«Կապույտ երկնքի տակ...».


22-06-2017 14:46:38

Գրեթե նույն թեմատիկայով երկու իրադարձություն, բայց ըստ էության ոչ մի կերպ չկապված միմյանց հետ, գրեթե միաժամանակ դարձել են ռեզոնանսային տեղեկատվական պատրվակ։ Առաջին. ռուսաստանյան երեք ԼԳՏԲ-ակտիվիստների դիմումով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն օրերս դատավճիռ է կայացրել, որը գեյ-Քարոզչությունն անչափահասների շրջանում արգելող ռուսաստանյան օրենքը ճանաչում է մարդկանց ինքնարտահայտման իրավունքի խախտում։ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ռուսաստանին վճարել սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին 49 100 եվրո։ Հասկանալի է՝ այս դատավճիռը Ռուսաստանում ընդունվել է տարակուսանքով։ Քաղաքական գործիչները, իրավաբանները, խորհրդարանականները և մյուսները փորձում են գտնել պատվարժան դատարանի վճռի տրամաբանությունը. եթե այն այդպես հոգում է ոչ ավանդական քաղաքացիների ինքնարտահայտման իրավունքների մասին, ապա ինչո՞ւ չի ճանաչում երեխաների՝ այսպես կոչված արժեքներից պաշտպանված լինելու իրավունքը, որոնց իսկական արժեքը երեխան ի զորու չէ օբյեկտիվորեն գնահատել տարիքի պատճառով։ Չէ՞ որ միանգամայն ակնհայտ է. եթե մարդն ի վիճակի չէ ինքնուրույն հասկանալ ստացած ինֆորմացիան, կողմնորոշվել դրա բովանդակության հարցում և մշակել իր վերաբերմունքը դրա հանդեպ (իսկ երեխաների պարագայում այդպես է, որ կա), ապա նա ենթակա է քարոզչության զոհը դառնալու վտանգին։ Հենց նման տրամաբանությունն է ընկած հիշյալ օրենքում, որը ոչ մեկին չի արգելում և ոչ ոքի չի ճնշում իր սեռական նախապատվությունների հարցում, այն միայն պաշտպանում է երեխաներին ոչ ավանդական արժեքների ագրեսիվ քարոզչության մասին։ Այդ նույն եվրոպական կառույցները հետևողականորեն պայքարում են անչափահասների և անգամ պատկառելի տարիքի մանկահասակների շրջանում էրոտիկայի և առավել ևս՝ պոռնոգրաֆիայի տարածման դեմ։

Դա չի կարելի անել, իսկ ահա նույնը այլասերված ձևերով, պարզվում է, կարելի է։ Ես մի առիթով գրել եմ այն մասին, թե ինչու համասեռամոլներին ըստ էության թույլատրված է քարոզել իրենց կենսակերպը, իրենց ապստամբած լիբիդոն ի ցույց դնել ի տես աշխարհի։ Ինչո՞ւ նրանք չեն կարող առանց աղմուկի և էպատաժի լուռ միմյանց հաճույք պատճառել, այլ անպայման նաև պետք է ոչ միայն հրապարակավ հպարտանան, այլև իրենց միանալու կոչ անեն։ Ինչի՞ համար են նման արտոնությունները։ Ի՞նչ եք կարծում, քանի՞ րոպե կանցնի մինչև այն պահը, երբ իրավապահները կկալանեն, ասենք, անալ կամ օրալ սեքսի կողմնակիցների քայլերթի մասնակիցներին։ Շատ քիչ, քանի որ նրանց չի կարելի դա անել, իսկ մարտական երանգավորմամբ անհատներին կարելի է։ Եվ ոչ միայն կարելի է, այլև պարտավոր են պաշտպանել նրանց ավանդապաշտ հասարակության զայրույթից։ Մեզանից յուրաքանչյուրը հազիվ թե փողոցում կարողանա անցորդների մեջ ճանաչել, օրինակ, ավանդական միսիոներական դիրքի սիրահարներին, իսկ ահա գեյերին հեշտությամբ կճանաչի։ Բայց պարզվում է՝ սա նրանց քիչ է, սրտները նաև շքերթ է ուզում։ Հարց է ծագում. ո՞ւմ է ձեռնտու համասեռամոլության գաղափարախոսության տարածումը։ Մի՞թե Երկիր մոլորակի գերբնակեցումը հաղթահարելու նոր եղանակ է։ Հազիվ թե արդյունավետ եղանակ լինի, քանի որ այն տարածաշրջաններում, որտեղ ծնելիությունը խփում է բոլոր ռեկորդները, այդ բարիքին շատ հազվադեպ կհանդիպես։ Արդյունքում՝ ճաշակում ենք խայտառակության բոլոր հմայքները, իսկ հիմնախնդիրն այդպես էլ չենք լուծում...

