Կարեն Կարապետյանը և Ալան Պիյուն քննարկել են Հայաստան-ՎԶԵԲ համագործակցության ընդլայնման հեռանկարները


30-11-2017 22:44:10

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) փոխնախագահ Ալան Պիյուի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետը բարձր է գնահատել Հայաստան-ՎԶԵԲ 25-ամյա համագործակցությունը և նշել, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի առանցքային գործընկերներից է: «Չափազանց կարևոր է, որ մեր գործընկերության փաթեթի ծրագրերի գերակշիռ մասն ուղղված է մասնավոր հատվածի մրցունակության խթանմանը և նույն տրամաբանությունը դրված է նաև ՎԶԵԲ-Հայաստան ընթացիկ՝ 2015-2019 թթ. համագործակցության ռազմավարության հիմքում», - նշել է կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել բանկի կողմից Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության հայեցակարգի ու օրենսդրական փաթեթի մշակման գործում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև մի շարք ուղղություններով տրամադրված տեխնիկական օժանդակության համար: Վերահաստատելով արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը՝ վարչապետը կարևորել է մասնավոր սեկտորում ներդրումային ծրագրերի և մի շարք առաջնահերթ ոլորտներում պետություն-մասնավոր հատված գործընկերության զարգացման ծրագրերի շարունակական իրականացումը:

«Համաձայն եմ Ձեզ հետ, որ մեր համագործակցությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա՝ և´ բիզնես սեկտորի խթանման, և´ քաղաքականության մշակման, և´ պետական-մասնավոր գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերի առումով: Մենք նաև արդեն իսկ շատ հաջող աշխատում ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ», - նշել է Ալան Պիյուն և ընդգծել, որ ՎԶԵԲ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ փոխգործակցության ընդլայնմամբ:

ՀՀ վարչապետը և ՎԶԵԲ փոխնախագահը քննարկել են ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային ծրագրերին վերաբերող հարցեր: Վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, զբոսաշրջության, ոսկերչության, դեղագործության բնագավառներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները՝ հաշվի առնելով այդ ճյուղերում մեծ ներուժի առկայությունը: ՎԶԵԲ փոխնախագահը նշել է, որ բանկը պատրաստակամ է ներդրումային ծրագրեր իրականացնել ՀՀ կառավարության համար առաջնահերթ ոլորտներում և շարունակել աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը:

Կողմերը կարևորել են նոյեմբերի 24-ին Հայաստանի Հանրապետության ու Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը, որը ևս կնպաստի երկկողմ գործակցության խորացմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշարջանային համագործակցության ծրագրերում, ՀՀ կառավարության կողմից թե´ տեղական, թե´ օտարերկրյա ներդրողների համար բիզնես միջավայրի շարունակական բարելավման քայլերում, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանն ուղղված այլ նախաձեռնություններում ՎԶԵԲ-ի ներգրավման հնարավորությունների շուրջ: Ալան Պիյուն տեղեկացրել է վարչապետին, որ ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի նոր տնօրենի թեկնածությունն արդեն հաստատվել է, և 2018 թ. հունվարից նա կանցնի իր պարտականությունների կատարմանը:


3046





Գլխավոր լուրեր