Պուտինի ուղղակի խոսքը Սերժ Սարգսյանին, և Հայաստանում ԱՄՆ դեսպանի քայլերը ընտրություններից առաջ


16-03-2017 13:46:26

Հարց․ Կրեմլում  Վլադիմիր Պուտինը  ՍերԺ Սարգսյանի հետ հանդիպումը առանձնացրել է նաև Հայաստանում մեծ ներքաղաքական իրադարձությունների նախապատրաստման ֆոնին տեղի ունեցող հանդիպում՝ մասնավորեցնելով Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները: Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ  Հայաստանը Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ կանցնի իր զարգացման այս փուլը: Արդյո՞ք Վլադիմիր Պուտինը  ընտրություններից հետո Սերժ Սարգասյանի հետ է կապում երկողմ հարաբերությունների հետ կապված ծրագրերի իրականացումը:

 

Պատասխան․ Հարցի ենթատեքստը հասկանալի է, մանավանդ որ երևանյան որոշ տեղեկատվական ռեսուրսներում արդեն հասցրել են, մեղմ ասած, յուրովի մեկնաբանել Ռուսաստանի նախագահի խոսքերը Հայաստանի նախագահի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ ասուլիսում։ Թյուր մեկնություններից խուսափելու համար սկզբում բառացի մեջբերեմ հատված Վլադիմիր Պուտինի խոսքից. «Նախագահ Սարգսյանի այցը Մոսկվա տեղի է ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքի համար կարևոր ժամանակաշրջանում։ Ավարտին է մոտենում սահմանադրական բարեփոխումը՝ ուղղված խորհրդարանական հանրապետության ստեղծմանը։ Առջևում Ազգային ժողովի ընտրություններն են։ Գիտեմ, որ Հայաստանի իշխանությունները և Դուք, հարգելի Սերժ Ազատովիչ, անձամբ մեծ ջանքեր եք գործադրում, որպեսզի նախընտրական քարոզարշավը, քվեարկության ընթացակարգը և արդյունքների ամփոփումն անցնեն ազատ և ժողովրդավարական հիմքի վրա։ Կցանկանայի ամենայն հաջողություն ցանկանալ ձեզ այդ գործում։ Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է կայուն, անկախ և դինամիկ զարգացող Հայաստանով»։ Որտե՞ղ է երևում ձևակերպումը, թե, իբր, Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ Հայաստանը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կանցնի իր զարգացման այս փուլը։ Ռուսաստանի նախագահին, անկասկած, քաջ հայտնի է, որ էլի մեկ տարի Սարգսյանը լինելու է Հայաստանի նախագահը, դա նախատեսված է Սահմանադրությամբ, և այնուամենայնիվ, նրա ասածն անգամ այդ տարվա վրա չի տարածվում։ Պուտինը հստակ ներկայացնում է բոլոր փուլերը, որոնք անցնելու համար հաջողություն է մաղթում, ի դեպ, ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլև առհասարակ Հայաստանի իշխանություններին. նախընտրական քարոզարշավ, քվեարկության ընթացակարգ և արդյունքների ամփոփում։ Ուրիշ էլ ո՞վ պետք է կազմակերպի և անցկացնի խորհրդարանական ընտրությունները, եթե ոչ իշխանությունները, ինչպես դա տեղի է ունենում ամբողջ աշխարհում։ Մնացած ամեն ինչ կողմնակալ մարդկանց մտավարժանքն է, որոնց ձեռնտու է ամեն բան այնպես մատուցել, թե, իբր, Ռուսաստանի