Ընտրությունից հետո «արժանավորներին» չի կարելի նվաստացնել ողորմությամբ, կարելի է առաջարկել, որ հպարտորեն վարկավորվեն


20-03-2017 14:47:26

Հարց. Առաջիկայում Մոլդովան ևս անդամակցելու է ԵՏՄ-ին, որը Ասոցացման համաձայնագիր ունի ԵՄ-ի հետ: Օրերս ԵՄ-ի հետ առանց մաքսային հարաբերությունների Ասոցացման համաձայնագրի բանակցություններ էր վարում Հայաստանի իշխանությունը:  Այս պարագայում Մոլդովան թե Հայաստանը կստանձնի Եվրամիության ու Ռուսաստանի միջև  կապող օղակի դերը, թե պարզապես  Մոլդովան վտանգում է Ասոցացման համաձայնագիրը:

 

Պատասխան․ Սկզբում պարզաբանենք, թե ինչ է իրականում նշանակում անմաքսատուրք առևտուրը Եվրամիության հետ, և ինչն էր դրանում մինչև վերջերս հրապուրում արևելաեվրոպական երկրներին ու հետխորհրդային պետություններին։ Առաջին հայացքից, սպառման թիրախային շուկայում սահմանված մաքսատուրքերի վճարումից ազատված արտահանվող ապրանքներն ունեն պատկառելի մրցակցային առավելություն ի հաշիվ ավելի հրապուրիչ գնի, և դա այդպես էլ կա։ Հիմա պատկերացնենք, թե մի շարք երկրներ, կարևոր չէ՝ որքան՝ 10, 20, 30 և այլն, սպառման միասնական շուկա ստեղծելով, հավասարապես օգտվում են անմաքսատուրք առևտրի բոլոր առավելություններից իրենց տնտեսական միության կամ ընկերակցության շրջանակում։ Իրերի նման դրության պարագայում այդ առավելությունները հարթեցվում են, քանի որ հավասար պայմաններում բոլորի համար որպես կարգավորիչ հանդես են գալիս բացառապես շուկայական մեխանիզմները. ով ավելի որակյալ, ավելի էժան կարտադրի, կապահովի անխափան մատակարարումը և ավելի լավ գնով։ Հասկանալի է՝ խոսք չի կարող լինել որևէ արտոնության և արհեստական մրցակցային առավելության մասին։ Դրանք կրում են բնական բնույթ՝ ապրանքների առանձին խմբերի արտադրության ավանդույթներից, բնական պաշարների առկայությունից, լոգիստիկայի տեսանկյունից՝ հարմար դիրքից ելնելով և այլն։ Ինչպես գիտենք, Եվրոպական միությունը՝ որպես իր անդամների միջև սերտ տնտեսական համագործակցության կազմակերպչական ձև, ստեղծվել է ոչ թե ազատ շուկայի սկզբունքների հիման վրա, երբ ապրանքի գինը որոշում է պահանջարկի և առաջարկի հարաբերակցությունը, այլ վերահսկվող շուկայի սկզբունքներին հենվելով, երբ կարգավորիչը որոշակի գործիքակազմով ազդում է պահանջարկի և առաջարկի այդ նույն հարաբերակցության վրա։ Էությունն այն է, որ պահանջարկը խթանվում է ֆինանսական ներարկումներով (տարբեր նպատակային վարկերի միջոցով), իսկ առաջարկի ձևավորման մեջ գերակա իրավունք են ունենում այն խաղացողները, ովքեր հիմնականում լցնում են այն նույն քեյսը, որով խթանվում է պահանջարկը։ Կարծես թե տրամաբանական է. դաշինքի գծով գործընկերների պահանջարկի անհրաժեշտ մակարդակի ապահովման նպատակով ֆինանսավորում հատկացնելու համար պետք է վաստակել այդ փողերը։ Իսկ այս «արդար» սկզբունքին հավատարիմ մնալու համար հարկավոր են նպատակին հասնելու մեխանիզմներ։ Եվրամիությունն այս խնդիրը լուծում է յուրաքանչյուր երկրի համար անմաքսատուրք առևտրի գոտում այս կամ այն ապրանքի մատակարարման քվոտա սահմանելով։ Ընդ որում՝ իհարկե, պահպանվում է անսահմանափակ քանակությամբ ապրանքներ մատակարարելու հնարավորությունը, բայց արդեն՝ գումարած սահմանված մաքսատուրքերը։ Ստացվում է, որ նույն շուկայում տնտեսվարող սուբյեկտները մրցակցում են միմյանց միջև անհավասար պայմաններում, նշանակում է՝ առանց փոքր տնտեսությունների համար մրցակցությունը շահելու շանսի։ Այսպես կոչված արտոնյալ շուկայի առյուծի բաժինը զբաղեցնում են հենց այն զարգացած տնտեսությունները, որոնք էլ պահում են ինչպես տարբեր վարկային կազմակերպությունները, այնպես էլ ողջ համաեվրոպական վերնակառույցը։ Որևէ մեկը պատրանքնե՞ր ունի այն հարցում, թե ում շահերից է բխում նման համակարգը։ Որևէ մեկը լսած կա՞, թե, իբր, Եվրամիությունը ֆինանսավորել է իր մշտական կամ ասոցիացված անդամների տնտեսության իրական հատվածները։ Չէր էլ կարող լսած լինել, քանի որ դա չի բխում խոշոր խաղացողների շահերից։ Ֆինանսավորվում են սոսկ աջակցությունն ու, այսպես կոչված, բանկային ոլորտի առողջացումը, քաղաքական, դատական և նման բնույթի այլ բարեփոխումները, ենթակառուցվածքներն աշխատանքային վիճակում պահելն ու նաև բնակչության առջև սոցիալական պարտավորությունների կատարումն ազգային պետությունների կողմից։ Դե, իսկ «ֆինանսավորում» ասելով պետք է հասկանալ վարկերի տրամադրումը։ Անվճար ֆինանսավորվում են միայն այն նախագծերը, որոնք ուղղված են Եվրամիության հետ մերձեցման համար հանրային կարծիքը նախապատրաստելուն, այն էլ՝ սկզբնական փուլում։ Հօգուտ եվրաինտեգրման արված ընտրությունից հետո «արժանավորներին» չի կարելի նվաստացնել ողորմությամբ, կարելի է առաջարկել, որ հպարտորեն վարկավորվեն։ Իհարկե, որպես կանոն, ոչ պակաս նվաստացուցիչ պայմաններով, ի հեճուկս երկրի ու նրա բնակչության շահերի, բայց փոխարենը՝ ընտրյալների էլիտար ակումբ մտնելու պատրանքով։ Իհարկե, իրական կյանքում ակումբ մտած շատ երկրներ (ԵՄ անդամներ) շքեղաշուք հաստատության խնջույքների սրահում հայտնվում են միայն սպասարկող անձնակազմի դերում, իսկ ասոցիացված անդամները սոսկ ակումբի հասցեն գիտեն։

