Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ ոստիկանությունում


20-03-2017 18:28:42

Մարտի 20-ին ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, մարզային վարչությունների պետերն ու տեղակալները: 
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ Ազգային ժողովի ընտրությունների շրջանում ոստիկանության ծառայությանը, նախապատրաստական աշխատանքների ընթացքին և խնդիրների առաջնահերթությանը:
Ոստիկանության պետը կարևորեց ընտրացուցակների շարունակական կատարելագործման անհրաժեշտությունը՝ հանձնարարելով այդ ուղղությամբ ավելի սերտ աշխատել տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների հետ:
Խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրվեց նաև գործնական պարապմունքների միջոցով «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» դրույթներին տիրապետելու և դրանց լիարժեք կիրառման անհրաժեշտությանը: 
Վլադիմիր Գասպարյանը հրահանգեց քարոզարշավի և բուն ընտրությունների ընթացքում անել առավելագույնը հասարակական կարգի ապահովման և քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, ինչը հնարավոր է աշխատանքային ու կատարողական կարգապահության ամրապնդման, ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվության բարձրացման, թերացումները բացառելու դեպքում:
Առաջադրված խնդիրների քննարկումից հետո ոլորտների պատասխանատուներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ:







Գլխավոր լուրեր