Ամերիկան պարտվում է ինքն իրեն...


01-08-2017 15:39:46

Երբ Դեկտեմբերի 29-ին ամերիկացիները երկրից վտարեցին ռուսաստանցի 35 դիվանագետներին՝ նրանց հավաքվելու համար ընդամենը 72 ժամ տալով, ինչպես նաև արգելափակության ՌԴ դիվանագիտական առաքելության ամառանոցները, Մոսկվան դա ընդունեց որպես վերջին ականներից մեկը, որոնք Օբամայի հեռացող վարչակազմը դնում է ապագայում ռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման հեռանկարի տակ։ Դատելով ըստ ամենայնի, Կրեմլում և Սմոլենսկյան հրապարակում ելնում էին այն բանից, որ ԱՄՆ նորընտիր նախագահի պաշտոնավարման անցնելուց հետո իրավիճակը կարելի կլինի շտկել կարճ ժամկետում, ուստի չարժե պատասխան հայելային քայլեր նախաձեռնել, ինչպես դա ընդունված է դիվանագիտական գործելաոճում և լիովին համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին։ Ավելին, Ռուսաստանի նախագահն անգամ կարգադրել էր հրավիրել ամերիկացի դիվանագետների երեխաներին Կրեմլյան տոնածառի հանդեսին, այն դեպքում, երբ ռուսաստանցի դիվանագետները ճամպրուկներն էին կապում և գրեթե չէին մտածում Նոր տարին նշելու մասին։ Մոսկվայի ժեստը, անկասկած, վեհանձն է, բայց բոլորը չէ, որ այն ըստ արժանվույն գնահատեցին։ Եվ խոսքը լոկ ամերիկյան կողմի արձագանքի մասին չէ (այդ մասին՝ ստորև), այլ այն մասին, որ փորձագիտական շրջանակներում եղան նաև այնպիսի կարծիքներ, թե Բարաք Օբամայի ոչ բարեկամական քայլին հարկ էր անհապաղ սիմետրիկ պատասխանել։ Տրամաբանությունն այստեղ բավական պարզ է, ուստի և ոչ անհիմն. դիվանագետների հետ կապված չլուծված խնդիրը կարող է ԱՄՆ նոր նախագահի համար դառնալ ավելի շատ բարդացնող գործոն, քան թե բարի կամքի դրսևորման հնարավորություն։

Մյուս կողմից՝ Մոսկվայի հայելային պատասխանը հետագայում հենց իր համար կստեղծեր պատրվակ՝ ընդառաջել Դոնալդ Թրամփի խնդրանքին։

Սակայն ստիպված ենք նշել, որ նշված կառուցվածքներն աշխատում են միայն այն դեպքում, եթե ընդդիմախոս գործընկերների հաջորդ քայլերը հաշվարկվեն նորմալ, առողջ տրամաբանության տեսակետից։ Իսկ եթե կողմերից մեկի տրամաբանությունը, մեղմ ասած, բավական ինքնատիպ է, իսկ երբեմն էլ իսպառ բացակայում է, ապա ենթադրությունները, որոնք կառուցվում են միջազգային և երկկողմ հարաբերությունների սովորական կանոնների, անգամ բանալ առևտրի հայտնի սկզբունքների վրա, հեշտությամբ կարող են փակուղի մտնել։ Բանն այն է, և դա ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ իրենց ոչ միշտ իրավաչափ արարքներին հավուր պատշաճի պատասխանի բացակայությունն ամերիկացիները հակված են ընկալել որպես թուլության դրսևորում, ո՛չ այլ կերպ։ Ըստ էության, սա կարելի է հասկանալ, քանի որ տասնամյակներ շարունակ ամեն բան տեղի է ունեցել հենց այդ ալգորիթմով. աշխարհում ոչ մի տեղ վաշինգտոնյան քաղաքական գործիչները չեն բախվել լուրջ դիմադրության և վարժվել են ամենուրեք թելադրել իրենց կանոնները։ Իսկ քանի որ կանոններն իրենցն են, ուրեմն դրանք հենց օրինական են, որ կան, անգամ եթե կան որոշակի իրավաբանական շեղումներ։ Չէ՞ որ սեփական արարքների օրինականությունը գնահատվում է բացառապես քաղաքական նպատակահարմարության ռակուրսով, իսկ այն հիմնավորելը շատ ավելի հեշտ է, քան գործ ունենալ դրույթների հետ, որոնք գրանցված են ազգային օրենսդրություններում և միջազգային փաստաթղթերում։

