Արամ Ա կաթողիկոսը մերժել է ԱՄՆ նախագահի հայտարարությունը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին


07-12-2017 19:30:52

Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը դեկտեմբերի 7-ին Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպման ժամանակ մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին, տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, Լիբանանի նախագահի հետ հանդիպման ժամանակ Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա. Կաթողիկոսը անդրադարձել ԱՄՆ-ի նախագահի` Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հայտարարությանը, մերժելով այդ մոտեցումը, որը չի համապատասխանում միջազգային օրենքի արդարության ու պատմական իրողությանը։

Վեհափառ Հայրապետը շեշտել է, որ Երուսաղեմը պետք է մնա բաց քաղաք միաստվածության երեք կրոնների ներկայացուցիչների համար՝ հրեական, քրիստոնեական ու իսլամական, և հիշյալ կրոնների իրավունքները պետք է միշտ պաշտպանված լինեն Երուսաղեմում։

Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Աունն իր հերթին ներկայացրել Լիբանանի դիրքորոշումը ԱՄՆ-ի նախագահի հայտարարության վերաբերյալ` նշելով, որ նույնպես մերժում է այդ մոտեցումը:

Արամ Ա կաթողիկոսն իր խոսքում անդրադարձել է նաև հայ եկեղեցու ազգային նկարագրին ու ժողովրդանվեր ծառայությանը և, ընդհանրապես Սփյուռքի համայնքներում դերակատարությանը: Իր հերթին Լիբանանի նախագահը շեշտել է հայկական Սփյուռքի կարևորությունը և հայերեն լեզուն, հայկական արժեքներն ու մշակույթը պահպանելու անհրաժեշտությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հայտարարությանը անդրադարձել էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը լուրջ անհանգստություն է առաջ բերել ինչպես Հայ Եկեղեցում, այնպես և քրիստոնեական Քույր Եկեղեցիների ու կրոնական այլ հարանվանությունների մոտ», -ասել էր Մայր Աթոռի մամլո դիվանի համակարգող Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:


1061





Գլխավոր լուրեր