Եթե ժամանակը կանգ չառնի, բոլոր կանխատեսումները երբևէ կիրականան...


11-08-2017 19:04:38

Շատերը փորձում են հասկանալ և ուրիշներին բացատրել Ռուսաստանի հանդեպ տասնամյակներ վարվող ԱՄՆ քաղաքականության տրամաբանությունը։ ԽՍՀՄ գոյության օրոք ամեն բան քիչ թե շատ բացատրելի էր. իր ռազմաքաղաքական և անգամ տնտեսական պոտենցիալով ԽՍՀՄ-ը Նահանգների համար իրական մրցակցություն էր ներկայացնում, որն իր արևմտյան դաշնակիցների հետ անընդհատ ջանում էր իր ազդեցությունը տարածել որքան հնարավոր է շատ երկրների և տարածքների վրա ողջ աշխարհում։ Ճիշտ նույն կերպ էր վարվում նաև Խորհրդային Միությունը՝ այդ առումով պակաս հաջողություններ չունենալով մրցակցից։ Առաջադրված նպատակին հասնելու համար կիրառվող մեթոդները թե՛ մեկ, թե՛ մյուս կողմից միշտ չէ, որ, մեղմ ասած, մարդասիրության և զուտ գաղափարախոսական էքսպանսիայի ոգուն հարազատության նմուշ էին հանդիսանում։ Հասկանալի է՝ կողմերից յուրաքանչյուրին հենց իր գաղափարախոսությունն էր թվում այն բացարձակ բարին, որով էլ շտապում էին կիսվել դեռևս չհասունացածների հետ։ Բարու և չարի այս հայելային դիմակայության մեջ բարին մշտական պաշտպանության կարիք ուներ, նշանակում է՝ գործի պետք է դներ բռունցքները, որոնք ոչ միայն ամրացվում, այլև անհրաժեշտության դեպքում կիրառվում էին ուրիշների նկատմամբ։ Մահացու գոտեմարտի մեջ նրանք չէին մտնում լոկ այն պատճառով, որ, մանավանդ սառը պատերազմի շրջանում, արդեն ակնհայտ էին միջուկային զսպումը և երաշխավորված փոխադարձ ոչնչացման հնարավորությունը։ Ասվածից հետևում է, որ միջուկային երկու գերտերությունների միջև դիմակայությունը կրում էր էքզիստենցիալ բնույթ, ինչը բացառում է դիրքերի գլոբալ մերձեցման ալգորիթմը։ Միակ խնդիրն էր՝ թույլ չտալ ուղղակի բախում մինչև այն պահը, երբ հակառակորդը կտապալվի այլ միջոցներով։ ԽՍՀՄ փլուզմամբ դիմակայությունը չկորցրեց իր էքզիստենցիալ բնույթը պարզապես այն պատճառով, որ փոխադարձ ոչնչացման պոտենցիալի վճռական գործոնը չվերացավ։ Նկատվում էր միայն լարվածության անկում, ինչը թույլ էր տալիս դիմել հաջորդ փուլի իրագործմանը՝ հյուծել և տապալել հակառակորդին ոչ ռազմական միջոցներով։

Ծրագրի իրագործմանը, թվում էր, ոչինչ չի սպառնում։ Արևմտյան խորհրդատուների թելադրանքի ներքո անցկացվող տնտեսական բարեփոխումները, որոնք իսկական հրեշային բնույթ էին ստանում, երկրի արդյունաբերական պոտենցիալի քայքայումը, քաղաքացիների աղքատացումը, միջազգային վարկերից ֆինանսական համակարգի պարտադրված կախվածությունը, Կովկասում չեչենական երկու պատերազմների հրահրումը, օլիգարխիական կապիտալի կլոնավորումը, որն, անկասկած, հենվում էր կոռուպցիայի և հովանավորչության վրա, իննսունականների վերջին երկիրը հասցրին այն գծին, որից անդին կամ լիակատար կապիտուլյացիան էր, կամ այժմ արդեն Ռուսաստանի Դաշնության փլուզումը։ Կարծում եմ, պետության այն ժամանակվա առաջին դեմքը՝ Բորիս Ելցինը, ավելի, քան որևէ մեկը, քաջ գիտակցում էր աղետի մասշտաբը, ինչն էլ մղեց ընդունելու ոչ դյուրին որոշում՝ փոխել երկրում տիրող էլիտան։ Իհարկե, կարծիք կա, թե Բորիս Նիկոլաևիչը չէր էլ կարող պատկերացնել, թե երկրի փրկության համար ինչ կդառնա իր առաջադրած թեկնածուն, բայց ինձ թվում է, որ նրա ընտրությունը հօգուտ Վլադիմիր Պուտինի պայմանավորված էր հենց նրանով, որ նա ոչ միայն հիանալի հասկանում էր, այլև հույս էր կապում դրա հետ։ Ինչևէ, երկիրը փոխեց ուղեգիծը և կանգուն մնաց։ Եվ ոչ միայն կանգուն մնաց, այլև պատմականորեն կարճ ժամկետում (10-15 տարի) համաշխարհային քաղաքականության հետնախորշ քշված երկրից վերածվեց ռազմական առումով հզոր, իսկ տնտեսական առումով՝ հեռանկարային տերության, որը մարտահրավեր նետեց գոյություն ունեցող միաբևեռ աշխարհին։

