Այսօր ապրիլյան պատերազմում զոհված, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է


20-03-2017 18:13:59

Այսօր ապրիլյան պատերազմի հերոս, ավագ լեյտենանտ Հրաչ Գալստյանի ծննդյան օրն է: Նա այսօր կդառնար 26 տարեկան:

2016թ. ապրիլի 2-ին Թալիշում ծավալված մարտական գործողությունների ժամանակ Հրաչ Գալստյանը հակառակորդի մեծաքանակ վարձկան դիվերսանտների դեմ մարտնչել է մինչև վերջին փամփուշտը, ոչնչացրել թշնամու բազմաթիվ գրոհայինների: Հրաչ Գալստյանը զոհվել է ապրիլի 3֊-ին: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Արիություն» մեդալով:

Հրաչ Գալստյանը Գյումրի քաղաքից էր: Ավարտել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը, այնուհետև ծառայության անցել Թալիշում, այնտեղ էլ ամուսնացել էր: Հրաչ Գալստյանն ապրիլի 2-ի առավոտյան կնոջն ու նրա ընտանիքի անդամներին ապահով դուրս է բերել Թալիշ գյուղից և ճանապարհել Հայաստան: 

Հրաչի 18-ամյա կինը՝ Անուշը, սպասում էր իրենց առաջնեկին, երբ Հրաչը զոհվեց: Հերոսի դուստրը՝ Անահիտը, ծնվեց հոր զոհվելուց մեկ ամիս անց:

Նշենք, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից 7-ը Գյումրիից էին: Հայրենիքի սահմանների պաշտպանության համար Արցախում հերոսաբար զոհված քաջ տղաներն էին` Վլադիմիր Մելքոնյան, Մերուժան Ստեփանյան, Ալեքսան Առաքելյան, Վիկտոր Յուզիխովիչ, Հրաչ Գալստյան, Գևորգ Վարդանյան, Տիգրան Աբգարյան:







Գլխավոր լուրեր