նախագահը՝ հաջակցություն Սարգսյանի արտահայտած իր մտքերով և հավաստիացումներով, ցանկանում է ազդել Հայաստանում ընտրությունների արդյունքների վրա։ Ընդ որում՝ ըստ նման կեղծարարությունների պատվիրատուների մտահղացման, նպատակին հասնելու համար հարմար է ցանկացած միջոց՝ ընդուպ մինչև բացահայտ սուտը։ Այստեղ բանը Սերժ Սարգսյանը և այն չէ, թե ով և ինչպես է նրան վերաբերվում, այստեղ խոսքը Ռուսաստանի վարած քաղաքականությունը խեղաթյուրելու մասին է։ Մոսկվան քանիցս և ամեն առիթով հնարավորինս հստակ ընդգծում է, որ չի միջամտում այլ երկրների ներքին գործերին՝ լինեն դրանք ընդդիմախոսներ, թե դաշնակիցներ։ Ընդ որում՝ ոչ միայն հայտարարում, այլև հավատարիմ է մնում այդ սկզբունքին այնքան հետևողականորեն, որ անգամ տարբեր բանավիճային հարթակներում իրենք՝ ռուսաստանյան փորձագետներն են դրա համար քննադատում իշխանությանը։ Շատերի կարծիքով՝ Մոսկվայի քաղաքականությունը՝ աշխատել միայն պետությունների իշխանությունների հետ, չի համապատասխանում երկրի շահերին, և հարկ է Արևմուտքի օրինակով վարել փափուկ ուժի կիրառման քաղաքականություն. աշխատանք ընդդիմության հետ, հարմար ֆավորիտների «բուծում», ռուսամետ տրամադրությունների խթանում և ամրապնդում տարբեր ֆոնդերի և ծրագրերի ֆինանսավորման միջոցով և այլն։ Իրավացի են փորձագետները, թե ոչ՝ այլ հարց է, բայց իրական կյանքում բոլորը շատ լավ տեսնում են, որ նման ոչ մի բան որևէ տեղ չի կատարվում, եթե, իհարկե, ականջ չկախես գրեթե ամենուրեք ռուսական միջամտության մասին արևմտյան ագիտպրոպի հեքիաթներին, ընդհուպ մինչև Դոնալդ Թրամփին Օվալաձև կաբինետի բանալիների հանձնումը։ Չես էլ հասկանում, թե ինչն է ավելի շատ շփոթեցնում գլոբալիստների խոսափողներին. որ Ռուսաստանը գահ բարձրացրեց հենց Թրամփի՞ն, թե՞ որ Օվալաձև աշխատասենյակի բանալիներն, ըստ էության, գտնվում են Մոսկվայում։ Ե՛վ ռուս ցանցահենների հետ կապված գեղեցիկ պատմությունն ավարտվեց թեթև ցնցումով, երբ Գերմանիայում բացահայտեցին հաքերների ամերիկյան ընդհատակը, ովքեր դիվանագիտական քողի ներքո աշխատում էին եվրոպական բոլոր երկրների դեմ, և՛ WikiLeaks-ի հրապարակումների պարագայում էլ անհարմար բան ստացվեց։ Տեղեկատվություն հավաքելու և դրա «արտահոսքի» համար, սովորականի պես, կրկին մեղադրեցին Ռուսաստանին, իսկ «խլուրդին« հայտնաբերեցին ԱՄՆ հատուկ ծառայությունների խորքերում։ Այսպիսին է մեր ժամանակը։ Օգտագործել ցանկացած տեղեկատվական պատրվակ հակառակորդին հարված հասցնելու համար, իսկ եթե այն չկա, ուրեմն՝ պետք է հորինել այն մատից ծծելով։ Գլխավորը դրա մասին ասելն է, դեմքի լուրջ արտահայտությամբ և բազմաթիվ անգամ։ Մեկ էլ տեսար՝ մի բան աչքից կվրիպի, ժամանակին չեն հերքի, ուրեմն՝ համաձայն են, հետևաբար՝ այդպես էլ կա։ Պարզունակ տեխնոլոգիա է, բայց որքան էլ տարօրինակ է, առայժմ աշխատում է։ Իհարկե, պակաս արդյունավետությամբ, բայց, դե, աշխատում է։