Պակաս կարևոր չէ նշել, որ Մոսկվայի անհամաձայնությունն առկա աշխարհակարգի հետ երբեք չի հենվել այն բանի վրա, որ այն միաբևեռ է, այլ՝ որ գլոբալ գերիշխանության շրջանում ԱՄՆ-ը հրաժարվում էր հաշվի առնել այլ խաղացողների շահերը։ Եթե Նահանգներն ավելի շրջահայաց և նրբանկատ լիներ, գուցե միաբևեռ աշխարհակարգը շատերն ընկալեին որպես արդարացի։ Հեգեմոնը ոչ միայն կանոններ է սահմանում, այլև ինքն է խստորեն հետևում դրանց, ինչպես նաև պատասխանատվություն է կրում, որպեսզի բոլոր խաղացողները պահպանեն սահմանված կանոնները։ Միանգամայն ակնհայտ է, որ բացառիկության և «Ամերիկան՝ ամեն ինչից առաջ»-ի տիպի կարգախոսների դիրքերից անհնար է ստեղծել և ապահովել արդարացի աշխարհակարգ, քանի որ սեփական շահերն ուրիշների շահերից վեր դասելն անխուսափելիորեն հանգեցնում է վերջիններիս ոտնահարման, հետևաբար՝ ընդվզման և հենց հիմքերի վիճարկման։ Հայտնի է, որ ամերիկյան ձևով միաբևեռ աշխարհակարգը չի բավարարում շատ-շատերին, այդ թվում բավական զարգացած տնտեսական երկրներին, ինչպիսին է, օրինակ, Չինաստանը։ Բայց որպես էքզիստենցիալ թշնամի ԱՄՆ-ը տեսնում է հենց Ռուսաստանին, որովհետև միայն վերջինն ունի միջուկային պոտենցիալ, որն ի զորու է ոչնչացնել Նահանգները։ Քարոզչական ամբողջ հիստերիան, շինծու ռուսատյացությունը, ռուսական պետության անարդար կարգի, իրավունքների և ազատությունների ոտնահարման մասին վայնասունը լոկ ածանցյալներ են։ Բանաձևը պարզից էլ պարզ է. ուժեղ Ռուսաստանը ԱՄՆ ամենաթողության վերջն է։ Ընդ որում՝ բանաձևն ունիվերսալ է իր առաջին մասով։ Եթե Ռուսաստանը փոխարինվի մեկ այլ պետությամբ՝ իմաստը դրանից չի փոխվի։ Այս փուլում հավասարազոր զինանոց ունի Ռուսաստանը, ուստի նա է գլխավորում Վաշինգտոնի թշնամիների ցուցակը։ Այստեղ միտումնավոր չնշեցի երկրի անունը, քանի որ հենց Վաշինգտոնի է, այլ ոչ թե առհասարակ Ամերիկայի։ Ամերիկայի կարծիքը չի հուզում Վաշինգտոնին այն աստիճան, որ վերջինը պատրաստ չէ ընդունել անգամ ամերիկացիների ընտրությունը՝ հանձին նախագահ Թրամփի։ Դա Վաշինգտոնի ընտրությունը չէ, նշանակում է՝ ճիշտ ընտրություն չէ։

