Հայոց ցեղասպանության մասին պատմող նոր ֆիլմը, հնարավոր է, «Օսկարի» առաջադրվի


11-10-2017 15:03:44

Հայոց ցեղասպանության մասին ամերիկյան նոր «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմն անցել է «Օսկար» մրցանակի որակավորման փուլը, նշվում է ANCA Western Region–ի Facebook–յան էջում։

Ֆիլմը, որի պրեմիերան կայացել է հոկտեմբերի 6–ին, դարձել է «Վավերագրական ֆիլմեր» անվանանակարգում «Օսկար» մրցանակի կոմիտեի քննարկմանը ներկայացված 159 ֆիլմերից մեկը։

«Ժխտման ճարտարապետները» ֆիլմի ռեժիսորն է Դևիդ Լի Ջոնսը, պրոդյոսերը` Մոնթել Ուիլյամսը։ Ֆիլմը մի քանի կինոստուդիաների համատեղ աշխատանքն է (Dada Films, Preserving Humanity Films, Primo Vision, Montel Media Group, Tanit Productions և Blitz Films):

«Ժխտման ճարտարապետները» ֆիլմում ցեղասպանությունը վերապրած մարդիկ ու փորձագետները ներկայացնում են իրենց պատմությունը։ Նրանք կոնկրետ տվյալների օգնությամբ ցույց են տալիս կապը Ցեղասպանության ժխտման և մեր ժամանակներում սարսափելի սպանությունների շարունակության միջև։

Ֆիլմում փորձագետներից մեկը WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասսանժն է, ով հայտարարել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ապացույցների առկայության մասին։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Չեխիայի խորհրդարանը, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը, Գերմանիայի Բունդեսթագը և Չեխիայի խորհրդարանը:


876





Գլխավոր լուրեր