նաև Գերմանիան։ Զուգահեռաբար դեպի Կորեական թերակղզի ուղևորվեց ԱՄՆ ՌԾՈւ հարվածային խմբավորումը՝ ատոմային ավիակրի գլխավորությամբ, իսկ Պենտագոնում արտահայտվում էին Սիրիային ուղղված հարվածները շարունակելու օգտին։

Ինչպես ասում են, ուժի ցուցադրում բոլոր ճակատներով՝ անխուսափելի քարոզչական ուղեկցությամբ. Թրամփը վճռական հարված հասցրեց Ռուսաստանի հեղինակությանը, Ամերիկան վերադառնում է, Կիմ Չեն Ինի համար շուտով շատ վատ կլինի, Թիլերսոնը գնում է Մոսկվա՝ վերջնագիր ներկայացնելու և այլն։ ՌԴ ԱԳՆ-ն սառնարյուն արձագանքեց այս աղմուկին՝ մի կողմից ընդգծելով երկխոսության կարևորությունը, մյուս կողմից՝ Մոսկվայի հետ վերջնագրի լեզվով խոսելու անհեռանկարայնությունը։

Դե, իսկ պարզունակ այն պնդմանը, թե պետքարտուղարը չի ցանկանում հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ, Կրեմլը պոլիտկոռեկտաբար պատասխանեց, որ Վլադիմիր Պուտինի ժամանակացույցում նման հանդիպում նշված չէ, բայց հնարավոր է, եթե... Իսկ «եթե»-ն բնավ չի նշանակում, որ Թիլերսոնը միտքը կփոխի և ցանկություն կհայտնի։ Չկա այնպիսի պրակտիկա, երբ նախարարը չեղարկի կամ նշանակի հանդիպում նախագահի հետ։ Միջազգային ընթացակարգում միշտ աշխատում է հակառակ տրամաբանությունը, անգամ ամերիկացիների համար, եթե, իհարկե, խոսքն այն երկրների մասին է, որոնք հասկանում են, թե ինչ է ինքնիշխանությունը։ «Եթե»-ն սույն համատեքստում այլ բան է նշանակում. Ռուսաստանի նախագահը կլսի երկու նախարարների զեկույցը, եթե նրանց միջև մինչ այդ կհաստատվի կառուցողական երկխոսություն։ Հենց այսպես, այլ ոչ թե ուրիշ որևէ կերպ, որքան էլ որ սա ոմանց սրտին դուր չգա։

Եվ ահա, ԱՄՆ պետքարտուղարը ժամանեց Մոսկվա։ Արդեն օդանավակայանում ցուցադրվեց ռուս գործընկերների վերաբերմունքը նրա՝ նախորդ օրն արած ոչ այնքան կոռեկտ արտահայտություններին։ ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք դիմավորողների մեջ չնկատվեց։ Հետո արդեն, նայելով հեռուստապատկերն ու լսելով նախարար Լավրովի հետ զրույցի հատվածները, պետք է շատ պայծառ երևակայություն ունենաս, որպեսզի այնտեղ տեսնես հաղթանակած Ռեքսին և վերջնագրի ծանրության տակ կքած Սերգեյ Վիկտորովիչին։ Համոզված եմ, որ ահեղ առաջարկը՝ անհապաղ ընտրություն կատարել Արևմուտքի հետ բարեկամության և Ասադի ռեժիմին աջակցելու միջև, որն այդքան լայնորեն արծարծվում էր նախօրեին, անգամ չհնչեց ոչ դիվանագիտական և սակավարդյունավետ այդ ձևով։

Հանկարծ պարզվեց, որ իրեն՝ ԱՄՆ պետքարտուղարին էր պետք հանդես գալ պարզաբանումներով, այլ ոչ թե խրատել պաշտոնակցին վարժապետի դիրքերից։ Ռուսաստանն իրեն իրավունք վերապահեց ուղղակի հարց տալ. իսկ ո՞րն է ԱՄՆ դիրքորոշումը արդիականության հանապազօր հարցերում, ո՞րն է նրանց շահը, և որո՞նք են այս կամ այն խնդրի համալիր լուծման մոտեցումները։ Ռուսաստանի մոտեցումներն, օրինակ, ձևակերպված են և ներկայացված համաշխարհային հանրությանը՝ դուր են գալիս դրանք, թե ոչ, իսկ ահա ի՞նչ է ուզում Ամերիկան ի վերջո՝ ոչ ոք չգիտի, այդ թվում և ինքը։ Թող ամեն ոք ըստ իր ճաշակի կողմնորոշվի, թե ով ում «խրատեց»։ Հասկանալի է, երկու նախարարների այս առաջին պաշտոնական հանդիպմանը շոշափվել է միջազգային ու երկկողմանի քաղաքականության հարցերի լայն շրջանակ, և դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ հնգժամյա զրույցի ընթացքում ներկայացվել են դիրքորոշումներ կամ գոնե դրանց պարագծերը։