Շատ երկրներ սկսում են աստիճանաբար վերանայել Եվրամիության հմայքները, որն ինքն էլ խիստ շեղվել է սեփական նախնական գաղափարախոսությունից և տնտեսական միությունից էլ ավելի շատ է վերածվում զանազան անգետների վրա քաղաքական ազդեցության կենտրոնի։ Բալթիայի երկրները, նույնիսկ իրենց ողջ պարանոիդալ հռետորաբանությամբ հանդերձ, սկսել են հասկանալ, որ ռուսական շուկան իրենց շատ ավելի մեծ հնարավորություններ էր խոստանում, որոնցից զրկվեցին հօգուտ եվրոպական գրանդների ու Բրյուսելում նրանց դրածոների շահերի։ Լեհերն սկսել են արտահայտվել հօգուտ Ռուսաստանի հետ տնտեսական հարաբերությունների վերականգնման, թեև Լեհաստանն այն սակավաթիվ երկրներից է, որը մեծ ներարկումներ և էական արտոնություններ է ստացել ԵՄ-ից։ Հավանաբար, դա բավարար չի եղել, երբ սեփական երկրում ոչնչացվում է տնտեսության իրական սեկտորը և բնակչությունը վերածվում է սպառող հասարակության, ընդ որում՝ պարտքով։ Զարմանալի չէ, որ ԵՄ ասոցիացված անդամները, նայելով կատարվածին, սկսում են մտածել իրենց երկրների ապագայի մասին։ Մոլդովայի կտրուկ շրջադարձը դրա վառ օրինակն է։ Ոչ մի դրական բան այդ երկրին ասոցիացիան Եվրամիության հետ անցած տարիներին չի տվել։ Դա, ի դեպ, միլիոնավոր մոլդավացիների և նրանց նախագահ Իգոր Դոդոնի կարծիքն է։ Հիմա էլ Հայաստանն է ավարտել բանակցությունները Եվրամիության հետ ասոցիացիայի՞, թե՞ համագործակցության մի ինչ-որ նոր ձևաչափի մասին։ Բոլոր նրբություններն առայժմ չգիտենք, միայն ասել են, որ ԵՄ-ը գնացել է աննախադեպ զիջումների և հաշվի է առնում Հայաստանի գտնվելը տնտեսական այլ միությունում։ Տեսնենք, թե ինչի կվերածվի սա արդյունքում, բայց միանշանակ չպետք է առաջ մղվի ի վնաս գործող գործընկերների հետ կայացած կապերի։ Համենայնդեպս, ոչ Մոլդովան, ոչ Հայաստանը, ոչ էլի որևէ մեկը չեն կարող կամուրջ դառնալ ԵԱՏՄ-ի ու ՄՄ-ի և Եվրամիության միջև։ Նախ՝ այն պատճառով, որ դա ոչ մեկին պետք չէ։ Կամուրջներ պետք է գցել երկու պետությունների, բայց ոչ երբեք երկու համակարգերի միջև, որոնք միաժամանակ նաև մշտապես փոխակերպման գործընթացում են գտնվում։ Դիցուք՝ Ռուսաստանը, որը եվրասիական համագործակցության առաջատար անդամն ու նախաձեռնողն է, մշտապես հանդես է գալիս այն դիրքերից, որ շատ ավելի հեռանկարային են երկկողմանի հարաբերությունները Եվրոպայի երկրների, քան թե քաղաքականապես կողմնակալ բրյուսելյան վերնակառույցի հետ։ Բրյուսելը և անգամ ԳԴՀ կանցլերն առիթը բաց չեն թողնում Ռուսաստանին քննադատելու համար և սպառնում են նորանոր պատժամիջոցներով, իսկ, ահա, այդ նույն Գերմանիայի առանձին երկրամասեր (հողեր) տարեցտարի մեծացնում են համագործակցության ծավալները Ռուսաստանի հետ։ Ընդլայնվում է նաև ներդրումային փաթեթը։ Եվրոպական բիզնեսը վաղուց իր համար պարզել է, որ տնտեսական պատժամիջոցները քաղաքական ճնշման գործիք են եվրոպական էլիտայի ձեռքին և ընդհանուր ոչինչ չունեն ир շահերի հետ։