Սա բնավ դժվար չէ, մանավանդ այն իրավիճակում, երբ գրեթե ողջ աշխարն է հայտարարված ԱՄՆ ազգային շահերի գոտի։ Իսկ ի՞նչ չես անի հանուն այդ ազգային շահերի։ Հենց այդ պատճառով էլ ԱՄՆ ներքին օրենսդրությունը հաճախ կրում է էքստարածքային բնույթ, նշանակում է՝ գերիշխում է միջազգային իրավունքի հանդեպ։ Այս տեսակետից տեղին է ոչ միայն անցած տարվա դեկտեմբերին ամերիկյան կողմի որոշմանը ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարած պատասխան միջոցները դիտարկել որպես արձագանք Սենատի մշակած և արդեն խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունված օրինագծին՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման մասին, այլև նման օրինագծի հայտնվելն իսկ կարելի է համարել Վաշինգտոնի տրամաբանական արձագանքը դիվանագետների վտարման վերաբերյալ Մոսկվայի պատասխանի բացակայությանը։ Տրամաբանությունը նույնն է՝ չեն պատասխանել, ուրեմն չեն կարողացել թուլության պատճառով։ Իսկ դա ազատ է արձակում ձեռքերը գալիք հարձակման համար։ Բանն անգամ այնտեղ հասավ, որ սեփական անիրավաչափ որոշման չեղարկման համար ԱՄՆ Պետդեպարտամենտը սկսեց խոսել ռուսական կողմից ինչ-որ զիջումներ ակնկալելու մասին։ Պատահեց, սակայն, Մոսկվայի միանգամայն սպասելի գործողությունը, որն ամերիկացիների համար դարձավ այնքան անսպասելի, որ Վաշինգտոնի հաջորդ մեկնաբանությունները զարմացնում են իրենց արտասովորությամբ (ձեռնպահ կմնամ «շփոթվածություն» բնորոշումը տալուց)։ Այն, որ պատասխանը վաղ թե ուշ լինելու էր, այնքան էլ մեծ գաղտնիք չէր, եթե, իհարկե, սեփական մեծությամբ չափազանց տարվելը չի բթացնում տրամաբանական կառույցներ կազմելու կարողությունը։ Ըստ էության, կարելի էր կռահել նաև այդ պատասխանի ժամանակը։ Այն տրամաբանության շրջանակում, որ Ռուսաստանն անընդհատ ցույց էր տալիս, որ դիվանագետների հետ կապված միջադեպի պատասխանատվությունը չի ընկնում Դոնալդ Թրամփի վրա, որը Սպիտակ տանը գտնվելու ողջ ընթացքում չէր ստորագրել հակառուսական ոչ մի փաստաթուղթ, միանգամայն սպասելի էր, որ Մոսկվան պատասխան քայլը կանի նախքան Թրամփի՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման նոր օրենքի ստորագրումը։ Դրանում, ի դեպ, օրինականացված է նաև ռուսաստանցի դիվանագետների վտարումը։

