Հավաք-երթ՝ ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի. օր հինգերորդ


20-03-2017 19:03:30

Ազատության հրապարակում մեկնարկել է հավաք-երթ՝ ի հիշատակ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի։ Հավաքի նախաձեռնողներից  Շահեն Հարությունյանը հայտարարեց. «Կառավարությունը  ցուցարարներին անտեսեց, կանչեց, որ մեր պահանջների պատասխանը տա, գնացինք, չտվեց, այսօր էլ դեռ չի տվել»:

Նա նշեց, որ հաջողության հասնելու համար պետք է պայքարել ամեն օր, ամեն ժամ:

Հիշեցնենք, որ նրանք պահանջում էին Արթուր Սարգսյանին հուղարկավորել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, ինչպես նաև  պատժել Արթուր Սարգսյանի մահվան մեջ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցողներին։

Շ. Հարությունյանը  տեղեկացրեց, որ Ա. Սարգսյանին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորելու իրենց պահանջը չեղավ, քանի որ  մարդիկ չցանկացան պայքարել, «զենքերը միանգամից վայր դրեցին»:

Նշենք, որ Արթուր Սարգսյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 21-ին, հուղարկավորությունը՝ մարտի 22-ին:

Շ. Հարությունյանը նշեց, որ վաղը կհավաքվեն և քայլերթով միասին գնան «Հաց բերողի» հոգեհանգիստի արարողությանը, իսկ հաջորդ օրը կմասնակցեն հուղարկավորությանը:

Հավաքին հաջորդեց երթ՝ Մոսկվոյան փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ազատության հրապարակ երթուղով: 

«Կոչ ենք անում ոստիկանությանը պահպանել հանդուրժողականություն, ոստիկանության դեմ ոչինչ չունենք: Երթի մասնակիցներին խնդրում եմ անիմաստ տեղը ոստիկաններին չվիրավորել, սադրանքներ չանեք, ոստիկաններին չլարեք մեր դեմ, որ մեր դեմ խոսելու առիթ չլինի»,- ասաց Շ. Հարությունյանը:







Գլխավոր լուրեր