Տարածք հանձնեն, թե ոչ, պատերազմն անխուսափելի է. խաղաղության ճանապարհը սոցիալիստական հեղափոխությունն է


21-12-2016 14:33:28

Վահան Իշխանյան

 

Ես հեղափոխությունը սկսեցի ունենալով 82 հետևորդ: Եթե ստիպված լինեի կրկնել դա, ինձ կհերիքեր 15 կամ նույնիսկ 10 հոգի: 10 մարդ և բացարձակ հավատ: Կարևոր չի, թե քանի հոգի եք, կարևոր է ունենալ հավատ և հստակ ծրագիր։

Ֆիդել Կաստրո 

 

Լևոն Տեր-Պետրոսյանը միայն այն ժամանակ կխոստովանի, որ երկրի բնակչությունը արտագաղթել է ոչ թե պատերազմի, այլ իր իշխանության սկսած սեփականաշնորհման պատճառով, երբ կանգնի հեղափոխական դատարանի առաջ:

Դեկտեմբերի 17-ին ՀԱԿ-ի երկրորդ համագումարում նա ասաց.

«Հայաստանը բնակչությունից դատարկվում է ոչ այնքան սոցիալական ծանր պայմանների, աղքատության, արդարության բացակայության եւ կոռուպցիայի, որքան պատերազմի վերսկսման տևական վտանգի պատճառով»։

Եթե պատերազմի վտանգն է արտագաղթի պատճառը, ապա ինչո՞ւ արտագաղթողները հարուստները չեն. չեն արտագաղթում ինքը, Գագիկ Ծառուկյանը, Սամվել Ալեքսանյանը, Հովիկ Աբրահամյանը, մյուս մուլտիմիլիոնատերերն ու միլիոնատերերը և նրանց հարուստ ընտանիքները:

Ընդհանրապես պատերազմի սպառնալիքի նկատմամբ ամենազգայունը հարուստներն են, բայց նրանք ոչ միայն չեն արտագաղթում, այլև նորանոր տարածքներ են սեփականաշնորհում: Պատերազմական իրավիճակը խանգարում է նրանց միայն այն պատճառով, որ ամեն ինչ չեն կարող գրպանել, ստիպված են ինչ-որ բան էլ թողնել պաշտպանության համար: Նաև պատերազմի վերսկսումը կխարխլի այն «ազգային միասնությունը», որի պատճառով նրանց դեմ ապստամբություն չի լինում, և որի վրա հիմնված է նրանց իշխանությունը: Այդ «միասնությունը» այդպես խարխլվեց ապրիլյան պատերազմից հետո, երբ պարզ դարձավ որ կորուստների մեղավորը երկիրը իրար մեջ կիսողներն են: 

Այո, եթե երեք միլիոն մարդու ունեցվածքը բաժանեն քսան հոգու մեջ, բնականաբար քսանը կհարստանա, մնացածը կաղքատանան, ու այս միլիոններից շատերն էլ, որպեսզի կարողանան ապրել, կարտագաղթեն: Ահա սա արեցին՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀՇ-ի իշխանությունները սեփականաշնորհեցին երկիրը մի քանի կլանների մեջ, իսկ բնակչության ստվար մասին դարձրին ընչազուրկ ու գործազուրկ:

Հրանուշ Խառատյանը արձագանքելով Տեր-Պետրոսյանի ելույթին գրում է.

