Նա հետ նայեց, որ տեսնի՝ հո հետ չի՞ նայել Կոնգրեսը, որպեսզի տեսնի, հետ չի նայել արդյոք Սենատը


13-07-2017 19:50:41

Որքան համաշխարհային հանրության ուշադրությունն էր իր վրա սևեռել G20–ը՝ մինչ երկրների ղեկավարները կհավաքվեին գերմանական Համբուրգում, նույնքան էլ մեծ է ուշադրությունը դրա արդյունքների, արդեն պատմություն դարձած միջոցառմանը համաշխարհային առաջնորդների, քաղաքական գործիչների, փորձագետների և լրագրողական համքարության ներկայացուցիչների տված գնահատականների հանդեպ։ Սկզբից ևեթ հասկանալի էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների սպասվող հանդիպումը իր նշանակալիությամբ երկրորդ պլան կմղի գագաթաժողովի հիմնական օրակարգը, թեև այն ներառում էր նաև ողջ մարդկության առջև ծառացած կարևորագույն մարտահրավերները։ Փաստը, որ ինչպես գագաթաժողովի աշխատանքի ընթացքում, այնպես էլ դրան հաջորդող մեկնաբանություններում այդ ակնկալիքները հաստատվեցին, իհարկե, պետք է դասել նեգատիվի շարքին։ Գործերն աշխարհում չպետք է այնպիսին լինեն, որպեսզի միջուկային երկու գերտերություններն իրենց տարաձայնություններով և դրանք վերացնելու փորձերով ողջ աշխարհը լարվածության մեջ պահեն։

Եվ ոչ միայն պարզապես լարվածության, այլև լարված անգործության մեջ՝ այն ժամանակ, երբ պետք է մշակել առկա ճգնաժամերի (ահաբեկչություն, էկոլոգիա, հումանիտար ոլորտ և այլն) հաղթահարման ընդհանուր մոտեցումներ և համատեղ գործել այստեղ և հիմա։ Փաստն, այնուամենայնիվ, փաստ է մնում. գլոբալ հարցերը չեն լուծվում, տեղայինները՝ շարունակում են մարդկանց կյանքեր խլել, և պլանետար մասշտաբի վտանգի համապատկերում, ինչպիսին է պոտենցիալ առումով հնարավոր միջուկային պատերազմը, մնացած ամեն բան սկսում է չափի մեջ ընդունելի և անգամ ինչ-որ տեղ սովորական բան թվալ։ Իսկ դա նշանակում է հենց այն, որ մարդկությունը փրկելու բարի պոռթկման մեջ արժեզրկվում է մարդու կյանքը։ Տասնյակ, հարյուր հազարավոր, միլիոնավոր մարդկանց կործանման փաստն ընկալվում է համեմատաբար հանգիստ, քանի որ աշխարհիս հզորները զբաղված են մարդկության փրկությամբ։ Եվ սա նույնպես կասկածներ է հարուցում, քանի որ գործնական քայլերից երևում է իրեն հարմար աշխարհակարգ հիմնելու, այլ ոչ թե որևէ մեկին փրկելու ակնհայտ ձգտումը։ Բայց ենթադրենք, թե առաջին թեզիսը գերակա մոտիվն է։ Այդ տրամաբանությո՞ւնը չի արդյոք ծնել «տեղայնորեն միջուկային զենքի կիրառման հնարավորություն» հասկացությունը։ Չէ՞ որ այն ամենը, ինչ սպանում է ոչ բոլորին՝ միաժամանակ լուծելով որոշակի քաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներ, գտնվում է թույլատրելիի գոտում։ Թող որ առայժմ տեսականորեն, բայց և այնպես...

