Կեղծավորությունը մոդայիկ արատ է, իսկ բոլոր մոդայիկ արատները առաքինության տեղ են անցնում (Մոլիեր)


04-07-2017 15:51:04

Միանգամայն բանալ ճշմարտություն է, որ ցանկացած երկրի, այդ թվում և Հայաստանի տնտեսական վերելքը հնարավոր է գործարար մթնոլորտի բարելավման համալիր միջոցների իրագործման, հավասար մրցակցային, մոնոպոլիաների և կոռուպցիոն ռիսկերի թելադրանքից ազատ դաշտի ստեղծման, հրապուրիչ ներդրումային միջավայրի ապահովման, սեփականության և բիզնեսի այլ շահերի երաշխավորված դատական պաշտպանության պարագայում՝ անկախ նրա շրջանառության և երկրի գանձարան բերվող հարկերի ծավալներից։ Բոլոր երկրները, համենայնդեպս, հետևում են այս դրույթներին, փորձում տնտեսության մեջ ներդնել անհրաժեշտ շուկայական մեխանիզմներ՝ տարբեր արդյունավետությամբ և արագությամբ, հաճախ տեղի իրողություններին հարմարեցնելով առանձին տեսական կանոններ՝ հաշվի առնելով բազմակողմ շահերը, որոնք երբեմն դուրս են գալիս տնտեսության շրջանակներից՝ նրա զուտ ակադեմիական իմաստով։ Հարկ է լինում հաշվի նստել նաև տարածաշրջանային իրողությունների, աշխարհաքաղաքական շարժերի հետ՝ սեփական ազգային շահերի կտրվածքով, այդ թվում և անվտանգության։ Ընդ որում՝ «անվտանգություն» հասկացությունը շատ ավելի լայն է իր զուտ ռազմապաշտպանական բաղադրիչից և ներառում է պարենային, էներգետիկ, համակարգային ֆինանսական, ժողովրդագրական և այլ ասպեկտները։

Այսպես կոչված ընդհանոր կանոնների պարագայում, տնտեսագիտության իմաստով, սակայն, չկան այնպիսի ունիվերսալ բանաձևեր, որոնք իրենց խիստ անփոփոխ տեսքով հավասարապես արդյունավետորեն կերաշխավորեին ցանկալի արդյունքը։ Յուրաքանչյուր երկիր արդյունքում ընտրում է զարգացման իր ճանապարհը՝ ինքնուրույն որոշելով այս կամ այն կոնցեպտին հետևելու մակարդակը, որը վերաբերում է իր մոդելի պարագծերին ադապտացվելուն ինչպես հասարակական-քաղաքական, այնպես էլ սոցիալ-տնտեսական կյանքում։ Հասկանալի է՝ ավելի հաջող զարգացող երկրների օրինակն անուշադրության չի մատնվում, անշուշտ, հետազոտվում և նպատակահարմարությունից ելնելով՝ հարմարեցվում է կոորդինատների ազգային համակարգում։ Հասկացվում է և հարմարեցվում, այլ ոչ թե կուրորեն պատճենվում լոկ այն պատճառով, որ առանձին մոդելներ ընդունված է համարել ավելի առաջադեմ և առաջավոր։ Մանավանդ ոչ մի լավ բանով չի ավարտվում օտար ձեռքբերումների ներդրման պարտադրանքը, քանի որ հարկադրաբար ներդրվում են առանձին մեխանիզմներ, բայց ոչ երբեք ձեռքբերումները, որոնք, նախ, ոչ ոք չի երաշխավորում, և երկրորդ՝ դեռ մեծ հարց է՝ արդյո՞ք ամեն ձեռք բերվածը պետք է բարիք համարել հասարակության համար։

Ինչ-որ մեկի համար իր մոդելի (իմա՝ իր կանոնների) արտահանումը, իհարկե, ձեռքբերում է, բայց դա՝ եթե դիտարկենք «արտահանողի» տեսանկյունից, որը տարածում է իր գրած կանոնները բացառապես ապագա դիվիդենդների շահերից ելնելով՝ քաղաքական, թե տնտեսական՝ կարևոր չէ, քանի որ արդյունքում ամեն բան փոխարկվում է նյութական շահի։ Հարցը միայն ժամանակային լագի մասին է քաղաքական շահերի և դրանց՝ տնտեսական ակնկալիքների փոխակերպման ֆազի միջև, ոչ այլ կերպ։ Ահա սա էլ գլխավոր և, թերևս, միակ կանոնն է, մնացածն անհրաժեշտ գործիքանի է։ Ինչ գեղեցիկ կարգախոսներով էլ որ փաթեթավորվեն ի հաշիվ ուրիշների սեփական շահերի իրականացման գործիքները՝ այլասիրությանը, մանավանդ միջազգային գործերում, դժվար է հավատալ։ Հումանիզմ կարիքավորների հանդեպ՝ այո, ալտրուիզմ՝ ոչ։ Ասվածը բնավ չի բացառում, որ առանձին շահեր կարող են խաչաձևվել, իսկ դրանց իրագործումը, գուցե, հանգեցնի փոխադարձ շահի։ Իհարկե՝ ոչ։ Մինչև որոշակի պահի այդպես էլ լինում է, հարցը լոկ այն է, որպեսզի ինքնիշխանության բավականաչափ մակարդակի պահպանմամբ քեզ իրավունք և հնարավորություններ ամրագրես՝ ինքդ որոշելու սահմանազատման կետը և դնելու շարժման ուղղությունը դեպի սեփական շահերի իրագործման կողմը։

