Ռուբեն Սադոյանն իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի նախագահին


30-11-2017 19:19:59

Վրաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Ռուբեն Սադոյանն իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիին:

Համատարմագրերի հանձնմանը հաջորդած առանձնազրույցում Վրաստանի նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նաև իր շնորհավորանքներն է փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:

Նախագահ Մարգվելաշվիլին ընդգծել է, որ երկու երկրների միջև գոյություն ունեն ակտիվ քաղաքական երկխոսություն, բարձր մակարդակի ինտենսիվ շփումներ և փոխայցելություններ:

Նախագահ Մարգվելաշվիլին և ՀՀ դեսպանը համակարծիք էին, որ վերընթաց զարգացող հայ-վրացական հարաբերությունները համապատասխանում են երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ոգուն:

Նույն օրը Վրաստանի ԱԳՆ-ում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճեններն էր հանձնել Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալկալիանիին:

Դավիդ Զալկալիանին նշել է, որ վրացական կողմն ուրախ է, որ Վրաստանում տարեցտարի աճում է հայ զբոսաշրջիկների թիվը:

Իր հերթին դեսպան Սադոյանը նշել է, որ կարևոր է, որպեսզի վրացի զբոսաշրջիկները թիվը դեպի Հայաստան ևս աճի՝ վստահեցնելով, որ իր պաշտոնավարման ընթացքում այդ ուղղությամբ մեծ աշխատանք կկատարի:

 

 


3086





Գլխավոր լուրեր