Հիանալի հասկանալով, որ ուղղակի բախման պարագայում Ռուսաստանին չեն հաղթի, վաշինգտոնյան ստրատեգները կենտրոնացան հակառակորդին թուլացնելու եղանակների փնտրտուքի, նրա զարգացումը զսպելու վրա, ինչը դրսևորվում է միակողմանիորեն անօրինական պատժամիջոցներ և սահմանափակումներ մտցնելու միջոցով։ Դե, իսկ Ռուսաստանին ընտրած ճանապարհից հետ կանգնել ստիպելու ամենակարճ ուղին նրանք համարում են իշխանափոխությունը Մոսկվայում։ Իննսունականների փորձը հույսեր է ներշնչում, թե կարելի է ևս մեկ անգամ իրականացնել Ռուսաստանի ապակայունացման, քաոսի և, գուցե, շատ ավելի վատ բանի սերմանման գործողություն։ Այս ծրագրի իրագործմանը, ամերիկյան փորձագետների պատկերացմամբ, խանգարում է անձամբ Ռուսաստանի նախագահը, ավելի ճիշտ՝ Ռուսաստանի նախագահի անձը։ Արդի Ռուսաստանի մասին նրանց գիտելիքները և այնտեղ տեղի ունեցող գործընթացները հասկանալն այնքան ցածր մակարդակի են, որ ամերիկացիներն իրենց ներշնչել են, թե Վլադիմիր Պուտինին անպայման փոխարինելու կգա մեկն այսպես կոչված լիբերալ (իմա՝ իրենց կամքին հնազանդ) մեկը։ Մտածողության պարզունակությունը թույլ չի տալիս ընդունել, որ եթե Պուտինն ինչ-որ նկատառումներով որոշի էլ չմասնակցել գալիք նախագահական ընտրություններին (դրա հավանականությունն, ըստ իս, հավասար է զրոյի), ապա Ռուսաստանի հաջորդ առաջնորդը կդառնա մեկը, որի համեմատ Վլադիմիր Վլադիմիրովիչը կթվա իսկական իրավաբան՝ միանգամայն լիբերալ հայացքներով և ընդդիմախոսների հանդեպ հանդուրժողական վերաբերմունքով։ Խոսքն, իհարկե, Վլադիմիր Ժիրինովսկու մասին չէ։

Պատկերացրեք, թե պետության ղեկն, ասենք, փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի է, Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի, Տուլայի նահանգապետ Ալեքսեյ Դյումինի կամ մեկ ուրիշի ձեռքին է, ի՞նչ եք կարծում, դա շա՞տ կուրախացնի ամերիկացիներին։ Իսկ նա, ով կլինի հաջորդը, չեմ կասկածում, ամեն պարագայում խիստ կհամապատասխանի նշյալ անձանց մտածելակերպին ու հակումներին, որոնցից յուրաքանչյուրին կարելի է ընդունել նաև որպես հավաքական կերպար։ Այլ կերպ չի լինի, պարզապես ռուսաստանցի ժողովուրդը չի քվեարկի այն թեկնածուների օգտին, ովքեր ներկայացնում են այլ երկրների և նրանց հատուկ ծառայությունների շահերը։ Ով այլ կերպ է մտածում՝ ինքնախաբեությամբ է զբաղված։ Դեմոկրատիայի, իրավունքների և ազատությունների մասին խոսակցությունները Ռուսաստանում արդեն քչերին են տպավորում։ Եվ ոչ այն պատճառով, որ ռուսաստանցիներին խորթ են այդ հասկացությունները, այլ այն պատճառով, որ ոչ ոք դեռևս փաստարկված չի ապացուցել, որ դրանք ինչ-որ տեղ ավելին են, քան Ռուսաստանում։ Սա՝ եթե ըստ էության, իսկ մնացածը մեկնաբանությունների կռիվ է։ Ամեն դեպքում, ամերիկացիները մինչև վերջ փորձելու են ազդել ընտրությունների վրա Ռուսաստանում, և, համենայնդեպս, մինչև դրանց անցկացումը ճնշումը Ռուսաստանի վրա չի թուլանա, եթե չխոսենք հակառակի մասին։ Մեթոդիկան մշակված է, փողը՝ հատկացված, հետևաբար՝ հարկ է գործել, թեկուզև իրենց համար նախապես հայտնի է ձախողվելիք արդյունքը։ Հետո ինչ-որ ժամանակ կսկսեն արդարացնել իրենց ձախողումը և իրավիճակը հաշվարկելու անկարողությունն իբր ընտրություններում տեղի ունեցած խախտումներով, ընդդիմադիրների հալածանքներով և հայտնի այլ շտամպներով։