Առաջիկա օրերին շատ պարզաբանումներ և մեկնաբանություններ կլինեն ԱՄՆ պետքարտուղարի մոսկովյան այցելության արդյունքների վերաբերյալ։ Ուշադրություն հրավիրեմ միայն այն բանին, որ նույն օրը երեկոյան Ռուսաստանի նախագահն, այնուամենայնիվ, ընդունեց արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին, հավանաբար՝ հասկանալ տալով, որ գնահատել է նրանց երկխոսության կառուցողականությունը։ Իսկ որոշ արդյունքների թվում պետք է նշել. Թիլերսոնը Մոսկվայում ոչ մեկից չլսեց Ասադին տապալելու պատրաստակամության մասին, այնինչ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համատեղ ջանքերով պայքարել Սիրիայում ահաբեկչության դեմ, հետաքննություն անցկացնել քիմիական գրոհի միջադեպի առնչությամբ։ Մոսկվան պատրաստակամություն է հայտնել վերադառնալ նաև Սիրիայի երկնքում միջադեպերի կանխման հուշագրի վերաբերյալ պայմանավորվածությունների շրջանակ, բայց պայմանով, որ Նահանգները սկզբում բացատրի, թե ինչ նպատակներ է հետապնդում և կոնկրետ ինչ խնդիրներ է լուծում։

Դե, նաև մինսկյան համաձայնությունների տրամաբանությամբ՝ Ուկրաինայի հարավ-արևելքում շարունակվող հակամարտության կարգավորման, դիվանագիտական ճանապարհով հյուսիսկորեական միջուկային ծրագրի խնդրի լուծման հարցերում համակարծիք լինելը և այլն։ Իսկ մինչ Մոսկվայում ռուս-ամերիկյան երկխոսությունն էր հաստատվում, Չինաստանը, համենայնդեպս, Հյուսիսային Կորեայի սահմանի երկայնքով «ձգեց» 150 հազարանոց զորակազմ՝ «ԿԺԴՀ հրթիрամիջուկային ծրագրի խնդրի լուծումն ուժային ճանապարհով անընդունելի է» կարգախոսով, իսկ եթե հանկարծ, ապա՝ «մենք էլ պլոճիկ ունենք»։ Վաշինգտոնում Սպիտակ տան ներկայացուցիչը հանդես եկավ բավական հետաքրքրական հայտարարությամբ. «Մենք չենք ուզում լարվածության սրացում։ Պետքարտուղար Թիլերսոնն այսօր Մոսկվայում է։ Մենք, իհարկե, հասկանում ենք, որ մեզ պետք է երկխոսություն Ռուսաստանի հետ, որ դա շատ կարևոր է։ Մենք նրանց հետ պետք է ուսումնասիրենք, թե որ ոլորտներում կկարողանայինք կոնկրետ համագործակցություն վարել»։

Իր հերթին, Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը նույն օրը կայացած մամուլի ասուլիսում ասաց, որ պատերազմն Ամերիկայի և Ռուսաստանի միջև անհնար է։ ԱՄՆ պաշտպանության նախարարի կարծիքով, չնայած ռուս-ամերիկյան հարաբերությունների վատթարացմանը, լարվածությունը «դուրս չի գա վերահսկողությունից»։ Իսկ ինքը՝ Թրամփը, Մոսկվայում խոսակցության տոնից բավարարվածությամբ կիսվելու պոթկմամբ, բայց և որպեսզի թույլ չտա ոչ ճիշտ մեկնությունների և ավելորդ ռուսասիրության մեջ մեղադրանքների հերթական չափաբաժինը, պետքարտուղարի ճիգերը զուսպ անվանել է «հիանալի աշխատանք»։ Ըստ իս, այս ամենն ավելի իրատեսորեն է բնութագրում իրավիճակը, քան թե լարվածության ուժեղացմանն ուղղված մոլեռանդ քարոզչությունը։ Սա է ռեալ-փոլիթիքը, թեկուզև թեթև անկանխատեսելիության շեշտադրմամբ, իսկ Բորիս Ջոնսոնին (նաև իր հավաքական կերպարով) չես նախանձի։

 

Աշոտ Անտինյան

13․04․2017


2314





Գլխավոր լուրեր