ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԿԱ…ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ ՀԱՄԱՐ՝ ԻՐԵՆԸ


24-09-2016 12:08:21

Սիրիայում քաղաքական կարգավորումը այլընտրանք չունի: Քանիցս ենք լսել այդ, կարելի է ասել, ծեծված, բայց, ընդսմին, իր հերթին անայլընտրանքային պնդումը համաշխարհային առաջնորդների, բարձրաստիճան միջազգային և ազգային չինովնիկների շուրթերից: Կանխադրույթը, իհարկե, անվիճելի է և` ոչ միայն Սիրիայում հակամարտության առնչությամբ: Սկզբունքորեն, մոլորակի բոլոր անկյուններում բոլոր հակամարտությունների քաղաքական կարգավորումն այլընտրանք չունի: Սակայն, աքսիոմի անդադար կրկնությունը ճիշտ նույնքան անգամն էլ մնում է սոսկ բարի մտադրություն, եթե չի ամրապնդվում «քաղաքական կարգավորում» բարեհունչ եզրին կոնկրետ բովանդակություն հաղորդելով: Պարզ տրամաբանությամբ՝ եթե կարգավորումը քաղաքական է, նշանակում է` պետք է հանգեցնի հակամարտող կողմերի քաղաքական նկրտումներին համապատասխանող որոշակի լուծումների:

Սա այն դեպքում, եթե առկա են հիմնախնդիրը քաղաքական մեթոդներով լուծելու կամքը և անկեղծ ձգտումը: Բանն այն է, որ եթե դիտարկենք հասկացությունը բացառապես իբրև գործիքակազմ, ցանկալի կարգավորման վերջնական կոնֆիգուրացիայի համաձայնեցված ըմբռնման լիակատար բացակայության պարագայում, ապա այն վերածվում է հեռանկարային, բայց գործնական կիրառման մեջ շատ բարդ գործիքի, որին չեն կցել սպառողի համար հուշաթերթիկը: Այդ դեպքում քաղաքական կարգավորման այլընտրանք, ցավոք, գոյություն ունի, և այն մոլեգնում է ամենուր: Մյուս կողմից՝ քաղաքական կարգավորման հանդեպ կամքի բացակայությունը ամենևին չի վկայում հակամարտության այս կամ այն կողմի քաղաքական նպատակների բացակայության մասին:

Դրանք, անկասկած, կան, միայն թե նպատակին հասնելու ուղիները կարող են լինել միանգամայն տարբեր: Սրանից, իմ կարծիքով, հետևում է, որ այս կամ այն հակամարտության քաղաքական կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե բոլոր հարակից գործոնները դասավորվում են այնպես, որ ի հայտ է գալիս առաջադրված քաղաքական նպատակները քաղաքական եղանակներով իրացնելու հնարավորություն: Հակամարտող կողմերի և ներգրավված այլ խաղացողների քաղաքական շահերի հաշվառման իմաստով դիրքորոշումների մերձեցման շուրջ բանավեճն է իրականում քաղաքական կարգավորման միջոցը:  Սա շատ կարևոր է ըմբռնել, քանզի լինում են դեպքեր, երբ ուղղակիորեն հակամարտության մեջ չներգրավված երրորդ կողմերի, իսկ, որ ավելի վատ է, միջնորդական առաքելությամբ հանդես եկողների միջև համաձայնության բացակայությունը չեղարկում է խաղաղ հանգուցալուծման ամենայն հնարավորություն՝ հաշվի չնստելով նույնիսկ անմիջականորեն հակամարտող կողմերի շահերի հետ: Բոլոր հատկանիշներն առկա են փաստելու, որ սիրիական հակամարտությունն այդպիսիների շարքից է: Հավանաբար, այդքան էլ համարձակ չի ընկալվի ենթադրությունը, որ Սիրիայում արյունալի հակամարտության կարգավորման հարցի լուծման խաղաղ ճանապարհ գտնելու` համաշխարհային հանրակցության բոլոր փորձերը դատապարտված են, քանզի մեծամասամբ ձևական բնույթ են կրում: Դրա պատճառը ոչ միայն այն է, որ գտնված չէ ողջամիտ փոխզիջում համաշխարհային և տարածաշրջանային խաղացողների շահերի միջև, այլև նրանցից շատերի կողմից այդ շահերը մանրակրկիտ քողարկվում են խաղաղության, ժողովրդավարության և այլևայլ ճամարտակության, արդեն սովորական դարձած, կարգախոսների ներքո: Հիմնախնդիրը խաղաղությամբ լուծելու համար օբյեկտիվ նախադրյալներ չեն երևում, այդ պատճառով, տվյալ փուլում քաղաքական կարգավորման ճիգերը ոչ մի դրական արդյունքի չեն բերի: Այդ նախադրյալները չկային նաև ընթացիկ տարվա ձմռանը, երբ Ժնև-2 ձևաչափով փորձեցին մեկնարկ տալ համասիրիական երկխոսության գործընթացին, ինչի մասին ժամանակին բազմիցս գրել եմ: Դժբախտաբար, այդպես էլ եղավ: Առավել ցավալի է, որ տեսանելի ապագայում այդպես էլ կշարունակվի: Ռուսաստանի ըստ էության, պարզ դիրքորոշումը` համընդհանուր ջանքերով հաղթահարել ահաբեկչությունը Սիրիայի տարածքում և սիրիացիներին հնարավորություն տալ ինքնուրույն որոշել իրենց երկրի հետագա ճակատագիրը, ինչպես տեսնում ենք, արձագանք չի գտնում մյուս շահագրգիռ կողմերի մոտ, թեպետև խստիվ համապատասխանում է միջազգային իրավունքի ոգուն: Դե, դրա համար չեն հրահրել հակամարտությունն այս արաբական հանրապետությունում, որպեսզի Ռուսաստանի կոչով զսպեն ախորժակները: Ընդհանրապես, նրա համար չեն ստեղծվում ահաբեկչական կազմակերպությունները տարբեր երկրների հատուկ ծառայությունների կողմից, որպեսզի հետո համախմբվեն դրանց բնաջնջման գաղափարի շուրջ:

 Հիշենք, դեռ մինչև անցյալ տարվա վերջը գերակշռում էր այն կարծիքը, թե Ռուսաստանում և բազում այլ երկրներում արգելված ԴԱԻՇ-ը (ԻԳԻԼ) իբր տարբերվում է ցայդ հայտնի ահաբեկչական կազմակերպություններից նրանով, որ ունի իրեն ուժեղացնող հրապուրիչ գաղափարախոսություն: Բերվում էին նույնիսկ կեղծապետության գործունեության ինչ-ինչ «դրական» հայեցակետեր. իբր` հարկեր են հավաքում, դպրոցներ են ֆինանսավորում և այլն: Ճիշտ է, զուգահեռաբար փոքր-ինչ պայթեցրել են, երբեմն գլուխներ են կտրել, բռնաբարել, մարդկանց օրգանների մասնատել: Բազմաերանգ դուրսպրծուկների համար չափազանց գրավիչ գաղափար: Լավ է դեռ, որ վերջին շրջանում ահաբեկիչների վայրագ գործողությունների գաղափարախոսական երանգավորումը հարգի չէ: Իսկ այն բանից հետո, երբ վերջերս թուրքական բանակը, առանց կրակոցի, մի գիշերում բանդիտներին դուրս մղեց Ջելաբրուսից, Իրաքի և Լևանտի մարդասիրագույն խալիֆաթի կերտման գաղափարակիրների անկախ գործելաոճի մասին խոսելը պարզապես ծիծաղելի է:  Սովորական հանցակույտ, որը հստակ գիտե` ում դեմ կարելի է կռվել, իսկ ում դեմ` կլինի ինքնասպանություն: Հակառակ դեպքում, թող որևէ մեկը հոդաբաշխ բացատրի, թե ի՞նչ նպատակով են Իրաքի և Լևանտի (նույնիսկ լայն իմաստով արևելամիջերկրածովյան արդի պետությունները միայն ընդգրկող) տարածքում խալիֆաթի ստեղծման պայծառ գաղափարով տառապողները նեрխուժել Աֆղանստան՝ նշանառելով Կենտրոնական Ասիան: Ինչպե՞ս է այդ միտքը համատեղվում ազդարարված գաղափարախոսության հետ: Ոչ մի կերպ: Սովորական պրակտիկա է. օգտագործել ճյուղավորված ահաբեկչական ցանցը տարբեր տարածաշրջաններում սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար: Լինել ազդեցիկ գործիք արդի պատերազմներում, երբ միջուկային զենքի առկայությունն անհնար է դարձնում ուղղակի բաց բախումը, ահա տարբեր կարգի ահաբեկչական խմբավորումների հաջողության գրավականը: Վախենամ՝ քանի դեռ մոլորակում նոր աշխարհակարգ չի հաստատվել՝ հստակ օրինագրված կանոններով, հնարավոր է՝ տարբեր տարածաշրջանների համար կոնկրետ պատասխանատուներով, ահաբեկչությունը հաղթահարելն անկարելի կլինի: Սակայն դրա դեմ մարտնչելն անհրաժեշտ է ամեն դեպքում, թեկուզև արդի չհայտարարված պատերազմում հակառակորդին թուլացնելու և սեփական անվտանգությունն առավելագույնս ապահովելու համար:

Եվ քանի դեռ պայքար է ընթանում ահաբեկչության դեմ Սիրիայի տարածքում, որոշ շահագրգիռ կողմեր անում են ամեն ինչ, որ այդ պայքարը հաջողությամբ չպսակվի: Ահաբեկչական խմբավորումների մարտական ներուժն անհրաժեշտ է արտաքին խաղացողներին Ասադի վարչակարգը կործանելու համար: Իսկ դա գլխավոր խնդիրն է: Շատ է գրվել և խոսվել այն մասին, որ, հանուն սիրիական հողում ժողովրդավարության հաստատման, արյունռուշտ բռնապետ Ասադի վերացման անհրաժեշտության մասին կարգախոսներն ընդամենը բարեհունչ փաթեթավորում է:  Արդյունքում` հեղաշրջումների շարանը Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի երկրներում, դեռ ոչ մի տեղ ժողովրդավարություն չի հաստատել, ասենք՝ չէր էլ կարող և նույնիսկ պետք էլ չէ: Պարզապես Ասադը խանգարում է Թուրքիային, որը ձգտում է վերահսկողության տակ առնելու Սիրիայի քրդաբնակ տարածքները և ստեղծել բուֆերային գոտի, Քաթարին՝ Սիրիայի տարածքով անցկացնելու գազամուղ դեպի Թուրքիա և այնուհետ Եվրոպա, Սաուդյան Արաբիային, որը ջանում է գլխավորել սուննիական աշխարհը, իսկ դրա համար էլ՝ հաստատել սուննիական իշխանություն այդ թվում Սիրիայում, և շատ ուրիշների: Սիրիայում, քաղաքացիական հռչակված, պատերազմի ծավալման գործում ԱՄՆ-ի դերի մասին միայն ծույլերը, թերևս, ոչինչ չեն լսել: Սաուդիտների հետ համատեղ ԿՀՎ-ի հատուկ ռազմագործողության, զենքի մատակարարման և մնացյալ ամեն ինչի վերաբերյալ նույնիսկ ամերիկյան հեղինակավոր հրատարակություններն են գրել: Նախագահ Օբաման սիրիական պատերազմի հինգ տարիների ընթացքում հանգստացնում է ամերիկյան ժողովրդին, իբր ոչ մի ամերիկացի զինվոր այնտեղ մարտի դաշտում չի կռվի: Սակայն երբ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի օդաչուները և սիրիական բանակի ռմբակոծիչները նորերս թռիչքներ իրականացրին Հյուսիսային Սիրիայի ամրացված շրջանների վրա, ԱՄՆ-ն անհապաղ տեղեկացրեց Մոսկվային, թե այդ գրոհները սպառնալիք են ներկայացրել ռազմաճակատի գծում գտնվող ամերիկյան զորքերի համար: Որքա՞ն էին այնտեղ դրանք, ի՞նչ նպատակներ էին հետապնդում, ու՞մ դեմ էին մարտնչում, անշուշտ, գաղտնի է պահվում ոչ միայն շարքային ամերիկացուց, այլև բոլորից: Ի դեպ՝ այդ թվում ԱՄՆ կոնգրեսից: Առհասարակ՝ այն ամենը, ինչ վերաբերում է ամերիկյան հատուկ ծառայությունների իրականացրած ռազմագործողություններին, խստագույն գաղտնիք է հանդիսանում Նյու Յորքի երկվորյակ աշտարակների վրա հարձակումից հետո Կոնգրեսի 2001թ. քվեարկության հիման վրա: Կոնգրեսն այնժամ քարտ-բլանշ տվեց նախագահին և զինված ուժերին Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում գաղտնի պատերազմներ վարելու համար: Ճիշտ է` նույն Կոնգրեսը Ռուսաստանի դեմ քողարկված, միջնորդավորված պատերազմ վարելու թույլտվություն չի արտոնել, սակայն լիազորությունները գերազանցելու մասին հարց չի ծառանում, քանզի ոչ ոք պաշտոնապես չի խոսում դրա մասին և հազիվ թե երբևիցե կխոստովանի:

Ավելին. վերջերս անգամ ձայներ են հնչում՝ իսկ արդյոք Վաշինգտոնում քաղաքական իշխանությունը վերահսկու՞մ է Պենտագոնն ու ԿՀՎ-ն ամբողջ ծավալով: Իհարկե՝ լիովին ընդունում եմ, որ դա ցանկալին իբրև իրականություն մատուցելու փորձ կարող է լինել: Իբր՝ քաղաքական իշխանությունը հակված է համագործակցության, իսկ ահա զինվորականները երբեմն վերահսկողությունից դուրս են գալիս՝ փորձելով առանձին սադրանքներով սրբագրել քաղաքական ուղեգիծը: Ամբողջապես բացառել սա, իհարկե, չի կարելի: Հատկապես երբ դիտարկում ես վերջին շաբաթներին իրադարձությունների զարգացումը: Թվում էր, թե քաղաքական գործիչները վերջապես պայմանավորվել են հրադադարի մասին, բայց ահա ամերիկյան կոալիցիայի ուժերը ռմբակոծեցին Սիրիային կառավարական զորքերը: Վեց տասնյակ զինվորների զոհվելը և ավելի քան հարյուրի վիրավորվելը դուրս գրեցին սխալի անվան տակ: Իբր՝ ում հետ չի պատահում: Պատահում է, իհարկե, բայց՝ ոչ ամբողջ մեկ ժամվա ընթացքում, ինչպես պնդում են Դամասկոսում: Բացի դրանից՝ հարցեր է հարուցում և այն փաստը, որ սխալ ռմբանետմանը անհապաղ հաջորդեց ելուզակների հարձակումը: Ինչ-որ անտրամաբանական է գլխապատառ նետվել «կույր» ռմբահարման բովը: Անտրամաբանական է մինչև անգամ ամենաերդվյալ ահաբեկիչների համար: Զարմանալի չէ, որ պաշտոնական Դամասկոսը հայտարարեց հաշտության ռեժիմից դուրս գալու մասին:  Ինչպես ասում են` անհարմար ստացվեց: Անհրաժեշտ էր շեղել ուշադրությունը այլ հզոր տեղեկատվական պատրվակով: Երկար սպասելու կարիք չեղավ: Հալեպի մերձակայքում մարդասիրական շարասյան գնդակոծությունը անմիջապես վերագրեցին Մոսկվային և Դամասկոսին: Իբրև թե մարտաթռիչք կատարեցին, ռմբահարեցին, ոչ մի սրբություն չունեն: ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի բարձր ամբիոնից անբեկանելի դատավճիռ ներկայացրին՝ մեղավոր է:

Ճիշտ է, ինչպես սովորաբար, փաստեր չունեին, համապատասխանաբար՝ այդպիսիք չներկայացրին: Ավելին. արդեն հաջորդ օրը թուլացրին թափը. «մարդասիրական շարասյան վրա հարվածներին Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ փաստերի չենք տիրապետում»: Դրանից առաջ, սակայն, հասցրին հանդես գալ նոր գաղափարով՝ սահմանել թռիչքազերծ ռեժիմ Սիրիայի երկնքում երեքից մինչև յոթ օրով: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Շտայնմայերի առաջարկությունը Պենտագոնն իսկույն շտկեց. խոսքը ամերիկյան կոալիցիայի ուժերի թռիչքների մասին չէ: Այսինքն՝ «որոշում կայացրին» արգելել ռուսաստանյան և սիրիական ռազմական օդանավերի թռիչքները: Դե ինչ, իմաստուն որոշում է, գլխավորը` խստիվ միջազգային իրավունքի տառին համապատասխան:  Արդ՝ մարտադաշտում գործերը վատ են ընթանում: Ինչեր ասես չեն հորինի, միայն թե հնարավորություն տան յուր ձեռնասուն, չափավոր ընդդիմություն կոչեցյալ ահաբեկիչներին վերախմբավորվելու, զինանոցները լրացնելու: Իսկ ինչո՞ւ ոչ. դա առայժմ աշխատում է, Ռուսաստանը շարունակ ըմբռնում է դրսևորում՝ հուսալով տեսնել հանդիպակաց քայլեր: Բայց ամեն անգամ դա ավարտվում է բռնության հերթական բռնկմամբ: Անզեն աչքով իսկ տեսանելի է, որ ամերիկացիները խստորեն հետևում են իրենց պլանին և կհետևեն նաև հետագայում: Ինչպես վերը նշեցի, նրանց անհրաժեշտ է պահպանել Ասադի վարչակարգը տապալելու ընդունակ զինյալ խմբավորումների մարտական ներուժը՝ սրանից բխող հետևանքներով: Նրանց չեն կանգնեցնում նույնիսկ այնպիսի կազուսները, ինչպիսին էր, օրինակ, միջադեպը Թուրքիայի հետ սահմանին, երբ Ազատ սիրիական բանակի իրենց դաշնակիցները վտարեցին ԱՄՆ-ի դեսանտա-խափանարար ջոկատները՝ անվանելով նրանց «անհավատներ» և «խաչակիրներ»:

Երևի այնքան էլ սարսափելի չէ անգամ այն, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչներն արդեն քիմիական զենք են կիրառում, ինչի մասին հաղորդել են գրեթե բոլոր համաշխարհային ԶԼՄ-ները: Նպատա՞կն է արդարացնում միջոցները: Կարծեք թե ճիզվիտ Էսկոբարի սույն ասույթը, որ սխալմամբ վերագրվում է մեծն Մաքիավելիին, իր հրատապությունը դարեր անց իսկ բնավ չի կորցրել: Ավարտեմ նրանով, ինչից սկսել եմ. սիրիական հակամարտության քաղաքական կարգավորումը չունի այլընտրանք: Ենթադրվում է գոչել՝ ամեն: Սակայն, որքան էլ ցավակի է, իրական քաղաքական կարգավորումը կսկսվի միայն այնժամ, երբ մարտադաշտում լինի Սիրիայի կառավարական բանակի աներկբա գերակշռություն: Մնացյալ ամեն ելքի դեպքում Սիրիան ներկայիս սահմաններով չի պահպանվի: Բայց դա նույնպես չի բերի տևական խաղաղության: Շատ կուզենայի սխալվել:

 Աշոտ Անտինյան

 23.09.2016


30986





Գլխավոր լուրեր