Դեռևս հունիսի 28-ին, երբ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը նույնիսկ պաշտոնապես հաստատված էլ չէր, իսկ կեսժամյա ձևաչափը հայտարարվեց էլ ավելի ուշ, ես գրել եմ. «Այստեղ չի կարելի անտեսել ևս մեկ ոչ պակաս կարևոր գործոն. երկու առաջնորդների բնավորությունը։ Նրանք կարող են ցանկացած պահի «ցանկանալ» խոսել, և ոչ ոք նրանց չի խանգարի, որքան էլ որ նրանց ցանկությունը շեղվի ընդունված կարգից։ Ասվածից ելնելով՝ կարծում եմ, հանդիպումը կկայանա, ընդ որում՝ բավական հանգամանալի»։ Այդպես էլ եղավ, և դա լավ է բոլոր տեսակետներով։ Հասկանալի է, որ նման հանդիպումների բոլոր մանրամասներն ընդունված չէ բարձրաձայնել տարբեր պատճառներով, անհասկանալի են միայն փորձագետների և լրագրողների որոշ փորձերը՝ երկու նախագահների զրույցը մեկնաբանել համարյա թե առաջին դեմքով՝ բանակցությունների անմիջական մասնակցի դիրքերից։ Որոշ մեկնաբանություններ այնքան հեռուն են գնում, որ ակամա հարց ես տալիս. իսկ Պուտինն ու Թրամփը տեղյա՞կ են, որ իրենք դա քննարկել են և հենց նշված հունով։ Իհարկե, նաև բավական թվով օբյեկտիվ վերլուծությունների օրինակներ էլ կան, որոնց գլխավոր դրույթը, թերևս, այն պնդումն է, որ հանդիպման արդյունքների մասին պետք է դատել հաջորդող գործերով։ Հասկանալի է, որ դա ավելի պրոֆեսիոնալ մոտեցում է, որը բացառում է սուբյեկտիվ-հուզական ընկալման տարրը։

Գլխավորն այն է, որ հանդիպումը, որը նաև երկու երկրների առաջին ծանոթությունն էր, հաջող անցավ։ Սա ենթադրություն չէ, այլ գնահատական, որը տրվել է հենց մասնակիցների՝ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի կողմից։ Ռուսաստանի նախագահը մամուլի ասուլիսում բավական դրականորեն արտահայտվեց՝ կառուցողական երկխոսությունը շարունակելու հույս հայտնելով։ Մոտավորապես նույնն ասաց ԱՄՆ նախագահն իրեն հատուկ ոճով՝ Twitter-ում, իսկ ավելի ուշ՝ նաև հարցազրույցում։ Գլխավոր հետևությունն այն է, որ տեղի ունեցավ կառուցողական երկխոսություն երկխոսությունը շարունակելու կարևորության մասին։ Սա միևնույն ժամանակ նաև գլխավոր արդյունքն է, անկասկած՝ դրական։ Еվ դա հասկանալի է, որքան էլ որ երկար տևած լինի խոսակցությունը, մեկ անգամով անհնար է լուծել երկկողմ հարաբերություններում կուտակված բոլոր խնդիրները, մոտեցնել դիրքորոշումները մի շարք կարևորագույն միջազգային հարցերում, որոնք բավական լայն աշխարհագրություն են ընդգրկում։ Շատ կարևոր է նաև չմոռանալ, որ Դոնալդ Թրամփը չունի մանևրի այն ազատությունը, ինչ նրա ռուս գործընկերը։ Նա կաշկանդված է ներքաղաքական բանակռիվներով և չի կարող գործել՝ առանց ԱՄՆ Սենատին և Կոնգրեսին, սեփական երկրի հետախուզական հանրությանն ու մեդիա-հսկաներին նայելու։ Նա զրկված է կոնկրետ բաների շուրջ պայմանավորվելու հնարավորությունից, քանի որ համոզվածություն չկա, որ կկարողանա պաշտպանել այդ պայմանավորվածությունների կատարումն իր երկրում։ Այնքան էլ նախանձելի վիճակ չէ, բայց իրականությունն այդպիսին է։ Ասվածը հաստատվեց գրեթե անմիջապես, երբ տուն վերադառնալուն պես Թրամփը հանկարծ սկսեց կասկածել, որ կիբեռանվտանգության ապահովմանը, այդ կարևոր ոլորտում միասնական կանոններ հաստատելուն ուղղվելիք համատեղ ջանքերի մասին պայմանավորվածությունը կարող է իրականացվել։