Այստեղ հարկ է նշել, որ Մոսկվան առաջնորդվում է ոչ թե Թրամփի բարի մտահղացումների հանդեպ անսահման հավատով, այլ այն հստակ ըմբռնմամբ, որ նրա բոլոր մտահղացումներն առայժմ քիչ բան են որոշում ամերիկյան քաղաքականությունում, և որ ռուսական խաղաթուղթը Վաշինգտոնում խաղարկվում է մեծ մասամբ ներքաղաքական հարցեր լուծելիս։ Ինչևէ, Մոսկվան իր, թերևս, վերջին ռևերանսը՝ ուղղված ԱՄՆ նախագահին, արեց։ Իսկ դրանից հետևում է, որ պատասխան քայլի ժամանակի ընտրությունն ըստ էության կարդացվում էր։ Սոմերսեթ Մոեմի «Թատրոն» վեպում միանգամայն ուսանելի ձևով նկարագրված է վճռական գործողությունից առաջ արվող դադարի նշանակությունը. «Երբեք դադար մի տուր, եթե դրա կարիքը չկա։ Իսկ եթե դադար վերցրել ես, ապա ձգիր այն, որքան կարող ես։ Որքան մեծ է արտիստը, այնքան մեծ է նրա տված դադարը»։ Մոսկվան, հավանաբար, դադար վերցնելու կարիք ուներ և, դատելով ըստ ամենայնի, վրա է հասել այն ընդհատելու պահը։ Համաձայնեք, Թրամփի կողմից ընդունված օրինագծի ստորագրումից հետո (իսկ նա ստիպված է լինելու ստորագրել այն) Մոսկվայի պատասխան քայլը փոքր-ինչ ուշացած կլիներ անհամաչափության պատճառով, հետևաբար՝ արդեն չէր կարելի ձգձգել։

Կարծում եմ, եթե Մոսկվայի պատասխան քայլը զուտ սիմետրիկ լիներ, Վաշինգտոնում դրան ավելի հանգիստ և անգամ հեգնանքով կվերաբերվեին։ ՌԴ ԱԳՆ հայտարարությունը ԱՄՆ քաղաքական դասին հունից հանեց նրանով, որ ձևակերպումների ողջ փափկությամբ և կոռեկտությամբ (իսկ տրամադրված ժամկետներով կարելի է ասել՝ նաև մարդասիրությամբ) հանդերձ այն պահանջեց հավասարեցնել Ռուսաստանում ամերիկյան դիվանագետների թվաքանակը ԱՄՆ-ում ռուսաստանյան դիվանագետների թվին։ Ըստ տարբեր տվյալների՝ Ռուսաստանում ամերիկյան դիվանագետների թիվը գերազանցում է ԱՄՆ-ում նրանց գործընկերների թիվը մինչև անգամ 700 և ավելի մարդով։ Եթե Ռուսաստանը զուտ հայելային որոշում կայացներ (վտարել 35 դիվանագետի), գրեթե չեմ կասկածում, որ ԱՄՆ-ից անհապաղ կվտարեին ռուսաստանցի դիվանագետների էլի ինչ-որ թվաքանակ։ Զուտ մաթեմատիկորեն ԱՄՆ-ում նրանք երբևէ կսպառվեին, իսկ Ռուսաստանում կմնային նշված մի քանի հարյուր աշխատակիցները։ Դիվանագետների թվաքանակի հավասարեցումը անիմաստ է դարձնում թվի հետագա նվազեցման խաղը։ Վերադառնալով Մոսկվայի որոշմանը Վաշինգտոնի արձագանքին՝ հավանաբար, բոլորն ուշադրություն դարձրին դրա անհամարժեքությանը։ Պետդեպը և Մոսկվայում ԱՄՆ գործող և նախկին դեսպաններն այնքան անկեղծորեն են արտահայտել իրենց հիասթափությունն ու տարակուսանքը, այդ քայլի մեջ անարդարություն տեսել, որ միտքդ ուրիշ որևէ բան չի գալիս՝ ուկրաինական հայտնի (ի դեպ, բավական բնութագրական) անեկդոտից բացի.

- Սանահե՛ր, չգնա՞նք ակումբ՝ մոսկալներին ծեծելու։

- Գնանք։ Բա որ նրանք մեզ ծեծե՞ն։

- Բայց մե՞զ ինչի համար։

Դե, իսկ պետքարտուղար Թիլերսոնն այնտեղ հասավ, որ ասաց, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացվում են բարեկամական մղումներից ելնելով և հույս են ներշնչում, որ համագործակցություն կհաստատվի այն հարցերում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։ Ինքնատիպ մեկնաբանություն է, այնպես չէ՞։ Այնուամենայնիվ, հակվում եմ այն բանին, որ այս բոլոր արտահայտությունները վերագրվեն ոչ միայն և ոչ այնքան ամերիկյան քաղաքականության սովորական ցինիզմին, այլև մի ինչ-որ շփոթվածությանը Մոսկվայի «անսպասելի» քայլից, որն ակներևաբար մոլորեցրել է Վաշինգտոնի իսթեբլիշմենթին։ Չէ՞ որ, ըստ էության, եվրոպացիների զայրացած խոստումների նախաշեմին՝ հակամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի հանդեպ իրենց շահերն անտեսելու համար, նախադեպ է ստեղծվել նորագույն պատմության մեջ. Վաշինգտոնին պատասխանել են կոշտ, հետն էլ ակնարկելով դիրքորոշումների հետագա խստացման մասին։

