Ռուսաստանի ամենահարուստ 200 մարդկանց ցուցակում 7 հայ կա


20-04-2017 17:07:57

Ռուսական Forbes ամսագիրն այսօր հրապարակել է երկրի 200 ամենահարուստ գործարարների ցուցակը: Ռուսաստանցի մեծահարուստների թվում հիշատակվում է 7 հայ գործարարի անուն:

Ցուցակի 18-րդ հորիզոնականում «Մագնիտ» մանրածախ խանութների ցանցի հիմնական բաժնետեր եւ գլխավոր տնօրեն Սերգեյ Գալիցկին է (Հարությունյան), որի կարողությունը գնահատվում է 6.8 միլիարդ ամերիկյան դոլար: Նրա կարողությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 1.1 միլիարդ դոլարով: Այդպիսով, Սերգեյ Գալիցկիին կարելի է համարել Ռուսաստանի ամենահարուստ հայ:

Ռուաատանաբնակ հայ գործարարների թվում կարողությամբ երկրորդը «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանն է, որի անունը ցուցակում 32-րդ տեղում է: Նրա կարողությունը գնահատավում է 3.4 միլիարդ դոլար՝ վերջին մեկ տարում աճելով 300 միլիոն դոլարով:

Վարկանիշային ցուցակի 48-րդ տեղը զբաղեցրել է «Ռոսգոսստրախ» ընկերության նախագահ Դանիիլ Խաչատուրով՝ 2 միլիարդ կարողությամբ: Խաչատուրովի կարողությունը մեկ տարում ավելացել է 600 միլիոն դոլարով:

Հայտնի բանկիր եւ բարերար, Տրոյկա Դիալոգ» ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը 950 միլիոն կարողությամբ հայտնվել է 99-րդ տեղում: Նրա կարողությունը վերջին մեկ տարում մնացել է անփոփոխ:

Wooden Fish Agency դիտորդական խորհրդի ղեկավար Ալբերտ Ավդոլյանը 800 միլիոն կարողությամբ: Ավդոլյանի կարողությունը վերջին մեկ տարում աճել է 50 միլիոն դոլարով:

«Ռեսո-Գարանտիա» ընկերության սեփականատերեր Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսովները յուրաքանչյուրը 700 միլիոն դոլար կարողությամբ զբաղեցրել են ցուցակի համապատասխանաբար՝146-րդ եւ 147-րդ տեղերը: Սարկիսով եղբայրների կարողությունը վերջին մեկ տարում անփոփոխ է մնացել:

Այսպիսով, եթե հաշվենք ցուցակում ներառված ռուսաստանաբնակ հայ 7 մեծահարուստների կարողությունը՝ նրանց բոլորի կարողության հանրագումարը կկազմի 15 միլիարդ 350 միլիոն ամերիկյան դոլար:

Ռուսաստանի մեծահարուստների ցուցակը երկրորդ անգամ գլխավորում է «Նովատեկ» եւ «Սիբուր» ընկերությունների նախագահ Լեոնիդ Միխելսոնը: Նրա կարողությունը վերջին մեկ տարում 14.4 միլիարդ դոլարից հասել է 18.4 միլիարդ դոլարի: Նրա կարողությունն աճել է 6.6 միլիարդ դոլարով:

Երկրորդ տեղում «Սեվերստալ» ընկերության սեփականատեր Ալեքսեյ Մորդաշովն է՝ 17.5 միլիարդ դոլար կարողությամբ: Անցյալ տարի նա 200 մեծահարուստների ցուցակում վեցերորդն էր:

Եվ վերջապես, առաջին եռյակը եզրափակում է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի սեփականատեր Վլադիմիր Լիսինը: Նրա կարողությունը վերջին մեկ տարում ավելացել է 9.3 միլիարդ դոլարով՝ հասնելով՝ 16.1 միլիարդ դոլարի:







Գլխավոր լուրեր