ՀՀ ԱԻՆ-ը ստացել է օդանավակայանների համար նախատեսված հրշեջ-փրկարարական մեքենաներ


30-11-2017 17:54:42

ՀՀ ԱԻ փոխնախարար Էնրիկո Ապրիամովն այսօր ներկա է եղել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակի հանձնման արարողությանը:

Խմբաքանակը ներառում է 2 միավոր «Կամազ» մակնիշի ամենագնաց հրշեջ-փրկարարական մեքենա և 161 միավոր փրկարարական վրան:

«Կամազ» մակնիշի մեքենաներն ունեն 9 տոննա տարողությամբ ջրային բակ, զինված են հատուկ փրկարարական գույքով և նախատեսված են մասնավորապես օդակայաններում փրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու համար:

Մոտ ապագայում կենտրոնը կհամալրվի այս մեքենաների ավելի կատարելագործված մակնիշներով: Ստացված 161 միավոր փրկարարական վրաններից 110-ը նախատեսված են 10, իսկ 51-ը՝ մինչև 30 մարդ տեղավորելու համար:

Վերջերս հումանիտար արձագանքման կենտրոնը համալրվել էր երկուական «Солар 555 МК» և «Корвет 500 – FISH» մոտորանավակով ու 5 «UAZPatriot» մեքենայով: Այդ խմբաքանակը ներառում էր նաև մեկական մեքենա՝ նախատեսված ջրասույզների և սակրավորների համար, լուսավորություն ապահովելու լապտերներ, «OMEGA» շնչառականսարքեր, գեներատորներ, որոնողականսարքեր, 10000 ծածկոցներ, 5000 ծալովի մահճակալներ:

Ստացված մեկ այլ խմբաքանակ ներառել է 30 լուսային աշտարակներ՝ նախատեսված արտակարգ իրավիճակների արձագանքման ժամանակ բաց տարածքներում լուսավորություն ապահովելու, ինչպես նաև՝ 8 ամենագնաց կվադրոցիկլներ՝ արտակարգ իրավիճակների դեպքում դժվարամատչելի վայրերում, արտաճանապարհային, որոնողական, հետախուզական ու փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար։

Ինչպես այս խմբաքանակի, այնպես էլ նախկինում ստացված փրկարարական գույքը կհանձնվի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների՝ նպաստելով արտակարգ իրավիճակներում արձագանքման արդյունավետության բարձրացմանը։

Նշենք, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017թ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվելու է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն, որը ներառում է փրկարարական գույք և սարքավորումներ:


2837





Գլխավոր լուրեր