ՊՆ զորամասի հրամանատարը մեղադրվում է զինվորի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեջ. զինվորին վիրահատել են


29-11-2017 23:40:07

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալը մեղադրվում է շարքային զինծառայողի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեջ: Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ուղարկվել է Բերդի դատարան և մակագրվել դատավոր Սամվել Մարդանյանին:

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի տեղակալ Մ. Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. դեկտեմբերի 16-ին ժամը 17:00-ի սահմաններում զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ կապված, բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս հանդիսացող շարքային Մ. Տեր-Մինասյանի նկատմամբ:

Նա ձեռքով հարվածել է վերջինիս պարանոցին, պատճառելով ֆիզիկական ցավ, դիտավորությամբ բռունցքով հարվածել է նրա ձախ գոտկային շրջանին պատճառելով փայծաղի սուբկապսուլյար հեմատոմայի պատռվածքի, ներքին արյունահոսություն ձևով առողջության ծանր վնաս: Զինծառայողը ենթարկվել է վիրահատության և փայծաղը հեռացվել է:

Մ. Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի և 358.1 (ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը)հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Մ. Ոսկանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:


3137





Գլխավոր լուրեր