Բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ․ (տեսանյութ)


21-04-2017 13:12:21

Այս պահին՝ կառավարության շենքի մոտ, մի քանի տոնավաճառների մեծաթիվ աշխատողներ, բողոքի ցույց են անցկացնում՝ պահանջելով հանդիպում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։

Առևտրականները նշում են, որ արդեն երեք օր է հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում իրենց տոնավաճառներում՝ պահանջելով փաստաթղթեր ներկայացնել, հաճախորդներին հսկիչ դրամարկղային (ՀԴՄ) կտրոններ տրամադրել։

«Հանգի'ստ թողեք մեզ», - ասում են ցուցարարները։

Առևտրականների հետ հանդիպեց կառավարության աշխատակազմի նամակների ընդունման և հանձնման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը և առաջարկեց 10 հոգուց բաղկացած խումբ կազմել ու բարձրանալ վարչապետի մոտ։ Ցուցարարները մերժեցին առաջարկը՝ պահանջելով, որ վարչապետն իջնի և ներքևում լսի իրենց։

Անդրադառնալով կառավարության շենքի մոտ տեղի ունեցող առևտրականների բողոքի ցույցին, Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայտարարում է, որ տոնավաճառներում առաջացած բողոքն ուղղորդված է։

Կոմիտեն նշում է, որ օրերս հայտարարություն է տարածել այն մասին, որ բիզնեսի համար հավասար դաշտ ապահովելու նպատակով օրենքը շրջանցողների նկատմամբ հսկողական լայնածավալ գործողություններ է իրականացնելու:

«Զանգվածային լրատվության որոշ միջոցներ կոմիտեի կողմից օրենքի շրջանակում տոնավաճառներում մեկնարկած ստուգայցերը մեկնաբանել են իբրև «տեռոր»՝ անհիմն ենթադրություններով կապեր ստեղծելով «կառուցվող նոր առևտրի կենտրոնի» և վարչապետի հետ: Անհրաժեշտ ենք համարում հստակեցնել, որ կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացվող ստուգայցերը ոչ թե պատժելու, այլ կանխարգելման նպատակ ունեն և բխում են այն տրամաբանությունից, որի մասին նախապես կոմիտեն հայտարարել էր՝ քննարկելով նաև հասարական կառույցների հետ», - ասված է հաղորդագրությունում։

Ըստ կոմիտեի, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվա նոյեմբերից բիզնեսի հետ ոլորտային հանդիպումներ են մեկնարկել: Կոմիտեն ներկայացրել է ռիսկերն ու անհատական վերլուծությունների համակարգի հիման վրա կազմել յուրաքանչյուր ընկերության ստվերի անձնագիրը՝ բիզնեսին առաջարկելով ինքնակամ վերանայել հարկային վարքագիծը:

«Այդ ընթացքում կոմիտեն զերծ է մնացել պատժիչ միջոցառումից, ավելին՝ երկխոսության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ներգրավել է նաև հասարակական կազմակերպություններին: Չնայած արձանագրված դրական արդյունքներին՝ այդուհանդերձ, կան որոշ տնտեսվարողներ, որոնք վարքագծի փոփոխման պատրաստակամություն չեն դրսևորել: Նրանց նկատմամբ ՊԵԿ-ը, ինչպես նախապես տեղեկացրել էր, նախազգուշացումից անցնում է հսկողական գործողությունների՝ հասարակական կազմակերպություններին ևս առաջարկելով ներգրավվել աշխատանքներում», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն նշում է, որ տոնավաճառում գործունեություն իրականացնողները բիզնես շղթայի մասն են, որոնք պետք է օրենքի դաշտում գործեն, որպեսզի չհարկվող շրջանառության դեմ հսկողությունը լիարժեք լինի:

«Ընդգծենք, որ կոմիտեի կողմից իրականացվող գործողություններն ուղղված են այն խոշոր տնտեսվարողների դեմ, որոնք օրենքը շրջանցելով քողարկվում են փոքրի դաշտում: Միջոցառումներն ուղղված չեն ՓՄՁ-ի դեմ, այլ նպատակաուղղված են տոնավաճառների կազմակերպիչների գործունեության կանոնակարգմանը», - հայտարարում է կոմիտեն՝ շարունակելով. - «Հստակ նկատելի է, որ առաջացած բողոքն ուղղորդված է: Անձնական շահերից ելնելով հրահրվող բողոքի դրսևորումներն ապարդյուն են լինելու. կոմիտեն վճռականորեն գնալու է մինչև վերջ: ՊԵԿ-ը դիտակետում է պահելու անբարեխիղճ տնտեսվարողներին՝ շարունակելով նախազգուշացնել հարկային պարտավորությունները պատշաճ կատարելու վերաբերյալ: Իրականացվելու է հասցեական հսկողություն՝ բոլորի համար հավասար մրցակցային միջավայր ապահովելու նպատակով: Միաժամանակ օրինապահ հարկ վճարողները կարող են վստահ լինել, որ կոմիտեն որևէ կերպ չի միջամտելու իրենց գործունեությանը»։

 


397





Գլխավոր լուրեր