Ամենայն հավանականությամբ, ՄԻԵԴ հիշյալ վճիռը կբողոքարկվի, թեև հույս չկա, թե հանդուրժողականության նոր պաշտամունքի հետևորդները կհասունանան։ Պարզապես պետք է պահպանել արարողակարգը։ Վատագույն դեպքում, կա հնարավորություն՝ օգտվելու նախագահ Պուտինի 2015թ. ստորագրած օրենքից, որը թույլ է տալիս Ռուսաստանի Սահմանադրական դատարանին լիովին կամ մասամբ անտեսել ՄԻԵԴ որոշումները, եթե դրանք հակասում են ՌԴ Սահմանադրությանը։ Ազգային ինքնիշխանության, այն պահելու և հասարակությանը խորթ, պարտադրված կեղծ կուլտերից պաշտպանելու վառ արտահայտություն։

Երկրորդ տեղեկատվական պատրվակը, թերևս, եվրոպական քաղաքակրթության քայքայման առավել աղաղակող օրինակ է։ ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ ֆրանսիական դատարանը պարտավորեցրել է խորհրդարանի նախկին պատգամավոր, ֆրանսիական քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Քրիսթին Բուտինին վճարել 5000 եվրո տուգանք համասեռամոլության մասին աստվածաշնչյան մտքեր արտահայտելու համար Charles ամսագրին տված հարցազրույցում դեռևս 2014թ.։ Պատասխանելով «ի՞նչ է մտածում համասեռամոլ հարաբերությունների մասին» հարցին՝ երդվյալ քրիստոնեուհի մադամ Բուտինն ասել է՝ հղում կատարելով Սուրբ գրքի բառերին. «Մի՛ պառկիր տղամարդու հետ, ինչպես կնոջ հետ. դա զազրելի է»։ Քաղաքական գործիչն, ընդ որում, ընդգծել է, որ մեղքն անընդունելի է, բայց մեղսավորներին պետք է ընդունել։ Այս խոսքերը բավական եղան, որպեսզի ֆրանսիական երկու ԼԳԲՏ-միավորում նրան դատի տան «ատելության և բռնության հրապարակային դրդման» համար։ Աստվածաշնչյան մեջբերման մեջ որտե՞ղ ԼԳԲՏ-ականները բռնության կոչ տեսան՝ այնքան էլ հասկանալի չէ, զմայլեցնում է այն փաստը, որ դատարանը դա տեսավ։ Գուցե արժե՞ Արևմուտքում օրենսդրորեն արգելել Աստվածաշնչից, Ղուրանից, Թորայից և սուրբ այլ գրքերից արվող մեջբերումները, որոնք որոշ քաղաքացիների և արդարադատությունն իրականացնողների տրամաբանությամբ՝ հագեցած են բռնության և ատելության կոչերով։ Ինչո՞ւ գայթակղել մարդկանց, չէ՞ որ բոլորը չէ, որ կունենան ազատ 5000 եվրո, եթե հանկարծ, Աստված մի արասցե, ցանկանան մեջբերումներ անել Սուրբ գրքից։

Ինչպես ասում են՝ հասա՛նք։

Ամենաուսումնասիրված փիլիսոփաների տասնյակ մտնող Ֆրիդրիխ Նիցշեն դեռ XIX դարում ասում էր. «Եվրոպայի էությունը և եվրոպական առաքինության անբարոյությունը հասկանալու համար տեսեք նախրի ատելությունը ճշմարտացիի հանդեպ»։

Հետաքրքիր է՝ տուգանքի ի՞նչ չափ կսահմանվի նրա «Իշխանության կամք» գրքից մեջբերման համար։

Աշոտ Անտինյան 

22․06․2017



30755





Գլխավոր լուրեր