Շահումով խաղը վերածվեց դիվանագիտական կոնֆլիկտի


17-03-2017 13:52:18

 

Հարց.Թուրք-հոլանդական հարաբերություններում ծագած  դիվանագիտական ճգնաժամը աստիճանաբար վերածվում է համաեվրոպական ճգնաժամի:Ի՞նչ հետևանքներ սպասել ,որքա՞ն կսեղմվի օղակը և հնարավո՞ր է արդյոք, որ Թուրքիան դուրս գա ՆԱՏՕ-ի կազմից:

Պատասխան. Ծայր առած դիվանագիտական կոնֆլիկտի նախապատմությունն այն է, որ թուրք չինովնիկները, ներառյալ՝ նախարարների մակարդակի, ծրագրել էին իրենց հանրահավաքներն անցկացնել Եվրոպայում ապրող թուրքերի մասնակցությամբ՝ Թուրքիայում սահմանադրական բարեփոխում անցկացնելուն ուղղված ագիտացիայի նպատակով։ Գերմանիայի, Ավստրիայի և Նիդեռլանդների տեղական իշխանությունները թույլ չտվեցին նման միջոցառումներ կազմակերպել, ըստ պաշտոնական վարկածի՝ անվտանգության ապահովման դժվարությունների հետ կապված։ Հատկաշնական է, որ կոնֆլիկտը, որը սկիզբ առավ Գերմանիայում, երբ Թուրքիայի նախագահը հանդես եկավ ԳԴՀ-ի դեմ կտրուկ հայտարարությամբ՝ նրան հիշեցնելով անգամ ֆաշիստական անցյալի մասին, այն բանից հետո, երբ Գերմանիայի մունիցիպալ իշխանություններն արգելել էին Թուրքիայի արդարադատության նախարարին հանդես գալ թուրքական սփյուռքի առջև, որևէ կերպ շարունակություն չստացավ հարաբերությունների սրացման ձևով, թեև թվում էր, թե ԳԴՀ թուրքական համայնքն ամենամեծն է Եվրոպայում և նրա ձայնը մեծ հետաքրքրություն է ներկայացնում Թուրքիայի իշխանությունների համար։ Սկանդալն ակնթարթորեն տեղափոխվեց Նիդեռլանդներ, մոտավորապես նույն պատրվակով, թեև սփյուռքը Հոլանդիայում համեմատելի չէ գերմանականի հետ։ Նիդեռլանդական իշխանությունները չեղարկեցին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը։ Համաձայն կառավարական կոմյունիկեի՝ թույլտվությունը չեղարկվել էր «հանրային վտանգի» հետ կապված, որը կրում է թուրքական դիվանագիտության ղեկավարի այցելությունը։ Ինչպես տեսնում ենք, ընտրվել է երկիր մուտքի արգելքի ամենանվաստացուցիչ ձևերից մեկը. նման որոշման մասին նախապես չտեղեկացնել դիվանագիտական խողովակներով, այլ արգելել արտգործնախարարին բերող ինքնաթիռի վայրէջքը։ Սա էլ քիչ է, երկրից էլ արտաքսեցին սոցիալական հարցերի նախարարին՝ նրան «որսալով» Ռոտերդամում Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։ Անկարայի պատասխանը երկար սպասել չտվեց։ Նիդեռլանդների և ընդհանրապես Եվրոպայի դեմ քննադատությամբ հարձակվեց Թուրքիայի նախագահը, Թուրքիայում Նիդեռլանդների դեսպանին արգելեցին արձակուրդից վերադառնալ ծառայության վայր, արգելք դրեցին Նիդեռլանդներից Թուրքիայի օդային տարածքի վրայով բոլոր ինքնաթիռների թռիչքների վրա, որոնցում կգտնվեն այդ երկրի պաշտոնատար անձինք, Թուրքիայի վարչապետը սպառնաց լուրջ պատժամիջոցներով և այլն։ Ինքնահավան Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ինչպես հայտնի է, ավելի հեշտ է հունից հանելը, քան թե հանգստացնելը։ «Ֆրանս-Պրես» գործակալության հեռուստաեթերում Թուրքիայի նախագահը չի երկնչում արտահայտությունների մեջ. «Է՛յ, Ռյուտտե։ Գուցե ձեր կուսակցությունն առաջին տեղն է զբաղեցրել ընտրություններում, բայց դուք պետք է իմանաք, որ դուք կորցրել եք բարեկամական հարաբերությունները Թուրքիայի հետ»։ Դե, հետո էլ ավելի լուրջ բաներ ասաց. թե՛ Նիդեռլանդներն անվանեցին ֆաշիստական երկիր, թե՛ մեղադրեցին 8 հազար բոսնիացիների սպանության, թե՛ մուսուլման կանանց իրավունքների ոտնահարման և այլ մեղքերի մեջ։ Մուրատ Յըլդըրըմի հետ հեռախոսազրույցում Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեի վարանոտ փորձերը՝ տրտնջալ իրադրությունից, խոսել մասնակի թյուրըմբռնման մասին, հավաստիացնել, որ լարվածությունը հարաբերություններում կչեղարկվի, ընդհուպ մինչև «կոլեգայի հետ ճաշելու» առաջարկը, ըստ երևույթին, առայժմ պատշաճ արդյունքի չեն հանգեցրել։ Արդյո՞ք դա նշանակում է, թե երկու երկրների միջև կոնֆլիկտն ավելի կխորանա, իսկ հետո կտարածվի նաև ընդհանրապես Եվրամիության հետ հարաբերությունների վրա. սա, թերևս, այն գլխավոր հարցն է, որն այսօր տալիս են շատերը։ Սկզբում փորձենք հասկանալ, թե ինչ ստացան կողմերը թեկուզև բավական անախորժ միջադեպը մինչև դիվանագիտական կոնֆլիկտի մակարդակի ուռճացնելուց։ Որքան էլ տարօրինակ է, երկու կողմերն էլ շահած դուրս եկան, ընդ որում՝ այնքան ակնհայտորեն, որ անգամ հնչում են ձայներ կատարվածи բեմադրված լինելու մասին։ Նիդեռլանդների գործող վարչապետը, որը նախընտրական քարոզարշավում զիջում էր ընդդիմախոսին՝ ծայրահեղ աջ «Ազատության կուսակցության» առաջնորդ Գերթ Վիլդերսին, հնարավոր է՝ ի հաշիվ Թուրքիայի հանդեպ կոշտ դիրքորոշման ցուցադրման քվեարկությունից մի քանի օր առաջ իր կողմը ներգրավեց աջ կողմնորոշման ընտրազանգվածի որոշակի քանակություն և արդյունքում՝ քվեարկության օրը առաջ անցավ ընդդիմախոսից։ Շահավե՞տ էր արդյոք կոնֆլիկտը Մարկ Ռյուտտեի համար։ Անշուշտ, այո։ Եվրոպացիների թշնամական հարձակումները Թուրքիայի հասցեին և թուրքական իշխանությունների զբաղեցրած կոշտ դիրքորոշումն առաջ են բերել ազգային ինքնագիտակցության տեսանելի աճ թուրքական հասարակությունում, ինչը երաշխավորում է ձայների ավելացում հօգուտ սահմանադրական բարեփոխումների, իմա՝ Էրդողանի իշխանության ամրապնդման՝ որպես թուրք ժողովրդի շահերի հետևողական պաշտպանի։ Սա կարևոր նյուանս է՝ հասկանալու համար, որ արդյունքում՝ կողմերը միմյանց անգնահատելի ծառայություն մատուցեցին, ինչը լավ մենակետ է հարաբերությունների վերալիցքավորման համար։ Չարժե անտեսել և՛ այն հանգամանքը, որ Նիդեռլանդները Թուրքիայի տնտեսությունում խոշոր ներդրողներից մեկն է, և՛ բազմամիլիարդանոց ապրանքաշրջանառությունը երկրների միջև, և՛ նույն ռազմաքաղաքական դաշինքում գտնվելը։ Թեև Թուրքիան վերջին ժամանակներս ազդարարում է, թե ընթանում է համաշխարհային ու տարածաշրջանային քաղաքականությունում երկրի կողմնորոշիչների և դերի վերանայման գործընթաց, Անկարան այս փուլում հաստատ պատրաստ չէ խզել հարաբերությունները ոչ Եվրամիության, ոչ, առավել ևս՝ ՆԱՏՕ-ի հետ։ Բրյուսելն արդեն հանդես է եկել հաշտվելու հորդորով, չեմ բացառում, որ ամերիկացիները ևս կուլիսների հետևում նույն բանն են խորհուրդ տալիս։ Հասկանալի է՝ հարաբերությունները կկարգավորվեն այնքանով, որքանով որ հնարավոր է մեր ժամանակներում, երբ պատրանքներին փոխարինելու են գալիս պրագմատիկ հաշվարկն ու ազգային շահերի գերակայությունը, բայց դա տեղի կունենա, ենթադրաբար, ապրիլին Թուրքիայում անցկացվելիք հանրաքվեից հետո։ Մինչ այդ Էրդողանն անընդհատ պետք է հայրենասիրական տրամադրություններ և ազգային հպարտության զգացում սերմանել երկրում, որոնք սովորաբար զուգորդվում են նրա անվան հետ։ Դե, իսկ Եվրոպան կսպասի, առանց այդ էլ ուրիշ շատ խնդիրներ ունի։ Դեռ պետք է պարզել՝ կհաջողվի՞ արդյոք Ռյուտտեին կոալիցիա ստեղծել նոր կառավարություն ձևավորելու համար (այնուամենայնիվ, 9 տեղ են կորցրել խորհրդարանում), ինչպե՞ս կանցնեն նախագահական ընտրությունները Ֆրանսիայում և այլն։ Մանավանդ որ մինչև հանգստյան սեզոնի բացումը լիովին կարելի է հասցնել հաջողել թուրքական ուղղությամբ։

Աշոտ Անտինյան

17.03.2017


1847





Գլխավոր լուրեր