Որպես «տնային» մշակումներից մեկը մեդիա-տարածք կնետվեն մտահանգումներ, որոնք մտածել կտան, թե, իբր, եթե Ռուսաստանում իշխանափոխություն տեղի չունենա, ապա մեծ է նրա փլուզման հավանականությունը։ Հենց այս տեսանկյունով եմ դիտարկում ոչ անհայտ Փոլ Գոբլի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին հատուկ խորհրդականի եզրահանգումները։ Սույն մտածողը կարծում է, թե ինչ-որ ժամանակի ընթացքում արդի Ռուսաստանը կփլուզվի՝ բաժանվելով մի քանի էթնիկ միատարր պետությունների, ինչն իր հերթին կհանգեցնի դեմոկրատիայի հաստատման այդ փոքր պետություններում։ Ինչպես տեղեկացնում է «Российский диалог»-ը, «Обозреватель» պարբերականին տված հարցազրույցում Գոբլը ասում է տառացիորեն հետևյալը. «Ես կարծում եմ, որ, ի վերջո, Ռուսաստանը կփլուզվի մի շարք պետությունների, այդ թվում ռուսալեզու։ Կարծում եմ, դրանցից մի քանիսը կդառնան դեմոկրատիաներ, մյուսները՝ ոչ»։ Ահա այսպիսի կատեգորիաներով են մտածում խորհրդականներն ԱՄՆ-ում, որոնց խորհուրդների հիման վրա էլ ընդունվում են որոշումներ, և սա ոչ առաջին, ոչ էլ վերջին նման օրինակն է։ Ափսոս, որ հարգելի փորձագետը չի պարզաբանում, թե ինչպես հասկանալ փլուզումը մի քանի ռուսալեզու պետությունների։ Մեծ Նովգորոդյան դեմոկրատական հանրապետությո՞ւն է լինելու, թե՞, ասենք, Նիժեգորոդյան թագավորություն։ Թե՞ ապագա էթնիկ միատարր պետություններում, օրինակ՝ Կովկասում, Թաթարստանում կամ մեկ այլ տեղ ռուսերենը, միևնույն է, պետական է լինելու։

Առայժմ այնքան էլ հասկանալի չէ. եթե Ռուսաստանը, որն ինքնին ընդհանուր առմամբ ռուսալեզու է (գաղտնիք բացահայտեց), ի զորու չէ դառնալ դեմոկրատական պետություն, ապա ռուսալեզու տարածաշրջանները բացառելիս ամերիկացի փորձագետը ո՞ր հետռուսաստանյան էթնիկ պետություններում է հաշվարկում տեսնել դեմոկրատիայի հաղթանակը՝ Չեչնիայո՞ւմ, Ինգուշիայո՞ւմ, Բաշկիրիայո՞ւմ, որտե՞ղ։ «Իսկ ո՞ւր կկորչի միջուկային պոտենցիալը» հարցը չեմ էլ տալիս, որպեսզի հատուկ խորհրդականին անհարմար վիճակի մեջ չդնեմ։ Դե, իսկ ժամանակաин միջանցքի սահմանումը պարզապես հիացնում է իր կոնկրետիկայով՝ ի վերջո՛։ Նման ճշգրտությամբ կարելի է կանխատեսել ինչ ասես, ընդհուպ մինչև մարդկության վերացումը, ինչն ի վերջո տեղի կունենա, թեկուզև միլիոն տարի հետո։ Ի վերջո ամեն բան կձևափոխվի, քանի որ ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոխվում։ Կա մի այսպիսի (ոչ այնքան ինտելիգենտ) ասացվածք. եթե մարդն ապուշ է, դա երկար ժամանակի համար է։ Պարոն Գոբլի պարագայում անկասկած այդպես է։ Բանն այն է, որ իր հիմար դատողություններում նա բնավ չի փոխվել, վերջին 25 տարիներին՝ հաստատ։ Հեռավոր 1992-ին Փոլ Գոբլը Ջորջ Բուշ-հոր հաստատմանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր պլանը։

