ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին. կարևորվեց Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի դերը տարածաշրջանում


20-03-2017 18:15:46

Մարտի 20-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, Քաղաքականության և ծրագրային աջակցության բյուրոյի տնօրեն (BPPS) Մագդի Մարտինեզ-Սոլիմանին և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետոյին:

Հանդիպման ընթացքում քննարկվեց աղետների ռիսկի կառավարման շրջանակներում համատեղ աշխատանքի արդյունքների հիման վրա ՀՀ ԱԻՆ և ՄԱԶԾ համագործակցության ընդլայնումը: Կողմերը մասնավորապես քննարկեցին համատեղ աշխատանքի խորացումն ու ծրագրերի մշակումն աղետների ռիսկի նվազեցման, բնակչության պատրաստվածության և դիմակայունության մակարդակի բարձրացման բնագավառում, ինչպես նաև՝ հումանիտար ականազերծման և աղետների ռիսկի նվազեցման գործընթացում անօդաչու թռչող սարքերի կիրառման հիմնահարցերում:

Հատկապես կարևորվեց արտակարգ իրավիճակների ոլորտում Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային դերակատարումը՝ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով, որը միակն է տարածաշրջանում:

ՄԱԶԾ ներկայացուցիչները ևս մեկ անգամ վերահաստատեցին Աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) Սենդայի գործողությունների ծրագրի և Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման նպատակով ՀՀ կառավարությանն աջակցելու ՄԱԶԾ հանձնառությունը:

Հանդիպման ավարտին ՄԱԶԾ հյուրերն ԱԻ նախարարի հետ այցելեցին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն՝ ծանոթանալու կենտրոնի տեխնիկական հագեցվածությանն ու աշխատանքներին:  







Գլխավոր լուրեր