Ըստ իս, այս կոնկրետ հարցում բանն անգամ ամերիկյան էլիտաների հետ Թրամփի տարաձայնությունները չեն։ Կարծում եմ, նրան բացատրել են, որ ռուսական կիբեռհարձակումների, հաքերների միջամտությունների և այլնի հետ կապված ամբողջ աղմուկով հանդերձ՝ իրականում ԱՄՆ-ը կիբեռտեխնոլոգիաների ոլորտում աշխարհում առաջինն է և կարող է ինչպես հակադարձել ցանկացած կիբեռհարձակում, այնպես էլ նման հարձակումներ գործել աշխարհի ցանկացած անկյունում։ Եվ ինչո՞ւ պետք է ԱՄՆ-ը բացի իր խաղաթղթերը և համաձայնի միասնական կանոններին, եթե դրանց բացակայությունը լոկ ավելացնում է նրա մրցակցային առավելությունները։ Տարօրինակ կլիներ, եթե այս փաստարկները ԱՄՆ նախագահի ուշադրությանը չարժանանային։ Փոքր-ինչ անհարմար ստացվեց, բայց Սպիտակ տան ներկայիս տիրոջ վիճակն ընդհանուր առմամբ հարմարավետ չես անվանի։ Մնացած հարցերում, որոնց շուրջ ձեռք բերվեցին պայմանավորվածություններ, իրավիճակը լիովին տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ առաջ ընթանալու համար անհրաժեշտ է երկու-երեք պակաս վիճելի թեմա, որոնց շուրջ հնարավոր է կոմպրոմիսի հասնել։ Բայց անգամ այստեղ պայմանավորվածություններն այնքան էլ կոմպրոմիս չէին պահանջում, որոնց դիմելը Թրամփի համար առայժմ վտանգավոր է ներքաղաքական նկատառումներով։

Օրինակ, Ուկրաինայի վերաբերյալ ձեռք է բերվել պայմանավորվածություն լոկ այն մասին, որ արդեն վաղուց գոյություն ունի՝ նշանակել հատուկ ներկայացուցիչ ռուս-ամերիկյան կոնտակտային խմբում։ Տարբերությունը միայն այն է, որ Պետդեպարտամենտի մարդուն՝ Վիկտորյա Նուլանդին, փոխարինել են սենատոր Մակքեյնի մարդով՝ Կուրտ Ուոլքերով։ Կոմպրոմիսը, հավանաբար, այն է, որ Թրամփը ռևերանս է արել Սենատում իր հակառակորդների կողմը՝ առանձնակի նշանակություն չտալով այդ ձևաչափին, իսկ Պուտինի համար ըստ էության միևնույն է, թե ով կճնշի Պորոշենկոյին՝ ստիպել տալու համար կատարել Մինսկյան պայմանավորվածությունները։ Օրակարգում դրված չէ մեկ ուրիշով փոխարինել Մինսկյան և Նորմանդական ձևաչափերը, և սա է կարևորը։

Մյուս ձեռք բերված պայմանավորվածությունը, որն արդեն անգամ իրագործվում է, հրադադարն է Սիրիայի հարավ-արևմուտքում հուլիսի 9-ից և հրադադարի պայմանների կատարման վերահսկողության հաստատումը ռուսաստանյան ռազմական ոստիկանության կողմից՝ ամերիկացիների և Հորդանանի հետ կոորդինացմամբ։ Բավական հետաքրքիր կոմպրոմիս, եթե հաշվի առնենք, որ դա սոսկ գոյություն ունեցող փաստի հաստատումն է։ Այդ ամբողջ տարածաշրջանը, շնորհիվ գարնանն անցկացված բավական հաջող գործողությունների և սիրիական բանակի ու նրա դաշնակիցների մեկ-երկու պարզապես հանճարեղ ռազմերթերի, արդեն վերահսկվում է ՍԱՀ կառավարական բանակի կողմից, իսկ ամերիկյան կոալիցիայի ինքնաթիռներն առանց այդ էլ չեն թռչում Եփրատից արևմուտք ռուսաստանյան վերջնագրից հետո։ ԱՄՆ-ը պարզապես ստիպված էր ընդունել փաստի առկայությունը և տեղավորվել ստեղծված իրողությունների մեջ։ Դրա համար էլ այդ պայմանավորվածությունը կատարվում է։ Որևէ այլ պայմանավորվածության մասին Համբուրգում նախագահների հանդիպման ժամանակ պաշտոնապես ոչինչ չի տեղեկացվում, ուստի առավել ևս հարկ է սպասել հաջորդող քայլերին երկու կողմերից էլ՝ հասկանալու համար հետագա վեկտորը։ Չեմ կիսում կարծիքն այն մասին, թե Սպիտակ տան վերջերս արած հայտարարությունը հակառուսական նոր պատժամիջոցների փաթեթը պաշտպանելու մասին, որն արժանացել է Սենատի հավանությանը, հարկավոր է դիտարկել որպես նոր վարչակազմի դիրքերի կոշտացում։ Արդեն հնարավորություն ունեցել եմ արտահայտվելու այս առիթով՝ ընդգծելով, որ Թրամփին շահավետ չէ հակառակվել օրինագծին, առավել ևս վետո դնել, քանի որ այն կչեղարկվի Կոնգրեսի կողմից և նախագահին տանուլ տվածի վիճակում կդնի։ Ուստի, միակ բանը, ինչին վարչակազմը կարող է անհամաձայնություն հայտնել, նախագահի լիազորությունների սահմանափակման փորձն է։ Նման հարցադրման դեպքում, ըստ էության, Թրամփին պետք է աջակցեն այն հանրապետականները, որոնք հարցն այլ կերպ դնելու դեպքում կքվեարկեին հօգուտ օրինագծի։