«Մինչև այսօր Հայաստանից արտագաղթած բնակչության կեսից ավելին բաժին է ընկնում է 1991-1998ի Հայաստանին: ՄԱԿ-ի 1996 թ. Մարդկային զարգացման զեկույցի համաձայն միայն 1991-1995 թթ. տեղաշարժերի հետևանքով Հայաստանից մշտապես կամ ժամանակավորապես մեկնել է 677 հազ. մարդ՝ բնակչության յուրաքանչյուր հինգերորդը (Հայաստան, ՄԱԿ-ի Մարդկային զարգացման զեկույց, Երևան, 1996, էջ 14): Այլ փորձագիտական հետազոտությունների համաձայն, միայն 1992-1994 թթ. Հայաստանից հեռացել է 610-620 հազ. մարդ կամ հանրապետության բնակչության շուրջ 1/5-ը (Միգրացիա և մարդկային զարգացում. հնարավորություններ և մարտահրավերներ, Հայաստան, Ե., 2009, էջ19-39) : Վերլուծաբանները ավելի վատ թվերից էլ են խոսում, ըստ որոնց այդ շրջանի արտագղթածների թիվն անցնում էր միլիոնից (Բոյաջյան Ա.Գ. Հայաստանի բնակչության ժողովրդագրական գործընթացներն անցումային շրջանում, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ գիտական տեղեկագիր, Պրակ Բ, 2013, էջ 91): Այդ շրջանին է վերաբերում երկրի ազգային հարստության թալանի առյուծի բաժինը:

Անօրինության հիմքերը: Չնայած 1990ին ընդունված Հայաստանի Անկախության Հռչակագրով հողը, օրինակ, հայտարարվել էր Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը և նրա «ժողովրդի սեփականությունը», հողը հենց առաջին ապրանքն էր, որ սեփականաշնորհման գործընթացում օտարվեց առանց նրա սեփականատիրոջ՝ «ժողովրդի» կամքը հարցնելու, ինչն այնուհետև շատ արագ իրականացվեց նաև 1990թ. սեպտեմբերի 10-ին Հայաստանի սեփականություն, հանրային գիտակցության մեջ՝ «ժողովրդի սեփականություն» հայտարարված պետական ձեռնարկությունների, միավորումների, հիմնարկների և կազմակերպությունների նկատմամբ: Սրանով, փաստորեն, Հայաստանում դրվեց «ժողովրդի սեփականության» անիրավական տնօրինման՝ օտարման սկիզբը: Հայաստանում սովորաբար քննարկվում է սեփականաշնորհում կոչված գործընթացում տեղ գտած կոնկրետ անարդարությունները, բայց ոչ «ժողովրդի սեփականության» իրավունքի հիմնարար խախտման՝ «ժողովրդի սեփականության» և դրա առանձին օբյեկտների նվիրաբերման և վաճառքի երևույթը: Հիշեցնե՞լ արդյոք ՀԱԿ-ի առաջին դեմքին, որ Հայաստանի տնտեսական կարողության 55 %-ի վաճառքից ստացված գումարը հավասար է եղել 800.000 ԱՄՆ դոլարի (ՀՀ տնտեսության և ձեռնարկատիրության զարգացման արդի խնդիրները: Ազգային գիտաժողովի նյութեր, Երևան, 1998, էջ 26): Զարմանալի չէ, որ Հայաստանի բնակչությունն այդ վայրի «սեփականաշնորհումն» անվանում էր բնակչության ունեցվածքի թալան, իսկ ժամանակաշրջանը՝ «թալանի շրջան»: Արդjոք դա չէ՞ր պատճառը, որ թալանի համն առած իշխանություններն ակնհայտ ֆարսի վերածեցին 1996-ի ընտրությունները՝ դնելով ամեն գնով իշխանությունը պահելու «փիլիսոփայության» հիմքը, ինչը հաջողությամբ ժառանգեցին հաջորդները»:

Բայց ինչպե՞ս առաջացավ երկիրը մեջմեջ անելու գաղափարը:

Ե՛վ պատերազմի, և՛ սեփականաշնորհման ակունքները ղարաբաղյան շարժման մեջ են.

