Չնայած ձմռանը եղանակային անբարենպաստ պայմաններին՝ օդանավակայանում աշխատանքներն անխափան են իրականացվել. ՔԱԳՎ


20-03-2017 15:51:05

Թեև 2016 թվականի ձմռանը, նախորդ տարիների համեմատ, 3 անգամ ավելի առատ ձյուն է տեղացել, սակայն, օդանավակայանի աշխատակիցների, վարորդների և տեխնիկների արհեստավարժության և կիրառված սարքավորումների շնորհիվ, օպերատիվ կերպով ձնամաքրվել է վազքուղին, իրականացվել են ինքնաթիռների հակասառեցման աշխատանքներ և ապահովվել է թռիչքների անվտանգությունը:

Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից, վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն, բարձր գնահատելով օդանավակայանի աշխատակիցների աշխատանքը, այսօր շնորհակալագրեր են հանձնել վերջիններիս:

ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանը, կարևորելով յուրաքանչյուրի աշխատանքը, շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին նման ծանր եղանակային պայմաններում անվտանգ թռիչքներ ապահովելու և աշխատանքներն անխափան իրականացնելու համար:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն ևս իր գոհունակությունն է հայտնել աշխատակիցներին՝ նշելով, որ անգամ Ամանորի տոներին նրանք բարձր մակարդակով շարունակում էին կատարել իրենց աշխատանքը՝ անտեսելով եղանակային ոչ բարենպաստ պայմանները:

Շեշտվել է նաև, որ մեծ ուշադրություն է դարձվում աշխատողների վերապատրատումներին, նորագույն տեխնիկայով ապահովվելուն:

Աշխատակիցները ևս իրենց շնորհակալությունն են հայտնել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի մեծ թիմի անդամ լինելու համար:

Նշենք նաև, որ վազքուղու ձնամաքրման աշխատանքներն իրականացնելու համար 24 ժամ ներգավված է եղել 30 վարորդ և տեխնիկ, օգտագործվել են Scania-Vammas, Iveco տեսակի հակասառեցման և Skiddometr տեսակի շփման գործակցի չափման սարքավորումներ, 56 աշխատակից մատուցել է ինքնաթիռների հակասառեցման ծառայություններ, օգտագործվել է II, Kilfrost ABC-K plus տեսակի 190 000 լիտր հակասառեցնող, ինչը 3 անգամ գերազանցել է միջին քանակը:

Ձմռան ընթացքում օգտագործվել են նաև 45 320 կգ KA-HOT տեսակի հեղուկ և 51 000 կգ ANS տեսակի պինդ հակասառեցման նյութեր:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ձմեռային ժամանակահատվածի համար կատարված ներդրումների ընդհանուր գումարը կազմել է 5 մլն. ԱՄՆ դոլար:

Հավելենք նաև, որ 2016 թվականի ձմռանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում չեղարկվել է 5 չվերթ, և շուրջ 70-ը՝ գրանցել է ուշացում, որը, բացառապես, պայմանավորված է եղել մառախուղով և ցածր տեսանելիությամբ: 

 







Գլխավոր լուրեր