Սույն պարագայում, որը դիտարկում ենք, թեև դիտարկելու բան էլ չկա, փոքր-ինչ այլ բան է զարմացնում. ստացվում է, որ Վլադիմիր Պուտինը խորապես շահագրգռված է Հայաստանում իշխանության ղեկին Սարգսյանի մնալով։ Համադրելով մասշտաբները, թափը և մնացած ամեն բան, այդ թվում և այն հանգամանքը, որ արևմտյան տարբեր թաբլոիդներ Պուտինին համարում են ամենաազդեցիկ քաղաքական գործիչն աշխարհում, հարցադրումն ինքնին աբսուրդ չե՞ք համարում։ Հայաստանի քաղաքական դաշտում կա՞ն քիչ թե շատ ազդեցիկ ուժեր կամ քաղաքական գործիչներ, որոնք զանց կառնեին Ռուսաստանի հետ սերտ համագործակցությունը (որոշ մարգինալները հաշիվ չեն, թեև նրանք էլ, եթե հանկարծ հայտնվեն իշխանության ղեկին, առաջին գործը կհամարեն Մոսկվա թռչելը)։ Եթե օբյեկտիվ լինենք, ապա՝ ոչ։ Ուրեմն, ի՞նչ տարբերություն Մոսկվայի համար, թե ով իշխանության կգա Հայաստանում։ Միակ բանը, ինչը կարևոր է Ռուսաստանի համար, Վլադիմիր Պուտինն ինքն է նշել. «Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է կայուն, անկախ և դինամիկ զարգացող Հայաստանով»։

Հետաքրքրական է այլ բան. այն, ինչ ուզում էր, Ռուսաստանի նախագահն ուղղակի ասաց, հրապարակավ և առանց երկիմաստությունների, բայց թե ի՞նչ էր ուզում Հայաստանում ԱՄՆ դեսպանը՝ նախընտրական շրջանում ընտրարշավի մասնակիցների շտաբներում շրջագայություն կազմակերպելով։ Այդ մասին կարծես թե առանձնապես տեղեկատվություն չի տարածվում, և դա ոչ մեկի մոտ հարցեր չի առաջացնում։ Պաշտոնապես միայն հայտարարվել է, թե, իբր, ուզում է ծանոթանալ ապագա Հայաստանի վերաբերյալ կուսակցապետերի տեսլականներին։ Ընդհանրապես, կուսակցությունների տեսլականները ներկայացված են նրանց նախընտրական ծրագրերում, որոնք հասանելի են և այս շրջանում գրեթե շուրջօրյա լուսաբանվում են։ Իսկ գուցե պարոն դեսպանն ա՛յն չէր տնտղում, թե ինչպես են երկրի ապագան տեսնում կուսակցությունները, այլ՝ թե որքանով են նրանք պատրաստ մասնակցելու Հայաստանի ապագայи ԱՄՆ տեսլականի իրականացմանը։ Բայց դա շրջանցվում է, չի արժանանում դավադրության տեսության սիրահարների ուշադրությանը։ Մինչդեռ, բոլորին քաջ հայտնի է, թե ում հաղթաքայլն է գունավոր հեղափոխությունների կազմակերպումը։ Գուցե արժեր, որ ամերիկացիները դադար վերցնեին և գոնե տրամաբանական ավարտի հասցնեին «Ուկրաինա» նախագծի իրագործումը։ Հիմքեր կան ենթադրելու, որ երբեմնի բարգավաճ երկրի ավերակների ֆոնին քչերը կցանկանան ներքաշվել հերթական արկածախնդրության մեջ։ Դե, իսկ անդրօվկիանոսյան պատրոնների քաղաքականության ջատագովներն արդեն ժամանակն է, որ ավելի ստեղծագործաբար մոտենան առաջադրված խնդիրների լուծմանը։ Կիրառվող տեխնոլոգիաների միօրինակ հավաքածուն բոլորին խորապես ձանձրացրել է, և դրանց ճռռոցն աշխարհ է բռնել։

Աշոտ Անտինյան

16․03․2017


2074





Գլխավոր լուրեր