Հաստատվել են Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների մրցույթի արդյունքները


04-12-2017 15:54:59

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի» կառավարման խորհրդի հերթական նիստը:

Քննարկվել են, մասնավորապես, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2-ի շրջանակում Երևանի արևմտյան շրջանցիկ ճանապարհի Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցույթի գնահատման արդյունքները: «Երևանի կառուցապատման ներդրումային ԾԻԳ» ՀՈԱԿ տնօրենի տեղակալ-ծրագրի ղեկավար Նորա Մարտիրոսյանը զեկուցել է, որ Ասիական զարգացման բանկի ընթացակարգերին համապատասխան կազմակերպված մրցույթին մասնակցելու նպատակով սահմանված ժամկետում հայտ է ներկայացրել 5 կազմակերպություն: Գնահատող հանձնաժողովի ամփոփման նիստի արդյունքներով առաջարկվել է հաղթող ճանաչել իտալական Տիրենա Սքավի ընկերությանը՝ 32,943,648.15 ԱՄՆ դոլար գնային առաջարկով:

Խորհուրդը հաստատել է Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթի գնահատման արդյունքները և հավանություն տվել Տիրենա Սքավի ընկերության հետ նշված գնային արժեքով պայմանագիր կնքելու առաջարկությանը:

Նախատեսվում է պայմանագիրը կնքել 2017 թ. դեկտեմբերին, աշխատանքները սկսել 2018 թ. գարնանը՝ հաշվի առնելով եղանակային պայմանները: Աշխատանքների կատարման ժամկետը սահմանված է 24 ամիս: Ճանապարհի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 10 կմ, միջին լայնությունը՝ 24 մ: Կառուցապատման արդյունքում Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհահատվածն ունենալու է առնվազն 4 երթևեկելի գոտի, 3 ուղեանցեր, 3 թունելային անցումներ, LED տիպի լուսավորություն, միջազգային չափանիշներին համապատասխան արգելապատնեշներ ու գծանշումներ: Ճանապարհի տակ չեն լինելու որևէ տիպի ենթակառուցվածքներ:


2339





Գլխավոր լուրեր