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ սեփական աշխարհայացքը և սեփական արժեքները մնացյալ աշխարհին պարտադրելը Արևմուտքի, հատկապես ԱՄՆ-ի սիրած զբաղմունքն է։ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքները և դրա արդյունքում հաստատված աշխարհակարգը լոկ կարճ ժամանակով արգելակեցին աշխարհով մեկ գաղափարախոսության սերմանման գործընթացը։ Հետագայում ինչպես Արևմուտքը, այնպես էլ ԽՍՀՄ-ը գոհունակությամբ նորից որդեգրեցին, ինչպես պարզվեց, ոչ մեկի կողմից չմոռացված հնարքը։ Դե, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո մոնոպոլ իրավունքը տասնամյակներով անցավ ամերիկացիների ձեռքը, որոնք սեփականեցին համաշխարհային ժանդարմի դերը միաբևեռ աշխարհում։ Մեր ժամանակներում ընդունված է կարծել, որ միաբևեռ աշխարհի դարաշրջանն ավարտվել է (կամ առնվազն ավարտվում է), և դրա բոլոր հիմքերը կան։ Եվ ավարտվում է գլխավորապես ոչ այնքան այն պատճառով, որ այլ խաղացողներին նման իրավիճակը չի բավարարում սեփական հավակնություններից ելնելով, այլ հիմնականում նրա համար, որ համաշխարհային ժանդարմը, ուղղակի ասենք, վատ է կատարում իր պարտականությունները։

Հետխորհրդային տասնամյակները, երբ ոչ ոք չէր վիճարկում ԱՄՆ հեգեմոնիան, չդարձան կայունության և բարգավաճման շրջան աշխարհում։ Անվերջ պատերազմները՝ հաճախ սանձազերծված հենց Վաշինգտոնի կողմից, պայթյունավտանգ լարվածության օջախները ողջ աշխարհում, մի ամբողջ շարք պետությունների փլուզումը, ահաբեկչության սանձարձակությունը և այլ արհավիրքներ իրենք են մտածել տալիս, որ ստեղծված կառույցը բավականաչափ արդյունավետ չի աշխատում և անհրաժեշտ է վերանայել հենց մոդելը։ Հասկանալի է, որ ամերիկացիներին չի բավարարում այս պնդման օբյեկտիվությունն ընդունելը, ուստի ամեն բան վերագրվում է իբր այլ պետությունների և առաջին հերթին՝ Ռուսաստանի ապակայունացնող դերին։ Սա, թերևս, կարևոր պահ է՝ հասկանալու համար ներկա աշխարհաքաղաքական ճեղքվածքի իրական պատճառները և համագոյակցության նոր կանոնների մշակման սուր անհրաժեշտությունը։ Քանի դեռ Արևմուտքի առանձին շրջանակներում կայուն աշխարհի պատրանքների ցրման պատճառ համարվում են Ռուսաստանի նկրտումները և նրա՝ համաշխարհային տերության դերի հավակնությունները, հետևաբար՝ տիրում է այն կարծիքը, թե կասեցնելով այդ սպառնալիքը՝ կարելի կլինի ամեն բան վերադարձնել ի շրջանս յուր։ Իսկ եթե ելնենք այն բանից, որ միաբևեռ աշխարհակարգը օբյեկտիվորեն սպառել է իրեն՝ մի շարք պետությունների ուժերի հավասարակշռության և տնտեսական հզորության փոփոխության պատճառով, ապա միանգամայն ակնհայտ է դառնում, որ նոր «Յալթան» կարող էր դառնալ գործուն միջոց ավելի արդյունավետ աշխարհակարգի հաստատման համար։ Բայց դրա համար ԱՄՆ-ը պետք է նորովի նայի իրերի ռեալ իրավիճակին։ Առայժմ նման ցանկություն ոչ միայն չի նկատվում, այլև գործողությունները շարունակվում են անհուսալիորեն հնացած ալգորիթմով, ինչի մասին նշեցի վերը՝ սեփական կանոնների արտահանում, բոլոր, այդ թվում՝ հետխորհրդային պետությունների վրա սեփական ազդեցության ընդլայնման ձգտում՝ հակառուսական տրամադրություններ սերմանելով և ճիշտ ճանապարհը ցուցանելով։