1980-ականների վերջին Սովետական Միության մեջ թեև ամենախոշոր ցույցերն էին Երևանում, սակայն Ղարաբաղյան շարժման առաջնորդները հակասովետական չէին, չէին հակադրվում սոցիալիստական տնտեսական համակարգին, չէին էլ մտածում Հայաստանը անկախացնել ԽՍՀՄ-ից, հակառակը` նրանք պրոսովետական լոզունգներով էին շարժվում, ինչպիսին էր՝ «Լենին, պարտիա, Գորբաչով»: Նրանք, ճանաչելով Մոսկվայի գերիշխանությունը, դիմում էին կենտրոնին, որ նա վերականգնի պատմական արդարությունը և Ղարաբաղի ինքնավար մարզը Ադրբեջանի կազմից հանի ու մտցնի Հայաստանի կազմի մեջ: Այդ ժամանակ հայրս՝ Ռաֆայել Իշխանյանը գրեց «Երրորդ ուժի բացառման օրենքը», որ երկու ժողովուրդների հակամարտության մեջ ապավինել երրորդ երկրին, որ նա քո կողմը կանցնի, մեծագույն  սխալ է:

Սակայն երբ Սովետական Միությունը սկսեց ճաքեր տալ, Ղարաբաղյան շարժման լիդերները, իրենց  ստեղծած ՀՀՇ կուսակցության հետ,  հասկացան, որ աշխարհի ամենահսկա երկրից մի պատառ կարող են պոկել և խժռել, և որդեգրեցին Հայաստանի անկախության և ազատականության գաղափարները:

Որպեսզի իրար մեջ սեփականաշնորհես երկիրը, պիտի այն պոկես սոցիալիստական համակարգից, հռչակես անցում ազատական տնտեսության ու իշխանության գաս: Ու պրոսովետական գործիչների` երկիրը զավթելու ագահությունը նրանց այն աստիճան հակասովետական դարձրեց, որ ամբողջ Մոսկվան հանեցին հայ ժողովրդի դեմ. և արդյունքում սովետական զորքը օգնեց Ադրբեջանին, որ դատարկեն Գետաշենը: Եթե մի նախադասությամբ սահմանենք, ապա Գետաշենը ՀՀՇ-ի ախորժակի գինն  էր (այդ մասին տես՝ «Կոլցո օպերացիայի պատճառները»):

Ղարաբաղ կոմիտեի անդամ, կոմունիստական ընտանիքից դուրս եկած Լևոն Տեր-Պետրոսյանը դարձավ հակասովետական Հայաստանի գերագույն խորհրդի նախագահ, մեկ տարի անց հանրապետության նախագահ, և ՀՀՇ-ն արագորեն սկսեց տիրանալ հանրապետության կառավարման մարմիններին, իսկ ով նրան խոչընդոտում էր, ֆիզիկապես էին վերացնում, ինչպես 1992-ին սպանեցին Աշտարակի ընտրված քաղաքապետ դաշնակցական Հովհաննես Սուքիասյանին և 1993-ին երկաթգծի պետ կոմունիստ Համբարձում Ղանդիլյանին (ՀՀՇ-ի իշխանությունից հեռանալուց հետո այս սպանությունները բացահայտվեցին, և պարզվեց, որ պատվիրատուն եղել է ՀՀՇ-ի նախագահ, ապա Ներքին գործերին նախարար Վանո Սիրադեղյանը, ով պատժից խուսափելու համար մինչև այժմ փախուստի մեջ է): Այս սպանությունները մտնում էին նրանց անձնական շահի և մրցակցության գաղափարախոսության մեջ՝ եթե մեկը անձնական շահդ խոչընդոտում է և խանգարում մրցակցության մեջ հաղթել, ապա պետք է վերացնել:

Բայց մի բեռ կար, որ խանգարում էր անդադար խժռելուն՝ Ղարաբաղյան հարցը, որ Սովետի փլուզումից հետո վերածվեց պատերազմի: Չես կարող միաժամանակ ամեն ինչ խժռել և պատերազմ անել, ինչ-որ բան էլ պիտի թողնես, որ գոնե բանակը սահմանին կանգնի, ու Ղարաբաղը Հայաստանին միացնելու  «Պայքար, պայքար մինչև վերջ» լոզունգով իշխանության եկած Լևոն Տեր Պետրոսյանը սկսեց Ղարաբաղից հրաժարվել, Ադրբեջանին ասել՝ վերցրու քեզ, թող մենք էլ հանգիստ փող շինենք: «Ադրբեջանի կազմում ինքնավար հանրապետության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, քանի որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, երկրի տարածքային ամբողջականությունը պահպանվում է»,- 1992 թվի «Կոմսոմոլսկայա պրավդայի» մարտի 5-ի համարում ասում է Լևոն Տեր-Պետրոսյանը:

Թեև պետական իշխանությունը ՀՀՇ-ի ձեռքն էր, բայց նրանց ազատական գաղափարները չէին կարողացել մարդկանց հոգիները այնպես գնել, որ նրանք էլ հրաժարվեին Ղարաբաղից, ու ժողովրդական ապստամբությունը ստիպեց ՀՀՇ-ին պաշտպանության նախարար նշանակել ընդդիմության առաջնորդներից մեկին, իրենց նախկին զինակից Վազգեն Մանուկյանին, և մի քանի ամսում Հայաստանն ու Ղարաբաղը կարողացան դիմադրությունից անցնել հակահարձակման և ետ բերել ոչ միայն Ղարաբաղի տարածքների մի մասը, այլև գրավել ադրբեջանական յոթ շրջաններ: Հաղթանակից հետո պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացվեց Վազգեն Մնուկյանը և նշանակվեց Սերժ Սարգսյանը:

Զինադադարի ժամանակաշրջանում իշխանությունները ոչ մի խոչընդոտ չունեին երկիրը մաս- մաս սեփականացնելու. իշխանությունը պահում էին ընտրությունները կեղծելով, իսկ դրա դեմ ըմբոստացողներին` բանտերը լցնելով: Բողոքի ցույցերը հեղափոխության չէին հասնում:  Հեղափոխությունը բացառված էր, քանի որ իշխանությունը չուներ գաղափարական հակառակորդ, չկար ազատականությանը, սեփականաշնորհմանն ու ազատ շուկային հակադրվող համայնավարական քաղաքական ուժ: Կոմունիստական կուսակցությունը, չկարողանալով բարեփոխվել, թուլանալով հանգեց, իսկ մնացած բոլոր կուսակցությունները՝ և՛ իշխանության մեջ, և՛ ընդդիմության, ազատական են: Իսկ ազատականները նախընտրում են հեղափոխության փոխարեն անձնական շահը բավարարել` իշխանությունից իրենց փայը ստանալով, և կեղծիքների դեմ մինչև վերջ չգնալը բացատրում են ազգայնական զգացումներով, թե հայը հայի դեմ չի կրակի, կամ թե անկայունությունը կհանգեցնի Ադրբեջանի ներխուժմանը: 

Ուրեմն, Հայաստանի քաղաքական համակարգը երկու սյան վրա է հիմնված՝ ազատականություն և ազգայնականություն. ազատականությունը անձնական շահն է, ազգայնականությունը՝ իշխանությունը պահելու պատրվակը՝ ազգի համար միայն ես կարող եմ երկիր կառավարել, ընդդիմությունների համար էլ հարմարվելու պատրվակը՝ հայը հայի վրա չի կրակի, ԱԺ-ում տեղ տվեք, կամ մի պաշտոն տվեք մենք էլ ապրենք:

Բայց անձնական շահի վրա հիմնված հասարակությունը չի կարող մշտապես միջոցներ ստեղծել  ադրբեջանական սահմանի երկայնքով դիրքեր պահելու և Ադրբեջանի ծավալած սպառազինության մրցավազքին դիմանալու համար:

Իշխող գաղափարախոսությունը հստակ է՝ եթե մի միավոր գումար կա, եթե մի միավոր գույք կա, ապա այն պետք է բավարարի ոչ թե հանրային, այլ անձնական շահը, ոչ թե առողջապահությանը, կրթությանն ու պաշտպանությանն ուղղվի, այլ սեփական գրպանը դրվի: 