Այնքան էլ չեմ հավատում եվրոպական շուկաների գրավչությանը, մանավանդ հետխորհրդային պետությունների համար։ Իհարկե, որտեղ հնարավորություն կա՝ պետք է օգտագործել, առանց մխրճվելու հանդիպակաց պարտավորությունների հորձանուտը։ Իմիջիայլոց, լավ կլիներ, որ նրանք եվրասիական շուկաները յուրացնեին, որտեղ ներկայացված են իրական առավելություններ, և չկան ոչ քվոտաներ, ոչ այլ սահմանափակումներ։ Միակ սահմանափակումը խաղի այն կանոններն են, որոնք նույնն են բոլորի համար։ Իսկ եթե ինչ-որ գրավիչ ապրանք կա էլ, որը Եվրոպայում պահանջված է, այսինքն՝ մրցակցությունից դուրս է, ապա դա կարելի է և մաքսատուրքերով վաճառել՝ գնորդ կգտնվի։ Իսկ եթե եվրոպացիներին հարկավոր է սպառման եվրասիական շուկան, իսկ այն նրանց հաստատ պետք է, թող ներդրումներ անեն այդ թվում նաև Հայաստանում ու արտահանեն «տեղի» արտադրանքը միասնական տնտեսական տարածքի երկրներ։ Այս ուղղությունը Հայաստանի համար ավելի հեռանկարային է, քան պարտավորությունների վագոնին կցված արտոնությունների սայլակը։

Աշոտ Անտինյան

20․03․2017


447





Գլխավոր լուրեր