Microsoft–ը կույրերի համար բջջային հավելված է թողարկել


15-07-2017 00:20:07

Microsoft ընկերությունը ներկայացրել է Seeing AI բջջային հավելվածը, որը կոչված է օգնել կույր կամ թույլ տեսողություն ունեցող մարդկանց առօրյա կյանքում։ Այդ մասին գրում է life.ru-ն` հղում անելով 9to5Mac–ին։

Հավելվածը, որի աշխատանքում օգտագործվում են մեքենայական ուսուցման ալգորիթմներ, օգնում է զանազանել մարդկանց և նրանց հույզերը, տեքստ կարդալ, նույնականացնել թղթադրամները և փաստաթղթերը, շտրիխկոդերի տեղեկություն հասկանալ և նույնիսկ լուսանկարներ «տեսնել»։

«Խցիկի համար նախատեսված տվյալ ինտելեկտուալ հավելվածը թույլ կտա սմարթֆոնը պահել ձեր առջևում և շրջապատող աշխարհի մասին տեղեկություն լսել»,– պատմել են հավելվածի մշակողները։

Ինչպես նշում է 9to5Mac–ը, տեսապատկերների զանազանումը նոր բան չէ, սակայն Microsoft–ը զգալիորեն կատարելագործել է այդ տեխնոլոգիան։ Օրինակ, եթե թույլ տեսողությամբ մարդը տեսախցիկն ուղղի փաստաթղթի վրա, հավելվածը նրան կհուշի, թե ինչպես ուղղել կադրը, որ դրանում տեղավորվի ամբողջ տեքստը։

Seeing AI–ի նախատիպն առաջին անգամ ցուցադրվել է դեռևս 2016 թվականի մարտին Build համաժողովում, սակայն այսօրվանից ծրագիրն ի վերջո հասանելի է App Store–ում անվճար բեռնելու համար։

Ներկայում հավելվածը կարող են բեռնել միայն ԱՄՆ, Կանադայի, Հնդկաստանի, Հոնկոնգի, Նոր Զելանդիայի և Սինգապուրի օգտատերերը։ Իսկ թե ծրագրում է, արդյո՞ք, Microsoft–ը թողարկել Android-սարքերի համար նախատեսված տարբերակ, չի հաղորդվում։


1790





Գլխավոր լուրեր