ՆԱՏՕ-ի փաստաթղթերում ԼՂ հակամարտությանը վերաբերող դիրքորոշումները պետք է արտացոլեն ԵԱՀԿ ՄԽ ջանքերը. Արմեն Աշոտյան


30-11-2017 19:32:17

Նոյեմբերի 30-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոզարիա Պուլյիզիին, տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից:

Ողջունելով հյուրին ՀՀ Ազգային ժողովում` Արմեն Աշոտյանը կարևորել է ՆԱՏՕ-Հայաստան գործակցությունը և այդ համատեքստում խորհրդարանական դիվանագիտության դերը, նշել, որ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մշտապես պատրաստ է առավել սերտ համագործակցության Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի հետ` նպատակ ունենալով քննարկել փոխգործակցության օրակարգերը, տարածաշրջանային և միջազգային համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են խորհրդարանական հարթակներում կառուցողական փոխգործակցության զարգացման կարևորությանը:

ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների հետ կապված Արմեն Աշոտյանը նշել է, որ դաշինքի հետ հարաբերությունների զարգացումը տարիների ընթացքում արձանագրել է փոխգործակցության որակական աճ: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահն ընդգծել է այն հանգամանքը, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ փոխհարաբերությունները դիտարկում է որպես իր բազմաշերտ անվտանգային համակարգի կարևոր բաղկացուցիչ մաս:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև միջազգային խաղաղության և կայունության հաստատման հարցում հավաքական ջանքերի գործադրման կարևորությանը, ինչի հետ կապված արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը եղել և շարունակում է հանձնառու մնալ անվտանգության սպառողից անվտանգության մատակարարողի վերածման իր պատրաստակամությանը: Այս համատեքստում կարևորվել է Կոսովոյում և Աֆղանստանում ընդգրկվածությանը զուգահեռ նաև ՄԱԿ-ի հովանու ներքո Լիբանանում իրականացվող առաքելություններին հայկական զինվորականների մասնակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: Արմեն Աշոտյանը մեծապես կարևորել է ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին, ինչպես նաև ընդգծել, որ ՆԱՏՕ-ի ընդունած քաղաքական փաստաթղթերում ԼՂ հակամարտությանը վերաբերող դիրքորոշումները պետք է ամբողջությամբ արտացոլեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Արմեն Աշոտյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությանը` նշելով, որ Թուրքիան իր կողմնակալ և ապակայունացնող քաղաքականությունը փորձում է գործի դնել նույնիսկ ՆԱՏՕ-ի հարթակում, ինչն անթույլատրելի է:

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև կրթության ոլորտում ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրերի հետ կապված հարցեր:

Անդրադարձ է կատարվել Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլյայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը՝ կոմպլեմենտար արտաքին քաղաքականության իրականացման տեսանկյունից այն դիտարկելով որպես հաջողության պատմություն:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև ՆԱՏՕ-ի հետ համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հետագա հնարավորությունները:


3092





Գլխավոր լուրեր