Բայց եթե ճշմարիտ ճանապարհը պետք է տանի դեպի տաճար, ապա ամերիկյան ձևով այն պետք է հեռու տանի... Ռուսաստանից։ Իսկ թե ուր կտանի՝ այնքան էլ կարևոր չէ, դա արդեն իրենց աշխարհաքաղաքական հակումների մեջ մոլորված երկրների խնդիրն է։

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, մասնավորապես, օրերս կարծես թե անվնաս, արտաքնապես անգամ օգտակար, բայց հեռուն գնացող և լավ քողարկված նպատակներ ունեցող խրատաբանությունների հերթական օրինակն է ցույց տվել։ Դեսպանի այն պնդման հետ, թե Հայաստանը պետք է կատարի որոշակի քայլեր՝ օտարերկրյա ներդրողների համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով, չես վիճի։ Շատ կարևոր նրբություն է, թե հատկապես ինչ համատեքստում է այս անվիճելի ճշմարտությունը մատուցվում, ինչը լույս է սփռում ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետի ծածուկ մոտիվների վրա։ Բանն այն է, որ պարոն դեսպանն այնուհետև հիշատակում է խոստացված ներդրումների մասին Հայաստանի էներգետիկայի ոլորտում՝ 8 մլրդ դոլարի չափով, որի հանդեպ, ըստ նրա խոսքերի, հետաքրքրություն են ցուցաբերում ամերիկյան պրոֆիլային ընկերությունները։ Այսպիսով, խոստումը կա, հետաքրքրությունը՝ նույնպես, բայց գործնական քայլեր չեն նկատվում, և դա՝ այն պատճառով, ինչպես կարծում է Ռիչարդ Միլսը, «Հայաստանը պետք է կատարի որոշակի քայլեր հավասար պայմաններ ապահովելու համար, որպեսզի ցանկացած ներդրող, լինի նա ԱՄՆ-ից, Ռուսաստանից, թե Չինաստանից, հայկական շուկա մտնելիս իմանա, որ իր հանդեպ կդրսևորվի հավասար մոտեցում»։ Այնուհետև դեսպանը տրտնջում է, որ ամերիկյան ներդրողները մտահոգություն են հայտնում հարկային, մաքսային բյուրոկրատիայի, ինչպես նաև հնարավոր վեճերի ժամանակ դատարաններում արդարացի մոտեցման հետ կապված։ Տրամաբանությունը կառուցվում է հստակ մտածված հետևողականությամբ. հանրային գիտակցության մեջ է նետվում տեղեկատվություն, թե ԱՄՆ-ը պատրաստ է գումար ներդնել Հայաստանի էներգետիկ սեկտորում, որը գրեթե մոտենում է երկրի ամբողջ ՀՆԱ-ին, ընդգծվում է ամերիկյան ներդրողների հետաքրքրվածությունը, իսկ հետո նշվում է վիթխարի նախագծի իրագործման անհնարինությունը «հավասար պայմանների» բացակայության պատճառով, ինչի շուրջ բանակցություններ են վարվում հանրապետության կառավարության հետ։ Այստեղ օղակը փակվում է. հասարակությունը պետք է սրանից հետևություններ անի, որ ծախու (հասկանալի է՝ Ռուսաստանին) իշխանությունների մեղքով երկրին զրկում են բազմամիլիարդ ներդրումներից, որոնք նոր աշխատատեղեր են խոստանում, բարձր աշխատավարձ, հարկային մուտքեր բյուջե և այլ բարիքներ։ Հետևաբար, ամերիկացիները Հայաստանի ժողովրդի բարօրության մասին ավելի են հոգում, քան հանրապետության իշխանությունները, որոնց Մոսկվան զրկել է ամեն տեսակ ինքնուրույնությունից միայն մի նպատակով՝ ոչ մի դեպքում թույլ չտալ Հայաստանի զարգացումը։