Ուրեմն, ի՞նչ անել, կրկին Ղարաբաղից ազատվելու ճանապարհ փնտրել, էնպես անել, որ երրորդ ուժերը գան, պահեն երկրի սահմանները, որպեսզի իրենք հանգիստ խժռեն նաև այն, ինչ սպառազինության էր գնալու. ահա այս կոնցեպցիան էր մղում, որ 1997-ին առաջին նախագահը ընդունի փուլային տարբերակը՝ շրջանները տալիս ես, փոխարենը սահմանդ պահում են օտար խաղաղապահները: «Տարածք Ղարաբաղի անկախության դիմաց» սկզբունքը փոխվեց «Տարածք խաղաղապահի դիմաց» սկզբունքով:

Հարստանալու, ունեցվածքը բազմապատկելու հիանալի հնարավորություններ են բացվում, ու նաև այն գումարները, որ գնում էին ռազմական ծախսերին, կմտնեն իրենց գրպանը: Ինչպես Հայաստանի աղքատացող բնակչության վրա թքած ունեին, այնպես էլ Ղարաբաղի բնակչության վրա թքած ունեն. ցեղասպանություն լինի, միջազգային ուժերին կմեղադրես, որ խաղաղապահները իրենց գործը լավ չարեցին: Սակայն առաջին նախագահի որդեգրած սկզբունքը հիանալի առիթ եղավ ղարաբաղյան պատերազմով անցած իշխանության թևի համար, որ ամբողջ իշխանությունը վերցնեն և ավելի լայն ռեսուրսների տիրանան, և ուժային նախարարներն ու վարչապետը ստիպեցին Տեր-Պետրոսյանին հրաժարական տալ:

Նոր նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում  գործարաններն ու կոմբինատները որպես լոմ կտրտել ծախելու փոխարեն, փորձ է արվում ինչ որ բան աշխատեցնել, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բարձրացնելով Հայաստանի կյանքի մեջ ներգրավում է նաև Սփյուռքը, նրանց ում Տեր-Պետրոսյանը արհամարհանքով նարինջ ուտողներ էր անվանում, և ճգնաժամը որոշ չափով հաղթահարվում է, արտագաղթը կանգ առնում(2004-2006 թվերին Հայաստան ավելի շատ մարդ եկել է, քան գնացել է): Բայց արմատական բարեփոխում չի լինում, երկիրը կրկին աղքատության մեջ է, շարունակվում է նույն նեոլիբերալ քաղաքականությունը՝ համաժողովրդական ունեցվածքը շարունակում են մեջմեջ անել՝  սեփականաշնորհում են ավելի խոշոր ձեռնարկութուններ՝ հանքարդյունաբերական, ցեմենտի գործարանները, Կոնյակի գործարանը, էներգետիկ օբյեկտները (բաշխիչ ցանցեր, հէկ-եր): 

Քոչարյանը հրաժարվեց Ղարաբաղյան հարցի փուլային լուծումից, ու առաջացան Մադրիդյան սկզբունքները, որի էությունն էր՝ տարածքներ Ղարաբաղի անկախության դիմաց:

Գահընկեց լինելուց 10 տարի անց Լևոն Տեր-Պետրոսյանը, համախմբելով շուրջը իր իշխանության ժամանակ հարստացած անձանց, կրկին դրեց իր թեկնածությունը:

Հայաստանի քաղաքական վերնախավը մի բան լավ գիտի՝  աղքատ երկրում՝ այն էլ ազատական, ուր մարդիկ խանութում հացը պարտքով են առնում, կարելի է առնել ամեն ինչ, նաև մարդկանց սրտերը: Եվ նա, ում ատում էին հարյուր հազարներ, կարողացավ սեր գնել: 

Կապիտալի երկու ուժերն իրար դեմ հանեցին ամբոխն ու ոստիկանությունը, և բախումը հանգեցրեց 2008-ի մարտիմեկյան արյունահեղության՝ 10 զոհեր, տասնյակ վիրավորներ, իսկ նախագահի աթոռը անցավ վարչապետ Սերժ Սարգսյանին:

Երկիրը արագորեն խրվում էր տնտեսական ճգնաժամի մեջ, արտագաղթը կրկին թափ հավաքեց, ութ տարիներին արդեն 300 հազար մարդ է գնացել, և 32 տոկոս աղքատություն ունեցող երկրում  իշխողները շարունակում են համաժողովրդական հարստությունը ուտել, մեծ ու փոքր հանքեր յուրացնել ու շահագործել, որոնցից ամենախոշորներն են Թեղուտի ու Ամուլսարի հանքերը:

Կրկին այն միջոցները, որոնք պիտի ուղղվեին հանրային անվտանգությանը, հոսում են անհատների գրպանը, և դրա հետևանքը բացահայտվեց ապրիլյան չորսօրյա պատերազմին, Հայաստանը պարտություն կրեց՝ 100-ից ավել զոհեր տալով և տարածքներ կորցնելով (Սերժ Սարգսյանը ասում է 800 հկ, Ալիևը՝ 2000հկ):

Ուրեմն, Ղարաբաղը շարունակում է ծանր բեռ մնալ իշխանությունների համար, խոչընդոտում է ամբողջ ախորժակով ուտելուն: Ինչպե՞ս ազատվել բեռից. և Սերժ Սարգսյանը վերադարձավ իր հոգևոր հոր՝ Տեր-Պետրոսյանի որդեգրած փուլային տարբերակին՝ «տարածք խաղաղապահների դիմաց» բանաձևին, որի մասին նա մի քանի անգամ ասել է արդեն հարցազրույցներում՝ պատրաստ են տալ 7 շրջան, սակայն Ալիևը ավելին է ուզում:

Եվ ահա Տեր-Պետրոսյանը ցնծության մեջ ընկավ, ահա, հարգելի հարուստներ, ելք չունենք, պիտի տանք տարածքները:

Ե՛վ նրանք, ովքեր քննադատում են Տեր-Պետրոսյանին ու Սերժ Սարգսյանին՝ պնդելով, թե տարածքները Ղարաբաղի և Հայաստանի անվտանգությունն են, որ միակողմանի զիջումը պատերազմի հավանականությունը ոչ թե կնվազեցնի, այլ կավելացնի, և՛ նրանք ովքեր պաշտպանում են տարածքները տալու գաղափարը, ինչպես Տեր-Պետրոսյանն է ասում` «զիջում ես մասը, մյուս մասը կարողանում ես պահպանել», թե դա խաղաղություն կբերի, մոլորության մեջ են: Եթե Հայաստանում շարունակի իշխել ազատական գաղափարախոսությունը, ապա պատերազմը լինելու է և՛ տարածքները հանձնելու, և՛ չհանձնելու դեպքում: Ադրբեջանը երկու դեպքում էլ չի զսպելու թուլացող ու անընդհատ աղքատացող Հայաստանը ոչնչացնելու գայթակղությունը: Եվ կպարտվի երկիրը, որտեղ մի խումբ հարուստների ունեցվածքը սահմանին պաշտպանում են աղքատները: Այդ ժամանակ է, որ հարուստները արագ «կարտագաղթեն», իսկ աղքատները կկոտորվեն:

Այդ ազատականության արդյունքն են նաև Բաքու մեկնած և ադրբեջանական քարոզչութուն անող Վահան Մարտիրոսյանն ու Սյուզան Ջաղինյանը. ի՞նչ տարբերություն նրանց և  Սերժ Սարգսյանի, Սամվել Ալեքսանյանի, Գագիկ Ծառուկյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի միջև, բոլորն էլ անձնական շահն են բավարարում: Տարբերությունն այն է, որ Մարտիրոսյանն ու Ջաղինյանը չեն կարողացել հանք ձեռք գցել կամ գործարան սեփականացնել և փող են վերցրել Ալիևից:

Ալիևը մեկ այլ ճակատ կարող է բացել՝ մարդկանց առնելու ճակատը. աղքատ ու ազատական երկրում շատերը 1000-500 դոլարով կհամաձայնվեն խոսել Ադրբեջանի շահերից:    

