Լրտեսական սկանդալ. սփյուռքում բացահայտվել են խորհրդային ԿԳԲ-ի հետ համագործակցած մի քանի հարյուր սփյուռքահայերի անուններ


17-11-2016 16:29:05

Հունաստանում գտնվող Հնչակյան կուսակցության մեր աղբյուրը տեղեկացնում է, որ սփյուռքի տարբեր համայքներում բնակվող տասնյակ հայեր կարող են ներքաշվել լրտեսական մի սկանդալի մեջ, որը կարող է չափազանց վատ անդրադառնալ նրանց հետագա գործունեության վրա: Լոնդոնում բնակվող Եղիա Եղիազարյանը սփյուռքահայ գաղթօջախների է ուղարկել Բրիտանական հատուկ ծառայություններին 1992թ. hանձնված Վասիլի Միտրոխինի ցուցակից վերցված  այն հայ մարդկանց անունները, ովքեր տարբեր ժամանակներում հավաքագրվել են Խորհրդային Միության արտաքին հետախուզության ծառայության կողմից, և մասնակցել են խորհրդային հատուկ ծառայությունների կողմից արտասահմանում կազմակերպված հատուկ օպերացիաներին:

Վասիլի Միտրոխինը խորհրդային ՊԱԿ-ի կենտրոնական արխիվի աշխատակից էր, ով 1972-1984թթ արատագրել և իր անձնական արխիվում պահել է խորհրդային ՊԱԿ-ի կողմից իրականացված հատուկ գործողությունների հետ կապված տվյալներ, խորհրային հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանց անուններ և այլ շատ արժեքավոր տվյալներ: 1984թ. անցնելով թոշակի` Միտրոխինը իր արխիվը Բրիտանական հատուկ ծառայություններին փոխանցեց Խորհրդային Միության փլուզումից հետո 1992թ. մարտին Ռիգայի Մեծ Բրիտանիայի դեսպանատան միջոցով, իր ընտանիքի հետ տեղափոխվելով Մեծ Բրիտանիա և մահացավ 2004թ.: Միտրոխինի արևմտյան հատուկ ծառայություններին փոխանցած տեղեկությունների ծավալը այնքան մեծ էր ու իր կարևորությամբ արժեքավոր, որ Միտրոխինի արխիվով զբաղվող բրիտանացի վերլուծաբաններից մեկն ասել էր, որ եթե Արևմուտք փախներ ՊԱԿ-ի ղեկավարը, ապա նրա ունեցած ինֆորմացիան ավելի պակաս կարևոր կլիներ:

Միտրոխինի արխիվի մի մասը հրապարակվել է, բայց ոչ ամբողջությամբ: Թե ՊԱԿ-ի հայ գործակալներին վերաբերող հատվածը ինչպես է հայտնվել Մեծ Բրիտանիայի քաղաքացի Եղիա Եղիազարյանի ձեռքը, մեզ անհայտ է: Բայց նրա կողմից Հնչակյան կուսակցության սփյուռքի տարբեր կառույցներ ուղարկված ցուցակում նշված են ոչ միայն խորհրդային ՊԱԿ-ի կողմից հավաքագրված  մարդկանց անունները, այլև հատուկ ծառայությունների հետ համագործակցությունից հետո ստացած կեղծանունները, ծննդյան տարեթվերը, ծննդյան և բնակության վայրերը, որտեղ են աշխատել և երբ են հավաքագրվել խորհրդային ՊԱԿ-ի կողմից: Երկրների աշխարհագրությունը բավական մեծ է՝ Ուրուգվայ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Ֆրանսիա, Լիբանան, Սիրիա, Իրաք, Եգիպտոս, Գերմանիա և բազմաթիվ այլ երկրներ: Գործակալների մի մասը այժմ կենդանի չէ, բայց ցուցակում նշված մարդկանց մի զգալի մասը այսօր էլ ապրում է տարբեր երկրներում, և այս ցուցակի հրապարակումը վտանգի տակ է դնում ինչպես նրանց հեղինակությունը, այնպես էլ խնդիրներ կառաջացնի հետագա աշխատանքում և գործունեության մեջ:

Եղիա Եղիազարյանը գրեթե 7 տարի եղել է Լոնդոնի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Վարիչ մարմնի ատենապետը, այսպես ասած, հնչակյան տեղական կառույցի ղեկավարը: Նրան ճանաչողներն պնդում են, որ նա չափազանց պասիվ կուսակցական է եղել՝ հայտնի լինելով իներտությամբ, նախաձեռնողականության բացակայությամբ, և նրա գործունեության ընթացքում կուսակցության տեղական կառույցը դարձել է անդեմ և անգործունակ: Սա նկատի ունենալով՝ Եղիազարյանի տեղակալ Վազգեն Կասեմջյանը նախորդ ամիս կազմակերպում է նոր Վարիչ մարմնի ընտրություն, և նոր Վարիչ մարմնի կողմից ընտրվում կուսակցության ատենապետ: Եղիա Եղիազարյանը, չկամենալով համակերպվել իր պաշտոնանկության հետ, իր հերթին է կազմակերպում Վարիչ մարմնի ընտրություններ, և ինքն էլ իր հերթին է ընտրվում Վարիչ մարմնի ատենապետ, և այսպիսով Լոնոնում ստեղծվում է ՍԴՀԿ երկու Վարիչ մարմին՝ իր երկու ատենապետներով: Իսկ որպեսզի վարկաբեկի Վազգեն Կասեմջյանին և նրան ատենապետ ընտրած Վարիչ մարմինը, Եղիազարյանը հրապարակում է Միտրոխինի հայկական ցուցակը:

Իսկ այդ ցուցակը այնքանով է կապված ՍԴՀԿ Լոնդոնի վարիչ մարմնի ընտրությունների հետ, որ Միտրոխինի ցուցակում է հայտնվել նաև Վազգեն Կասեմջյանին ՍԴՀԿ Լոնդոնի Վարիչ մարմնի ատենապետ ընտրած Մանվել Ադամյանի անունը, ով նոր Վարիչ մարմնի անդամ է: Ադամյանի մասին ասվում է, որ նա ծնվել է 1932թ.Լիբանանում, հավաքագրվել է ՊԱԿ-ի կողմից, և նրա մասին առկա է տեղեկություն մինչև 1976թ.: Հավելենք, որ Վարիչ մարմնի անդամ է ընտրվել նաև Մանվել Ադամյանի կինը՝ տինին Լիլին: Այսպիսով, Եղիա Եղիազարյանը ցանկացել է սփյուռքի հնչակյան կառույցներին տեղեկացնել, որ Կասեմջյանին Վարիչ մարմնի ատենապետ ընտրած անձանցից մեկը ՊԱԿ-ի նախկին գործակալ է, իսկ մյուսը գործակալի կին է:

Այն, որ խորհրդային ՊԱԿ-ը ակտիվ գործունեություն է ծավալել հայկական սփյուռքում և այնտեղ ունեցել է գործակալական ցանց հայտնի էր, բայց որ այդ ցանցը եղել է այդ աստիճան ընդգրկուն, դժվար էր անգամ պատկերացնել: Մենք չեն ցանկանում հրապարակել այդ ցանկը, մահացածների շիրիմները հանգիստ թողնելու և կենդանիների հոգևոր անդորրը չխախտելու համար, մանավանդ որ նրանց մեծ մասը 70 անց մարդիկ են:

Վարդուհի Գրիգորյան


15103





Գլխավոր լուրեր