Փաստն այն է, որ ներկա պահին քվեարկությունը Կոնգրեսում փակուղի է մտել։ Bloomberg գործակալության տեղեկատվությամբ՝ գործընթացը տեղապտույտ է տալիս հենց այն պատճառով, որ հանրապետականները և դեմոկրատները չեն կարողանում գալ ընդհանուր կարծիքի այն բանի շուրջ, թե արժե արդյոք խորհրդարանականներին իրավունք տալ արգելակելու նախագահի գործողությունները, եթե նա հարկ համարի միակողմանի կարգով չեղարկել պատժամիջոցները։ Այլ խոսքով՝ Դոնալդ Թրամփն առայժմ ավելի շատ զբաղված է իր դիրքերի ամրապնդմամբ Վաշինգտոնի քաղաքական Օլիմպոսում, իր հասցեին հնչող տարբեր հարձակումներին հակահարված տալով, ինչն անխուսափելիորեն անդրադառնում է նրա այդ թվում նաև արտաքին քաղաքական քայլերի վրա։ Այլ պայմաններում, իհարկե, Թրամփն ինքը դեմ չէր լինի սահմանափակել մրցակիցների հնարավորությունները, առաջ մղել ամերիկյան բիզնեսի շահերը և, ամենայն հավանականությամբ, կօգտագործի ամեն հնարավորություն՝ ստանալու համար կոնկրետ առավելություն ոչ միայն Ռուսաստանի ու Չինաստանի, այլ նաև իր եվրոպացի գործընկերների հանդեպ, ինչը նույնիսկ չի էլ թաքցնում։ Թրամփը Ռուսաստանի ոչ բարեկամն է, ոչ էլ թշնամին, նա շահեկանորեն տարբերվում է իր նախորդից և նրա կողմից ջերմորեն աջակցվող Հիլարի Քլինթոնից միայն նրանով, որ պակաս քաղաքականացված է և առաջնորդվում է իրական շահերով, այլ ոչ թե թվացյալ նեոլիբերալ արժեքներով։ Նման դասավորության պայմաններում շփման կետերի և սահմանազատող գծերի փնտրտուքն այնքան էլ անհեռանկարային չի թվում, ինչպես այն դեպքում, երբ չափման միավորը կոնյունկտուրային ենթակա՝ դինամիկ փոխվող գաղափարախոսությունն է։ Մնացած հարցերում «քսանյակի» գագաթաժողովի արդյունքների ամփոփումը ոչ մեկ և ոչ էլ երկու ամսվա գործ է, ճշմարիտ իմաստներն ի հայտ են գալիս գործնական իրագործման գործընթացում։ Գուցե անգամ ավելի ուշ, բայց ոչ երբեք ավելի վաղ։

Աշոտ Անտինյան 

13․07․2017


6180





Գլխավոր լուրեր