Իսկ կա՞ արդյոք ելք և պատերազմի հավանականությունը նվազեցնելու հնարավորություն:

Ելքը կարող է լինել միայն գաղափարական ընդդիմության ծնունդը, որը կշրջի Հայաստանի տնտեսական համակարգը, անձնական շահին կփոխարինի համայնական մտահոգությունը:

Ելքը սկսվում է հավատից, դեռ չծնված ինտերնացիոնալ սոցիալիստական շարժման նկատմամբ հավատից. Երբ կգա նա, ով կխոսի աղքատների սրտից, ցույց կտա, որ նրանք ի վերուստ ընչազուրկ չեն, որ նրանց ինչքը յուրացրել են իշխողները, որ երկրի ընդերքն ու մակերեսի ունեցվածքը ինչ-որ անհատների սեփականությունը չեն, այլ ժողովրդինը, որ ինքը եկել է վերադարձնելու նրանցից խլվածը, մարդիկ այլևս ձայնը 5 հազար դրամով չեն ծախի մի կտոր հացի համար, ձայնը կտան իրենց մարդուն՝ զենքով գա, թե առանց զենք:

Զանգվածային ալիքից անդրդվելի թվացող իշխանությունը թղթե տնակի պես կփլվի, և հեղափոխական դատարանի առաջ կկանգնեն համաժողովրդական ունեցվածքը յուրացնողները, 25 տարվա թալանված 30 միլիարդից ավել գումար հետ կբերվի, կպետականացվեն խոշոր ձեռնարկությունները՝ հանքարդյունաբերությունը, էներգետիկ համակարգը, տրանսպորտը, ցեմենտի գործարանները, և նրանց եկամուտները կլցվեն բյուջե:  Կրթությունն ու առողջապահությունը կդառնան անվճար, բնակարաններով կապահովվեն անտունները, կհզորացվի պաշտպանական համակարգը: Ահա թե երբ կբացվի խաղաղության հնարավորությունը:

Այդպիսի ուժը նաև ղարաբաղյան կարգավորան համակարգը կփոխի, թոթափելով ազգայնականությունը` տարածք հանձնելու փոխարեն այդ յոթ շրջաններում ապրելու կհրավիրի ադրբեջանցի փախստականներին՝ եկեք, ձեր կորցրած հողերի վրա ապրեք, մենք կօգնենք կառուցել ձեր տները: Նոր Հայաստանը կհրավիրի ոչ միայն ադրբեջանցի փախստականներին և քաղաքական հալածյալներին, նաև կոչ կուղղի տարածաշրջանի բոլոր զրկված ժողովուրդներին՝ եզդիներին, ասորիներին, քրիստոնյա արաբներին, ալևիներին՝ եկեք ապրեք այս երկրում, սա բոլոր ճնշվածների հայրենիքին է:

Իսկ տարածքները չեն տրվի այնքան ժամանակ, քանի Ադրբեջանում բռնակալ ռեժիմ է: Ինչպես այժմ Հայաստանը մի խումբ մարդկանց սեփականությունն է, այնպես էլ Ադրբեջանը Ալիևի կլանի սեփականությունն է:

Եթե սոցիալիստական հեղափոխությունը կապիտալիզմի ձեռքից Հայաստանը վերադարձնելու է ժողովրդին, ապա ինչո՞ւ տարածքները պետք է հանձնի մեկ այլ կապիտալիստ բռնակալի:

Եթե Հայաստանի հեղափոխական ալիքը դուրս հորդի ու տապալի նաև Ալիևին, ապա այդ ժամանակ կարելի է քննարկել տարածքները հանձնելու հարցը Ադրբեջանի նոր ժողովրդական իշխանության հետ:

Հնարավո՞ր է արդյոք սոցիալիստական հեղափոխությունը. Հայաստանում 25 հազար Եհովայի վկա հավատում է Արմագեդոնին, եթե 1000 հոգի հավատա սոցիալիստական Հայաստանին, այն իրականություն կդառնա:     


9252





Գլխավոր լուրեր