Ուղիղ չորս տարի ամերիկյան վարչակազմը փորձում էր կողմերին պարտադրել «Գոբլի պլանը», որն ինքն էլ 1996-ին սխալ համարեց։ Նորահայտ «Գոբլ-2» պլանում հեղինակը խոստովանում էր, որ առաջին տարբերակում մեծ սխալ է թույլ տվել, քանի որ «չի հասկացել, թե ինչ հոգեբանական նշանակություն ունի Հայաստանի համար Իրանի հետ ընդհանուր սահմանը»։ «Գոբլ-2»-ը չէր նախատեսում Իրանի հետ Հայաստանի սահմանների չեղարկում և չէր նախատեսում Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային կցումը։ Դրա փոխարեն «Գոբլ-2»-ը առաջարկում էր Հայաստանի հարավային մասը (Մեղրիի շրջանը) փոխանակել Նախիջևանի ինքնավարության արևմտյան մասի հետ, որտեղ այն 9 կիլոմետրանոց սահման ունի Թուրքիայի հետ։ Միևնույն ժամանակ, ԼՂՀ-ն Լաչինի միջանցքով դառնում է Հայաստանի մաս կամ անկախություն է ձեռք բերում. հայ-թուրքական սահմանն ապաշրջափակվում է իր ողջ երկայնքով; լուծվում է Ադրբեջանի Նախիջևանի ինքնավարության ոչ անկլավային գոյության հարցը; Հայաստանի և Իրանի միջև սահմանը պահպանվում է, միայն թե փոքր-ինչ հյուսիս է տեղափոխվում, ինչն առանցքային աշխարհաքաղաքական նշանակություն ունի՝ Նախիջևանի ինքնավարության՝ Հայաստանին փոխանցվող տեղամասը այդ դեպքում թույլ չի տալիս Թուրքիայի և Ադրբեջանի միավկցումը։

Բնականաբար, այս պլանն այդպես էլ մնաց թղթի վրա և չէր կարող իրագործվել միանգամայն հասկանալի պատճառներով։ Իսկ պարոն Գոբլին, հավանաբար, այդպես էլ ոչ ոք չբացատրեց, որ թղթի վրա տարածքներ փոխանակելը մի բան է, իսկ, ահա, իրական կյանքում ցանկացած տարածք ինչ-որ մեկի Հայրենիքն է, նախնիների հողը, հայրենի օջախն ու մնացած ամեն ինչը։ Բացի այդ, տարածաշրջանային խաղացողներն իրենց կենսականորեն կարևոր շահերն ունեն, նրանց համար սահմանի ցանկացած կիլոմետրը, ինչպես նաև այն, թե ում է պատկանում հարակից տարածքը, ազգային անվտանգության հարց է, և հաստատ վաշինգտոնյան կաբինետներում չէ, որ պետք է դատեն սահմանների երկարության մասին, որոնց յուրաքանչյուր կիլոմետրի համար հարյուրամյակներ շարունակ արյուն է հեղվել։ Գուցե քոչվորների հոգեբանության մեջ այնքան էլ ուժեղ չեն «Հայրենիք», «հայրենի հող» հասկացության մոտիվատորները։ Իսկ Փոլ Գոբլը (ինչպես և ողջ ամերիկյան իսթեբլիշմենթը) ոչ այլ ոք է, քան պայմանական քոչվորների հետնորդ, որը ժամանակին անցել է այլ աշխարհամաս։ Եվ որքանո՞վ է տեղին, որ ամերիկացի փորձագետը դատի մի ինչ-որ երկրի փլուզման մասին այն ժամանակ, երբ իր երկրում լիակատար շիլաշփոթ է և խոր քաղաքական ճգնաժամ, իսկ առանձնանալու հանրաքվե ջանում է անցկացնել ոչ թե ռուսաստանյան մի ինչ-որ տարածաշրջան, այլ հարուստ ու բարգավաճ Կալիֆորնիան։

Աշոտ Անտինյան 

11․08․2017


21032





Գլխավոր լուրեր