Արտգործնախարար Նալբանդյանը հանդիպեց Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարարին


24-11-2017 23:01:55

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իսպանիայի արտաքին գործերի և համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիսի հետ:

Հանդիպման ընթացքում արտգործնախարարներն անդրադարձան հայ-իսպանական հարաբերությունների օրակարգային հարցերին, կարևորեցին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության առավել խորացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով հնարավոր է նոր լիցք հաղորդել դրան: Այս առումով, Էդվարդ Նալբանդյանը և Ալֆոնսո Դաստիսը կարևորեցին քաղաքական խորհրդատվությունների պարբերական անցկացումը և իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:

Զրուցակիցներն անդրադարձան տարածաշրջանային ու միջազգային մի շարք հրատապ խնդիրների։

Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը:

Նախարար Ալֆոնսո Դաստիսը ներկայացրեց Կատալոնիայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված վերջին զարգացումները և լուծումներ գտնելուն ուղղված քայլերը։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների, Արևելյան գործընկերության գագաթաժողովի, ինչպես նաև Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ:


1220





Գլխավոր լուրեր