Ինչ վերաբերում է աղմուկ հանած օրինագծի ճակատագրին, ապա Թրամփը ստիպված է լինելու ստորագրել այն։ Նրան այլ ընտրություն պարզապես չեն թողել՝ ակնհայտորեն ցույց տալով, որ հանրապետականների ու դեմոկրատների մեջ տիրող միահամուռության պարագայում նախագահական վետոն հեշտ կլինի հաղթահարել։ Իսկ դա վկայում է լոկ այն մասին, որ իրեն ընդօրինակման արժանի դեմոկրատիայի նմուշ հռչակած Ամերիկայում տեղի է ունենում սողացող հեղաշրջում։ Կոնգրեսը և Սենատը ծածուկ երկիրը տանում են դեպի կառավարման խորհրդարանական կարգի՝ գործադիր իշխանությանը (նախագահին) զրկելով լիազորությունների մի մասից։ Այլ կերպ լինել չէր էլ կարող։ Դեռևս մեկ ամիս առաջ գրել եմ, որ Թրամփի խուսավարելու, ընդդիմախոսների հռետորաբանությունը որսալու, նրանց հետ երկխոսություն հաստատելու փորձերը՝ առանձին, աննշան թվացող զիջումների միջոցով, կհանգեցնեն երկրի հանդեպ իրական իշխանության վերջնական կորստին։ Իսթեբլիշմենթի տրամաբանությունը նույնն է. փափկությունը թուլության նշան է։ Դոնալդ Թրամփի փորձերը՝ «ի հաշիվ» Ռուսաստանի կոնսենսուս գտնել խորհրդարանի և հետախուզական հանրույթի հետ, որպեսզի գոնե ներքաղաքական հարցերում իրականացնի ընտրողին տված խոստումները, շռնդալից տապալվում են։ Ի հեճուկս ձեռք բերված պայմանավորվածությունների, խորհրդարանականները մերժեցին այն օրինագիծը, որը չեղարկում էր այսպես կոչված «Օբամաքեա»-ի գործողությունը, որը Թրամփը հռչակել էր իր համարյա թե գլխավոր խնդիրը։ Դժվար է ասել, թե նախագահն արդյոք դեռ շանս ունի շտկելու իրավիճակը։ Եթե անգամ այո, ապա զուտ տեսականորեն. բռունցքը սեղանին խփելու, ընտրողին ուղղակիորեն դիմելու ժամանակը, թերևս, բաց է թղնված։ Եվ անգամ այդ պարագայում նրան կմեղադրեին ամերիկյան դեմոկրատիայի սկզբունքներից նահանջելու մեջ, որն առանձնապես ոչ մի տեղ, կարգախոսներից բացի, չի էլ երևում։ Իսկ նրա հայտարարությունն այն մասին, թե կուզենար էլ ավելի խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ արդեն խորհրդարանի կողմից ընդունված օրինագծում, հավանաբար, անհաջողության դատապարտված փորձ է՝ ուրիշի կարգախոսներով արգելափակելու իրեն և՛ իշխանությունից, և՛ դեմքից զրկող փաստաթուղթը։ Դոնալդ Թրամփին Ռուսաստանն այժմ ամենից քիչ է մտահոգում։ Հայտարարված միակողմանի ֆեյքային պատերազմում՝ ֆեյքային մարտահրավերներով, Ամերիկան պարտվում է ինքն իրեն, ինչն առարկայանում է մեծ Ասիայի և անգամ Եվրոպայի հետ Ռուսաստանի մերձեցմամբ՝ օվկիանոսի այն կողմի իրական սպառնալիքի դեմ-հանդիման։ Դրա մասին աշխարհում սկսել են ավելի հաճախ խոսել։

Աշոտ Անտինյան 

01․08․2017


24271





Գլխավոր լուրեր