Պարզունակ տրամաբանություն, որն արհեստականորեն պաշտպանվում է տեղի որոշ քաղաքագետների և փորձագետների կողմից, որոնք իրենց «տիեզերագլոբալիստատարածաշրջանահամահայկական» գրասենյակները պահում են ի հաշիվ USAID գծով ֆինանսավորման և հումանիտար-քաղաքակրթական այլ ծրագրերի։ Կուզենայի պարզաբանում ստանալ, թե մոլորակի ո՞ր մասում են ստեղծված այսպես կոչված հավասար պայմաններ բիզնեսի համար, բացի քաղաքատնտեսության դասագրքերից և ներքին շուկայի բիզնեսից։ Եվրոպական միությունո՞ւմ, որտեղ ամեն բան վաղուց կանոնակարգված է և քվոտաների բաժանված անգամ յուրայինների մեջ, ԱՄՆ-ո՞ւմ, որտեղ լարվում են գերմանական ավտոարդյունաբերության և ասիական լայն սպառման ապրանքների էքսպանսիայի առիթով, որտե՞ղ։ Չգիտես ինչու հաշվի չի առնվում, որ տեղեկությունների ակնթարթային տարածման դարաշրջանում անտեղյակներին հասցվում են ոչ միայն արևմտյան նմուշի քաղաքակրթական կառույցների տեսական հմայքները, այլև գործնական հետևանքները մի շարք երկրների տնտեսություններում, որոնք ժամանակին ընտրություն են կատարել՝ տնտեսության արդյունաբերության, գիտատեխնիկական պոտենցիալի, գյուղատնտեսության ամբողջ ճյուղերի քայքայում, հումքային կցորդի և սպառման հասարակության վերածում, ընդ որում՝ պարտքով։ Կուզենայի նաև ընկալելի բացատրություններ ստանալ, թե ինչպես պետք է երկիրը ստեղծի հավասար պայմաններ. ազգային օրենսդրությա՞մբ և իր միջազգային պայմանագրերո՞վ, թե՞ առաջարկվում են ինչ-որ այլ եղանակներ։ Հայաստանի օրենսդրության մեջ մի՞թե կան կետեր, որոնք հարկային և մաքսային բյուրոկրատիայի տարբեր աստիճան են սահմանում տարբեր երկրների ներդրողների համար։ Թե՞ պետք է հրաժարվել տրամադրված արտոնություններից Մաքսային միության և ԵԱՏՄ շրջանակներում։ Ինչպե՞ս պետք է դա լինի գործնականում, որպեսզի բավարարի ամերիկացիների պահանջները։ Պահանջն ըստ էության մեկն է՝ խզեք հաստատված կապերը, դուրս եկեք Ռուսաստանի հետ կապված բոլոր կազմակերպություններից և երջանիկ կլինեք։

Այդ երբվանի՞ց ամերիկացիներն սկսեցին մտահոգվել Իրանին էլեկտրաէներգիայի վաճառքով, մի՞թե ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող իսլամական հանրապետության հանդեպ մեծ համակրանքից։ Էներգետիկական ի՞նչ համակարգ են պատրաստվում կառուցել ամերիկացիները երկրում, որն աշխարհագրորեն գտնվում է Ռուսաստանի և Իրանի էներգառեսուրսների հսկաների միջև։ Ուկրաինացի մեծն առաջնորդի օրինակո՞վ, որը պատրաստվում է ածուխ գնել Փենսիլվանիայում, չնայած սեփական, ինչպես ինքն է կարծում, Դոնբասին։ Կա՞ գոնե մեկ նախագիծ՝ գոնե նախապես մշակված, դե, գոնե գաղափարի մակարդակից մի փոքր առաջ գնացած, որով առաջին ներդրումները կգան Հայաստան։ Իհարկե՝ ոչ։ Նման նախագծեր գոյություն չունեն պարզապես այն պատճառով, որ խոսակցությունները բազմամիլիարդ ներդրումների մասին զուտ քաղաքական նախագիծ են, որը հետապնդում է իր զուտ քաղաքական նպատակները։ Եվ սա մերկապարանոց պնդումներ չեն։ Ինքը՝ դեսպան Միլսն է խոստովանում. «Ներկա պահին ես չեմ կարող ձեզ ներկայացնել որևէ լուրջ նախագիծ, բայց հետաքրքրվածությունը, որը մենք տեսնում ենք ամերիկյան էներգետիկական ընկերությունների կողմից Հայաստանի էներգետիկ շուկայի հանդեպ, ուրախացնում է մեզ»։ Նախագծեր չկան, փոխարենը մեղավորները, ովքեր արգելակում են գոյություն չունեցող նախագծերի իրագործումը, նշանակված են։ Ինչպես սովորաբար։ Ըստ երևույթին, պարոն դեսպանին ուրախացնում է այլ բան, այն, որ Հայաստանում գտնվում են մարդիկ, ովքեր հավատում են ամերիկյան այլասիրությանը՝ դրանով իսկ արդարացնելով պետդեպարտամենտական ներդրումներն իրենց հավատի մեջ։ Զեկուցել պետք է, չէ՞։

Աշոտ Անտինյան 

04․06․2017


10160





Գլխավոր լուրեր