Երևանում կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի պատվին նամականիշ է մարվել


16-07-2017 02:36:58

«Ոսկե ծիրան» միջազգային XIV կինոփառատոնի շրջանակում հինգշաբթի տեղի է ունեցել Համո Բեկնազարյանի ծննդյան 125-ամյակին նվիրված նամականիշի մարումը։

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն անցկացվում է Երևանում հուլիսի 9-16–ը «Մշակույթների և քաղաքակրթությունների խաչմերուկում» խորագրի ներքո։

«Ես այս իրադարձությունն առանձնահատուկ եմ կարևորում, քանի որ Համո Բեկնազարյանը մեզ համար բարության, ճիշտ հարաբերությունների և հայրենասիրության քարոզիչ է դարձել։ Այս նամականիշի մարմամբ մենք գործուղում ենք մեր մշակութային դեսպանին աշխարհի ամենատարբեր անկյուններ, որպեսզի մարդկանց պատմենք մեր կինոյի մասին»,– միջոցառման ընթացքում ասել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

Նամականիշի վրա պատկերված է Բեկնազարյանի դիմանկարը։ Նամականիշի աջ կողմում կինոժապավենի մեջ պատկերված են հատվածներ առաջին հայկական համր ֆիլմից՝ «Նամուս»-ից, և առաջին հնչյունային ֆիլմից՝ «Պեպո»-ից: Նամականիշի խորապատկերին պատկերված է «Հայֆիլմ» կինոստուդիայի տարբերանշանը։

Նամականիշի նոմինալ արժեքը 170 դրամ է։ Նամականիշի չափը` 50х30 մմ։ Նամականիշի դիզայնի հեղինակներն են «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներներ Դավիթ Դովլաթյանը և Վահագն Մկրտչյանը: Ֆրանսիայի «Cartor» տպագրատանը տպագրված նամականիշը թողարկվել է 40 հազար օրինակով։


1497





Գլխավոր լուրեր